HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված նոր ծրագիր

«Վորլդ Վիժն» կազմակերպությունը Եվրամիությունից ստացված 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ կիրականացնի «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագիրը: Հայաստանում ծրագիրը կիրականացվի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համագործակցությամբ:

Նոր ծրագրի նպատակն է միավորել պետական և ոչ պետական կազմակերպություններին և երաշխավորել կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների հասանելիությունը աշխատանքային միգրանտների և տեղաշարժվող բնակչության համար ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ hյուրընկալող երկրներում: Մեկնարկը տեղի կունենա հունիսի 12-ին Երևանում՝ Անի հյուրանոցի Նաիրի դահլիճում:

Ծրագիրն իրականացվելու է Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Ռուսաստանում: Հայաստանում ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի և Լոռու մարզերում, որտեղ արտագաղթի մակարդակն ամենաբարձրն է հանրապետությունում:

Հայաստանում Եվրոպական միության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը, «Վորլդ Վիժն Հայաստանի» գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման թիմի ղեկավար Հասմիկ Հարությունյանը կհայտարարեն ծրագրի մեկնարկի մասին և կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Համաձայն աշխատանքային միգրանտների շրջանում անցկացված հետազոտության՝ նրանց ճնշող մեծամասնությունը կազմում են սեզոնային միգրանտները, որոնք երկրից հեռանում են մինչև գարնան վերջ ու վերադառնում Նոր տարվա նախաշեմին: Աշխատանքային միգրանտների մեծ մասը ժամանման երկրում բնակվում և աշխատում է ապօրինի կերպով, ինչը սահմանափակում է կանխարգելիչ և բուժական ծառայություններից օգտվելու նրանց հնարավորությունը:

Ռուսաստանում զբաղվածություն փնտրող 60,000 աշխատանքային միգրանտից 2010 թ. միայն 46-ն է անցել ՄԻԱՎ հետազոտություն և խորհրդատվություն, և նրանց մեծ մասը դիմել է կլինիկական ախտանշաններ ունենալու պատճառով: ՄԻԱՎ-ով վարակված անձանց զգալի մասը նշել է, որ ՄԻԱՎ-ով վարակվել է ՀՀ սահմաններից դուրս: ՀՀ սահմաններից դուրս վարակված անձանց թվում գրեթե 3 անգամ մեծացել է կանանց համամասնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter