HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում 40-ից բարձր անձանց 35,7%-ն ունի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում. դեմենցիան և ազգային պլանի մշակումը

Երևանում և մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ 40-ից բարձր տարիքի անձանց 35,7%-ն ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի ( հիշողության, մտավոր աշխատունակության և այլ ֆունկցիաների թուլացում) խանգարում։ Բացի այդ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատանում է դեմենցիան, որը և դրսևորում է կոգնիտիվ խանգարումներով։

Այդ իսկ պատճառով մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը, որը Առողջապահության նախարարության՝ 2023-26թթ. ռազմավարության մասն է դարձել։

Ի՞նչ է դեմենցիան և ինչպե՞ս է այն դրևսորվում, ե՞րբ վերջնական կիրագործվի դեմենցիայի կանխարգելման պլանը, ի՞նչ գործողություններ են նախատեսվում, և ի՞նչ է արդեն արվել։ 

Այս մասին խոսել են Հոգեբուժության գծով ԱՆ գլխավոր խորհրդական Գևորգ Փաշիկյանը, ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանն ու «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։


Դեմենցիան ծերունական կամ նախածերունական շրջանում հանդիպող հիվանդություն է, որն այսօր դասակարգվում է՝ որպես հոգեկան խանգարում։ Ամբողջ աշխարհում տարածվածությունը բավականին մեծ է՝ հաշվի առնելով նաև այն, որ բնակչությունը ծերանում է։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) տվյալների համաձայն՝  աշխարհում կա դեմենցիա ունեցող մոտ 45 միլիոն մարդ։ Նշվում է, որ մինչև 2050թ. դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131,5 միլիոնի։

Դեմենցիան- մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատումն է։ Պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ։

Հանդիպում է ծերունական թուլամտության, պրոգրեսիվ պարալիզի վերջին փուլում և գլխուղեղի այլ հիվանդությունների դեպքում։

Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերած կայուն գիտելիքների տարբեր չափերով կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական ֆունկցիայի կտրուկ իջեցմամբ։

Դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում հատկապես ծերության հասակում։

Հոգեբուժության գծով ԱՆ գլխավոր խորհրդական, հոգեբույժ Գևորգ Փաշիկյանն ասում է, որ դեմենցիա կարող են առաջացնել նաև տարբեր սոմատիկ, մարմնական հիվանդությունները, որոնք ունենում են քրոնիկ ընթացք։ Օրինակ, անոթային խնդիրները, զարկերակային գերճնշումը, որը չկառավարելու հետևանքով կարող է առաջանալ դեմենցիա։ 

«Դեմենցիան, ցավոք սրտի, մեծամասամբ, չբուժվող հիվանդություն է,- ասում է Գևորգ Փաշիկյանը,- այն աստիճանաբար պրոգրեսիվում է (հեղ․- զարգանում է), բայց պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այն կանխարգելի և այդ պրոգրեսիան հնարավորինս դանդաղեցնի, ինչպես նաև՝ կազմակերպի նման խնդիրներ ունեցող մարդկանց ապրելակերպը, նորմալ, ադեկվատ բուժումն ու արժանապատիվ ծերությունը»,- ասում է նա։

 Ինչպե՞ս է դրսևորուվում դեմենցիան

«Դեմենցիայի դրսևորման ժամանակն անձն ունենում է հիշողության խնդիրներ, ապակողմնորոշված է լինում, կամ հաճախ անձի մոտ բնավորության որոշակի գծեր են սրվում, նկատվում է, որոշակի ագրեսիվ պահվածք։ Օրինակ, այս կամ այն հարցում մեղադրում է հարազտներին, հարևաններին, ինչի պատճառով կարող են հաճախակի կռիվներ առաջանալ, նաև՝ այն մարդկանց հետ, ում հետ նախկինում լավ հարաբերություններ է ունեցել։

Ընտանիքի անդամները հաճախ ասում են՝ այպիսին չէր, ինչի՞ է այսպիսին դարձել։

Սա տեսնելով՝ պետք է հասկանալ, որ անձն ունի խնդիր, ոչ թե փոխվել և վատն է դարձրել. դա հիվանդություն է»։

Գևորգ Փաշիկյան, հոգեբույժ

Գևորգ Փաշիկյանն ասում է, որ հիմա դիմում են այն դեպքերում, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում՝ միջին կամ ծանր շրջանում, մինչդեռ եթե նյարդաբանի կամ հոգեբույժի դիմել վաղ փուլում, երբ կոնգնիտիվ խանգարումները նոր են սկսվում, ապա դրանց մի մասը կարելի է շտկել, բայց մի մասը, ցավոք սրտի, մնալու է դեմենցիա։

Բացի այդ, եթե արդեն դեմենցիայի փուլում ճիշտ խնամք և դեղորայքային բուժում իրականացվի, ապա ավելի հեշտ կլինի այդ հիվանդներին խնամել։ Այդ իսկ պատճառով ամենառաջանային անելիքն ընտանիքի անդամններին է, քանի որ իրենք պետք է առաջինը զգան այդ փոփոխություններն ու դիմեն մասնագետի։

Քանի որ դեմենցիայի ժամանակ մարդու վարքագիծը կտրուկ փոխվում է, և երբեմն հարազատները չեն իմանում՝ ինչպես վարվել, ինչպես ճիշտ հարաբերություններ կառուցել նրանց հետ, շատ առաջնահերթ է բարձրացնել հիվանդության վերաբերյալ մարդկանց իրազեկվածության մակարդակը։

«Ցավոք սրտի, իրազեկվածությունն այնքան ցածր է, որ մարդիկ մտածում են՝ դե, ծեր է, ծերունական փոփոխություններ են, այնինչ դրանք նորմալ ծերունական փոփոխություններ չեն. հիշողության թեստեր կան, որով հայտանաբերում են՝ որն է հիշողության խանգարումների նորմալ շեմը և որից հետո պետք է անհանգստանալ և դիմել բժշկի,- ասում է ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը։ «Մեր հանրությունում այն պրոգրեսիվում է շատ արագ, որովհետև հիվանդության զարգացման ռիսկի գործոնները ևս տարածված են՝ ծխելը, կրթության ցածր մակարդակը, սոցիալական անապահովվածությունը, սոցիալական կապերի նվազ լինելը, ինչը ևս խթանում է կոգնիտիվ խանգարումների առաջացմանը, այսինքն՝ պետք է բարձր պահել նաև սոցիալիզացիայի շեմը»,- ասում է Ք. Գալստյանը։

Այդ պատճառով պետք է վերապատրաստպան կենտրոններ լինեն, որտեղ մարդիկ կհասկանան՝ ինչպես շփվել իրենց հարազատների հետ։ Կստեղծվեն նաև հիշողության ակումբներ, սրճարաններ, որտեղ կայցելեն տարեց մարդիկ, վարժանքներ կանեն իրենց հիշողությունը բարելավելու, սոցիալական շփումները շատացնելու, մոտորիկան զարգացնելու համար և այլն։

Բացի այդ, ԱՆ նպատակ ունի վերապատրաստել բուժաշխատողներին, ինչպես նաև՝ բարելավել դեմենցիա ունեցող մարդկանց խնամատարների (բուժանձնակազմ, ընտանիքի անդամներ) խնամքի, շփման կարողությունները։

Այս ամենը նախատեսված է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանով։ Կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ հաստատվել է ԱՆ 2023-26թթ ռազմավարությունը, որում առաջին անգամ ներառվել է նաև «տարեց մարդկանց բավարար առողջական վիճակի և կյանքի որակի բարելավման» կետը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ռազմավարության մեջ տարեցների առողջությանը վերաբերող հիմնախնդիրները առաջին անգամ են ներառվել.

«Գնահատելով հետագայում այն բեռի աճը, որ ունենալու ենք` այսօրվանից պետք է աշխատանք տանենք, որպեսզի ունենանք ավելի առողջ ծերացող բնակչություն,- ասել է Ա. Ավանեսյանը։

Պլանը մշակվել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության աջակցությամբ։ Կազմակերպությունը 2022թ. հունիսի 1-ից Հայաստանում իրականացնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիրը», որն առաջին անգամ նաև տարեցների շրջանում իրականացրել է կոնգնիտիվ ֆունկցիաների, հիշողության տարածական կողմնորոշման գնահատում։

Մասնավորապես, Երևանում և գրեթե բոլոր մարզերում իրականցված հետազոտությունների արդյուքները ցույց են տվել, որ 40-ից բարձր տարիքի անձանց 35,7%-ն ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում։ Ինչը նշանակում է, որ եթե այդ մարդիկ հենց այս փուլում դիմեն բժշկի, հետազոտվեն, հասկանան, թե որ փուլում է գտնվում հիվանդության հանդեպ հակումը, նրանք կարող են իրավիճակը շտկել այնպես, որ հնարավորինս ուշ զարգանա դեմենցիան։

Այդ ծրագրի նախնական արդյունքները, ըստ կազմակերպության ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանի, ցույց են տվել, թե որքան հրատապ է խնդիրն այսօր ու որքան հրատապ է դեմենցիայի կանխարգելման ծրագրի մշակումը։

2026թ.-ին արդեն պետք է ավարտվի այս ծրագրի ներդրման գործընթացը, որում ներառված են նաև հիվանդության տեսանելիության, հանրության կողմից ճանաչելիության բարձրացման հարցերը։ 

Քրիստինե Գալստյանը նշում է, որ ԱՀԿ-ն աջակցում է տարբեր երկրներին, որպեսզի մշակեն դեմենցիայի կանխարգելման ազգային պլան։ Հայաստանը նույնպես մասնակցում է այդ ծրագրերին, և տարբեր քննարկումներից հետո մասնագետների թիմ է հավաքվել, որը և զբաղվում է այդ պլանի մշակմամբ։ 

«Ոչ բոլոր երկրներն ունեն մշակած այս ծրագիրը, իսկ ինչու՞ ոչ բոլոր երկրներն ունեն, քանի որ այս ծերացման խնդիրները շատ արագ պրոգրեսիվում են, և երկրները չեն հասցնում արագորեն այդ կարողությունները հավաքել՝ այս խնդիրները լուծելու համար»,- ասում է Ք. Գալստյանը։

Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պետք է մշակվի ուղին, որով հիվանդը պետք է անցնի։ Օրինակ՝ պետք է հստակեցվեն՝ ինչ ծառայություններ նա պետք է ստանա առաջնային օղակում, որ դեպքերում նրան պետք է ուղղորդեն երկրորդային մակարդակ՝ ավելի նեղ մասնագիտացված կենտրոններ, և ինչպես պետք է իրականացվեն խնամքի և վերասհկողության մյուս գործընթացները։

Այս ուղին մշակելուց հետո, Ք. Գալստյանի խոսքով, նոր կստեղծվեն վերապատրաստման կուրսեր, ուղեցույցներ՝ և’ առաջնային օղակում աշխատող բժիշկների, և’ նեղ մասնագետների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter