HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Իրանական սերուցք օգտագործելու պատճառով «Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակել Հայաստանից կաթնամթերքի արտահանումը

«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակել Հայաստանից դեպի Ռուսաստան կաթմաթերքի արտահանումը։ Այս մասին երեկ հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»՝ ընդգծելով, որ «Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի նկատմամբ պետական ​​վերահսկողության մակարդակն բավարար չէ»։

2023թ.-ին Հայաստանից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարման ծավալների աճը պատճառ է դարձել, որ «Ռոսսելխոզնադզորն» ուսումնասիրություն սկսի՝ պարզելու դրա պատճառները։

2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ.-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի ծավալներն իսկապես ավելացել են։ Հիմնականում արտահանվել են կարագ և պանիր։ 2022թ․ առաջին կիսամյակում պանրի արտահանումը 2 անգամ կրճատվել է՝ 745 տոննա։

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործել են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը (սերուցք), ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։

«Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը»,- նշված է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության երեկվա հայտարարության մեջ։

2021-2023թթ. հունվար ամիսներին Հայաստան է ներկրվել է 32,4 մլն դոլարի 14 600 տոննա կաթ և սերուցք, հիմնականում՝ Իրանից։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է 27 500 դոլարի 16 տոննա կաթ և սերուցք։

2023թ մարտի 20-ից մարտի 24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների անցկացրած ստուգումների ընթացքում, հաստատվել է, որ կաթնամթերքի արտադրության ժամանակ հայկական ընկերություններն օգտագործել են Իրանից ներկրած սերուցք, որն իրավունք չունեին մատակարարելու Ռուսաստան։

«Ռոսսելխոզնադզորն» այս մասին տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ նշելով, որ խախտվել է ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրությունը, ինչն անթույլատրելի է։

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է նաև Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով կասեցնել Ռուսաստան տարվող կաթնամթերքի սերտիֆիկացումը հայկական երկու 2 ստուգված ընկերությունից։

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ հատկապես մտահոգված են այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկությունները, մասնավորապես՝ իրանական ընկերություններն ընդգրկվել են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության, և հաշվի չի առնվել  նաև ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժումը։

«Ռոսսելխոզնադզոր»-ը ՍԱՏՄ-ին  առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։

ՍԱՏՄ-ին հարցրինք՝ այդ խորհրդակցությունների արդյունքներով կսահմանափակվի՞ արդյոք Հայաստանից կաթ վերամշակող մյուս բոլոր ընկերությունների մատակարարումը, թե՞ ոչ։ Հայտնեցին, որ կաթնամթերքի լաբորատոր հետազոտությունների մասով հայ արտադրողների մոտ որևէ խնդիր չի եղել և հույս հայտնեցին, որ կասեցումներ չեն լինի։

«Այս պահին քննարկումներ են «Ռոսսելխոզնադզորի» հետ և, իհարկե, արտադրողների հետ էլ կքննարկենք»,- ասաց ՍԱՏՄ հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

 

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter