HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի՛ վախեցիր. քաղցկեղն այնքան սարսափելի չէ, որքան թվում է»

Այս պատմությունը սկսվում է մոտ 3 տարի առաջ՝ Ջերմուկի հյուրատներից մեկում, որտեղ Էվելինան էր հանգստանում ամուսնու և երեխաների հետ: Վերջիններիս կարգապահությունը գրավում է նույն հյուրատանն իջևանած բժիշկ-ճառագայթաբան Ռուզան Խոնդկարյանի ուշադրությունը, և մյուս հանգստացողների համար անհասանելի ու զուսպ բժշկուհին Էվելինայենց նախաճաշի է հրավիրում: Ծանոթանում են ու նույնիսկ հասցնում ընկերանալ: Այս դիպվածը հետագայում նրանք նախախնամություն կհամարեն:

Հանդիպում

2022թ.-ի հունիսի 16-ին Էվելինան չէր հետազոտվելու: «Աստղիկ» բժշկական կենտրոն էին եկել ամուսնու՝ Լևոնի մեջքի ցավերի պատճառով: Երիտասարդ կինը հիվանդանոցից ուղիղ վերապատրաստման պիտի գնար, հեռախոսը չէր լռում, իսկ հերթը, կարծես, կանգնած լիներ: Ամուսինների դեմքին լայն ժպիտ հայտնվեց, երբ միջանցքում հին ծանոթին՝ ճառագայթաբան Խոնդկարյանին տեսան: Զրույցի ժամանակ Էվելինան անցողակի պատմեց, որ ամիսներ առաջ որդին խաղալիս հարվածել է կրծքին, կապտուկ կա, բայց չի անհանգստացնում: «Միևնույն է՝ այստեղ եք, արի՛ հենց հիմա էլ զննեմ, հանգիստ կլինենք, որ կարգին է ամեն ինչ»,- առաջարկեց բժշկուհին: Էվելինան չառարկեց:

Շոկ

Ռուզան Խոնդկարյանն ակնդետ էկրանին է նայում, մեծացնում ու ուսումնասիրում սոնոգրաֆիայի պատկերը: Էվելինան հետևում է բժշկուհու շարժումներին, փորձում «կարդալ» նրա դեմքը… Հանկարծ ինչ-որ անորոշ տագնապ է պատում Էվելինային: Փորձում է կենտրոնանալ վերապատրաստման վրա, հաշվարկներ անում. «Եթե խցանում չլինի՝ 15 րոպեում ինստիտուտ կհասնեմ, կարող եմ նույնիսկ սուրճ խմել»,- մտածում է նա:

Խոնդկարյանի ձայնն ընդհատում է նրա հաշվարկները. «Եզրերը չեն շոշափվում, ուրվագծերը ուղիղ չեն»,- կարծես երազում լսում է Էվելինան:

Քառորդ ժամ անց Ռուզան Խոնդկարյանը մամոգրաֆիայի էր հերթագրում Էվելինային, իսկ օրվա ավարտին արդեն հաստատվել էր, որ նրա կրծքում երկու՝ իրար մեջ մխրճված ուռուցք կա: Հիվանդությունը գտնվում է երրորդ ստադիայում: 

(Հունիսի 17: 06:55: Հատված Էվելինայի՝ քրոջն ուղարկած տեսագրությունից)

«Բարի լույս: Գործի եմ գնում: Նոր տաբատ ու նոր կոշիկ եմ հագել, քննություն ունեմ այսօր…Ամենածիծաղելին գիտե՞ս որն է. գնում եմ մի քննության մասնակցեմ, որի նպատակը պայմանագիրս 5 տարով դարձնելն է, որ էլ տարին մեկ պայմանագիր չթարմացնեմ: Այսինքն, ես հույս ունեմ, որ դեռ 5 տարի էլ աշխատելու եմ (ծիծաղում է, -հեղ.)։ Դե, հաջողություն մաղթիր ինձ»: 

Աշխատավայրում (Էվելինա Ղանթարչյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս է) ոչ ոք ոչինչ չնկատեց։ Անտեսելով արագացած սրտխփոցն ու ձեռքերի դողը՝ Էվելինան մեկը մյուսի հետևից հարցերին էր պատասխանում. «Գիշերն աչք չէի փակել, բայց բարեհաջող հանձնեցի քննությունը, դարձա հիմնական աշխատող… Թեստը վերցնելիս տեսա՝ ինչ վատ ձեռագրով էի գրել, հսկայական վերջակետ էի դրել…Երբեմն ստացածդ տեղեկությունն այնքան անսպասելի է, որ դու ուղղակի չգիտես՝ ինչ անել դրա հետ, գիտակցությունդ ասես թմրած լինի, դու հրաժարվում ես առերեսվել իրականությանը, մերժում ես այն, մեխանիկաբար շարունակում ես գործերդ անել, իսկ հուզական արձագանքը սառած է»,- հիշում է նա:

Վախ

Շոկը շուտով վախի վերածվեց: Էվելինան վերհիշում է, որ սեփական տագնապները հաղթահարելուն զուգահեռ արտաքին աշխարհից «պարտադրվող» վախին էր դիմակայում. «Հիվանդի հետ հաղորդակցվելու առումով մարդիկ սարսափելի աննրբանկատ կարող են լինել: Սկզբի շրջանում, երբ ինձ զանգահարում և սկսում էին պատմել քաղցկեղից ծանր վիճակում մահացած մարդկանց պատմություններ, սարսափում էի: Որևէ մեկը չի պատկերացնի, դա մի անասնական վախ է, անբացատրելի… Որքան էլ կիրթ ու գիտակից լինես, վախն իշխում է քեզ, երակներդ սառչում են, նստած ես, բայց զգում ես՝ առաստաղն ինչպես է բարձրանում»: 

Էվելինան համոզվել է՝ այս հիվանդության շուրջ բազմաթիվ կարծրատիպեր ու նախապաշարմունքներ կան. «Հարազատներ ունեի, ովքեր ինձ չէին գրկում, որոշ ազգականներ ամիսներով չեն տեսել ինձ… Կային մարդիկ, նույնիսկ տարեցներ, զրուցելիս չէին ուզում «քաղցկեղ» բառն արտասանել: Ասում էին՝ այդ «քխիկը», այդ «փուֆիկը», նրանք անկեղծորեն վախենում են այդ բառից»:

Ըստ Էվելինայի՝ հասարակությունը ժամանակակից ուռուցքաբանության հնարավորությունների մասին բավականաչափ իրազեկված չէ և մեդիայի՝ երբեմն չափազանցված տեղեկություններն ընդունում է իրականության տեղ: Դրանք էլ սնուցում են վախերը. 

«Միտքս զբաղված պահելու համար ֆիլմեր ու սերիալներ էի դիտում: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ինչ միացնում էինք՝ կա՛մ գլխավոր հերոսը, կա՛մ նրա հարազատը քաղցկեղից մահանում էին: Անցա մուլտֆիլմերի (ծիծաղում է, -հեղ.): Կարծում եմ, որ կինեմատոգրաֆիայում քաղցկեղը չափազանցված զարհուրելի պատկեր ունի: Օրինակ՝ դրվագ ենք տեսնում, մարդը «քիմիա» է ստանում, ցավից գալարվում է, կողքի հարազատը չոքած՝ ողբում է: Ստիպված եմ հիասթափեցնել. ես ուրախ, կարմիր շրթներկով գնացել եմ քիմիաթերապիայի ու ուրախ վերադարձել: Ավելին ասեմ, թերապիայի պահին ցավ չես զգում… «Յութուբում» տեսանյութ կա, մի կին քիմիաթերապիայի սարսափելի հետևանքների, երակները վնասելու, այրվածքների մասին է պատմում: Անասելի ճնշվել էի դա նայելիս, չգիտեի, որ տասը տարվա վաղեմության ինֆորմացիան այսօրվա հետ շատ քիչ կապ ունի, այս բնագավառը թռիչքաձև զարգացողներից է: Օրինակ՝ ինձ քիﬕաթերապիայից առաջ փոքրիկ վիրահատություն արեցին, տեսե՛ք՝ այստեղ (ցույց է տալիս կրծքավանդակի վերին հատվածը-հեղ)՝ ենթամաշկում տեղադրել են «սկավառակ» (PORT-A-CHATH), ու  դրա ﬕջոցով են դեղաﬕջոցներն օրգանիզմ ներարկել: Սա մի քայլ առաջ է բժշկության մեջ: Այն, ինչ «յութուբի» կինն էր նկարագրում, հիմա չկա, թերապիայի յուրաքանչյուր սեանսից առաջ երակ չեն մտնում, այրվածքներ չեն առաջանում»:

Բիոպսիա

Բիոպսիայից առաջ Էվելինան, իր համար էլ անսպասելի, սկսեց արտասվել: Ժպիտով էր ներս մտել, բայց զսպված հույզերը ելք էին փնտրում: «Բոլորից թաքցրել էի արցունքներս, բոլորի հոգեբանն ու քաջալերողն էի, հարազատներիս հանգստացնում էի՝ ինձ ի՞նչ է եղել որ… Ու փլվեցի: Բժշկուհին հարցրեց՝ ինչու՞ ես լաց լինում, ասացի՝ թույլ տվեք գոնե այստեղ արտասվել: Համբերատար սպասեցին, մինչև հանգստացա»:

Բիոպսիան միջամտություն է, որի ժամանակ կրծքագեղձից բարակ կամ հաստ ասեղով հանում են հյուսվածքի մի հատված և մանրադիտակով հետազոտում այն: Այս հետազոտությամբ պարզ է դառնում, թե կրծքագեղձի հատկապես որ մասնիկներում է առաջացել ուռուցքը և արդյոք տարածվել է շրջակա հյուսվածքներում:

Էվելինան պատմում է՝ քանի որ ինքը 2 ուռուցք ուներ, 2 տարբեր բիոպսիա են արել: «Ուռուցքներից միայն վերևինը ցավաց, որտեղ հարված էր եղել, բայց դա տանելի ցավ է: Այստեղ ես ուզում եմ անպայման ընդգծել, որ բիոպսիան վախենալու կամ վտանգավոր բան չէ, ավելի շուտ՝ տհաճ է, բայց ատամ հեռացնելն էլ է տհաճ, չէ՞»,- ասում է նա: 

Բիոպսիային հաջորդում են սպասման երկար ու նյարդային շաբաթները: Էվելինայի խոսքով՝ նախաբուժային փուլը հոգեբանորեն ամենադժվար շրջանն է, հիվանդը լարված սպասում է՝ հասկանալու համար՝ ինքն «ա՞յս» կողմում է, թե՞ «այն»: Ու դա կարող է ձգվել մինչև 3 շաբաթ:

Կրծքաբանությունը Հայաստանում

«Բուժումն արտերկրու՞մ, թե՞ Հայաստանում» հարցին Էվելինայի պատասխանը միանշանակ է. «Եթե բժիշկները վստահեցնում են, որ խնդիրդ այստեղ կլուծվի՝ հաստատ արժե մնալ հարազատ միջավայրում: Ընտանիք, ընկերներ, աշխատանք, սրանք սյուներ են, որոնց վրա հենվելով՝ հիվանդն այդ ծանր շրջանը հոգեբանորեն հաղթահարում է, չի կորցնում իր ինքնությունը: Ես այս ամբողջ ժամանակ աշխատելիս եմ եղել, ու դա ինձ օգնել է չթուլանալ: Իհարկե, բախտս բերել է՝ ամենածանր շրջանն արձակուրդում էի, բայց այն, որ տան կամ հիվանդանոցային 4 պատի մեջ չէի անընդհատ՝ ինձ շատ է օգնել: Ուզում եմ նաև բարձրաձայնել, որ Հայաստանում կրծքաբանությունն իսկապես զարգացած է, երբեք չեմ մոռանա, թե ինչ ապահով ու ջերմ մթնոլորտ էին ապահովում «Աստղիկի» օնկոլոգիական բաժանմունքի բուժաշխատողները՝ Հասմիկ Էդուարդովնայի գլխավորությամբ, կամ թե որքա՛ն պրոֆեսիոնալ էր վիրաբույժս՝ «Ուռուցքաբանականից» Արթուր Ավետիսյանը: Ի դեպ, Ուռուցքաբանականի նկատմամբ էլ անարդարացի ու չհիմնավորված վախեր կան: Երբ բարեկամներս ու ընկերներս իմացան, որ այնտեղ պիտի վիրահատվեմ, ասում էին՝ վայ, ոնց չենք ուզում, որ այդ հիվանդանոց գնաս: Իրականում վախենալու որևէ հիմք չկա, հիվանդանոցը նորոգված է, անձնակազմը՝  հոգատար, ժպտադեմ, կարծես բնակարան լինի, ոչ թե բուժհաստատություն: Գուցե մինչև վերանորոգումն ավելի մռայլ է եղել, հիմա, վստահեցնում եմ, պատկերն այլ է»: 

Լեւոնը

Կնոջ ախտորոշումը տապալեց Լևոնին. «Այդ պահին չէի էլ գիտակցում, թե դա իմ կամ երեխաների համար ինչ է նշանակում: Էվելինա անհատի անձնական ողբերգության մասին էի մտածում: Պատկերացնում էի՝ հիմա նա պառկած է՝ անտեղյակ, թե ինչ աղետալի բան է տեղի ունեցել,- պատմում է Լևոնն ու ավելացնում,- երկար ժամանակ ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ Էվելինան՝ իմ ճանաչած ամենալավ մարդկանցից մեկը»: 

Էվելինայի խոսքով՝ ամիսներ շարունակ Լևոնն իր վրա էր վերցրել կենցաղային և կազմակերպչական բոլոր գործերը. կերակուր պատրաստել, երեխաներին տանել դպրոց, հետևել տան մաքրությանը, դեղերի հետևից գնալ, թարմ հյութեր պատրաստել կնոջ համար ու չկորցնել հոգեբանական տոկունությունը. «Մեզ պարտադիր հոգեբան է հասնում, առաջին այցին ասաց, որ ես իր կարիքը չունեմ, ամեն բան գիտակցում եմ, բայց կուզեր, որ ամուսինս այցելեր իրեն: Ցավոք, Լևոնը չուզեց, չնայած ես զգում եմ, որ նրա վրա այս ընթացքը շատ է ազդել: Բոլոր մարդիկ, ովքեր ինձ առնչվել են հիվանդության ընթացքին, պարբերաբար մտել ու դուրս են եկել: Իսկ Լևոնն անընդհատ կողքիս էր, ես իր աչքի առաջ եմ ճաղատացել, նա իր ձեռքով է սափրել գլուխս… Իր համար էլ էր դժվար: Մի պահ եկավ, որ սպառվեց: Ես կուզեի, որ մենք՝ հիվանդներս, նրբանկատ լինեինք, երբեմն շատ էգոիստ ենք դառնում, ուզում ենք, որ երկրագունդը մեր շուրջը պտտվի: Բայց երբ մենք ուժեղ ու ձիգ ենք մեզ պահում, դրանով մեղմացնում ենք մեր խնամակալների, հարազատների տառապանքը: Իսկ նրանք իսկապես տառապում են, երևի հիվանդից էլ շատ»,- ասում է Էվելինան:

Բուժման գինը

«Այսօր և հիմա» սկզբունքով ապրող ընտանիքների համար քաղցկեղը ծանր փորձություն կարող է լինել: Էվելինան ասում է, որ ուռուցք ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար բժիշկները հատուկ բուժման ծրագիր են մշակում՝ ելնելով ուռուցքի առանձնահատկություններից ու հիվանդի ընդհանուր վիճակից, ինչը ենթադրում է, որ տարբեր է նաև բուժման արժեքը: Էվելինայի հետ քիմիաթերապիայի այցելող կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 7 կանայք էլ տարբեր դեղորայք էին ստանում: Տարբեր էին նաև դրանց գները: 

«Կան մարդիկ, որոնց համար անմարդկային ծանր է բուժումը, մեկ ներարկումը հազարավոր դոլարներ արժե: Հետաքրքիր է, որ բարեկամներս մինչև վերջ հավատացած էին, որ անվճար եմ բուժվելու: Ասում էին՝ Հ1-ով են հայտարարել, որ ուռուցքաբանական խնդիրներով պացիենտների բուժումը  պետությունն է հոգում, բայց ես միայն հետազոտություններն եմ անվճար ստացել: Այո՛, պետպատվեր կա, բայց, ցավոք, մենք շատ հիվանդներ ունենք, ու իմ բուժման պահին պետպատվերն արդեն սպառվել էր: Չնայած իմ մեկ ներարկումը 3000 դոլար չէր, ինչպես մյուսների դեպքում, բայց էլի բավականին շատ՝ 10.000 դոլարից ավել ծախսել ենք ու դեռ ծախսելու ենք:  Ամուսինս ասում էր՝ տունը կվաճառենք, եթե պետք լինի, բայց բանը դրան չհասավ. մեր ընտանիքի խնայողություններով ու փոքրաթիվ ընկերների աջակցությամբ հաղթահարեցինք այդ դժվարությունը: Հոգատարության դրսևորումներից ամենահուզիչը նախկին ուսանողներիս օգնությունն էր: Աղջիկները՝ Սյուզին, Սաթենը, Մարիաննան և Անին, քարտիս փող էին փոխանցել: Այդ օրն ամբողջ օրը լացեցի, ու հարցը ամենևին փողը չէր»:

Քիﬕաթերապիա 

Քիմիաթերապիայի մասին Էվելինան զարհուրելի պատմություններ էր լսել. «Գիշերվա 11-ն անց էր, զանգահարեցի մեր ընկերոջը, որի և՛ քույրը, և՛ ընկերուհին անցել էին այդ ճանապարհը: Ասում եմ՝ Նունե՛ ջան, այդ քիմիան ի՞նչ է, քանի՞ գլխանի վիշապ է, ի՞նչ է կատարվելու ինձ հետ»,- պատմում է Էվելինան:

Քիﬕաթերապիան հատուկ դեղաﬕջոցների կիրառուﬓ է, որոնք ոչնչացնում են ուռուցքային բջիջները՝ կասեցնելով դրանց աճն ու  բազմացումը։ Դեղաﬕջոցներն արյան ﬕջոցով հասնում են օրգանիզմում գտնվող գրեթե բոլոր ուռուցքային բջիջներին: 

Առաջին ներարկումն Էվելինան հարազատների ներկայությամբ ստացավ: Հայրը հաջորդ օրը զանգել և ասել էր՝ «Ապրե՛ս, աղջիկս, այս գիշեր ես քնեցի, կարծում էի, որ այդ քիմիան միացնեն, դու կփլվես… Բայց հիմա ավելի հանգիստ եմ քեզ համար»:

Թեև քիմիաթերապիայի հաջորդ օրվանից մազաթափություն սկսվեց, բայց Էվելինան չէր տրտնջում: Ասում է՝ տրամադրվել էր, որ գնում է փրկվելու: Իսկ կողմնակի ազդեցությունները համեմատում է հղիության հետ. «Ես նո՛ւյն սրտխառնոցն ունեի, ինչ հղիության սկզբի շրջանում, նույն զզվանքը, բոլորի վրայից հոտ առնելը: Ես վախենում եմ փսխելուց, կյանքումս երևի 4 անգամ եմ փսխել: Դրա համար ատամներս սեղմած ասում էի՝ ինձ մոտ ճաշ չեփեք, օծանելիք չօգտագործեք, իմ սենյակ չմտնեք: Ի դեպ, այդ սրտխառնոցը տևում է 2 օր, ներարկումը ստանում ես, 3-րդ և 4-րդ օրերին քեզ վատ ես զգում: Այդ օրերին ականջակալներս միացնում, լսում էի հարմար մի բան, որն ինձ քնեցնում էր, ու ժամերով քնում էի»:

«Եթե միայն հետազոտվեի ժամանակին…»

Քաղցկեղի առաջացումը սկսվում է այն պահից, երբ նորմալ բջիջները ենթարկվում են փոփոխության, և նրանց աճը դառնում է անկառավարելի: Բայց ե՞րբ էր «այդ» պահը: Էվելինան այս հարցի մասին շատ է մտածել. «Բժիշկն ինձ ասաց, որ սա դանդաղ զարգացող ուռուցք է, երկար ժամանակ եմ ունեցել: Հետհայացք նետելով՝ կարող եմ ասել, որ որոշակի կոշտացումներ շատ ավելի շուտ՝ փոքր տղայիս կրծքով սնուցումը ավարտելիս եմ զգացել: Իմ սխալն այն էր, որ բժշկի գնալու փոխարեն ինքնաբուժությամբ զբաղվեցի: Գուցե այդ ժամանակ է մի բան սկսվել, որովհետև իմ ունեցածը հորմոնալ տիպի քաղցկեղ է, եթե միայն ժամանակին հետազոտվեի, հիմա կուրծքս կորցրած չէի լինի: Դրա համար կերակրող մայրիկներին խորհուրդ եմ տալիս՝ որևէ բան կասկածելու դեպքում կրծքին մածուն չքսել, ուրիշ մայրիկների հետ փորձի փոխանակում չանել, որովհետև տարբեր են բոլորիս օրգանիզմները, ճիշտը նորմալ հետազոտվելն է: Սարսափելի է մտածել, որ եթե իմ երեխան չհարվածեր, գուցե ես հիմա այստեղ նստած չլինեի, ուռուցքը զարգացել-հասել էր երրորդ ստադիայի, իսկ ես որևէ ախտանշան չունեի՝ ո՛չ ցավ, ո՛չ կրծքի գույնի կամ ձեւի փոփոխություն, ո՛չ արտադրություն: Ուղղակի, որ երեխան հարվածել էր, ուռուցքը սաբոտաժի էր ենթարկվել, հեմատոմա էր առաջացել։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մետաստազներ չունեի, քաղցկեղը մեծացել, միայն թևատակիս հանգույցներն էր ախտահարել»:

Չթուլանալ  

Բուժման ողջ ընթացքում, բացառությամբ մի քանի ծանր օրերի, Էվելինան փորձում էր պահպանել կյանքի բնականոն ռիթմը: Արթնանում էր վաղ առավոտյան, երկար զբոսնում, շրթներկը քսում և աշխատանքի գնում: Չէր ուզում երեխաները մոր հիվանդությունից ընկճվեն, հրաժարվել էր հիվանդի «հյուծված, թույլ ու գունատ» կերպարից. «Օգոստոսի 31-ին որդուս ծնուդն է: Նախորդ օրը հիվանդանոցում կաթիլայինի տակ պառկած էի, սրտխառնոցը չէր նահանջում, անընդհատ դեղորայք էին տալիս, որ ոտքի հանեն ինձ, 14 օրը մեկ քիմիա էի ստանում: Հաջորդ օրն առավոտյան վեր եմ կացել, սեղան դրել ու տատիկ-պապիկներին հրավիրել ծնունդ նշելու: Ծնողներս 70 տարեկան են, ես զգացի, որ երբ ես թուլանում եմ, նրանց տագնապն անկառավարելի է դառնում: Այս հիվանդության մեջ ամեն ինչ անհատական է, ինձ հետ բուժման էին գալիս մարդիկ, որոնց մոտ բացարձակ մազաթափություն էր, ես իմ հոնքերն ու թարթիչները չեմ կորցրել ամբողջությամբ, մեկը դեռ չթափած՝ մյուսը աճում էր: Իմ միջավայրում որևէ մեկը չհասկացավ, որ ես կորցրեցի ու վերականգնվեցի: Նիհար էի, բնականաբար՝ ուշադիր դիրողին տեսքս կհուշեր, որ դժվարությունների միջով եմ անցնում, բայց ես ամեն ինչ արել եմ, որ շրջապատս չբարդույթավորվի ինձ հետ շփվելիս»:

Բժիշկ-բուժառու կապը

Երբ Խոնդկարյանն Էվելինային ուղղորդում էր մասնագետների մոտ, միշտ նշում  էր՝ որքան էլ ուրիշները երաշխավորեն, այնուամենայնիվ, դու ինքդ պետք է համակրես ու հավատաս քո բժշկին: Էվելինան էլ է համոզվել՝ լավ արդյունքի համար բժիշկ-բուժառու կապը պետք է ստացվի. «Վիրահատության համար Ուռուցքաբանական գնացի մի պարզ պատճառով. ես վիրաբույժի հետ խոսում էի, իսկ նա խոսքս չավարտած՝ սենյակից դուրս եկավ: Դա այն պահն էր, երբ որոշվում էր՝ շարունակե՞լ քիմիան, թե՞ գնալ վիրահատության: Վիրավորվեցի բժշկից, իմ պես խոցելի վիճակում գտնվող հիվանդի հետ պետք էր ավելի նրբանկատ լինել»,-ասում է Էվելինան ու հավելում, որ այս դրվագից բացի հիմնականում արդյունավետ հաղորդակցվել ու վստահել է բուժող բժիշկներին ու բոլոր մյուս նեղ մասնագետներին: 

Ճառագայթաթերապիա

Էվելինայի համար բուժման ամենահեշտ փուլը ճառագայթային թերապիայի շրջանն էր: Ասում է՝ ատամնաբույժի այցելելն ավելի սթրեսային է, քան այն բուժումը, որ ստանում էր:

Ճառագայթային թերապիայի ժամանակ ուռուցքային բջիջները ոչնչացվում են ռենտգենյան ճառագայթների կամ բարձր ինտենսիվությամբ այլ մասնիկների ﬕջոցով։ Ժամանակակից վիրաբուժության եւ ճառագայթային թերապիայի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղի կրկնությունը (բուժմանը հաջորդող 10 տարվա ընթացքում) հանդիպում է 5%-ից էլ քիչ դեպքերում:

«Ես իսկապես կուզեի, որ այս դաշտից ուռճացված վախերն ու չափազանցված պատկերացումները մաքրվեին: Նախապես չափագրում են, որոշում՝ որտեղ պետք է ճառագայթվի, մուտք են անում համակարգիչ, դու պառկած՝ ոչինչ չես զգում, երաժշտություն է միացրած, անգամ կարող ես քնել: Ցավեր ունեցել եմ, երբ պետք է վարժություններ անեի, անընդհատ կարծես պոկեի վերքը: Իսկ ընդհանուր՝ արևայրուքի պես է, ճառագայթված մաշկը նախ կարմրում է, հետո սևանում ու ցավում՝ ամենասովորական արևայրուքի պես»,- պատմում է Էվելինան:

Ու նորից՝ վախի մասին 

Էվելինան ասում է, որ հասկանում է կանանց վախը հետազոտվելուց: Իրեն ծանոթ է այդ զգացումը: Սակայն, նա առաջարկում է իրազեկվել ու հաղթահարել վախը, քանի որ ուշ հայտնաբերված քաղցկեղից ու դրա՝ երբեմն անդառնալի հետևանքներից խուսափելու միակ ճանապարհը ժամանակին հետազոտվելն է. «7 կանանցով «քիմիա» էինք ստանում, 7-ից 6-ը ուսուցչուհի էին: Ո՛չ այն պատճառով, որ նրանց գործը դաժան է, այլ՝ որովհետև սոցփաթեթ են ունեցել ու կանոնավոր հետազոտվել են: Իմ ուռուցքը 9 սմ էր, դրա պատճառով ամբողջ փորվածքն էլ էր մեծ, բուժումն էլ՝ երկար ու ոչ դյուրին: Իսկ այդ մանկավարժները, ովքեր պարբերաբար ստուգվել են, եկել էին միլիմետրանոց ուռուցքներով և բուժման բարեհաջող ճանապարհ էին անցնում: Դա՛ է ժամանակին դիմելու առավելությունը… Ես չեմ պնդում, որ քաղցկեղի բուժումը հեշտ բան է: Անխոս, սա ծանր ճանապարհ է… Բայց եթե հիվանդությունը մեր մեջ կա, միևնույն է՝ օրերից մի օր բացահայտվելու է ու բացահայտվելու է այնքա՛ն վատ վիճակում, որ մեզ այլևս ոչ մի բժիշկ չի օգնի: Ես շատ կուզեի մեր կանանց հասցնել այն ուղերձը, որ այս հիվանդությունը չի ցավում, պետք չէ սպասել ցավի, որ նոր այցելեն բժշկի: Մի՛ վախեցեք, քաղցկեղն այնքան սարսափելի չէ, որքան թվում է: 

Ինքնընդունում

«Որքան էլ պատրաստվել էի, որ պետք է մազաթափություն ունենամ, մազիս գույնին մոտ կեղծամ էի գնել, որ չբարդույթավորվեմ, բայց դժվար էր: Մազաթափությունը, կրծքագեղձի հեռացումը ուղիղ հարված է կնոջ ինքնությանը… Ծանր ճանապարհ է սա ու դեռ շարունակվում է: Կուրծքս հեռացնելուց հետո պետք է վերականգնեին, բայց վիրահատության պահին խնդիր առաջացավ: Պրոթեզ եմ կրում, որը տեղադրվում է հատուկ հագուստի մեջ, եթե անգամ հանվեմ, չեք նկատի ոչինչ: Ինքնընդունման համար սկսեցի լողավազան գնալ: Բայց ամենից շատ ինձ օգնել և օգնում է հավատը: Ես հավատում եմ, որ Աստված սիրում է ինձ: Պատահական չէր գաղտագողի զարգացած քաղցկեղին տղայիս հարվածելը, ամուսնուս մեջքի ցավը, առանց որի ես հիվանդանոց գնացողը չէի… Ի վերջո, պատահական չէր Ջերմուկում Խոնդկարյանին հանդիպելը, որ նա հետո մոր պես ձեռքս բռնած՝ ուղղորդեր լավագույն մասնագետների մոտ, ովքեր կախտորոշեին ու կբուժեին ինձ»։ 

Գլխավոր լուսանկարը՝ Արմինե Հովհաննիսյանի

Լուսանկարները տրամադրել է Էվելինա Ղանթարչյանը։ Դրանք արվել են բուժման ընթացքում: 

Մեկնաբանություններ (1)

Գեղանուշ
առողջություն Ձեզ,լավատես մարդ․ ուսանելի են խորհուրդներդ․ շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter