HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամերիկաբնակ հայ. «Վիլսոնյան Հայաստանը չկորցնենք»

«Ամերիկայի բոլոր լրատվամիջոցները ենթակա են կենտրոնի հրամաններին: Եթե հրամանը վերևից իջնում է, որ այս հարցը պետք է առաջ տանեն, ուրեմն առաջ են տանում, եթե պետք է լռեցնեն, ուրեմն լռեցնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ Գլենդել քաղաք «Հայ տուն» հեռուստածրագրի ղեկավար Համլետ Ներսիսյանը: Ծրագիրը հեռարձակվում է AABC (Armenian American Brodcasting Company) հեռուստաընկերությամբ և գործում է շուրջ 8 տարի: 

Հ. Ներսիսյանի խոսքով` ԱՄՆ-ում նույնպես հայերը տարիներ շարունակ պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը դարեր շարունակ կախված է եղել այլ երկրներից, ինչը շարունակվում է նաև այժմ: Այժմ պետք է անել ամեն ինչ, որպեսզի թոթափենք կախվածության լուծը և աշխարհին ասենք, թե մենք ով ենք:

Նա նաև նշեց, որ այժմ փոխվել է նաև հրեաների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, հարցը քննարկվում է Քնեսեթում, բնականաբար, հրեաների շահերից բխելով: Հ. Ներսիսյանի համոզմամբ` եթե հարցը հասել է Քնեսեթ, ուրեմն ինչ-որ բան է կատարվում: Պետք չէ շատ ոգևորվել, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

Նրա խոսքերով` Թուրքիան հույս ունի լինել ամբողջ արաբական աշխարհի ղեկավարը, սակայն դա նրան թույլ չեն տա, «եթե հարցը հասնի դիվան բաշուն, ամերիկացիները կհանեն Վիլսոնի քարտեզը»: Հ. Ներսիսյանը համոզված է, որ քարտեզում նշված հողերի իրավունքը հայերինն է, սակայն ԱՄՆ-ն այդ փաստարկը դեռեւս չի օգտագործում: Հարցը շատ արագ կբարձրացվի, երբ դա ձեռնտու լինի Արևմուտքին:

«Պատրաստ լինենք, վիլսոնյան Հայաստանը չկորցնենք, կարող է պատահել` այդ հողակտորները վերցնեն թուրքերի ձեռքից, բայց ուրիշին տան»,- հավելեց Հ. Ներսիսյանը:

Միաժամանակ, նա համոզված է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և ոչ էլ ԵՄ-ը ոչ մի քաղաքական խնդիր չեն լուծում, նրանք ընդամենը գործակատարներ են: Իրականում կա մի կենտրոն, որը ղեկավարում է ամբողջ աշխարհը, և որին ենթարկվում են բոլոր երկրները: Այժմ ամբողջ աշխարհում արդիական են տնտեսական հարցերը, այդ պատճառով էլ առաջիկա գոնե 1 տարվա ընթացքում քաղաքական հարցեր չեն լուծվի:

Հ. Ներսիսյանը համոզված է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում նախագահներին ոչ թե ընտրում, այլ նշանակում են: Այդպես եղավ թե Բուշ կրտսերի, թե Օբամայի դեպքում: Քանի որ Օբամայի գործը կիսատ է մնացել, նրան կրկին կնշանակեն:

Ամերիկաբնակ հայի կարծիքով` Հայաստանում տեսնում են լուսնի մի կողմը, ԱՄՆ-ում տեսնում են լուսնի մյուս կողմը, սակայն երկու կողմն էլ թերի է. հնչում են տարբեր կարծիքներ, սակայն «ոչինչ չի կարելի հալած յուղի տեղ ընդունել»:

Իսկ հայկական համայնքը, մասանավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մնացել է երկու քարի արանքում. «Դեմոկրատներին են ընտրում՝ նրանք են խաբում, հանրապետականին են ընտրում՝ նրանք են խաբում»:   

Նա նաև տեսնում է, որ Հայաստանում կան լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք եթե չլուծվեն, հնարավոր չէ առաջ գնալ: Սփյուռքի հավատը կորել է, դա կշարունակվի  այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չդառնա վստահելի գործընկեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter