HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրումն օրակարգային հարց է դարձել

Ազգային ժողովը, Արդարադատության նախարարությունը և լրագրողական հասարակական կազմակերպությունները, ուսումնասիրելով միջազգային փորձը, օրենսդրական լուծումներ են փնտրում Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ապրիլի 27-ին քննարկում էր կազմակերպել «Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով:

Ինքնակարգավորման գաղափարն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները ձգտեն պրոֆեսիոնալ լրագրության, ստեղծեն ինքնակարգավորման մարմիններ՝ մասնագիտական խնդիրները, ընթերցողի կամ հեռուստադիտողի բողոքները քննարկելու, արտադատական կարգով լուծելու և այլ հարցերի կարգավորման համար: Ինքնակարգավորումը ենթադրում է նաև էթիկական լրագրություն՝ խթանելով սեփական կամ կոլեկտիվ վարքագծային կանոնների ընդունումը:

Արտերկրի մի շարք լրատվամիջոցներ ունեն օմբուդսմենի ինստիտուտ, որի գործառույթը ընթերցողների կամ հեռուստադիտողների շահերի պաշտպանությունն է:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ տարբեր առիթներով գրեթե ամեն ամիս հանդիպումներ է ունենում հասարակական կազմակերպությունների, գործադիր մարմնի ներկայացուցիչնրի հետ: Ամբողջական լուծում դեռ չունեն, սակայն մի հարցում ունեն ընդհանուր դիրքորոշում՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմներում պետության ազդեցությունը չպետք է լինի, դրա շահառուները լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները պետք է լինեն:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 19-ին Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն համագործակցության հուշագիր էին ստորագրել մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։ Նպատակն այն էր, որ համատեղ ջանքերով մշակեն ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այս մեկ տարվա ընթացքում շատ բան չեն հասցրել անել, սակայն այնպիսի քայլ էլ չեն արել, որը հաշվի չի առել ոլորտի ներկայացուցիչների կարծիքը:

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, ցավոք, մեդիադաշտը չի կարողացել կամ շահագրգռվածություն չի ցուցաբերել ինքնակարգավորումը զարգացնելու:

Նշենք, որ Հայաստանի լրատվական դաշտում կա ինքնակարգավորման մեխանիզմի օրինակ՝ 2007թ. մարտի 10-ին ընտրված  ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը, որը մինչ օրս գործում է: Սակայն, ինչպես փաստեցին քննարկման մասնակիցները, դրա արդյունավետությունն այս պահին թույլ է, քանի որ իրավական կարգավիճակ չունի և ճանաչված չէ:

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ այսօր ավելի, քան երբևէ անհրաժեշտ են ինքնակարգավորման մեխանիզմներ, քանի որ լրատվության հոսքերն ու աղբյուրներն են ավելացել: Եթե նախկինում մարդիկ թերթ էին գնում, դրա համար վճարում էին, լրատվամիջոցը եկամուտ էր ստանում, այսօր համացանցն անվճար տեղեկատվություն ստանալու հնարավորություն է տալիս: Այս հոսքի մեջ տուժում է որակյալ լրատվությունը՝ վտանգելով կոնկրետ լրատվամիջոցի հետագա գոյությունը:

Նավասարդյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում այն միտումն է, որ այդ լրատվամիջոցները ստանան աջակցություն, այդ թվում՝ պետական: Իսկ վերլուծությունները ցույց են տվել, որ որակական լավ արտադրանք տալիս են այն լրատվամիջոցները, որոնք օգտվում են արտասահմանյան դրամաշնորհներից: Այդ դրամաշնորհային ծրագրերի բաղադրիչներից է՝ հետևել լրագրողական էթիկային, նյութերում շատ թե քիչ պահպանել հավասարակշռությունը և այլն, ինչը բարելավում է որակը:

ԵՄԱ նախագահի կարծիքով՝ պետք է ստեղծվեն խրախուսական մեխանիզմներ այն լրատվամիջոցների համար, որոնք գործում են հանրային շահի և այդ պահանջարկի օգտին: Մշակվող հայեցակարգում առաջարկվում է ինքնակարգավորումը ներդնել կամավորության սկզբունքով, հակառակ դեպքում այն կարող է վերածվել խոսքի ազատության սպառնալիքի:

Հայեցակարգի հաջորդ բաղադրիչը ինքնակարգավորման ճանաչումն է պետության կողմից: Եթե կարևոր բաղադրիչը դառնում է լրատվամիջոցի՝ ինքնակարգավորման մեխանիզմներին մասնակցելը, դրանց հետևելը, ապա պետությունն այն պետք է ճանաչի: Այդ տեսանկյունից քննարկումներ են ընթանում, թե ինչ մեխանիզմներով և ուղիներով պետությունը կարող է նպաստել որակյալ լրատվամիջոցների զարգացմանը:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ տարբեր երկրների պրակտիկայում աջակցության «համալիրր» մոտեցումներ կան: Հայեցակարգով նախատեսում են հարկային արտոնությունների սահմանում, տեղեկատվական վեճերի պարագայում արտադատական լուծման մեխանիզմների առաջնահերթություն: Բացի այդ, պետությունն ունի անշարժ գույք, աջակցության տարրերից մեկը կարող է լինել լրատվամիջոցներին օգտագործման իրավունքով այդ գույքը տալը:

Քննարկման ժամանակ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ և «Հոդված 3» ակումբի նախագահ Գայանե Աբրահամյանը կարևորեց լրատվամիջոցների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը՝ այն դիտարկելով որպես մեդիա օրենսդրության բաղադրիչ:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ թափանցիկությունը կարևոր է ոչ միայն լրատվամիջոցների հեղինակության, այլև հանրության համար՝ տեղեկանալու, թե որտեղից, ինչ ֆինանսական աղբյուրներից է օգտվում լրատվամիջոցը: Նման պրակտիկա կա աշխարհի շատ երկրներում:

Աբրահամյանը նշեց, որ այսօր էլ կան ֆինանսական աղբյուրների ներկայացման մեխանիզմներ, սակայն ոչ նորմալ ձևաչափ կա, ոչ էլ՝ չափորոշիչներ: Արժանահավատության խնդիր էլ կա: Որևէ մեկը չի ստուգում այդ փաստաթղթերի իսկությունը: Ստացվում է՝ մեդիայի վրա դրվել է ինքնանպատակ պարտականություն:

Քննարկման ավարտին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց մի շարք նախագծային սահմանումներ, թե ով է լրագրողը, ում պետք է դիտարկել որպես լրատվամիջոց և այլն: Բացառությամբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, մյուս բանախոսները նշեցին, որ պետք է սահմանել ոլորտը, ոչ թե տալ լրագրողի սահմանումը: Աշոտ Մելիքյանը նշեց, որ շատ երկրներում սահմանված չէ, թե ով է լրագրողը: Ավելին, կան երկրներ, որտեղ լրագրողական կազմակերպության տված վկայականն արդեն բավարար է տվյալ անձին լրագրող ընդունելու համար:

Հայեցակարգում տարանջատվել է լրատվամիջոցը ինքնարտահայտման միջոցից, ինչպես նաև՝ առանձնացվել է առևտրական նպատակներով տեղեկատվական միջոցը, որի նպատակը միայն բիզնես շահն է: «Զանգվածային լրատվամիջոց» բառակապակցությունը ևս փոխվել է: Ընդունելի տարբերակ է դիտարկվում «հանրության իրազեկման միջոցը»:

Հանրությանը իրազեկելու միջոց է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը զբաղվում է հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, մարզական  և/կամ հանրային այլ նշանակություն ունեցող տեքստային, լուսանկարային, ձայնային և տեսողական տեղեկությունների պարբերական հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ՝ ցանկացած տեխնոլոգիայով, այդ գործունեությունում ունի միասնական խմբագրական կամ անհատական խմբագրի պատասխանատվություն: Կիրառում է ինքնակարգավորման առնվազն մեկ մեխանիզմ, ապահովում է սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը, ինչպես նաև՝ ինքնակամ գրանցվել է հանրային տեղեկատվական միջոցների ռեեստրում:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ ռեեստրում ոչ թե լրատվամիջոցներին գրանցելու են, այլ լրատվամիջոցն ինքն է ինքնակամ գրանցվելու, որպեսզի տարանջատվի տեղեկատվություն տարածող մյուս գործող սուբյեկտներից:

Ինչ վերաբերում է լրագրողի սահմանմանը, ապա ընդհանրապես սահմանում տալու դեպքում, ըստ բանախոսների, պետք է դիտարկել ֆիզիկական անձին, ով զբաղվում է հանրային նշանակություն ունեցող տեքստային, լուսանկարային, լսողական, տեսողական տեղեկությունների հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ՝ ցանկացած տեղեկատվական միջոցով: Լրագրողի համար ընդունելի պետք է լինեն լրագրողական էթիկայի նորմերը, և նա մաս պետք է կազմի ինքնակարգավորման առնվազն մեկ մեխանիզմի:

Ինքնարտահայտման միջոց է դիտարկվում տեղեկատվության այն աղբյուրը, որը չի նախատեսում կոլեկտիվ խմբագրական կամ անհատական խմբագրի պատասխանատվություն տարածվող բովանդակության համար, ինքնակարգավորման մաս չի կազմում, պարտավորված չէ սեփականության և ֆինանսական հոսքերի թափանցիկություն ապահովել և գրանցված չէ հանրային տեղեկատվական միջոցների ռեեստրում:

Քննարկման մասնակիցները պայմանավորվեցին նախագծային կարգավորումները հանրայնացնել, որպեսզի ոլորտով հետաքրքրվածները ևս իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter