HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի» ԲՀ-ը բացում է Մայքլ և Վիրջինիա Օհանյանների նոր բնապահպանական կենտրոնը Լոռու մարզում

«Էյ Թի Փի» ԲՀ-ի հոգաբարձուների խորհուրդը և անձնակազմը Օհանյան ընտանիքի անդամների հետ կատարեցին Մայքլ և Վիրջինիա Օհանյանների նոր բնապահպանական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Բացման արարողության պատվավոր հյուրերն էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը 

Հետևելով Կարին գյուղում տեղակայված բնապահպանական կենտրոնի հաջողությանը` «Էյ Թի Փի»-ն իր նոր կենտրոնում կընդունի աշակերտների, ուսանողների, էկո խմբերի, ուսուցիչների, գյուղատնտեսների Հայաստանից և արտասահմանից: Հյուսիսային կենտրոնի առաջնային շահառուները կլինեն Լոռու և Տավուշի մարզի բնակիչները: Կրթական կենտրոնը գտնվում է «Էյ Թի Փի»-ի Միրաք անտառային տնկարանին մոտ, որը թույլ կտա համադրել  տեսական գիտելիքը գործնականի հետ:

Բացման խոսքում «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանը նշեց. «Այսպիսի կենտրոն կառուցելու համար պետք է ունենալ նպատակի և առաքելության հստակ միտք, ֆինանսսական միջոցներ, որի համար մենք շնորհակալ ենք տիկին Վիրջինիա Օհանյանին և իր ընտանիքին և, իհարկե, հարկավոր է համայնքի աջակցությունը, որը արժևորում է կրթությունը և բնապահպանությունը: Մենք ակնկալում ենք, որ այս երեք տարրերը առկա են այստեղ»:

Մեկնաբանելով կատարած աշխատանքը՝ Գարաբեդյանը ավելացրեց. «Ժամանակի ընթացքում կենտրոնի շրջակայքը էլ ավելի կգեղեցկացնի Մարգահովիտը և կծառայի Հայաստանի երեխաների համար: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի երիտասարդությունը խնամի իր շրջակա միջավայրը, և այս կենտրոնը կարող է կարևոր դեր ունենալ նրանց կրթելու գործում»:

«Էյ Թի Փի»-ի հիմնադիր Քարոլին Մուգարը  իր խոսքում հիշեց էներգետիկ ճգնաժամի դժվարին տարիները, երբ «Էյ Թի Փի»-ն հիմնադրվեց. «1990-ականներին, երբ բոլորը տառապում էին էներգիայի և վառելիքի պակասից, մարդիկ ստիպված էին ծառեր հատել, որպեսզի կենդանի մնային, տաքացնեին իրենց տները և ճաշ պատրաստեին: Հատված ծառերի բները ամենուր էին: «Էյ Թի Փի»-ին ծնվեց այդ ծանր ժամանակներում: Մարդիկ ինձ հարցնում էին՝ «ինչպե՞ս կարող ես դու ծառեր տնկել, երբ մարդկանց նավթ և կաթ է անհրաժեշտ»: Այդ դժվարին պահին էր, որ մենք որոշեցինք, որ ժամանակն է ներդրում ունենալ Հայաստանի ապագայի համար»:

«Այսօր մենք բացում ենք Մայքլ և Վիրջինիա Օհանյանների բնապահպանական կենտրոնը»,- ավելացնում է տիկին Մուգարը,- այս կենտրոնում երեխաներն ու ուսանողները կսովորեն, որ փայտը վերականգնվող ռեսուրս է, եթե հարկ եղածի պես աճեցվել և խնամվել է: Նրանք կարող են սովորել, թե Հայաստանի ապահով ապագայի համար որքան կարևոր է կայուն շրջակա միջավայր ունենալը: Մենք նույնիսկ կարող ենք հարց տալ՝ «արդյոք հանքարդյունաբերության երկարատև ռիսկը, որը ոչնչացնում է անտառները և աղտոտում գետերը, արժե՞ այն գինը, որ վճարում ենք»:

Տիկին Մուգարը խորին շնորհակալություն հայտնեց տիկին Օհանյանին և իր երջանկահիշատակ ամուսնուն` Մայքլին, ովքեր եղել են «Էյ Թի Փի»-ի առաջնային բարերարներից կազմակերպության հիմնադրման օրից:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ խորապես արժևորում է «Էյ Թի Փի»-ի ծրագրերը Հայաստանում. «Ես կուզեմ շնորհակալություն հայտնել «Էյ Թի Փի»-ին Հայաստանում` մասնավորապես Լոռում կատարված աշխատանքի համար: Նրանց ներկայությունը Լոռում շատ կարևոր է, քանի որ Լոռին նաև հանքարդյունաբերական կենտրոն է: Ես անձնապես կուզեմ շնորհակալություն հայտնել «Էյ Թի Փի»-ի բարերաներին, որոնք սատարում են Հայաստանի կայուն զարգացմանը»:

Տեր Տաճատ Դավիդյանը այնուհետև օրհնեց նոր կենտրոնը: Մարգահովտի երեխաները միացան Տեր Տաճատին՝ օրհնության ընթացքում երգելով շարականներ:

Օհանյանների ընտանիքի անդամներ Գեյլ Օ’Ռայլին և Չարլզ Թալանյանը` տիկին Օհանյանի զարմիկները, Քարոլին Մուգարի հետ միասին բացեցին կենտրոնի ցուցանակը, որը խորհրդանշեց, որ այն այսուհետ գործում է:

Այս տարի «Էյ Թի Փի»-ն նշում է իր 18րդ հոբելյանը: «Էյ Թի Փի»-ի համայնքային ծառատունկների և անտառատնկման շնորհիվ ավելի քան 4 միլիոն ծառ է տնկվել ամբողջ Հայաստանում: «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագիրը աշխատում է հարյուրավոր ուսուցիչների և հազարավոր աշակերտների հետ:

«Էյ Թի Փի»-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու, առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով: «Էյ Թի Փի»-ի 3 գլխավոր ծրագրերն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման նախաձեռնությունը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.armeniatree.org կայքէջը:

Արմինե Թոխմախյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter