HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ռազմավարական պաշարների պահուստում ներառված դեղերը 133-ով կավելանան

Առողջապահության նախարարությունն առաջարկում է համալրել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, ինչպես նաև՝ կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի, ժամանակացույցի, կազմակերպությունների սուբսիդավորման իրավահարաբերությունները:

Այս առումով՝ ԱՆ առաջարկում է փոփոխություններ մտցնել Կառավարության՝ 2020 թվականի 24 դեկտեմբերի  N 2144-Ն որոշման մեջ Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի եվ բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը եվ ժամանակացույցը սահմանելու մասին»)։

Գործող որոշմամբ՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառված են մի շարք դեղեր, որոնք Հայաստանում պետական գրանցում չունեն կամ կիրառությունից դուրս են եկել, բացի այդ, այդ պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի, ժամանակացույցի, կազմակերպությունների սուբսիդավորման հարցերի վերանայման անհրաժեշտություն կա։

Առողջապահության նախարարության մշակած նոր անվանացանկում նախկին 47 անվանում դեղի և 51 անվանում բժշկական նշանակության ապրանքի փոխարեն ներառվել է 180 անվանում դեղ և 59 անվանում բժշկական նշանակության ապրանք: 

Նախարարությունը նշում է, որ այդ նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ «հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները»:

Ցանկում ներառվել են նաև Հայաստանում պետական գրանցում ունեցող դեղեր:

Նշվում է, որ որոշման փոփոխությունը պայմանավորված է և բխում է «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների արժեքի մինչև 15%-ը սուբսիդավորվում է պետությունը։

ԱՆ-ն հայտնում է, որ նախագծով առաջարկվող դեղերի մասով վերլուծություն է իրականացվել, ուսումնասիրվել են 2022թ ընթացքում Հայաստան դեղեր ներմուծող կազմակերպությունների ներմուծման ծավալները։

Օրինակ, ԱՆ վերլուծությամբ, «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընկերության մասով 180 անվանում դեղի համար ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2,1 մլրդ դրամ, և որոշման պահանջի համաձայն՝ 10%-ը կկազմի 210 մլն դրամ: 

Գումարային արտահայտությամբ՝ առնվազն 500 մլն դրամ տարեկան ներմուծման ծավալ ունեցող կազմակերպությունների մասով (շուրջ 8 կազմակերպություն) 180 անվանում դեղի համար ընդհանուր գումարը կազմել է շուրջ 15 մլրդ դրամ։

«Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն՝ 10% կկազմի 1,5 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորման չափը՝ դրա 15%-ը՝ 225 մլն դրամ։

Նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

 

Լուսանկարը՝ «Հետք»-ի, արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter