HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կփոփոխվեն բժշկական գաղտնիքը երրորդ անձանց տրամադելու կարգն ու տեղեկության չափը

Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հստակեցնել բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունը երրորդ անձանց տրամադրելու շրջանակը և դրա ծավալը՝ համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: 

Բացի այդ, նախագծով պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:

Բայց նորածնային և մայրական մահերի ժամանակ, մշտադիտարկում իրականացնելու համար, այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին տրամադրվելու է ամբողջական տեղեկություն:

Բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում սահմանված են բժշկական գաղտնիքի մշակմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն դեպքերը, թե երբ կարող են դրանք առանց պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցվել երրորդ անձանց, որ դեպքերում և ինչ նպատակով:

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում նույնպես ամրագրված են տվյալներ, որտեղ սահմանված է՝ հոգեկան առողջության հետ կապված տեղեկությունները բժշկական գաղտնիք են։

Սակայն բժշկական գաղտնիք համարվող այս տվյալները վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու վերաբերյալ կարգավորումները տարբերվում են Քրեական դատավարության օրենսգրքի՝ «Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը» 26-րդ հոդվածից։

Այնտեղ, մասնավորապես, նշված է, որ վարույթի ընթացքում անձին վերաբերող և բժշկական (բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի), նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայն դատարանի որոշմամբ։

Այնինչ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն` բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունը, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել միայն քննիչին, դատախազին, դատարանին, իսկ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել միայն հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին։

Բացի այդ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն` ՄԻՊ ներկայացված բողոքը համարվում է այդ անձի համաձայնություն և հիմք է տալիս ՄԻՊ-ին անձնական տվյալներ ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից։

Միևնույն ժամանակ, «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում նշված է, որ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: 

Ստացվում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով անձի բողոքը համարվում է անձի համաձայնություն և հիմք է գաղտնի տվյալները ստանալու, իսկ ոլորտային օրենսդրությամբ այդ տեղեկությունները ստանալը համարվում է առանց պացիենտի համաձայնության ստացված տեղեկություն։

Այսինքն՝ միևնույն իրավահարաբերությունները կանոնակարգվում են տարբեր իրավակարգավորումներով։

Ըստ Առողջապահության նախարարության՝ այս նախագծի նպատակներից է նաև վերացնել այդ անհամապատասխանությունները և շտկել բացերն ու տեխնիկական վրիպակերը, վերացնել Սահամանդրության և գործող օրենքներում եղած հակասությունը։

 «Նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն նաև առկա տեխնիկական անճշտությունները և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին»:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter