HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Զանգ մարմնավաճառին. Գյումրիի «Անդրանիկ» հյուրանոց-ռեստորանի հավաքարարը դատապարտվեց

Գյումրիի «Անդրանիկ» հյուրանոց-ռեստորանի մշտական այցելուները լավ են ճանաչում 55-ամյա Տոմային` Թամարա Վ.-ին, ով 2001թ-ից «օբյեկտում» աշխատել է, որպես հավաքարար, իսկ 2006թ-ից` մատուցողուհի: Փոքր քաղաքներում բնակվողների մեծ մասը ճանաչում են իրար ու շատ հաճախ տեղյակ են, թե ով ինչ դարդ ու ցավ կամ ինչի կարիք ունի: Տոմայի գործատուն ու ռեստորանի մշտական հաճախորդներն այս առումով բացառություն չէին: Նրանք գիտեին, որ ամուսնուց 30 տարի առաջ բաժանված այս կինն ապրում է հաշմանդամ դստեր հետ ու ընտանիքի միակ կերակրողն է:

Երբ Թամարա Վ.-ն 2010թ-ին քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով` նպաստել պոռնկությամբ զբաղվելուն, դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքի, գործատուն նրան աշխատանքից չազատեց: Նախ կինն իրեն օգնող ուրիշ մեկը չուներ այդ գումարը հայթայթելու եւ պետությանը հասցրած վնասը հատուցելու համար, հետո էլ, եթե հեռանար ռեստորանից, մեկ այլ տեղ դժվար թե նորմալ աշխատանք կարողանար գտնել: Եվ Տոման, շարունակելով աշխատել «Անդրանիկ» ռեստորանում, վերստին անցնում է հին «փեշակին», այն է`տղամարդ այցելուներին, նրանց իսկ ցանկությամբ եւ իր զանգով մարմնավաճառներ մատակարարելուն:

Աշխատանքը գուցե այդքան էլ եկամտաբեր չէր, ամեն մի հաճախորդից Տոմային 1000 դրամ գումար էր հասնում, այս առումով գուցե առավել շահում էր տվյալ «օբյեկտի» տերը: Այցելուները, պետք է ենթադրել, որ օգտվում էին  թե ռեստորանի առաջարկած կերակրացանկից, թե հյուրանոցային համարներից: Տեղյա՞կ էին արդյոք «օբյեկտի» տերերը, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ, դժվար է ասել: Նույն հանցանքի համար երկրորդ անգամ մեղադրյալի աթոռին հայտնված Տոման նախաքննական մարմիններին տված ցուցմունքում նշել էր, որ «Անդրանիկի» տնօրեն Գ.Գրիգորյանը տեղյակ չի եղել իր գործունեությունից, ինքն այդ քայլին գնացել է շահույթ ստանալու նպատակով` հյուրանոցի սենյակները պարբերաբար տրամադրել է հաճախորդներին եւ մարմնավաճառներ Ալվարդ Գ.-ին, Նարինե Ս.-ին, Գայանե Ծ.-ին, Հեղնար Հ.-ին, Աիդա Հ.-ին, որպեսզի վերջիններս զբաղվեն պոռնկությամբ: Տոման իր քայլը բացատրել էր նրանով, որ որքան շատ սենյակներ տրամադրեր, այնքան իր աշխատավարձն ավելի բարձր կլիներ:

Վերոգրյալ արարքը կատարելու համար 24.02.2012թ Թամարա Վ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Իսկ մարմնավաճառներն ենթարկվել են վարչական պատասխանատվության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 179.1 հոդվածով:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության ժամանակ դատակոչված վկաներ Ալվարդ Գ.-ն, Նարինե Ս.-ն, Գայանե Ծ.-ն, Հեղնար Հ.-ն, Աիդա Հ.-ն, հաստատելով նախաքննական ցուցմունքները, նշեցին, որ մարմնավաճառությամբ զբաղվելու համար հեռախոսահամարները տվել են Թամարա Վ.-ին, որպեսզի վերջինս, հարմար հաճախորդ լինելու դեպքում, իրենց կանչի հյուրանոց:

Դատակոչված վկաները հիշյալ հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք էին: Նրանցից Աիդան ապրում է թոշակառու մոր եւ 2-րդ խմբի հաշմանդամ քրոջ հետ միասին: Պոռնկությամբ զբաղվում է արդեն 3 տարի: Պատճառը սոցիալական ծանր պայմաններն են: Աիդան պատմեց, որ 2010թ-ին, երբ մի տղամարդ հաճախորդի հետ գտնվել է «Անդրանիկ» ռեստորան-հյուրանոցում, ծանոթացել է Տոմայի հետ: Վերջինս տեղեկանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, խնդրել է իր բջջային հեռախոսահամարը` խոստանալով գյուղերից նորմալ հաճախորդներ լինելու դեպքում զանգահարել եւ կանչել, որպեսզի գումարով սեռական հարաբերություն ունենա: 2010թ-ի հունվարից մինչեւ 2011թ-ի նոյեմբեր ամիսը Տոման մոտ 40 անգամ զանգահարել է Աիդային եւ կանչել հյուրանոց` պայմանավորվածության համաձայն: Յուրաքանչյուր հաճախորդից վերցնելով 5000-ական դրամ, Աիդան 1000 դրամը տվել է Տոմային իրեն զանգել կանչելու համար: Մարմնավաճառությամբ զբաղվել է իր կամքով, ոչ ոք իրեն չի ստիպել, չի պարտադրել:

Վկաներից  Ալվարդը պոռնկությամբ զբաղվում է ընդամենը մեկ տարի: Վկան, որպես պատճառ նշում էր սոցիալական ծանր պայմանները` ունի երկու անչափահաս երեխա, որոնց խնամքն իր ուսերին է ծանրացած, օգնող որեւէ մեկը չունի: Ալվարդը 2011թ-ից է համագործակցել Տոմայի հետ: Ծանոթացել է գրեթե նույն սցենարով, ինչ Աիդան, նրան է տրամադրել իր հեռախոսահամարը եւ խնդրել նորմալ հաճախորդներ լինելու դեպքում զանգել եւ կանչել հյուրանոց:

2011թ-ի սկզբներից մինչեւ 2012թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Տոման պաբերաբար` շաբաթական 2 անգամ, զանգել է Ալվարդին եւ կանչել հյուրանոց, որտեղ վկան ամեն անգամ Տոմայի նշած տղամարդ-հաճախորդների հետ ունեցել է սեռական հարաբերություն` վերցնելով 5000 դրամ: Եղել են դեպքեր, երբ վաստակած գումարը Ալվարդին Տոման է տվել: Երբ երկու հաճախորդ են միաժամանակ հայտնվել, Ալվարդը Տոմայի կանչով հյուրանոց է գնացել մարմնավաճառ Նարինեի հետ:

Վկա Գայանե Ծ.-ն ունի երկու անչափահաս երեխա եւ սոցիալական ծանր պայմաններից ելնելով մոտ 3 տարի է` զբաղվում է մարմնավաճառությամբ: Գայանեն եւս Տոմայի հետ ծանոթացել է, երբ հաճախորդներից մեկի հետ գտնվելիս է եղել «Անդրանիկ» ռեստորան-հյուրանոցում: Նրան է տվել իր հեռախոսահամարը եւ խնդրել նորմալ հաճախորդ լինելու դեպքում իրեն կանչել հյուրանոց: Դրանից հետո մի քանի անգամ Տոմայի կանչով գնացել եւ սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր հաճախորդների հետ` ստանալով 5000 դրամ: Գայանեն Տոմային չի վճարել: 1000-ական դրամները նրան տվել են հաճախորդները: Վերջին անգամ հյուրանոց է գնացել 2011թ-ի նոյեմբերին, քրոջ` Հեղնար Հ.-ի հետ: Տոման զանգահարել եւ ասել է, որ երկու ախալքալաքցի հաճախորդներ ունի: Ինքն ու քույրը գնացել են, առանձին սենյակներում սեռական հարաբերություն ունեցել հաճախորդների հետ, վերցրել վարձն ու հեռացել: Դրանից հետո այլեւս «Անդրանիկ» ռեստորան-հյուրանոց չեն գնացել:

Վկաներից Նարինեն, ով մարմնավաճառությամբ զբաղվում է հաշմանդամ եղբոր եւ իր կարիքները հոգալու նպատակով, Տոմայի հետ ծանոթացել է 2010թ-ի կեսերին: Համագործակցությունը կայացել է նույն սցենարով, ինչ մյուս մարմնավաճառների դեպքում: Մինչեւ 2011թ-ի հոկտեմբերը Տոմայի զանգով Նարինեն մոտ 20 անգամ եղել է «Անդրանիկ» ռեստորան-հյուրանոցում: Գրեթե միշտ միայնակ է գնացել, թեպետ եղել են դեպքեր, երբ գնացել է Ալվարդի հետ: Վերջին այցի ժամանակ վիճել է Տոմայի հետ, քանի որ նրա առաջարկած հաճախորդը հարբած է եղել, թողել-հեռացել է ու նշված հյուրանոց այլեւս չի գնացել:

Դատակոչված վկա Գագիկ Ա.-ն բացակայում էր հանրապետությունից, եւ դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց նրա նախաքննական մարմիններին տված ցուցմունքը: Գագիկի պատմելով, մոտ մեկ տարի առաջ, օրը չի հիշում, պատահական խոսակցության ժամանակ իմացել է, որ «Անդրանիկ» ռեստորան-հյուրանոցում մատուցողուհի Տոմայի միջոցով հնարավոր է մարմնավաճառ կանչել: 2011թ-ի ամռանը (օրը կոնկրետ չի հիշում) գնացել է հյուրանոց եւ խնդրել Տոմային, որպեսզի մարմնավաճառ կանչի:

Տոմայից 5000 դրամով սենյակ է վերցրել, վերջինս էլ զանգել ու կանչել է Ալվարդին: Իրենք սեռական հարաբերություն են ունեցել, որի համար վճարել է 5000 դրամ: Վերջին անգամ հյուրանոց է գնացել 2011թ-ի փետրվարի 16-ին, Տոման զանգել է, որ հյուրանոց կանչի Ալվարդին, վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, թե հիվանդ է: Այդ ժամանակ հյուրանոց են մտել ոստիկանության աշխատակիցները եւ իրեն ու Տոմային բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Հունիսի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Սալոյանը նախ միջնորդեց Թամարա Վ.-ին պատիժ նշանակել 3 տարի ազատազրկում, քանի որ մեղադրյալը նույն արարքը կատարել էր երկրորդ անգամ: Սակայն, հաշվի առնելով, որ Թամարա Վ.-ի ազատազրկվելու դեպքում նրա 33-ամյա հաշմանդամ դուստրը մնալու է առանց խնամքի, բացի դրանից մեղադրյալն ամբողջությամբ ընդունել էր մեղքն ու զղջացել, մեղադրողն առաջարկեց դատարանին կիրառել քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Թամարա Վ.-ի փաստաբան Մամիկոն Մուրադյանն եւս դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 55-ամյա կինը խնամում է 1-ին կարգի հաշմանդամ աղջկան: Վերջինս 17 տարեկան հասակում, լվացքը փռելու ժամանակ, 3-րդ հարկից ընկել էր ներքեւ եւ վնասել ողնաշարը: Թամարան էլ իր հերթին խնդրեց դատարանին մեղմ վարվել իր հետ`խոստանալով հեռանալ նախկին աշխատավայրից: Դատարանը որոշեց բավարարել դատախազ Սալոյանի միջնորդությունը եւ Թամարա Վ.-ի նկատմամբ նշանակել փորձաշրջան 3 տարի ժամանակով:

Մեկնաբանություններ (3)

nnn
sa ain hazaravor kanancic mekn e. Aisor Haiastany ev hay kanaiq darcel en egan serakan kadrer...Sran petq e trvi PETAKAN POTECUM. Vorqan kareli e lrel, kap pateri tak xosel
nan
bolor marmnavachar kanayq qaylox hancagorcner en , vorovhetev nrancic shater@ anchapahasner en, hankarc u hankarc emk@ gumar@ ushacni vazum en bajin u anmex vochxari nman nerkayanum ba giteq menq anchapahas enq, de mer erkri orenqnel iranc koxmn e normal mardkanc hamar orenq chka, zzvelinerin varel qicha,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Օրինականացնել մարմնավաճառությունը . դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը: Հակառակ դեպքում պատժել ոչ միայն մարմինը վաճառողին,այլ նաև մարմինը գնողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter