HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վարդան Օսկանյան. քաղհալածյա՞լ, թե՞ քավության նոխազ

«Սիվիլիթաս» հիմնադրամը արտաքին ֆինանսական ներդրումների շնորհիվ Հայաստանում գործում է 2008-ից: Սակայն այն Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը անդամագրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, վերջինիս համամասնական ցուցակով դարձավ պատգամավոր և որդեգրեց գրեթե արմատական ընդդիմադիր կեցվածք: Միայն այս հանգամանքը հուշում է, որ «Սիվիլիթասի» միջոցով ամերիկյան ծագմամբ «փողերի լվացման» փաստով քրգործի հարուցումն առաջնահերթորեն քաղաքական նպատակներ է հետապնդում:

ԱԱԾ-ն «Սիվիլիթասի» մասնակցությամբ կատարված հանցագործության մեջ Վարդան Օսկանյանին ներկայացնում է որպես մեղադրյալ, թեև նա առայժմ դեռ գործով անցնում է որպես վկա: ԱԱԾ-ն խախտում է մարդու անմեղության կանխավարկածի սկզբունքը` նպատակ ունենալով հենց սկզբից համոզմունք ձևավորել` «փողերի լվացման» ծանր հանցագործության մեջ մասնակցության անհերքելիության շուրջ: Դա պատահական չէ: Որպեսզի Օսկանյանը վկայից դառնա մեղադրյալ, գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ և Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկ անի:

Օսկանյանը մեծությամբ երկրորդ խմբակցության անդամ է ու, հաշվի առնելով նաև նրան ընդդիմության հնարավոր աջակցությունը, դատախազը կարող է համաձայնություն ստանալու հարցում լուրջ խնդիրներ ունենալ, թեև չի կարելի բացառել նաև, որ գործը որևէ փուլում կարող է սառեցվել, ինչպես եղավ նախկին մեկ այլ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ նույն մեղադրանքով հարուցված գործի պարագայում: Օսկանյանը այնքան էլ փոքր պատառ չէ, որ հեշտությամբ կուլ գնա, և հավանականությունը մեծ է, որ այս գործը կարող է մնալ հարուցողների կոկորդին:

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտարարեց, թե «Սիվիլիթասն» իրենց համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ն հետևելու է այս գործի ընթացքին: Սա նշանակում է, որ այս գործին առնչվող բոլոր պետական գերատեսչությունների կողմից ներկայացվելիք ապացույցներն այնքան անխոցելի պետք է լինեն, որ ԱՄՆ-ի և «Սիվիլիթաս»-ի արևմտյան գործընկերների համար բավարար համարվեն սա քաղաքական հետապնդում չճանաչելու համար:

Իշխանության հաշվարկը, թերևս, այն էր, որ արևմուտքում իրեն թույլ կտան չեզոքացնել իր համար անցանկալի քաղաքական ֆիգուր հանդիսացող Ռոբերտ Քոչարյանի «մարդուն», խափանել Քոչարյանի հնարավոր վերադարձի պլանները: Մինչդեռ, անկախ Օսկանյանի և Քոչարյանի կապերից, «Սիվիլիթասը» հիմնականում արևմտյան արժեքների կրող ու տարածող է: «Սիվիլիթասը» հասել էր այնպիսի կարգավիճակի, որ նրա դեմ ուղղված ցանկացած քայլ կարող է ընկալվել որպես ոտնձգություն այլակարծության, ազատ արտահայտվելու իրավունքի դեմ: Իսկ նման շռայլություն գործող իշխանությունն ու նախագահը, հատկապես սպասվող ընտրություններից առաջ իրենց թույլ տալ չեն կարող: Այսինքն` այս գործն սկսելով` առաջին հերթին իշխանությունն ինքն իրեն է դնում մի վիճակի մեջ, երբ ստիպված է լինելու դուրս գալ սեփական ձեռքերով փորած փոսից:

Սակայն որո՞նք էին, ի վերջո, Վարդան Օսկանյանի նկատմամբ քրգործ հարուցելու քաղաքական դրդապատճառները: Նախ` խնդիրը հենց «Սիվիլիթաս»-ի մեջ է պետք փնտրել: Վերջինիս շրջանակներում կազմակերպվող քննարկումներն ու բանավեճերը, հիմնադրամի շրջանակում գործող «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության լրատվական ու հետաքննական թողարկումները չափազանց լուրջ պլատֆորմ էին ստեղծում խորհրդարանական ընտրություններում կիրառված ընտրակեղծիքների մեխանիզմը բացահայտելու և հանրայնացնելու իմաստով:

«Սիվիլիթաս»-ից ու «Սիվիլնեթ»-ից բացի որևէ այլ հասարակական կամ տեղեկատվական շրջանակ այս հարցում ավելի սկզբունքային ու հետևողական չի եղել: Եվ քանի որ նախագահական ընտրություններում կիրառվելու են իշխանության վերարտադրության գրեթե նույն մեխանիզմները, ինչ ԱԺ ընտրությունների դեպքում, «Սիվիլիթաս»-ի անցանկալի դերակատարումը դառնում է ավելորդ գլխացավանք: Այն հնարավոր չէր կասեցնել «Ա1+»-ի նման` թե տեխնիկական և թե օրենսդրական առումներով: Սակայն հիմնադրամը փողերի «լվացքի մեքենայի» վերածելու դեպքում դա ընդամենը տեխնիկայի հարց է դառնում: Այս տեսակետից «Սիվիլիթաս»-ի դեմ սկսված գործընթացը պետք է դիտարկել որպես պրոցես՝ անկախ լրատվամիջոցի և այլընտրանքային լրատվության դեմ: Մինչդեռ այս ընկալումը կարծես դեռևս չի ձևավորվում` Վարդան Օսկանյանի անձի նկատմամբ առկա ոչ միանշանակ վերաբերմունքին անարդարացիորեն առաջնայնություն տալու պատճառով:

Գլխավոր խնդիրը, սակայն, Օսկանյանի քաղաքական գործունեության մեջ է: Քրեական գործը հարուցվեց անմիջապես այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, որի երկրորդ դեմքն է Օսկանյանը, հայտարարեց ձևավորվող կոալիցիային չմիանալու մասին և որ ավելի կարևոր է` ընդհանրապես առկախված թողեց 2013-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը: Դժվար է ասել` որքան է եղել Օսկանյանի դերը այս որոշումը կայացնելիս, սակայն իշխանությունն ակնհայտորեն դա պայմանավորում է հենց նախկին արտգործանախարարի դերակատարմամբ: Իշխանությանը պետք է ԲՀԿ-ն`պոտենցիալ ընդդիմադիր ընտրազանգվածը կառավարելի պահելու համար, սակայն պետք չէ մի ԲՀԿ, որը կարող է ցանկացած պահի դուրս գալ վերահսկողությունից: Օսկանյանը համարվում է հենց այս գծի կառուցողը, և նրա քաղաքականապես չեզոքացումը միակ կարճ տարբերակն է կուսակցությանը հին հուն վերադարձնելու համար: Օսկանյանի «չեզոքացումը» չեզոքացնում է նաև ԲՀԿ-ի` ինքնուրույն կուսակցություն դառնալու հնարավորությունը:

Սա միաժամանակ հարված է նաև կոնկրետ երկու անձի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Առաջինի դեպքում փորձ է արվում պարզապես լիդերին սահմանազատել սեփական կուսակցությունից ու սասանել նրա ամենակարող կերպարն ու հեղինակությունը: Հարվածելով կուսակցության երկրորդ դեմքին` իշխանությունը մյուսներին կարծես հասկացնում է, որ կարող է նրանցից յուրաքանչյուրի հետ նույնն անել, և Ծառուկյանը նրանց պաշտպանել չի կարող: Պատահական չէր, որ Օսկանյանին առաջին հարցաքննության ԱԱԾ-ն կանչեց Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմառդեմ հանդիպումից երկու օր անց:

Երկրորդ դեպքում պարզապես Ռոբերտ Քոչարյանին են չափազանց անհարմար դրության մեջ դնում: Եթե Քոչարյանը պաշտպանի Օսկանյանին, ապա անմիջապես հասկանալի կդարձնի, որ  հովանավորում է նրան, ինքն է նրան ԲՀԿ մտցրել` վերջինիս վերահսկելի պահելու համար: Դրանից պարզ կդառնա նաև, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմել հենց Քոչարյանի հրահանգով: Բայց այդ դեպքում նա նաև իրեն կվտանգի, որովհետ դրանով կհաստատի իր կապը թե Հանթսմանի ու մորմոնների և թե «փողերի լվացման» հանցագործության հետ: Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է որոշել` ո՞վ է իր պոտենցիալ մրցակիցը, և որքանով է Քոչարյանը շահագրգռված իր վերընտրության հարցում:

Շրջանառվում է նաև այն տեսակետը, թե սա խաղ է` Օսկանյանից քաղաքական հալածյալի կերպար ստեղծելու և նրան արհեստականորեն ընդդիմության միասնական, բայց թույլ թեկնածու դարձնելու համար, որպեսզի ապահովվի Սերժ Սարգսյանի անարգել ու առանց անակնկալների  վերընտրությունը: Սակայն արդյո՞ք դրա համար անհրաժեշտ էր նման ծանր մեղադրանքով քրեական գործ հարուցել, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել թե Օսկանյանի և թե իշխանության համար: Նախագահական ընտրությունների գնացող նախագահի համար նման սկանդալը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Այս տարբերակն ավելի շատ այսպես կոչված «դավադրության» տեսության դաշտից կարելի է համարել:

Մինչդեռ չի կարելի բացառել, որ իշխանությունը Օսկանյանին քաղաքականապես ոչնչացնելու խնդիր է դնում` հենց պոտենցիալ իրական այլընտրանքից ազատվելու համար: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաստատված քաղաքական ուժերի հարաբերակցությունից ելնելով` ընդդիմությունը առանձին թեկնածուներով հանդես գալու գրեթե շանս չունի. ստացած չնչին քվեն բավարար չէ ընտրապայքարում ներգրավվելու և կատարվելիք ծախսն արդարացնելու համար: Միակ տարբերակը մնում է միասնական թեկնածուով հանդես գալը: ՀԱԿ-ը, որը համարվում էր իշխանությանը այլընտրանքային թեկնածու ներկայացնելու քիչ թե շատ ունակ միակ ուժը, կարծես թե բավարարվում է քաղաքական դաշտում իրեն տրված քվոտայով: Համենայնդեպս, ՀԱԿ-ից չի հնչում որևէ հայտարարություն, որը կհաստատեր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր է մասնակցել ընտրություններին: Եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի ընտրություններին, ապա ՀԱԿ-ն իր շարքերից ոչ մեկին չի կաողանա առաջադրել: Մինչդեռ հաշվի առնելով ԲՀԿ-ի հետ մերձեցման տերպետրոսյանական քաղաքականությունը` չի կարելի բացառել, որ նա կարող է պնդել հենց Օսկանյանի թեկնածուի վրա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործնականում միայն նա է, որ գրեթե բոլոր քաղաքական բևեռներում կարող է ընկալվել որպես  միասնական թեկնածուի փոխզիջումային թեկնածու:

Իսկ եթե դա տեղի ունենա, Սերժ Սարգսյանը ոչ միայն ուժեղ մրցակից ձեռք կբերի, այլև ստիպված կլինի բախվել ընդդիմության գուցե աննախադեպ մոբիլիզացման իրողության հետ: Եվ հարվածը հենց այս փուլում ուղղելով Օսկանյանին` իշխանությունը ձգտում է կասեցնել քաղաքական դաշտի հետագա կոնսոլիդացումը: Որովհետև գործող նախագահն արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ նախընտրում է խաղալ թույլ մրցակցության միջավայրում միակ ուժեղը լինելու պայմանով:

Մեկնաբանություններ (5)

Ընթերցող
Միամտություն է ծորում, որի արդյունքում ազգն է կորում: Երեք նախագահներն էլ պայմանավորված գործընթացներ են իրականացնում: Սա նրանց կհաջողվի ժամանակավորապես, քանի որ երեքն էլ ծանոթ չեն հայի գենին: Նրանք չեն պատկերացնում, որ հայ մարդը պատրաստ է մահը գերադասել բռնությունից: Հայ մարդը իսկական մահը տեսնում է բռնության մեջ, ֆիզիկական մահը ինչ-որ տեղ փրկություն է: Աստծո դատին են հանձնված հայ մարդը և երեք նախագահները, փրկվելու է կողմերից մեկն ու մեկը:
Ազատամարտիկ
էդ խնդրին նայեք ԱՄՆ ՌԴ առճակատման դաշտում Սերժ կամ գագիկ կապ չունեն, Ռդ փորձումա ապագա կտրուկ առճակատումից առաջ, գուցե նաև պատերազմից առաջ Հայաստանում ամերիկամետներին դաշտից հանել . չէ որ էդ տհաճ մարդը շատ բան գիտի անդրկուլիսային անցուդ արձից և երևի էդ հարցում մտահոգ մարդիկ կան` Քոչարյան,ՌԴ և այլն, ինչ մասին են 10 տարի երկար բարակ բանակցել
ASR
Փոխանակ ադրբեջանի հարձակումների մասին մտացեն, ընկել են Օսկանյանի հետևից: ԱՄՈԹ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում այսօր դեռ քաղաքական դաշտի դասական կանոններով չեն խաղում: Ավելի շուտ անձնապես փրկվելու ու դրանով հանդերձ էլ բիզնեսները փրկելու (ետևի սենյակային) կանոններն են դեռ հիմնականում որոշում քաղաքական- բիզնեսային էլիտայի քայլերը: Ուստի այս պահին,անկեղծ ասած,ես դեռ հստակ չեմ հասկանում թե ինչ նպատակներ են հետապնդվում այս Վ.Օսկանյան գործով ու արդյոք սա իրական է,թե թատրոն: Ես կարծում եմ ժամանակը ցույց կտա:................................... Ինչ որ ինձ,համենայն դեպս, ՀՍՏԱԿ պարզ դարձավ այն է, որ ԲՀԿ-ի ղեկը այլևս ՄԻԱՅՆ Գ.Ծառուկյանի ձեռքում ՉԷ ու պայքարը սկի էլ Գ.Ծառուկյանին իրենցով անելը չէ,որովհետև Գ.Ծառուկյանը ՆՈՒՅՆ օլիգարխն է,ինչպես ՀՀԿ-ական օլիգարխներն են. ոչ մի բան ավել, կամ պակաս: Գ.Ծառուկյանը, ԻՆՉՊԵՍ ԱՆՑՅԱԼՈՒՄ, էլի պաշտոնապես կմիանար ՀՀԿ կոալիցիային,եթե ՄԻԱՅՆ իրենով լիներ. իրեն պետք չէ գլխացավանք:............................... Հայաստանը նաև ինքն է մեղավոր,որ գնդակ է դառձել մեծ տերությունների ֆուտբոլի դաշտում:....................................... Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ապագային,ապա ես կանխագուշակում եմ 2 քաղաքական ուժ քաղաքական արենայում. ՀՀԿ (ազգային -պահպանողական), «Ժառանգություն» (ազգային-պրոգրեսիվ; նաև կանաչ-ձախ? ): Ուղղակի ՀՀԿ-ում այսօր վխտում են ոսկի որոնողները: Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՑԸ ես գտնում եմ ՏԵՂԱԿԱՆ կուսակցությունների ԼՐԻՎ բացակայությունը,որոնք կզբաղվեն ՄԻԱՅՆ տեղական հարցերով ու կմասնակցեն (ՄԻԱՅՆ?) տեղական ընտրություններին:................................... ՀԳ -1. ՅՀԴ-ը Հայաստանում ՄԵՌԱԾ կուսակցություն է. այն Հայաստանին ոչ մի կոնկրետ բան չունի տալու: ՀԱԿ-ն ու ԲՀԿ -ն, տնտեսապես, չափից ավելի նեո-լիբերալ են. Հայաստանը շատ փոքր ու վտանգավոր աշխարհագրական դիրք ունի ԱԳՐԵՍԻՎ կապիտալիստական երկիր դառնալու համար: «Սարդարապատին» ՀԵՏ ՈՒՂԱՐԿԵՔ Լիբանան: Այսօր Հայաստանում դեռ չկա ուժեղ ձախ (սոցիալ-դեմոկրատական) կուսակցություն:...........................................ՀԳ -2. Հայաստանում կուսակցություններն ունեն ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ՇԱՏ անդամներ ( ոսկի որոնողներ?): 16-17 մլն. բնակչություն ունեցող Հոլանդիայում ամենամեծ կուսակցությունները ունեն մոտ հիսուն հազար անդամ:
OCCUPIED
Այլ` սովորական ժամկետանց(expired) գործիք (tool), որ պարզապէս դէն են շպրտում օգտագործելուց յետոյ: Ատենօք փայլուն հրապարակախօս Աւետիս Յարութիւնեանը (տաղանդաշատ գրող Վանօն)շատ պատկերաւոր ու դիպուկ է նկարագրել այս պարագան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter