HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիաբնակ Շամիրամի միակ եզդի ուսուցիչը՝ ընկեր Ուսուբյանը

Հյուրասենյակի հայելու մեջ 73-ամյա Զադա Ուսուբյանը հանում է սանրը, հարդարում մազերը, ապա նորից մոտենում հայելուն, ձեռքով կրկին ուղղում սանրածը: Գրեթե կես դար ամեն աշխատանքային օրվա առավոտյան նա սափրվում է, հագնում կոստյումը, իսկ երբ երիտասարդ էր՝ նաեւ փողկապը, նախաճաշում, հետո նստում իր 43-ամյա «Վոլգա» մեքենան ու գնում դպրոց: Ուսուցչի տարիներն էլ իր հավատարիմ «Վոլգայի» անիվների պես արագ պտտվել են տնից դպրոց ճանապարհին:

Ընկեր Ուսուբյանն Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության, եզդիերենի ուսուցիչն է: Գյուղում ոմանք մականուններ ունեն, ինչպես օրինակ, «Ֆանտոմասը», «Պելեն», իսկ ինքը մնում է բոլոր ժամանակների ընկեր Ուսուբյանը:

Գյուղի Ուսուբ բեկի (Թեմուրյանցի) անվան հիմնական դպրոց ենք գնում: Մեքենայի ղեկին ընկեր Ուսուբյանն է: Երկհարկանի դպրոցի բակում խոտհնձիչի ձայնն է լսվում, ներսում աշակերտները, դասագրքերը գրկած, վազում են տարբեր կողմերով: Ուսումնական տարվա նախավերջին օրն է:

Մուտքի դռնից ներս Կոմիտասի եւ Ուսուբ բեկի արձաններն են: Զադա Ուսուբյանի աչքից չի վրիպում մեր հայացքը, բացատրում է՝ Ուսուբ բեկը եղել է Կոմիտասի դասընկերը, ճեմարանում է սովորել: Նա նաեւ Հայաստանի առաջին խորհրդարանի անդամ էր: Ուսուբ բեկի միջնորդությամբ մի քանի գյուղերում դպրոցներ են բացվել եզդի երեխաների կրթության համար:

Փոքր դպրոցում ընկեր Ուսուբյանն ավելի բարձրահասակ ու հաղթանդամ է երեւում: Նա բարձրանում է երկրորդ հարկ՝ գրադարան, որը նաեւ դասասենյակ է ծառայում: 9-րդ դասարանի աշակերտները եզդիերենով բարեւում են նրան: Ուսուցիչը դասագրքերը դնում է սեղանին: Վերջին դասն է, դասարանի 7 աղջիկները դասից հետո վազելու են վերջին զանգի փորձին:

Զադա Ուսուբյանը Շամիրամի միակ եզդի ուսուցիչն է: Ժամանակին գյուղից 13-14 եզդի ուսուցիչ ունեին դպրոցում, բայց արտագաղթի ալիքը նրանց գյուղով էլ է անցել: Ընկեր Ուսուբյանը մոտ 50 տարի մանկավարժությամբ է զբաղվում՝ դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, իսկ վերջին տարիներին՝ նաեւ եզդիերեն:

Ընտանիքում 8 երեխա էին՝ 5 եղբայր եւ 3 քույր: Ավագն ինքն էր: Գյուղատնտես, հաշվապահ հայրը ցանկանում էր, որ որդին իր հետքերով գնա, բայց հետո չէր առարկել, երբ տղան ընտրել էր բանասիրությունը: Զադա Ուսուբյանն ասում է՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ լինելու որոշումը պատահական չէր: Շատ էր սիրում իր դասատուներին, բացի դրանից՝ հայ գրողների ազդեցությունն էր մեծ: «Երեխային կրթելն ամենալավ, ամենաբարի գործն է: Դրանից լավ գործ երեւի չկա: Գուցե ֆինանսապես մարդիկ մտածում են՝ չէ, բայց եթե քեզ հոգեպես բավարարված ես զգում, ուրեմն՝ ամեն ինչ տեղն է։ Դրա համար էլ համարյա կես դար զբաղվում եմ մանկավարժությամբ»,- ժպտալով ասում է շամիրամցի ուսուցիչը:

1967 թ. ընդունվել է Մանկավարժական ինստիտուտ: Այդ ժամանակ Աշտարակի շրջկոմից հորը կանչել էին, ասել, որ Շամիրամի դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ չկա, թող որդին ուսումը հեռակա դարձնի եւ դասավանդի դպրոցում: Այդպես էլ վարվել էին:

«Ընդամենը 17 տարեկան էի: Ինձ դասավանդած ուսուցիչների հետ աշխատեցի,- նշում է զրուցակիցս, քիչ անց ավելացնում,- ես գյուղում մականուն չունեմ, որովհետեւ 17 տարեկանից ընկեր Ուսուբյան եմ եղել եւ մինչեւ էսօր ընկեր Ուսուբյան եմ։ Իմ աշակերտները երեւի ինձնից 3-4 տարով էին փոքր, եւ էդ օրվանից մինչեւ հիմա ընկեր Ուսուբյան եմ՝ անկախ նրանից, որ շատերը հիմա թոռներ ունեն»:

17 տարեկանից մինչեւ այսօր դասասենյակ մտնելու ճանապարհի մտքերը գրեթե նույնն են: Ճանապարհին մտածում է ասելիքով մտնել դասարան: «Ամբողջ ճանապարհին մտածում եմ, թե ինչ եմ տալու երեխաներին։ Դասարան գոնե դատարկ չմտնեմ: Ուսուցչի կոչումը դա է, որ դասարան մտնելուց ինչ-որ բան տա, ոչ թե պարզապես ներկա գտնվի կամ ժամավաճառությամբ զբաղվի»,- ընդգծում է ուսուցիչը:

Մանկավարժության մեթոդներն էլ անփոփոխ են մնացել: Ասում է՝ երեխաների հետ երեխա պետք է լինել, այլ ոչ թե խստություն բանեցնել, որ դասարանում ծպտուն չլինի: Այդ դեպքում աշակերտը վախից ձայն չի հանի, չիմացածը չի հարցնի: «Եթե ուզում ես՝ էրեխեն էլ քեզ սիրի, պիտի երեխա լինես էրեխու հետ, որպեսզի երեխայի հոգու մեջ սերմանես, որ ուսուցիչն ավագ ընկեր է, այդ դեպքում հա՛մ սիրում է, հա՛մ հարգում է ուսուցչին: 9-րդ դասարանում հայոց լեզվի եւ գրականության ժամ էր: 32 աշակերտ կար դասարանում։ Դեմքերից զգում էի, որ 2-3-ը չեն հասկացել, էլ ճար չկար, ստիպված եզդիերեն սկսեցի բացատրել, ասացին՝ վա՜յ, ընկեր Ուսուբյանը եզդիերեն էլ գիտի: Ասեցի՝ ա՛յ բալամ, բա ես եզդի եմ»,- հիշում է Զադա Ուսուբյանը:

Դասն ավարտելուց հետո նրա հետ քայլում ենք դեպի գյուղամեջ, որտեղ մեքենան է կայանել: Կեսօրվա ժամին գյուղամեջի տաղավարը դատարկ է: Միջօրեի արեւից «Վոլգայի» ներսը վառվում է: Տեղավորվում ենք մեքենայում, ուսուցիչը ժպտալով եւ ճանապարհին ջերմ զրույցով մեզ հասցնում է տան բակ: Բակում նայում է վերեւ՝ սյան վրայի արագիլների բնին: Մի քիչ ուշ արագիլների ձայնը բակ է լցվում:

Դպրոցն ավարտած թոռները՝ Բերիվանն ու Խաթունը, ժպտալով դիմավորում են պապին: Տան ավագի խոսքին այստեղ բոլորն են ակնածանքով վերաբերվում:

Երկհարկանի տան մեծ սենյակներն այնքան կոկիկ ու մաքուր են, որ առաջին հայացքից թվում է՝ այստեղ մարդ չի ապրում: Զադա Ուսուբյանը մեզ երկրորդ հարկ է ուղեկցում, որտեղ պատի ողջ լայնքով դրված են բազմագույն վերմակներ, ներքնակներ եւ բարձեր:

-Գիտե՞ք՝ սա ինչ է,- հարցնում է եզդի ուսուցիչը, ապա շարունակում,- սա մեր սուրբն է:

Այս վերմակներով ու ներքնակներով «պատը» եզդիերեն «ստեռ» են անվանում, հայերեն՝ ծալք: Այդտեղ շեյխերն ու փիրերը (եզդիների հոգեւոր դասի ներկայացուցիչները) պահում են սրբի մասունքները, որոնք տարվա մեջ հատուկ օրերի են հանում, ինչպես նաեւ մատաղի ժամանակ:

Զադա Ուսուբյանը շեյխ է: Եզդիները բաժանվում են կաստաների՝ շեյխերի, փիրերի եւ մրիդների. վերջիններս աշխարհիկներ են:

Շեյխերի եւ փիրերի տներում սրբի մասունքներ են պահվում ծալքի մեջ: Նրանց մոտ գալիս են օրհնություն ստանալու նպատակով: Շեյխ Ուսուբյանի տուն, իր իսկ ասելով, գալիս են ինչ-որ մուրազով, մատաղ են բերում, խնդրանքով դիմում աստծուն, խոնարհվում սրբի առաջ:

Ծալքի ամբողջ անկողինը նախատեսված է միայն հյուրերի համար: Տնեցիներին արգելված է այն օգտագործել: «Երեւի աշխարհի ոչ մի ժողովուրդ չկա, որ հյուրերի համար տեղաշոր ունենա։ Այսինքն՝ սրանով ցույց ենք տալիս, որ հյուրասեր ժողովուրդ ենք»,- նշում է եզդի ուսուցիչը:

Ծալքի մոտ աղոթքն ամենօրյա է: «Ճանապարհ գնալուց առաջ, նույնիսկ գյուղամեջ, մոտենում են «ստեռին», համբուրում, խնդրում, որ հաջողություն տա տեղ հասնենք, վերադառնանք»,- ասում է զրուցակիցս:

Եզդիական ավանդույթներին խիստ է հետեւում: Դա սկսում է բեղ պահելուց: Զադա Ուսուբյանի խոսքով՝ բեղ պահելը եզդիականության առաջին նշանն է:

«Ես բոլոր ադաթները պահպանում եմ, նույնիսկ ծոմի օրերը արեւի՝ Շամսի համար: Ուսանող էի, բայց այդ ծոմը պահել եմ, մնացել եմ մինչեւ պետական քննության օրը, էդ օրն էլ սոված-ծարավ քննության եմ գնացել: Էնպիսի տոմս ընկավ, 4 ստացա,- ասում է նա,- սնոտիապաշտ չեմ, բայց էն մարդը, որ հավատ չունի, Աստծուց վախ չունի, նաեւ խիղճ չունի։ Կարեւորը՝ մարդանման լինելը չի, կարեւորը՝ մարդ լինելն է, թե չէ կան մարդանման մարդիկ, որոնք մարդ չեն, գազան են»:

Ես փորձում եմ հաշվել ծալքի վերմակներն ու ներքնակները: 30-ից հետո հաշիվը կորցնում եմ: Ամբողջը Զադա Ուսուբյանի կինն է կարել: 6 ամիս առաջ նա հանկարծամահ է եղել: Առաջին հարկի հյուրասենյակի պատին՝ ծաղիկներով պաստառին, փակցված է կնոջ լուսանկարը: Համերաշխ ամուսիններ էին, եւ հիմա կնոջ բացակայությունը տանը շատերն են զգում:

73-ամյա Զադա Ուսուբյանը 8 երեխա ունի՝ 2 տղա ու 6 աղջիկ եւ շուրջ 60 թոռ ու ծոռ: Թոռներից 4-ը սովորում են Ռուսաստանի բուհերում:

Դասերից հետո ուսուցիչը ժամանակի մի մասն անցկացնում է այգում: Հագնում է սպորտային համազգեստը, վերցնում այգեգործական մկրատն ու մտնում այգի: Գիշերվա անձրեւից հետո հողը դեռ թաց է, տեղ-տեղ՝ ցեխոտ: Ընկեր Ուսուբյանը պտղատու ծառերից չոր ճյուղերն է հեռացնում:

«Իմ միակ երազանքն այն է, որ աշխարհը խաղաղ լինի, մեր երիտասարդներն անփորձանք լինեն, մեր բանակում ծառայող տղաներն անփորձանք լինեն: Էդ տղաները մեր տղաներն են, կապ չունի, թե ինչ ազգության են, ով ում երեխան է, ինչ պաշտոնյայի երեխաներ են, ինչ կարողության տեր: Ամեն մի երեխայի համար բոլորիս սիրտն էլ պիտի ցավա»,- ասում է վաստակաշատ ուսուցիչը:

Մինչ պապը կավարտի գործը, Բերիվանն ու Խաթունն արդեն ճաշի սեղան են դրել: Քիչ անց բոլորս նստում ենք սեղանի շուրջ: Սեղանին դրված գրեթե ամեն ինչ իրենց ձեռքով են պատրաստել:

Հարսն ու թոռները չեն օգտվում սեղանից: Նախ ասում են, որ արդեն ճաշել են մինչեւ մեր գալը, ապա նշում, որ եզդիական ավանդույթի համաձայն՝ իրավունք չունեն տան ավագի մոտ ճաշել: Մինչեւ հիմա էլ հետեւում են այդ դրվածքին:

Զադա Ուսուբյանը Բերիվանին է նայում, ասում է՝ թոռանը որպես իրեն փոխարինող է պատրաստում. եզդիերենի ուսուցիչ պիտի դառնա: Բերիվանը ժպտում է, պապը շարունակում է, որ թոռը շատ խելացի ու պատրաստված է: «Շամիրամը կունենա եզդիերենի իր հիմնական ուսուցիչը»,- հպարտությամբ թոռանը նայելով՝ նշում է պապը:

Վերջինիս ասելով՝ այսօր արդեն չկան այն կարծրատիպերը, թե եզդի աղջիկները կրթություն պիտի չստանան: Ժամանակին այդ արգելքը պայմանավորված էր կրոնով: Պատմում է, որ երբ եզդիներն ապրում էին Արեւմտյան Հայաստանում, այդ ժամանակ եզդիական դպրոցներ չկային, եւ երեխաները պետք է սովորեին մուսուլմանական դպրոցներում: Իսկ դա նաեւ հավատափոխության կարող էր բերել: Դրա համար էլ նախկինում ասում էին, որ կրթություն ստանալը մեղք է, որ հեռու պահեն կրոնափոխության վտանգից: Բայց Ուսուբ բեկի ջանքերով դպրոցներ են բացվել եզդի երեխաների համար: Հիմա Շամիրամում, ըստ Զադա Ուսուբյանի, բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թիվն անցնում է 70-ից:

Ներկայում դպրոցից հետո եզդի աղջիկների կրթություն չստանալը հիմնականում պայմանավորված է սոցիալական գործոնով: Ընկեր Ուսուբյանն ասում է, որ շատերը հնարավորություն չունեն, ոմանք էլ մտածում են՝ «աղջիկ երեխա է, մենակ չի մնալու», իսկ ովքեր էլ բարեկամ ունեն Երեւանում, ուղարկում են սովորելու:

Ամառային արձակուրդներն սկսվել են: Ուսուցիչը ժամանակ առ ժամանակ այգուց տուն կգա, գրքերը կբացի, կկարդա կամ կվերընթերցի: Չնայած 73 տարեկան է, ասում է, որ նույն եռանդով ու ավյունով է մտնում դասասենյակ. «Ես տարբերություն չեմ դնում, բոլոր երեխաներն էլ իմ թոռներն են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter