HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Մայիսի 16-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։

Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Քանի որ նախորդ փորձաքննությունների ժամանակ ՍԱՏՄ-ից հայտնում էին, որ չեն վստահում «Հետքի նմուշառումներին», չնայած բազմիցս նշել ենք՝ կատարում ենք գնում, ոչ թե նմուշառում, նրանց առաջարկեցինք՝ իրենք մեզ ուղեկցեն գնելուց մինչ լաբորատորիա տանելու ողջ ընթացքում, սակայն ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրենք փորձաքննությունը կանեն ոչ թե «Հետք»-ի հետ, այլ զուգահեռ։

Այսպիսով, մենք միասին կատարեցինք միայն ապրանքների գնումը՝ նույն խմբաքանակից, ինչից հետո իրականացրինք դիմազերծում և տարանք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ ՍԱՏՄ-ն գնված ապրանքները տարավ իր ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» («Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն») լաբորատորիա։

Նշենք, որ ՍԱՏՄ տեսուչները գնեցին 6-ից 4 ապրանք, քանի որ այդ պահին ստուգումներ կարող էին իրականացնել կոնկրետ իրացման կետերից, որտեղ մյուս երկու ընկերության ապրանքները գնման պահին չկային։

Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։

Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։ 

 

Թռչնամիսը կարգավորվում է ՄՄ ՏԿ 051/2021 «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Թարմ և պաղեցված հավի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է։

Հավի մսի մակնշումը պետք է համապատասխանի Մաքսային միության «Պարենային ապրանքներ իրենց մակնշման մասով» ՄՄ ՏԿ 022/2011-ի, ինչպես նաև ՄՄ 051/2021 տեխնիկական կանոնակարգի 104-121-րդ կետերի պահանջներին։

Ինչպես նաև՝

  • մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն թռչնի սպանդի և թռչնի մսամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին
  • մակնշումը պետք է ներառի տեղեկություններ թռչնի տեսակի և խմբի մասին (օրինակ՝ «հնդկահավ», «հավ» և այլն), սորտ և կատեգորիա, ինչպես նաև՝ ջերմային վիճակ («սառեցված», «պաղեցված»)
  • փաթեթավորումը պետք է դրոշմված լինի անասնաբուժական կնիքով, կամ դրա պատկերը պետք է լինի պիտակի վրա։

 

Նմուշ N 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։

Պիտանելիության ժամկետը 5 օր է։ Ապրանքն ունի EAC նշան (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity), ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։

«Առողջ սնունդ, առողջ ապագա» մակնշված է ապրանքի վրա։ ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշում կան ախտածին սալմոնելաներ։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված։ Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»

«Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյան



Նմուշ N 2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։

Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։

Ապրանքն ունի EAC նշան։

Երկու լաբորատոր փորձաքննության արդյունքում այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

 

Նմուշ N 3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» պաղեցված բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 14.05.2023։ Այս ապրանքի վրա իրացման կետը (գնվել է «ՍԱՍ» սուպերմարկետից) կրկնապիտակով այլ ժամկետը էր նշել՝ 15.05.2023։

Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։

Ապրանքն ունի EAC նշան, նաև՝ «Հալալ» սերտիֆիկացում (կամավոր է, ինչը հավաստում է, որ արտադրանքը կարող է օրինականորեն սպառվել մահմեդականների կողմից

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննության արդյունքում նմուշում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։

 

Նմուշ N 4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։

Այն փաթեթավորված չէր, բայց ուներ անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը, ինչը վկայում է, որ այն սպանդանոցային ծագման միս է։ 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարը լրացնում և տալիս է իրացնողին։ Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

ՍԱՏՄ իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ, որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

ՄԱՖԱՄ-(մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։

Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։

Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

 

Նմուշ N 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։ Ապրանքն ունի EAC նշան։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։

Նմուշ N 6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գետամեջի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում ՍԱՏՄ-ն այս ապրանքում հայտնաբերել է ախտածին սալմոնելաներ։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

 

Հավի մսի շուկայի 30%-ն է տեղական

2022թ․ տվյալներով` Հայաստանում արտադրվել է 15 000 տոննա հավի միս, ներմուծվել ևս 38 000 տոննա։

Վերջին 5 տարվա տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան սպառվում է 50-55 հազար տոննա հավի միս:

Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) 2021թ․ ուսումնասիրության՝ Հայաստանում հավի միսը մեծ պահանջարկ ունի։ 

Սպառողները նախընտրում են տեղական արտադրության հավի միս գնել

ՄՊՆ-ն հարցում է անցկացրել 300 սպառողի շրջանում և պարզել, որ նրանց 79%-ը նախապատվությունը տալիս է տեղական արտադրության թարմ և սառեցված հավի մսին, 19%-ը գնում է թե՛ տեղականը, թե՛ ներմուծվածը, և միայն 2%-ը՝ ներմուծվածը։

2015-2020 թթ․ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30%:

2020թ․ ներմուծված թռչնամսի 99%-ը եղել է սառեցված։

Ըստ ՄՊՀ-ի՝ մաքսային բարձր դրույքաչափի հետևանքով սառեցված հավի մսի գների բարձրացումն աստիճանաբար կհանգեցնի սառեցված մսի սպառումից հրաժարման և տեղական հավի մսի պահանջարկի բարձրացման, եթե տեղականի գները նույնը մնան։

ՄՊՀ ուսումնասիրության համաձայն՝ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030թ․ին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:

 

«ՀԱԲԼԾԿ»-ի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը՝ այստեղ

«Ստանդարտ Դիալոգ»-ի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը՝ այստեղ

 

Մեկնաբանություններ (2)

Արամ
Բա վերջը՞, բա ոնց պետքա լինի, ով պետքա էս հարցով զբաղվի՞
Լուսինե
Մայիսի 25 րն տղաս հավի մսից վատացավ Արաքս ֆիրման էր,եւ հայտնվեցինք հիվանդանոցում ,Աղիքային ինֆեկցւա Սալմոնելոզ,զանգեցի Սննդի տեսչություն շատ երկար բարակ խոսեցին,լեւծում չտվեցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter