HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Տեխնիկական հարցերի» պատճառով Շիրակի «Էֆ-Դի-Էյ լաբորատորիան» նմուշներ չի ընդունում

Ապրիլի 20-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք, որ Շիրակի մարզում հավատարմագրում չունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիան» Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նմուշներ է ընդունում փորձաքննության համար։

«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն Շիրակի մարզում պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկումներ իրականացնելու, ինչպես նաև՝ նմուշներ ընդունելու և/կամ նմուշառման հավատարմագրում չունի։ 

Իսկ ըստ Կառավարության՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշման՝ պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակում, տեսուչը փորձաքննության նպատակով ընտրված նմուշները պետք է ներկայացնի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմին (փորձարկման լաբորատորիա):

«Հետք»-ը տեղեկություններ էր ստացել, որ «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա»-ի «նմուշների ընդունման կետն» այս պահին չի գործում։

ՍԱՏՄ-ին խնդրել էինք պարզաբանել՝ ինչու չի գործում, իսկ եթե գործում է, արդյո՞ք ՍԱՏՄ-ն այդ կետի մասով որևէ խնդիր չի տեսնում պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակում։

ՍԱՏՄ-ից «Հետք»-ին հայտնել են, որ «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա»-ն 2023թ. մայիսի 17-ին ՍԱՏՄ գրություն է ներկայացրել, որ Գյումրիի նմուշների ընդունման և տեղափոխման կետում «առաջացել են տեխնիկական հարցեր», ինչով պայմանավորված՝ առայժմ նմուշներ չի ընդունում։ 

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շիրակի մարզում նմուշառված և համակարգչային ծրագրի միջոցով պատահական սկզբունքով «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ներկայացվելիք նմուշները տեղափոխվում են Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնք, 6-րդ փող., 1շ. հասցեում գործող լաբորատորիա»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված՝ Ն-22 համապատասխանության գնահատման մարմնի (ՀԳՄ) վկայականում «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի՝ որպես նշանակված ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայր նշված է հենց «Կոտայքի մարզ, Նոր գյուղ, 6-րդ փող., շին 1-ը»։

Իսկ երբ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ին դեռևս ապրիլին խնդրել էինք պարզաբանել՝ ինչպես է նմուշներ ընդունում Գյումրիում, եթե այդ ընդունման կետը գնահատում չի անցել և հավատարմագրում չունի, ընկերության Հաճախորդների սպասարկման բաժնի ավագ մասնագետ Աննա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Գյումրու կետը նմուշների ընդունման կետ է և հավատարմագրման գնահատում չի պահանջում։

«Լաբորատոր գործունեությունը փորձարկումն է, տրամաչափարկումն է և նմուշառումը։ Այս երեքից ոչ մեկը Գյումրու մեր կետում չի կատարվում։ Ինքը պարզապես նմուշների ընդունում է կատարում. տվյալ կետում ո'չ փորձարկում է կատարվում, ո'չ նմուշառում է կատարվում, ո'չ տրամաչափարկում է կատարվում, որը, ըստ ISO 17025 ստանդարտի, պարտադիր պահանջ է որպես լաբորատոր գործունեություն»,- ասել էր Ա. Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ Հավատարմագրման ազգային մարմինը եկել է, այդ կետը տեսել է, տեսել է՝ ինչպես է ամբողջ ընթացակարգը կատարվում, ինչ սառնարաններ են օգտագործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter