HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի ուսուցչուհու ժենգյալով հացը

Պատերազմից 3 տարի անց Երեւանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի թիվ 76 տաղավարում Լիդա Մկրտչյանը հիշում է Շուշիի դպրոցում իր վերջին դասը, հետո տաք սաջի վրա շրջում ժենգյալով հացը: Դժվար է հասկանալ արցախցի կնոջ ապրումները:

2020 թ. սեպտեմբերի 25-ը սովորական աշխատանքային շաբաթվա վերջին օրն էր: Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիդա Մկրտչյանը դասի էր: Սփյուռքահայ գրականություն էին անցնում, թեման պանդխտությունն էր, հայրենիքից կտրված մարդու ճակատագիրն օտարության մեջ: Ընկեր Մկրտչյանը թեմայի վերաբերյալ զուգահեռներ էր անցկացնում Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ», Համաստեղի «Երնեկ այն օրերուն» ստեղծագործությունների հետ: Երկրորդ գործի հերոսների՝ Մխսիի եւ Մնուշի մասին մանրամասն է պատմում: Նրանք հարեւաններ էին: Մխսին կնոջն էր կորցրել, Մնուշը՝ ամուսնուն: Եվ երբ Մխսին Մնուշին առաջարկել էր կյանքը կապել նրա հետ, վերջինս նեղացել էր: Իսկ երբ անապատում պանդխուտների քարավանները խաչվել էին, նրանք հանդիպել էին ու գրկախառնվել՝ ասելով. «Երնեկ այն օրերուն»:

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի՝ խուց հիշեցնող տաղավարի փոքր սեղանին դրված սառնարանից անշտապ հանում է թարմ կտրտած կանաչիներով տոպրակը, նոր հունցած խմորը եւ դնում սեղանին: «Երբ այդ դասը դասավանդում էի, յուրաքանչյուր նյարդով զգում էի պանդուխտի ճակատագիրը, որովհետեւ ամեն տարի նույն թեման դասավանդելիս մեր ժողովրդի ճակատագիրն եմ ապրում աչքի առաջ, նույն ցավն ու ողբերգությունը, բայց ո՞վ կմտածեր, որ մի օր էլ ես կդառնայի նույն գաղթականը՝ անտուն, թշնամուց հալածված, թուրքի յաթաղանից փրկված»,- ասում է Շուշիի նախկին բնակիչը:

Նա փոքր գնդերի է բաժանում խմորը, դնում սկուտեղին ու սրբիչով ծածկում: Հետո վերցնում է դրանցից մեկը, դնում սեղանին ու գրտնակում: Ապա առատ լցնում է կանաչու միջուկն ու ծրարում այն:

Շուշիում Լիդա Մկրտչյանը 4 բնակարան է կորցրել՝ իր եւ 3 որդիների: Հեռանալիս ոչինչ չի հասցրել վերցնել հետը, որովհետեւ մտածում էր, թե մեկ է՝ վերադառնալու է տուն: «Կորուստը թող տների կորուստը լինի, բայց չեմ հաշտվում հայրենիքի կորստի հետ»,- ասում է տիկին Լիդան: Նրա երեք որդիներն առաջնագծում են եղել 44-օրյա պատերազմին, ասում է՝ հայրենիքը պետք է վերադարձնել:

«Շուշվա համը». այսպես է անվանել իր թխած ժենգյալով հացը: Ասում է՝ դա միայն հաց չէ, այլ արցախյան մշակույթի տարածման միջոց իր համար:

Ամեն օր վաղ առավոտյան նա կամ ամուսինը շտապում են շուկա: Գնում են թարմ կանաչեղեն, որը հետո ժենգյալով հաց է դառնալու: Քանի որ տաղավարում տարածքը փոքր է, կանաչին տանն է կտրտում, պատրաստում է խմորն ու հասնում «Բարեկամություն» կայարան:

Լիդա Մկրտչյանը Ճարտարից է: 1983-ին մաթեմատիկոս ամուսնու հետ Երեւան էին եկել, որտեղ ապրել են շուրջ 7 տարի: Այստեղ դասավանդել է Քանաքեռի ու Ջրվեժի դպրոցներում: Երբ 1990-ականներին պատերազմի նախերգանքն արդեն լսելի էր, վերադարձել էին Արցախ: Շուշիի ազատագրումից հետո՝ 1993-ի մարտին, տեղափոխվել ու հաստատվել էին այնտեղ:

Ասում է՝ աստված, կարծես, առատորեն ամեն ինչ աճեցրել էր հենց Շուշիում: Անտառում՝ ծառերի տակ, լիքը սունկ կար՝ սպիտակ, գորշ, շամպինյոն, յուղասունկ, ժայռերի ծերպերին ուրց էր աճում, իսկ Արցախի ամենախոշոր երիցուկները հենց Շուշիում էին, շատ էր մասուրն ու հոնը: Սա թվարկելուց մի պահ թվում է, թե բանաստեղծական տողեր է արտասանում նախկին ուսուցիչը: Շուշին իր սար ու ձորով, անտառներով մեր առաջ է դուրս գալիս նրա պատմությամբ:

Շուշիում ապրում էին երկու եկեղեցիների՝ Ս. Հովհաննես Մկրտչի ու Ղազանչեցոցի արանքում: Հասցեն՝ Գարեգին Նժդեհի 23/1: Մինչեւ 44-օրյա պատերազմը ամուսինները հասցրել էին երեք որդիների համար բնակարաններ գնել Շուշիում ու կահավորել: Պատերազմից հետո համացանցում տեսել էին, թե ինչպես են ադրբեջանցիներն այդ շենքերը քանդել: «Որ մտածում ես՝ տունդ-տեղդ կա, երբ էլ լինի, կվերադառնաս, մի մասունք կգտնես, մի լուսանկար, մի թանկ հիշողություն, էլի մխիթարվում ես: Բայց երբ աչքիդ առաջ շենքը հիմնահատակ քանդում են ու համացացնով տարածում, էլ ամբողջ պատկերը կորչում է, էլ չես կարողանում ամբողջական կերպով հիշել քո անկյունը»,- ասում է մեր զրուցակիցը:

2020 թ. սեպետմբերի 27-ը կիրակի էր: Ամեն անգամվա պես Լիդա Մկրտչյանի ընտանիքը պատրաստվում էր մասնակցել կիրակնօրյա պատարագին Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վաղ առավոտյան տիկին Լիդան տան կենցաղային գործերով էր զբաղված: Այն պահին, երբ սկսել էր լվանալ հատակը, դղրդյուն էր լսել, որը նմանեցրել էր հրավառության ձայնի: Տղաները ծնողներին խնդրել էին արագ բակ իջնել: Շուշիի բարձունքին տեղակայված հակաօդային պաշտպանության ուժերն առավոտից ակտիվ աշխատում էին: Տիկին Լիդայենց շենքի մոտ էր գտնվում Շուշիի մշակույթի տունը, որտեղ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդտեղ էին նաեւ զինկոմիսարիատի ներկայացուցիչները: Երեք որդիները կամավորագրվել էին՝ տարբեր ուղղություններով գնալով եւ մինչեւ պատերազմի ավարտ մնալով ռազմաճակատում:

Մինչեւ հոկտեմբերի վերջին օրը տիկին Լիդան ամուսնու հետ մնացել էր Շուշիում: Այդ ժամանակ էլ չէին ուզում լքել քաղաքը, բայց ռազմաճակատից որդիները խնդրել էին քաղաքից դուրս գալ, որպեսզի գոնե միակողմանի մտածեն: Իրավիճակն ավելի էր բարդանում: Նկուղներում հավաքված մարդիկ մի մեծ ընտանիք էին դարձել, եւ շատերի մտքով չէր էլ անցնում, որ Շուշի այլեւս չեն կարողանալու վերադառնալ: Տիկին Լիդան էլ նրանց պես էր մտածում՝ որ երեք օրից վիճակը կլավանա, հետ կգնա: Հատկապես պաշտոնական լրատվությունը հուսադրում էր, թե շուտով Շուշիում մեծ հաղթանակ պիտի տոնվի: Բայց ամեն ինչ հակառակ եղավ: «Ինձ հետ տնից ոչինչ չէի ուզում վերցնել: Մտածում էի՝ վերադառնալու եմ, իզուր բեռ սարքե՞մ ինձ համար: Ամենամեծ բանը, որ թանկարժեք էր եւ աշխատանքային գործիք էր, տղաներիս համակարգիչն էր, որ առանց դրա հնարավոր չէր աշխատել: Հետո դա չվերցնելը շատ թանկ նստեց: Այստեղ կոպեկ-կոպեկ հավաքեցի, որ ծրագրավորող տղաս կարողանա աշխատել համակարգչով»,- պատմում է արցախցի կինը:

Հարուստ գրադարան ուներ տանը: Ասում է՝ կյանքը վայելելու տարիներն էին մոտեցել, մտածում էր՝ երբ կենսաթոշակի տարիքը գա, ոչ մի օր ավել չէր մնալու դպրոցում, թոռներ էր պահելու: Մեկ-մեկ էլ կատակում էր, թե հենց թոշակը չհերիքի, ժենգյալով հաց է թխելու, վաճառելու: «Եթե չասեի, երեւի էս ճակատագրին չէի արժանանա»,- ժպտում է նա: Իսկ Երեւանում ժենգյալով հաց թխելու միտքը պատահական է ծնվել:

Երեւան տեղափոխվելուց հետո Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն էր գնացել, հերթագրվել աշխատանքի համար՝ սպասելով առաջարկի: Այդ ընթացքում երբ մի անգամ Հյուսիսային պողոտայով անցնելիս տեսել է, թե ինչպես են կանայք ժենգյալով հաց թխում, ու ինչպիսի հերթեր են գոյանում, սկսել է սաջ փնտրել, հետո երբ գտել է, որոշել է գործի անցնել: Հիմա ավելի մեծ ծրագրեր ունի՝ հնարավորության դեպքում փոքր կրպակը կփոխարինի ավելի մեծ տաղավարով, որպեսզի ներկայացնի արցախյան խոհանոցը:

«Ընկերուհիս «Արցախյան խոհանոց» գրքի հեղինակն է, Արցախի կերակրատեսակները, թթուները, չրերը… ամեն ինչի մասին գրված է, հետո Սյունիքի խոհանոցն է գրել, խնդրեց, որ խմբագրեմ, սրբագրեմ: Հաջող գիրք է ստացվել»,- նկատում է մեր զրուցակիցը:

Պատերազմի օրերին ենք վերադառնում: Նկուղներում ապրող մարդիկ, ասում է տիկին Լիդան, մի մեծ ընտանիքի պես էին: Մի անգամ խոստացել էր, որ հենց երեք որդիները վերադառնան ռազմաճակատից, ժենգյալով հաց է թխելու: Խոստումը կատարել էր, երբ որդիները կարճաժամկետ տուն էին եկել: Չնայած Շուշիում ռումբերի ու արկերի տեղատարափ էր, հասել էր ընկերուհու այգի՝ կանաչեղեն հավաքելու: Նրան միացել էր ապաստարանից մի կին: Ժպտում է սա պատմելիս, ասում է՝ տանձի եւ խնձորի ծառերից պտուղներն այնքան էին թափվել գետնին, որ կանաչու հետ դա էլ էին լցրել տոպրակներն ու հասել նկուղ: Մոտակայքի հացի փռից ալյուր էին բերել, սեղանը բացել: 50 հատ ժենգյալով հաց էր թխել տիկին Լիդան ամբողջ ապաստարանի համար:

Պատերազմից հետո նրան շարունակում են հիշել նախկին աշակերտները: Երբ նրանցից որեւէ մեկն անցնելիս է լինում տաղավարի մոտով, անպայման կանչում, հյուրասիրում է:

Մինչեւ երեկո տիկին Լիդան մնում է «Բարեկամություն» կայարանի գետնանցումի իր տաք սաջի մոտ, եկող-գնացողին էլ ջերմորեն, հարազատի պես է ընդունում: Ասում է՝ գործն էնքան սիրով է անում, որ ուտողն ասի՝ կռներդ դալար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter