HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդեցիները փաստի առաջ են կանգնել․ վարկեր են վերցրել, բայց 2022 թ. սեպտեմբերին զրկվել են վարելահողերից, անասուններին էլ մորթել են

Հունիսի 18-ի լույս գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել էր Պաշտպանության նախարարությունը։

Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ամսի 18-ի գիշերն արձանագրված կրակոցներից հետո մինչ մեր զրույցի պահն այլեւս կրակոցներ չեն եղել Ներքին Հանդի ուղղությամբ։ Բաղդասարյանը ներկա վիճակն առաջնագծում նորմալ է գնահատում։

Այս պահին Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական դիրքերով երեք կողմից։ Խ․ Բաղդասարյանի խոսքով՝ հայկական դիրքերը գյուղից դիմաց են, հետեւաբար դրանց վրա կրակելուց թիրախի տակ է հայտնվում նաեւ գյուղի բնակելի հատվածը։ Հունիսի 18-ի ինտեսիվ կրակոցների հետեւանքով գյուղի շենքերի մեկի տանիքն է վնասվել, այլ վնաս չի եղել։

Ներքին Հանդի վարչական ներկայացուցչի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, բայց անհանգստություն առկա է։ «Բնակիչները շարունակում են ապրել իրենց առօրյայով, ճիշտ է՝ միշտ էլ անհանգիստ ենք, բայց խուճապ չկա»,- ասում է Խաչատուր Բաղդասարյանը։

Գյուղում խմելու ջուրը վերցնում են գյուղամեջի աղբյուրից, որն այս տարի քչացել է, բայց չգիտեն, թե որն է պատճառը։

Ներքին Հանդի հողերից 240 հա, որը ներառում է արոտավայրեր ու վարելահողեր, փաստացի չի օգտագործվում։ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով այդ հողերի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ մյուս մասը մնացել է միջդիրքային հատվածում։ Գյուղում 48 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մնացել է 3-ը, իսկ մինչեւ 100 գլուխ խոզերից մնացել է 15-ից էլ քիչ։

Վարելահողերի եւ արոտավայրերի կորուստը գյուղի բնակիչներին կանգնեցրել է փաստի առաջ։

Խաչատուր Բաղդասարյանն ասում է, որ մինչեւ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիան գյուղացիների մի մասը գյուղատնտեսական վարկեր էր վերցրել, որը պետք է դնեին հողագործության ու անասնապահության վրա, սակայն ագրեսիայից հետո մարդիկ կորցրել են թե՛ վարելահողերը, թե՛ անասուններին են հարկադիր մորթի ենթարկել։ Գյուղացիները դիմել են Սյունիքի մարզպետարան՝ աջակցություն ստանալու, հարցին լուծում գտնելու համար, բայց մինչ օրս արձագանք չի եղել։

Քանի որ 2022 թ. սեպտեմբերից հետո Ներքին Հանդի գերեզմանոցը մնացել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, գյուղում ստիպված են եղել տարածք առանձնացնել՝ նոր հուղարկավորությունների համար։

Լուսանկարը՝ արխիվային, Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter