HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս ընտրել խաղալիք, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց ոչ ճիշտ կիրառումը

Վերջերս «Հետք»-ը նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք, որ 2-ամյա երեխան 13 մագնիս էր կուլ տվել, որը ստամոքսից շտապ դուրս են բերել, քանի որ այն կարող էր պերֆորացիաների, նեկրոզի առաջացման պատճառ դառնալ։

Բժիշկները նշում են, որ երեխաները հաճախ են տարբեր խաղալիքներ, մասնիկներ կուլ տալիս, և շատ կարևոր է, որ ծնողները շուտ հասկանան և դիմեն բժշկի, քանի որ դրանք հետագայում կարող են բարդություններ առաջացնել, օրինակ՝ խոցեր, այրվածքներ, արնահոսություն, թոքաբորբ և այլն։

Այսօր մենք կներկայացնենք՝ ինչպես հասկանալ, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել, ինչպես ճիշտ խաղալիք ընտրել, ինչին ուշադրություն դարձնել, և ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանց ոչ ճիշտ կիրառումը։

 


Հայաստանում մագնիսե և այլ խաղալիքների կուլ տալու դեպքերը հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում են։

«Ուիգմոր» մանկական հիվանդանոցի փոխտնօրեն, մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը նշում է, որ շատ հաճախ են առնչվում դեպքերի հետ, երբ խաղալիքը հայտնվում է երեխայի շնչուղիներում կամ ստամոքսաղիքային համակարգում։ Դեպքերի մեծ մասը, ըստ նրա, կանխարգելելի է, եթե մեծերն աչալուրջ լինեն և հետևեն խաղալիքների անվտանգության հիմնական սկզբունքներին։

Բժշկուհին նշում է, որ խաղալիքը ձեռք բերելիս պետք է առաջնորդվել նրանով, որ այն լինի տարիքին համապատասխան.

«Հետո պարտադիր ստուգում ենք՝ ինչ նյութերից է կազմված խաղալիքը։ Օրինակ, եթե փափուկ խաղալիք է կամ կտորներից է կազմված, պարտադիր պետք է լինի լվացվող, եթե չի լվացվում, չենք վերցնում, որովհետև մենք հետո խաղալիքը չենք կարող մաքուր պահել։ Եթե կտորից է, լվացվող է, վերցնում ենք»,- ասում է մանկաբույժը։

Դրանից հետո պետք է ստուգել՝ ինչ ներկերով են դրանք ներկված. անպայման պետք է մակնշում լինի, որ ներկերը տոքսիկ (թունավոր) չեն։

«Օրինակ, ներկանյութերում կարող է լինել կապար, իսկ կապարին քրոնիկ առնչության ժամանակ, քիչ քանակներով այն անցնում է օրգանիզմ և կարող է առաջացնել քրոնիկ թունավորում, որի մասին ծնողը կարող է նույնիսկ տեղյակ չլինել»,- ասում է մանկաբույժը։

Խաղալիքի ընտրության ժամանակ շատ կարևոր է նաև չափը. այն ամենը, ինչը երեխայի բռունցքից փոքր է, խեղդվելու վտանգ է ներկայացնում, այդ իսկ պատճառով, պետք է ընտրել դրանից մեծ, իսկ գնդաձև խաղալիքների դեպքում՝ տրամագիծը պետք է լինի 4,5 սմ-ից ոչ պակաս։

«Աշխարհում շատ են կիրառվում խեղդվելու ստուգիչ գլանները, որի միջոցով խաղալիքը փորձում են անցկացնել, եթե այն անցավ, ուրեմն խեղդվելու վտանգ կա, եթե չանցավ, արդեն կարող եք կիրառել։ Այդ գլանների տրամագիծը ստանդարտ զուգարանի թղթի միջուկի տրամագծի չափ է»,- նշում է Հ. Ղազարյանը։

Եթե տանը կան տարբեր տարիքի երեխաներ, նրանց խաղալիքները պետք է առանձին պահել, քանի որ դրանց չափերը հիմնականում տարբեր են լինում։

Ընտրությունից բացի, կարևոր է նաև հետևել խաղալուց հետո այդ խաղալիքի ամբողջականությանը։ Օրինակ, նույն փափուկ խաղալիքների աչքերը հաճախ կարող են պոկվել, և երեխան կարող է դրանք դնել բերանը։

Բացի այդ, պետք է ուշադիր լինել այն խաղալիքներին, որոնք պարունակում են տափակ, կլոր մարտկոցներ։ Ըստ մանկաբույժի՝ դրանք ամենավտանգավոր խաղալիքներից են, քանի որ հասնելով շնչուղի կամ ստամոքսաղիքային համակարգ՝ ոչ միայն մեխանիկորեն փակում են, այլև կարող են քիմիական ծանր այրվածք առաջացնել.

«Մարտկոցով խաղալիքները պետք է չկիրառենք, իսկ եթե կիրառում ենք, պետք է վստահ լինենք, որ ամուր փակ են, և մարտկոցը դուրս գալու հնարավորություն չունի»։

Հ. Ղազարյանն ասում է, որ հաճախ, երբ երեխան ինչ-որ բան է կուլ տալիս, կարող է որևէ նշան չլինել, և ծնողը որևէ կերպ չհասկանա, բայց նույնսիկ աննշան կասկածը բավարար է, որ երեխային տանեն մոտակա բուժհաստատություն, նկարագրեն՝ արդյոք խաղալիքների մեջ պակասող մասեր են եղել։

«Լինում են դեպքեր, երբ շնչուղի է թռչում փոքրիկ մասնիկ, չենք իմանում այդ մասին, և հետո կրկնվող թոքաբորբեր կարող են լինել կամ որովայնացավեր, երբ որ ստամոքսաղիքային համակարգում է հայտնվել։ Արդեն գանգատների առաջացման դեպքում բժիշկների համար կան նշաններ, որ պետք է փնտրենք օտար մարմին»,- ասում է մանկաբույժը։

Դրանք փնտրում են հիմնականում ռենտգենի միջոցով, բայց կարող են լինել այնպիսի փոքր մասնիկներ, որոնք ռենտգենը ցույց չտա, և, օրինակ, շնչուղիներում փնտրելու համար պետք է անել բրոնխոսկոպիա։

Փոքրիկ կուլ տված մասնիկները, եթե շնչուղիներ չեն գնացել, այլ մտել են ստամոքսաղիքային համակարգ, սովորաբար, բարեհաջող են դուրս գալիս, ոչ մի խնդիր չի լինում։ Բայց եթե մեծ լինեն, կարող են փակել աղիքի լուսանցքը։

«Այս դեպքում մեխանիկական փակման հետևանքով կարող է առաջանալ անանցանելիություն։ Այս առումով մենք մագնիսներն առանձնացնում ենք, մյուսները գիտենք, որ սովորաբար մեկ հատիկ է, և այդ մեկ հատիկը դուրս է գալիս, իսկ մագնիսները այս առումով շատ բարձր վտանգ են պարունակում»,- ասում է մանկաբույժն ու առաջարկում դրանք հասանելի չպահել փոքր երեխաների համար և հնարավորության դեպքում՝ ամեն խաղից հետո հաշվել դրանք։

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter