HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են վտանգում Լաստիվերի ջրվեժը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-5

Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորությամբ Խաչաղբյուր գետի վրա է գտնվում Լաստիվերի ջրվեժը: Ջրվեժին շատ մոտ է նաև Լաստիվերի երկհարկ քարանձավը: Թե քարանձավը, թե ջրվեժը արդեն քանի տարի է` գրավում են տեղացի և արտերկրացի զբոսաշրջիկներին: Դրանք տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ հաղթահարում են դժվարանցանելի անտառային արահետը: 

Ենոքավանի գյուղացիները և իջևանցիները, սակայն, մտահոգված են, որ զբոսաշրջիկներին այդչափ գրավող Լաստիվերի ջրվեժը կարող է վերանալ, քանի որ ոմանք որոշել են Խաչաղբյուր գետի և դրա վտակների վրա փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել: 

Գետահովիտ գյուղում «Էներջի կոկ» ՍՊԸ-ն Աղստև գետի Պաղջուր (նույն Խաչաղբյուր) վտակի վրա արդեն իսկ գործարկում է 1.2 մգվտ հզորությամբ «Խաչաղբյուր» փհէկը: ՍՊԸ-ի սեփականատեր է գրանցված Սեւադա Քոքոբելյանը: Նա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ», «Ժառանգության» ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Քոքոբելյանի որդին է: 

2011-ի մայիսին «Քարեվարդ» ՍՊԸ-ն նույնպես ստացել է «Խաչաղբյուր-2» փհէկ կառուցելու լիցենզիա` Աղստև գետի Պաղջուր վտակի վրա մոտ 3 մգվտ հզորությամբ կայանի համար: «Քարեվարդ» ՍՊԸ-ի սեփականատերերից է Արարատ Վլադիմիրի Քոքոբելյանը` Տավուշի մարզի Աչաջուր գյուղից: Արարատ Քոքոբելյանը նույնպես Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է` հորեղբոր որդին:  

Մեկ այլ ընկերություն ևս` «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն, 2011-ին ստացել է Սղստև գետի Պաղջուր վտակի վրա «Խաչաղբյուր-3» և «Խաչաղբյուր-4» փհեկեր կառուցելու ջրթույլտվություններ, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ լիցենզիա չի տրամադրել այս ընկերությանը: «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն գրանցված է Վիոլետա Ջանազյանի և Թովմաս Ղուլյանի անվամբ: Թովմաս Ղուլյանը «Ջրմուղկոյուղու» նախկին գլխավոր տնօրեն, Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արբեն Ղուլյանի որդին է, Վիոլետա Ջանազյանը` Արբեն Ղուլյանի կինը: 

«Ես պաշտոնապես ասում եմ, որ Ենոքավանի այդ ջրվեժի շրջակայքում որևէ բան չի կառուցվելու: Ջրվեժը 1200 նիշի վրա է, իսկ մեր հէկերը ավելի բարձր են` 1400 նիշի վրա են, որը որևէ առնչություն չունի դրա հետ»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Արբեն Ղուլյանը: 

«ԱԹՎԱ» ՍՊԸ-ն դեռևս փոքր հէկերի նախագիծ չունի, ամեն ինչ նախնական փուլում է: Ա. Ղուլյանի խոսքով` հէկերի կառուցումը այս տարվա բան չէ, քանի որ նույնիսկ այդ տարածքներ հասնելու մեքենայի ճանապարհ չկա, անհնար է այնտեղ շինանյութ հասցնելը: Նախնական տվյալներով` Ա. Ղուլյանը իր հէկերը Սև քար և Ենոքավանի գյուղերի վարչատարածքում է կառուցելու: 

«Ես ավելի շատ մտահոգված եմ, որովհետև ես պետական աշխատող եմ, չեմ թույլ տա այդպիսի բան, ուղղակի տեղում ուսումնասիրություններ չեն արվել: Ես մասնագետներին ուղարկել եմ այնտեղ, հիմա նորից են գնալու, որպեսզի ուսումնասիրեն ողջ տեղանքը. սկզբունքը հետևյալն է` բացառել նման տիպի բաները»,- ասաց Ա. Ղուլյանը: 

Արբեն Ղուլյանը իր հէկերը նախատեսել էր կառուցել, ինչպես արդեն նշեցինք, Խաչաղբյուր գետի և դրա Աղբղա վտակի վրա: Սակայն հնարավոր է մեկը կառուցի. «Էդ որ Լաստիվերը հանվում է, արդեն հզորություն չի մնում, նենց որ մեկից մենք կարող ենք հրաժարվել»,- ասաց նա: 

Իսկ այն, որ Քոքոբելյանները մտադիր էին Խաչաղբյուր գետի վրա 3 փհէկ կառուցել, հաստատել է Վաչիկ Քոքոբելյանը դեռևս 2009-ին` aysor.am-ի հետ զրույցում: Վաչիկ Քոքոբելյանն էլ Խաչատուր Քոքոբելյանի հարազատ եղբայրն է: Խաչատուր Քոքոբելյանի հետ զրուցել չհաջողվեց, նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի էր: 

Թե հստակ որտեղ են կառուցվելու Քոքոբելյանների հէկերը, դեռ հայտնի չէ: Ենոքավանի համայնքապետ Անդրանիկ Չիբուխչյանը խուսափում է այս հարցով հստակ պարզաբանումներ տալ: Ընդամենը ասաց, որ հէկերը Լաստիվերին մոտ չեն լինի, մեկը` ներքևում, մնացածները շատ վերև ու անջատեց հեռախոսը: Այնուհետև գյուղապետի հեռախոսահամարը երկար ժամանակ անհասանելի էր, ավելի ուշ` միացված, բայց չէր պատասխանում մեր զանգերին: 

Մեկնաբանություններ (2)

ALBERT
Վերականգնվող էներգետիկայի ջրային բաղադրիչը Ի՞նչ կունենանք 2025 թվականին Պարբերաբար անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի ոլորտի տարբեր ճյուղերում ծրագրերի ընթացքին, դրանց հեռանկարներին եւ էներգահամակարգին տրվելիք սպասումներին՝ «ՀՀ»—ն նշել է, որ այս պահի դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են ջրային պաշարները։ Մեր պետությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հիդրոէներգետիկայի ոլորտը, ծրագրեր կազմել եւ ակնկալիքներից խոսել։ Համենայն դեպս, մինչեւ 2025թ. սպասելիքներն արդեն որոշակիորեն հստակեցված են։ Մեր երկրում ՀԷԿ—երի կողմից էլեկտրական էներգիայի առավելագույն տարեկան արտադրանքը գրանցվել է 1993թ., որն իրականացվել է հիմնականում Սեւանա լճից աննախադեպ բարձր ծավալների ջրառի հետեւանքով եւ հանգեցրել է լճի մակարդակի զգալի իջեցմանը։ Հակիրճ եթե ասենք, ապա էներգետիկ ճգնաժամի տարիներին մեզ փրկեց Սեւանը (ընդ որում, ոչ միայն էներգետիկ առումով)։ Հետագայում արդեն լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը, ինչպես նաեւ ՀԷԿ—երի Սեւան—Հրազդանյան կասկադում էլէներգիայի արտադրանքի ռեժիմի համապատասխանեցումը Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողման ռեժիմներին հանգեցրել են ՀԷԿ—երի կողմից էլէներգիայի արտադրանքի զգալի կրճատումներին։ Մասնավորապես, 2007 թ. ՀԷԿ—երի կողմից էլէներգիայի փաստացի արտադրանքը կազմել է 1.86 մլրդ կՎտ.ժ, 2008թ.՝ 1.82 մլրդ կՎտ.ժ, իսկ 2009թ.՝ 2.05 մլրդ կՎտ.ժ։ Հիդրոէներգետիկական ռեսուրսները փաստացի՝ 2010թ. դրությամբ, ապահովել են էլէներգիայի տարեկան արտադրանքի մոտ 40%—ը։ Մեր երկիրն ունի սեփական վերականգնվող էներգիայի զգալի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%—ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արեւային էներգիայի անմիջական փոխակերպման, կենսագազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը եւ հողմային էներգիայի զգալի մասը)։ 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի 30%—ի բավարարումը վերականգնվող էներգետիկ պաշարներով ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան, մասնավորապես՝ կառուցել էլեկտրական էներգիա արտադրող նոր կայաններ, որի արդյունքում համապատասխանաբար կբարձրանա Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության աստիճանը։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ենք ունենալու 2025թ., նախ ասենք, թե ինչ ունենք հիմա։ Այսպիսով, 2011թ. օգոստոսի դրությամբ գործող եւ կառուցվող հիմնական ՀԷԿ—երն են՝ 1. Սեւան—Հրազդան ՀԷԿ—երի համալիրը (մասնավոր սեփականություն), որի կազմում են 7 ՀԷԿ—եր՝ Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան—1—ի եւ Երեւան—3—ի ՀԷԿ—երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժ։ ՀԷԿ—երը Հրազդան գետի վրա են եւ ներկայումս օգտագործում են Սեւանից ոռոգման նպատակներով բաց թողնվող եւ Հրազդան գետի վտակների ջրերը։ 2. Որոտան ՀԷԿ—երի համալիրը (պետական սեփականություն), որ բաղկացած է 4 էլեկտրակայաններից՝ Սպանդարյան, Շամբ, Տաթեւ եւ Հեր—Հեր, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը։ Գումարային տեղակայված հզորությունը կազմում է 405.4 մՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժամ։ 3. ՁորաՀԷԿ—ը (մասնավոր սեփականություն), որ մեր երկրի 1—ին խոշոր ՀԷԿ—ն է, Դեբեդի կասկադի առաջնեկը, որը շահագործման է հանձնվել 1932թ. մոտ 25.2 ՄՎտ դրվածքային հզորությամբ եւ 90 մլն կՎտ.ժամ տարեկան նախագծային արտադրանքով։ 4. Փոքր ՀԷԿ—երը (մասնավոր սեփականություն)։ Այս ՀԷԿ—երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի էներգետիկ անկախության ամրապնդմանը։ Ի դեպ, ՓՀԷԿ—եր են համարվում մինչեւ 10 ՄՎտ ընդհանուր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանները։ 2011թ. օգոստոսի 1—ի դրությամբ էլէներգիա էին արտադրում 110 փոքր ՀԷԿ—եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում էր մոտ 147 ՄՎտ, իսկ էլէներգիայի նախագծային արտադրանքը՝ տարեկան շուրջ 476 մլն կՎտժ։ Նույն ժամանակահատվածի դրությամբ կառուցման լիցենզիաներ էին տրվել 73 ՓՀԷԿ—երի կառուցման համար, որոնց գումարային դրվածքային նախագծային հզորությունը կազմում է մոտ 142 ՄՎտ։ Կառավարության հաստատած ՓՀԷԿ—երի զարգացման սխեման ընդգրկում է 116 ՓՀԷԿ—եր՝ մոտ 147 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ։ Հիմա՝ ինչ ենք նախատեսում մինչեւ 2025թ., այլ կերպ՝ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ինչ ծրագրեր կան։ Արդեն հաստատված է, որ նախատեսվում է կառուցել երեք նոր խոշոր ՀԷԿ—եր, յուրացնել փոքր ՀԷԿ—երի ներուժը (ուսումնասիրված եւ տնտեսապես շահավետ ներուժի մասին է խոսքը), նաեւ վերանորոգել ու վերազինել Որոտանի ՀԷԿ—երի համալիրը եւ ՁորաՀԷԿ—ը։ Ներկայումս խոշոր գետերից մնում են էներգետիկ նպատակներով չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով եւ Արաքս գետը։ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրի ՀԷԿ—ը մոտ 130 ՄՎտ հզորությամբ եւ 800 մլն կՎտժ էլ էներգիայի տարեկան արտադությամբ կլինի։ 2010թ. հոկտեմբերին կառավարությունը պայմանագիր է ստորագրել իրանական համապատասխան ընկերության հետ՝ Մեղրի ՀԷԿ—ի կառուցման ծրագիրը «կառուցում—տնօրինում—շահագործում—փոխանցում» հիմունքներով իրականացնելու վերաբերյալ։ Նախատեսվող թողարկումը 2017 թ.—ն է։ Դեբեդ գետի վրա կառուցվելիք Շնող ՀԷԿ—ը 75 ՄՎտ հզորությամբ եւ 300 մլն կՎտժ էլ էներգիայի տարեկան արտադրությամբ կլինի։ Շնող ՀԷԿ—ի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով։ Նախատեսվող թողարկումը ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի կլինի։ Ձորագետի վրա կառուցվելիք Լոռիբերդ ՀԷԿ—ը 66 ՄՎտ. հզորությամբ եւ 200 մլն կՎտժ էլէներգիայի տարեկան արտադրությամբ կլինի։ Դեռ 2003—2004թթ. ԵՄ ծրագրի շրջանակներում «Ֆիխտներ» ընկերությունը պատրաստել է տեխնիկատնտեսական հիմնավորում։ 2007թ. փետրվարին նույն ընկերությունը իրականացրել է գների հաշվարկի նորացում։ Լոռիբերդ ՀԷԿ—ի կառուցման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով։ Նախատեսվող թողարկումը ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի կլինի։ Իսկ ինչ վերաբերում է մինչեւ 2025թ. փոքր ՀԷԿ—երին, ապա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաեւ այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—րի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել շուրջ 1,0 մլրդ կՎտժ։ Որոտանի ՀԷԿ—երի համալիրի վերանորոգման ու վերազինման մասով ասենք, որ աշխատանքների նախատեսվող ավարտը 2015թ.—ին է։ Իսկ ՁորաՀԷԿ—ի վերանորոգման ու վերազինման աշխատանքների սկիզբն ու ավարտը ըստ ֆինանսավորման առկայության կորոշվի։ Նախարարությունը առաջարկի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 2016թ. սկսած 10 ՄՎտ—ից բարձր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները, այդ թվում՝ Շնող եւ Լոռիբերդ ՀԷԿ—երի համար, սահմանել ոչ ավելի, քան 6,5 ԱՄՆ ցենտ (առանց ԱԱՀ—ի)։ Արդյունքն այն կլինի, որ նախ՝ կհստակեցվեն հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերը հնարավոր ներդրողների համար, հնարավորություն կստեղծվի ծրագրերը որպես ներդրումային փաթեթներ առաջարկել մի շարք դոնոր կազմակերպությունների եւ արտոնյալ վարկեր տրամադրող այլ կառույցների, կստեղծվեն էլէներգիա արտադրող լրացուցիչ շուրջ 570 ՄՎտ հզորություններ, կավելանա էլէներգիայի տարեկան արտադրանքը՝ սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործմամբ, կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը, զգալիորեն կնվազեցվի մեր երկրի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, զգալիորեն կկրճատվեն մեր երկրի տարածքում ածխաջրածնային վառելիքների այրումից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։
Իսահակյան
Ատում եմ, ավաղ, և հայրենիքը-- պերճ արոտավայր հարուստների ցոփ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter