HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մշակվել է արտադրական կանեփում նմուշառում և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու կարգը

Առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ են մշակել, որի նպատակը արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննություն իրականացնելն է՝ գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար։

2021թ. հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով՝  Հայաստանում, համապատասխան լիցենզիայի առկայության դեպքումթույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով։

Իսկ դրա օրինական շրջանառությունն ապահովելու համար պետք է  իրականացնել արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննությունը։

Մասնավորապես, օրենքով սահմանված է, որ արտադրական կանեփի բույսում «կաննաբիդիոլ (CBD)» նյութի պարունակությունը պետք է  գերազանցի  «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի պարունակությանը, ընդ որում՝ «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր պետք է լինի 0,3 %-ից։

Տետրահիդրոկաննաբինոլը (THC) ամենահայտնի և հիմնական կանաբինոիդներից մեկն է, կանեփի ակտիվ բաղադրիչը։

Այն հոգեմետ նյութ է և ներառված է հոգեմետ նյութերի 2-րդ հավելվածում, գտնվում է միջազգային հսկողության տակ՝ համաձայն 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի։

Արտադրական կանեփի տարբեր սորտերի բույսերում «տետրահիդրոկաննաբինոլ»-ի պարունակությունը կարող է կտրուկ փոփոխվել, ինչը, ըստ նախագծի հիմնավորման, մեծապես պայմանավորված է մշակության պայմաններով։

Այդ պատճառով  արտադրական կանեփի գործունեության ընթացքում վերահսկողության իրականացնելու նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։

Ներկայումս «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար նմուշառում և լաբորատոր փորձաքննություն չի իրականացվում:

Արտադրական կանեփի գործունեության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը լինելու է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 «Արտադրական կանեփի բույսերի նմուշառումն անհրաժեշտ է իրականացնել սահմանված հրահանգների համաձայն՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հնարավորինս ճշտությունը ապահովելու համար»,-նշված է նախագծում։

Նախագծի ընդունմամբ՝ 2022թ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Այն չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ newsroom.gy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter