HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Բոլոր դժվարություններով ու թերություններով հանդերձ, Հայաստանը լավ միջավայր է ապրելու և աշխատելու համար»․ Վարդան Մարաշլյան

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, 2010-12թթ-ին Սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանի հետ զրուցել ենք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործունեության, հայրենադարձությունը պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը դարձնելու, հայրենադարձներին աջակցելու ծանրակշիռ համակարգեր ստեղծելու և այլնի մասին։  

-Պրն Մարաշլյան, ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։

-Հիմնադրամը ստեղծեցինք 11 տարի առաջ՝ նպատակ ունենալով աջակցել այն մարդկանց, ովքեր կամավոր և գիտակցաբար տեղափոխվում են Հայաստան, հայրենիքում ապրելու և արարելու նոր պայմաններ են ստեղծում։ 2010թ․-ին, երբ ես էի տեղափոխվում Հայաստան, աջակցության որևէ համակարգ չկար։ Սփյուռքի նախարարությունում աշխատելով հասկացա, որ պետությունը լուրջ մոտեցում չունի հայրենադարձության հարցին և մինչ օրս էլ չունի։ Եթե վերևից ներքև չի ստացվում, ուրեմն պետք է ներքևից վերև ձևավորել։ Դրա համար 12 հոգով միավորվեցինք և ստեղծեցինք այս կառույցը։ Հիմնադիրների մեծամասնությունը սփյուռքահայ է։ Մեր 5 աշխատակիցներից 4-ը հայրենադարձներ են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Լիբանանից և Կանադայից։ Ինքներս անցել ենք հայրենադարձության գործընթացով, այդ պատճառով մեզ համար բավականին հեշտ է վստահություն ձեռք բերելը և մարդկանց խնդիրները հասկանալը։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ստեղծած հայրենադարձների համայնքը 12 000-ից ավել անդամ ունի։ Հիմնադրամը պոտենցիալ հայրենադարձներին և արդեն հայրենադարձվածներին օգնում է՝ աշխատանք գտնելու, բիզնես սկսելու և ինտեգրվելու հարցում։

Հիմնադրամը աշխատանքի երեք հիմնական ուղղություն ունի՝

  • Դրսում ներկայացնել հայրենադարձության հետ կապված հնարավորությունները և խնդիրները։ Այս թեմայով Սփյուռքի 20-ից ավելի համայնքներում օնլայն և օֆլայն հանդիպումներ ենք կազմակերպել։
  • Աջակցել հայրենադարձների ինտեգրմանը՝ աշխատանք գտնել, բիզնես սկսել, ինտեգրվել միջավայրին և պետական հիմնարկներում ընթացակարգերն անցնելուն։ Անցած տարի 30-ից ավելի ինտեգրման միջոցառումներ ենք կազմակերպել այն անձանց համար, ովքեր տեղափոխվել կամ պլանավորում են տեղափոխվել Հայաստան։ Միջոցառումներին 800-ից ավել մարդ է մասնակցել։
  • Երրորդը՝ փորձում ենք աշխատել պետական կառույցների հետ, որպեսզի հայրենադարձությունն ի վերջո օրակարգային հարց դառնա և կարողանանք շատ ավելի գրավիչ պայմաններ ունենալ։  

-Հայրենադարձությունն օրակարգային հարց դարձնելու ուղղությամբ պետական կառույցների հետ աշխատանքը որքանո՞վ է հաջողվել, կարևորո՞ւմ են հայրենադարձությունը։

-Հայրենադարձության իրական կարևորումը ենթադրում է ավելի լուրջ մոտեցում, ավելի լուրջ պարտականություն։ Պետության մեջ կան կառույցներ, որոնք ավելի առաջադիմական են, հայրենադարձության վերաբերյալ ռազմավարական մոտեցման պատկերացումներ ունեն, հասկանում են դրա կարևորությունը։ Կան նաև կառույցներ, որոնք ավելի շատ տեխնիկական մոտեցում ունեն հարցին։ Օրինակ՝ չեն ցանկանում լրացուցիչ գումար ծախսել, լրացուցիչ աշխատանք կատարել։ Ցավոք, երկրորդը դեռևս գերակշռում է։

2019թ-ին նաև մեր նախաձեռնությամբ «Հայրենադարձության մասին» օրենքը մշակող պաշտոնական աշխատանքային խումբ ստեղծվեց, որտեղ որպես հիմնական դերակատարներ ներգրավվել են Ազգային ժողովի պրոֆիլային կոմիտեն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և մենք՝ որպես միակ ոչ պետական կառույց, որ մասնագիտացված աշխատում է այս ոլորտում։ Օրենքի նախագիծ ենք պատրաստել, այն դեռևս քննարկվում է տարբեր գերատեսչություններում, և մենք արձագանքի ենք սպասում։ Կառավարության առանձին օղակներ պահպանողական մոտեցում ունեն այս հարցին, գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականին լուրջ դիմադրություն կա։ Մեր տեսանկյունից՝ անհասկանալի։ Պատերազմից հետո պիտի որ հասկանային երկրի համար շարունակական արտագաղթի բացասական հետևանքները, և հայրենադարձությունը դառնար պետության առաջնահերթություններից մեկը։ Խոսքը նաև որակի մասին է, թե որ խավն է տեղափոխվում Հայաստան, և ինչ փոփոխություններ են սկսում տեղի ունենալ երկրում՝ սկսած տնտեսությունից, ավարտած՝ գիտությունով։

Ի սկզբանե, Հայաստանի անկախացումից սկսած՝ հայրենադարձությունը չի եղել համակարգային լուրջ հարց։ Կա նաև այն խոսույթը, թե ինչ հայրենադարձության մասին է խոսքը, երբ երկրից արտագաղթ կա։ Մարդիկ չեն հասկանում, որ ներգաղթն ու արտագաղթը կարևոր, իրար հետ փոխկապակցված պրոցեսներ են, բայց այն զուտ քանակական խնդիր չէ։ Նկատի ունենանք նաև, որ արտագաղթի հիմնական մասը աշխատանքային միգրացիա է, սրանք տարբեր պրոցեսներ են։

Մոտակա օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ենթակայությամբ բացվելու է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, որը դրական քայլ է։ Հայրենադարձները, մի տեղ դիմելով, հնարավորություն կունենան ստանալ կարգավիճակ, անձնական իրերը տեղափոխելու, կրթության և առողջապահության հարցերը կարգավորելու աջակցություն և այլն։ Սակայն, Կառավարության այս նախաձեռնությունը հայրենադարձության գրավչությունը զգալիորեն չի բարձրացնում, ավելի շատ հայրենադարձներին օգնում է նվազեցնելու այն խնդիրները, որին առնչվում են ընթացքում։ Մինչդեռ նրանց արտոնություններ են պետք, հայրենադարձի կարգավիճակ, աջակցության ավելի լուրջ համակարգեր և նոր ձևաչափեր, որի միջոցով նաև սփյուռքյան կառույցները կկարողանան մասնակցել հայրենադարձության գործընթացը կազմակերպելուն ու համաֆինանսավորելուն։

-Ի՞նչ տենդենցներ կան Սփյուռքի ավանդական գաղթօջախներում, այնտեղից էլ արտագաղթը մեծ է, նրանց նախընտրելի երկրների ցանկում Հայաստանը կա՞։

-Վերջին 30-40 տարիներին մենք արտագաղթ ունենք ոչ միայն Հայաստանից դեպի Սփյուռք, այլև մեծ է արտագաղթը Մերձավոր Արևելքի համայնքներից դեպի նոր համայնքներ։ Ավանդական գաղթօջախները միշտ ուժեղ ու կայացած են եղել, այնտեղ հայ մնալն ավելի հեշտ է եղել, հայերենի իմացությունն ավելի լավ վիճակում է եղել։ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Իրանում արդեն շատ ավելի քիչ են հայերը, եթե մեր կրիտիկական զանգվածը չենք կորցրել այդ համայնքներում, ապա այդ եզրին ենք։ Հիմնականում մեծ գաղթօջախներն այդտեղ են ձևավորվել, և մայր համայնքներից արտագաղթողները գալիս են Հայաստան, բայց ավելի շատ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Եվրոպա և այլ երկրներ։

Սա ժամանակավորապես օգնում է այդ համայնքներին գոյատևել և զարգանալ հայախոս զանգվածի շնորհիվ։ Նրանք ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին, բայց դա ժամանակավոր լուծում է։ Ի վերջո ձուլումն անխուսափելի է դառնալու։ Մեր կազմակերպությանը տարեկան դիմում է մոտավորապես 1000 հոգի, դրանց կեսը տեղափոխվել է Հայաստան և ունեն ինտեգրման հետ կապված հարցեր, կեսը՝ մտածում է տեղափոխվելու մասին։ Դիմողները, հիմնականում, 25-40 տարեկաններն են, աշխարհագրությունը՝ Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իրան։ Սիրիայից նոր եկողներն արդեն շատ քիչ են, երբ հիմնադրամը նոր էր գործում՝ մեզ դիմողների 70%-ը նրանք էին։ Հիմա դիմողների մեծ մասը ոչ թե պարտադրված ներգաղթողներն են, այլ՝ կամավոր, գիտակցված, ավելի պատրաստված հայությունն է։

-Ովքե՞ր են գիտակցված հայրենադարձները, ի՞նչն է առաջնայինը նրանց համար հայրենիքում բնակվելու հարցում։

-Հայրենադարձությունը պարտադիր պետք է ունենա զգացմունքային բաղադրիչ, մարդը հստակ պետք է հասկանա՝ զգացմունքային տեսանկյունից արդյոք Հայաստանը համարո՞ւմ է հայրենիք, թե՞ մի երկիր է, որն իրեն կապում է իր արմատների հետ։ Սեփականության զգացողությունը, եթե մարդու մոտ զարգացած է, նա համարում է, որ սա իր երկիրն է, առավել ևս, երբ գտնվում է բարդ իրավիճակում։ Սփյուռքում բնակվող մեր որոշ հայրենակիցների համար սա բավականին լուրջ մոտիվացիա է։ Խոսքը միայն այն մարդկանց մասին չէ, ովքեր ծնվել են Հայաստանում, գնացել են և հիմա մտածում են վերադառնալու մասին։ Սա նաև դասական Սփյուռքի ներկայացուցիչների մասին է, ովքեր երբեք Հայաստանում չեն ապրել կամ ապրել են կարճ ժամանակով։ Մարդիկ մտահոգ են ձուլման գործընթացներից, և հասկանում են, որ դա անխուսափելի պրոցես է, այն ընդամենը կարելի է հետաձգել։ Եթե ուզում են հայ մնալ՝ Հայաստանում ապրելը պետք է դիտարկեն դրա լիարժեք լուծում։

Իրականում, բոլոր դժվարություններով ու թերություններով հանդերձ, Հայաստանը բավականին լավ միջավայր է հայկական կյանքով ապրելու և աշխատելու համար, շատ ու շատ երկրներում այդ զգացողությունը չունես։ Երեխաների համար ֆիզիկապես անվտանգ երկիր է, երեխաների զարգացման համար հնարավորություններ կան նաև այստեղ և ավելի մատչելի են, քան շատ ու շատ երկրներում։ Բացի այդ, նրանց համար մոտիվացիա կարող է լինել՝ 

  • սեփական երկրի կայացման գործընթացին մասնակցելը։ Փոխարեն դրսում ապրես և մտածես, թե ամեն օր ինչ է լինելու երկրում և ինչ չի լինելու, այլ դառնաս պրոցեսի մաս՝ այնտեղ ապրելով։ 
  • Շատ հարցերում նոր հնարավորություններ է ստեղծում, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ հասարակական ու սոցիալական ոլորտներում։ Այն, ինչը իրենց դուր չի գալիս Հայաստանում, իրենց ներդրումը տեսնում են այդ ամենը վերափոխելու և զարգացնելու հարցում։ 

-Մե՞ծ է տարբերությունը սփյուռքահայի պատկերացրած Հայաստանի և իրական Հայաստանի միջև։ 

-Դրսում սփյուռքյան կրթական կառույցները Հայաստանն ավելի շատ ներկայացնում են անցյալի երկիր՝ փառահեղ, բայց շատ ավելի դաժան պատմության էջերով։ Մեր նպատակներից մեկն այն է, որ իրական երկիրը ներկայացվի, որի հետ պետք է անձնապես կապ ունենալ, իրական ինտեգրման սուբյեկտներին կարողանանք կապել փորձառու հայրենադարձների հետ, որպեսզի իրականությունը ներկայացնեն նրանց։ Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր աջակցում են ներգաղթողներին՝ հայաստանյան իրավիճակը ճիշտ ընկալելու ու կողմնորոշվելու հարցում։ Հիմնադրամի կայքը երկլեզու է՝ անգլերեն և ռուսերեն, որովհետև Սփյուռքում, հիմնականում այս երկու լեզուներին են տիրապետում։ Սոցիալական ցանցերով ենք ակտիվ աշխատում նրանց հետ,  քննարկումներ ենք կազմակերպում, կարողանում ենք լրացուցիչ հետաքրքրություն ձևավորել՝ ըստ երկրների և ըստ թեմաների, մեզ հարցեր տալու հնարավորություն ենք տալիս։

-Ո՞րն է պատճառը, որ նաև մեծ թվով ներգաղթյալներ, օրինակ՝ սիրիահայերը, հայրենիք վերադառնալուց կարճ ժամանակ հետո հեռացան երկրից։ 

-Դա պարտադրված ներգաղթ էր, հանգամանքների բերումով՝ քաղաքական և տնտեսական պատճառներով։ Երբ մարդ պարտադրված հեռանում է ճգնաժամային իրավիճակից, առաջին հերթին ֆիզիկական և տնտեսական ապահով վայր է փնտրում, տնտեսական լայն աջակցության հնարավորություն է փնտրում։ Այդ իմաստով Հայաստանն, իհարկե, չի կարող մրցակցել եվրոպական երկրների հետ թե՛ ռեսուրսների, թե՛ մոտեցումների տեսանկյունից։

Առավել ևս, երբ խոսքը նման մասշտաբի ներգաղթի մասին է, միայն պետության ջանքերով հնարավոր չէ կազմակերպել նրանց ինտեգրումը և լուրջ արդյունքներ ապահովել։ Այստեղ պետք է նաև Սփյուռքը գործոն հանդիսանա, մասնակցի և՛ կազմակերպչական, և՛ աշխատատեղեր ստեղծելու հարցերին։ Այդ դեպքում հնարավոր էր ավելի լավ արդյունքներ ունենալ։ Բայց, եթե համեմատենք 2003-07թթ-ի իրաքահայերի ներգաղթի հետ, երբ ավելի քիչ թվով՝ մոտ 3000-3500 մարդ է եղել, սիրիահայերի ներգաղթը պետականորեն շատ ավելի կազմակերպված է եղել։ Իհարկե, աջակցության մեխանիզմներն ու ծրագրերը բավարար չէին, բայց շատ ավելի կազմակերպված մոտեցում է ցուցաբերվել։

Սիրիահայերի 50%-ից ավելին մնացել են Հայաստանում՝ հաշվի առնելով ոչ այնքան բարենպաստ տնտեսական վիճակը, երբ այդ է եղել Սիրիայից հեռանալու հիմնական պատճառը։ Սիրիահայերի մի մասն այստեղից Եվրոպա է գնացել, մի մասը՝ Կանադա, ԱՄՆ, Լիբանան, որոշ մասը վերադարձել է Սիրիա։ Ով այստեղ կարողացել է ապրուստ ապահովել, մնացել է։ Սիրիայի տնտեսական մոդելը լրիվ տարբեր է հայաստանյան իրականությունից։ Նրանք, հիմնականում, գործարարներ են, ապահովում են բավական մեծ շուկա, լուրջ տնտեսական կապեր ունեն։ Շատ դեպքերում նրանց գործունեության ուղղվածությունները նեղ մասնագիտացված, արդյունաբերության կամ արտադրության, ոսկերչության հետ կապված ուղղություններ են։ Հայաստանյան իրականությունը բոլորովին տարբեր է, շատ տեղերում նրանք պետք է վարձու աշխատող լինեն, որին սովոր չեն։ Էլ չեմ ասում, որ կյանքն այստեղ գնալով ավելի թանկանում է ռուսների ներհոսքի հետ կապված, դա նպաստեց անշարժ գույքի և վարձակալության գների աճին։ Սա առաջին հերթին վնասում է Մերձավոր Արևելքի հայրենադարձներին։

-Հայաստանում  բնակություն հաստատածներին այս տասը տարիների ընթացքում հաջողվե՞լ է ինտեգրել նոր միջավայրին։

-Նրանք իրականությունն ընկալել են, զգալի մասն ինտեգրվել է արդեն։ Հիմնական խնդիրը ֆինանսականն է, որը երկրի իրավիճակով է պայմանավորված։ Այստեղ հարցն այն է, թե ինչքանո՞վ են կարողանում ֆինանսապես ապահով զգալ և իրենց ապագան պլանավորել Հայաստանում։

Հայկական ինքնությունը կարող ենք կիրառել երեք մակարդակներում՝ որպես ընտանիքի անդամ, որպես հասարակության անդամ, երրորդը՝ որպես պետականության մաս։ Մերձավոր Արևելքը շատ ուժեղ է եղել առաջին և երկրորդ հարցերում, իսկ երրորդը բացակայել է բառիս բուն իմաստով։ Նրանք զարմանում են, որ եկել են Հայաստան, բայց հայկական կյանքով ավելի քիչ են ապրում։ Դա նրանց մոտ առաջին փուլում դիսկոմֆորտ է առաջացնում, դրա համար էլ ավելի շատ իրար հետ են շփվում։ Հայկական տոներն ու ծեսերը նրանք շատ ավելի լավ են պահպանում, իսկ պետականության գիտակցումը նրանց մոտ զարգացած չէ, բայց ինչքան երկար են մնում Հայաստանում, դա էլ են ձեռք բերում։

Պետությունը սիրիահայերի ներգաղթի հետ կապված շատ բաներ էր կազմակերպել, բայց դրանք բավարար չէին։ Պետության դերն ավելի շատ կազմակերպչական է եղել, որն, իմ կարծիքով, սխալ է։ Աշխատատեղեր ստեղծելու հարցում, օրինակ, Սփյուռքը կարող էր գործոն դառնալ, առավել ևս, եթե հեռակա աշխատատեղերի մասին է խոսքը։ Մենք հրեաներից շատ ենք խոսում, սակայն Իսրայել պետությունն էլ միայնակ չէր կարող դա անել։ 1988-92 թվականներին Իսրայել տեղափոխվեց 1,2 մլն հրեա, այդ ժամանակ 600 հազար թափուր աշխատատեղ չկար։ Քանի որ Իսրայելի համար գերագույն նպատակ էր հայրենադարձությունը՝ նրանք լուրջ նեդրումներ արեցին, ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, արագ վերապատրաստման դասընթացներ կազմակերպեցին, որի շնորհիվ այդ մարդկանց զգալի մասն իրենց սովետական, բայց լուրջ գիտելիքները կարողացան ձևափոխել և դառնալ բարձր տեխնոլոգիայի ոլորտի աշխատողներ։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Մարաշլեանի լավատեսական համոզմունքը, որ Հայաստանը հիանալի վայր է ապրելու և աշխատելու համար, հակառակ մարտահրավերներին, կարծես թե չի համոզել հազարավոր հայ քաղաքացիների, ովքեր շարունակում են լքել երկիրը։ Նա հարցը դիտարկում է անձնական տեսանկյունից, որը ենթադրում է, որ բոլորը, ինչպես ինքը, աշխատանք կգտնեն և յոլա կգնան: Դա հիանալի է, բայց այն չի անդրադառնում Հայաստանում շատ քաղաքացիների և այնտեղ տեղափոխվելու մասին մտածողների իրական խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter