HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը: Դիմումում նշված է. «Հունիսի 20-ին ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը:

Ակտիվ հասարակությունը` էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ, դեմ են Սևանա լճից 320 միլոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ և այս կապակցությամբ բողոք նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակությանը ԱԺ-ի կողմից մերժվեց  մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը:

ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչնդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով՝ Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը:

ԱԺ-ին ներկայացնում ենք  նաև Սևանա լճի ազդակիր համայնքների անդամների հարյուրավոր ստորագրություններ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը վերոնշյալ օրինագծի հետ:

Հաշվի առնելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային  նշանակությունը մեր պետության կայնուն զարգացման գործում`

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»:

20.06.2012 թ.

Էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը Հովիկ Աբրահամյանին եւ Սամվել Բալասանյանին

ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և  «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերին, որով  առաջարկվում է  2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն մ3:

Համաձայն «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին»  օրենքի Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 մլն մ3, իսկ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել  միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և  չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: (Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ):

Նշենք, որ համաձայն Հայաստանի հիդրօդերևութաբանության  և մոնիտորնգի պետական ծառայության  կանխատեսումների 2012 թվականի ամռան ամիսներին ամսական տեղումների քանակը սպասվում է հիմնականում նորմային մոտ, որից կարելի է եզրակացնել, որ հանրապետությունում երաշտային իրավիճակ չի սպասվում, հետևաբար արտակարգ իրավիճակների ռիսկը բացակայում է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական  խիստ անհրաժեշտությանը, ապա  անհիմն են   Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներն այդ մասին, քանի որ նախ հաշվի չի առնված Արարատյան արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան ջրերը և  ակնհայտորեն քիչ են ներկայացված  գետերից  նախատեսվող  ջրաքանակները:

Միևնույն ժամանակ  Ձեր և ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ենք հրավիրում ջրակորուստների վրա,  որոնք մեր հանրապետությունում 80%-ից  ավելի են, որևէ  միտում չունեն նվազելու ու, ի դեպ, մտցված են ոռոգման ջրի սակագնի մեջ և փաստորեն գանձվում են ջրօգտագործող գյուղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նվազեցնելու այդ կորուստները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ էկոլոգիական հասարակական դաշինքը գտնում  է, որ 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը   մինչև 320 մլն մ3   սահմանելը անհիմն է  և կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին  մերժել վերոնշյալ նախագծերը:

15.06.2012


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter