HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ճողվածքը վիրահատել են՝ առանց ցանց դնելու. կինը երկրորդ անգամ է վիրահատվել

Լեղապարկի վիրահատությունից հետո Լիլիթ Ա.-ի մոտ ճողվածք է առաջացել, որը նա որոշել է վիրահատել «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնում։ 2022թ հունիսի 3-ին նրան վիրահատել է վիրաբույժ Սլավիկ Ամիրյանը։ Դրա հաջորդ օրը Լիլիթին դուրս են գրել։

Սակայն նրա վիճակը գնալով վատացել է. ցավերը շատացել են, իսկ ճողվածքը՝ մոտ 4-5 անգամ մեծացել։ Լիլիթը պատմում է, որ վիրաբույժին տեղյակ է պահել, մի քանի անգամ այցելել է «Մեդլայն կլինիկ», սակայն նրան ասել են, որ ամեն ինչ նորմալ է, պետք է մարզվել։

Բայց, քանի որ ճողվածքը շատ է մեծացել, Լիլիթը որոշել է այն նորից վիրահատել, բայց այս անգամ՝ մեկ այլ բուժհաստատությունում, որտեղ, ըստ Լիլիթի, ասել են, որ առաջին վիրահատության ժամանակ ցանց չի տեղադրվել, որի կիրառումն առավել տարածված և արդյունավետ է ճողվածքների վիրահատության ժամանակ։



«Ես իրենց հարցնում եմ՝ ցանցո՞վ վիրահատություն է արվելու, քանի որ լսել էի, որ ցանցովն ավելի արդյունավետ է, իրենք ասում են, որ, հա. գրիժայի մեր բոլոր վիրահատություններն արվում են ցանցով»,-ասում է Լիլիթը։

Քանի որ իրեն ողնաշարից են ցավազրկել, Լիլիթը նկատել է, որ վիրահատության կեսից իրենց միացել է բուժհաստատության մեկ այլ վիրաբույժ՝ Վահան Պետրոսյանը, և նայելով Լիլիթին, ասել է, որ ինքն է լինելու նրա բժիշկը։ Հաջորդ օրը Լիլիթին դուրս են գրել։

Վիրահատությունից 15-20 օր անց Լիլիթը նույն տեղում նորից փքվածություն է զգում, զանգահարում է Վ. Պետրոսյանին։ Վերջինս ասում է՝ բնական է, երևի գազեր են և այլն, ոչինչ, կկարգավորվի կանցնի։ Որոշ ժամանակ անց, երբ վիճակը չի կարգավորվում, Լիլիթը նորից դիմում է Վ. Պետրոսյանին.

«Ինքն ինձ ասում է՝ գիտես ինչ, քանի որ Սլավիկ Ամիրյանն է քեզ ընդունել, իր պացիենտն ես, արի, իրեն դիմի, ես ուղղակի քեզ բուժող բժիշկն եմ, իրեն դիմի, թող ինքը քեզ նայի։ Մեզ մոտ կարգը էդպես ա, պիտի դիմես իրեն, դու իր պացիենտն ես»,-պատմում է Լիլիթը։ 

Սլավիկ Ամիրյանն էլ է զննում Լիլիթ, և ասում՝ ճողվածք չկա, ամեն ինչ նորմալ է, պետք է մարզվել։

Մոտ մեկ ամսից ճողվածքն ավելի է մեծանում, Լիլիթը նորից գնում է Ս. Ամիրյանի մոտ, ով, ըստ Լիլիթի, նորից ասում է, որ ամեն ինչ նորմալ է.

«Ինքն ինձ ասում է, իրենց բժշկական տերմիններով, որ վերին պատը բաց է թողած, չի ասում, որ նորից նույն գրիժան է,- պատմում է Լիլիթը։ -Ասեց՝ եթե շատ անհանգստացնի, կգաս, կվիրահատես»։ 

Այս այցից հետո Լիլիթը գնում է «Էրեբունի» ԲԿ, որտեղ վիրաբույժն ասում է, որ իր մոտ նորից ճողվածք կա, և նորից պետք է վիրահատել։ Լիլիթն այս մասին պատմում է Ս. Ամիրյանին, ով, ըստ նրա, խորհուրդ է տալիս նորից վիրահատել։

Մի ամսից՝ 2022թ դեկտեմբերին, Լիլիթը գնում է «Մեդլայն կլինիկ»՝ վիրահատության համար պայմանավորվելու. որոշում են վիրահատել տոներից հետո։ Լիլիթը պատմում է, որ տոները շատ դժվար է անցկացնում՝ ուժեղ ցավերով, քանի որ ճողվածքը նախկինից մոտ մի քանի անգամ ավելի մեծացած էր։

«Մեդլայն կլինիկ»-ում նորից խոսք է բացվում առաջին վիրահատության մասին.

«Ինքը (Սլավիկ Ամիրյանը, հեղ.) հարց է տալիս Պետրոսյանին (առաջին վիրահատությանը մասնակցած բժիշկն է, հեղ). հիշու՞մ ես՝ ինչ ցանց ենք դրել, ինքն էլ ասում է՝ չէ, չեմ հիշում»,-պատմում է Լիլիթը։ Նրան առաջարկում են զեղչով վիրահատել (270 000 ՀՀ դրամ՝ 350 000-ի փոխարեն), բայց Լիլիթը որոշում է այլ տեղ վիրահատել։

Երկրորդ բուժհաստատությունում Լիլիթին վիրահատում են 2023թ մարտին։

«Այստեղ (երկրորդ բուժհաստատությունում, հեղ.) բժիշկը զարմանում է, ասում է՝ այս ի՞նչ է քո վիճակը, ասում է՝ սետկա (ցանց) դրվա՞ծ է, ասում եմ՝ հա. նա արդեն երկրորդ մարդն էր, ով ինձ այդ հարցը տվեց, «Էրեբունի» ԲԿ-ից հետո, մոտս կասկած էր առաջացել։ Ես խնդրում եմ բժշկին, նախքան վիրահատությունը, ասում եմ՝ ինչ կլինի, որ ինձ վիրահատեք, ասեք՝ ցանց դրա՞ծ էր, թե՞ դրած չէր,-պատմում է Լիլիթը։- Վիրահատում են ու գալիս, ասում են, որ դրած չէր սետկան, ամուսնուս են նաև ասում, էնտեղ բոլորը տեղյակ էին, զարմացել էին, ասում էին՝ որտեղ ես արել վիրահատությունդ»։

Ճողվածքի չափերը՝ առաջին և երկրորդ վիրահատությունից առաջ

Լիլիթը պատմում է, որ երկրորդ վիրահատությունից հետո զանգել է նաև Սլավիկ Ամիրյանին, պատմել է, որ վիրահատվել է մեկ այլ տեղ, ու ասել են, որ ցանց դրված չի եղել։ Լիլիթի խոսքով՝ բժիշկը խնդրում է երկրորդ անգամ վիրահատած բժշկի կոնտակտները տալ, սակայն ինքը մերժում է։ 

Լիլիթը խոսում է նաև երկրորդ վիրաբույժ՝ Վ. Պետրոսյանի հետ, հայտնում, որ ցանց տեղադրված չի եղել։ Ըստ Լիլիթի, նա ասում է, որ ինքը չէ իրեն ընդունող բժիշկը։

«Ինքն ինձ ասում է, որ եթե պարզվի օրենքով էդ ամեն ինչը, որ դրված չի (ցանցը, հեղ.), ամեն ինչ կարգով կարվի։ Հետո ասում է՝ եթե դուք լինեիք իմ պացիենտը ի սկզբանե, ես լրիվ ուրիշ ձև կանեի, բայց, քանի որ իր պացիենտն եք, իր հետ հարցերը լուծեք»,-պատմում է Լիլիթը։

Նա ասում է, որ հիմա՝ երկրորդ վիրահատությունից հետո, լավ է զգում. ճողվածքը չի մեծացել, ցավեր էլ չունի։

«Ինչու՞ չպիտի դնեինք». Սլավիկ Ամիրյանը պնդում է՝ ցանց դրվել է 

«Մեդլայն կլինիկ» բուժհաստատության վիրաբույժ Սլավիկ Ամիրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հիշում է դեպքը, և պնդում է, որ ցանց տեղադրվել է. բացառվում է, որ այն տեղադրված չլինի։ Ապա ուղարկեց հիվանդության նկարագրի այն հատվածը, որտեղ նշված է օգտագործված ցանցի համարը։ 

Այն հարցին՝ այդ դեպքում՝ որն է պատճառը, որ ճողվածքը մեծացել է, բժիշկը պատասխանեց, որ վիրահատվածների մոտ այն կարող է կրկնվել, և իրենք ցավում են, որ Լիլիթի մոտ կրկնվել է.

«Այսօրվա դրությամբ՝ համաշխարհային գրականության մեջ չկա մի տվյալ, որ ցանցի տեղադրմամբ՝ ճողվածքն այլևս չի կրկնվում, դա աբսուրդ է. հավանականությունը միշտ մնում է, մանավանդ եթե հետվիրահատական ճողվածք է»,-ասաց Ս. Ամիրյանը։ 

Ըստ նրա՝ 6-7% հավանականություն կա, որ ճողվածքը կարող է կրկնվել, իսկ հետվիրահատականների դեպքում՝ 9-12%։

«Ինքը ոչ թե սովորական գրիժա է, այլ՝ հետօպերացիոն, այսինքն՝ վիրահատությունից հետո է առաջացել, այդ վիրահատությունը եղել է լեղապարկի հեռացում, վիրահատել են, հեռացնելուց հետո առաջացել է»,-ասաց Ս. Ամիրյանը։

Բժշկից հետաքրքրվեցինք՝ երկրորդ բուժհաստատության էպիկրիզից երևում է, որ ճողվածքի չափերը վիրահատությունից հետո մի քանի անգամ մեծացել են, դրա պատճառը ո՞րն է, նա ասաց, որ օրգանիզմը ցանցը չի ընդունել.

«Մկանային շերտի թույլությունը շարունակվում է ու բերում է նման փոփոխության, դա բացարձակ նշանակություն չունի»,-ասաց վիրաբույժը։ Բացի այդ, ըստ նրա, ճողվածքը կարող է կրկնվել նաև երկրորդ վիրահատությունից հետո։

Այն հարցին, արդյոք կարող է դա ցանցի որակի խնդիր լինել, Սլավիկ Ամիրյանն ասաց, որ իրենց օգտագործած ցանցերն ամերիկյան են և համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ 

«Ինչու՞ չպիտի դնեինք, ես տրամաբանությունը չեմ հասկանում, որովհետև դա այնքան չնչին բան է, հետո, պրոտոկալային բաներ կան։ Դուք, որ տեսնենք՝ ինչ էտապներով է դա, այդ հարցն անգամ չի առաջանա»,-ասաց Ս. Ամիրյանը։

 

Գլխավոր լուսանկարը՝ scopeblog.stanford.edu-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter