HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արա Ղազարյան. «Ճիշտ կլինի, որ Կառավարությունն արդեն իսկ ՄԻԵԴ ներկայացված գանգատներով ընդունի իր պարտությունը և անհրաժեշտ շտկումներ կատարի»

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Արդարադատության նախարարության (ԱՆ) կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հիման վրա նրանց լիազորությունները դադարեցնելու, ԲԴԽ-ի կայացրած որոշումների օրինականության, ՄԻԵԴ-ի պահանջը կատարելու ԱՆ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագծի և այլ հարցերի շուրջ։

Պրն Ղազարյան, հուլիսի 3-ին ԲԴԽ որոշումով միանգամից 4 դատավորի լիազորություն դադարեցվեց: Արդյոք, խոսքն այն աստիճան կոպիտ խախտումների մասի՞ն է, որ ԲԴԽ-ն  կարգապահական տույժերի տեսակներից ամենածայրահեղն է միանգամից կիրառում:

Եթե դատավորներն այդ աստիճան կոպիտ խախտումներ թույլ տված լինեին, կնշանակի շահադիտական նպատակով են անօրինական դատական ակտը կայացրել, ուրեմն քրեական գործեր պետք է հարուցվեին: Եթե դատական ակտ են կայացրել, որտեղ հետագայում Եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում է արձանագրել, դա սովորական երևույթ է, և այս հիմքով ընդհանրապես կարգապահական վարույթներ չեն հարուցվում: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ դատավորը որոշումը կայացնում է փաստերի իր սեփական գնահատումով և իրավունքի իր սեփական իմացությամբ: Ըստ էության, խոսքը դատավորի անկախության ինստիտուտի մասին է: Նաև հավելում է՝  այս պրոցեսին կարող է միջամտել միայն մեկ մարմին՝ վերադաս դատարանը՝ դատավարական եղանակով: Մեզ մոտ ստեղծվել է մեկ այլ մարմին՝ ԲԴԽ-ն, որը դատելով կարգապահական վարույթների բնույթից և քանակից, արդեն ինքնանպատակ է գործում: Այսինքն, չի գործում ի շահս դատավորների անկախության, ի շահս դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության: Չէ՞, որ դա պետք է լինի կարգապահական վարույթների հիմնական նպատակը, այն է՝ կարգավորել հասարակական վարքագիծ: Դա վերաբերում է և՛ դատավորներին, և՛ ընդհանրապես հանրային ծառայության բոլոր ոլորտներին:

Կարգապահական վարույթներն այնքան շատ են և այնքան թերի իրենց բնույթով, որ միանշանակ կարելի է ասել՝ սրանք քողարկված, պատժողական բնույթի վարույթներ են: Այսինքն, նպատակն ի սկզբանե դատավորի լիազորությունները դադարեցնելն է և ոչ թե դատավորի հասարակական վարքագիծը կարգավորելը: Վարույթների քննության ժամանակ ընթացակարգային խախտումներն այնքան շատ են, կարգապահական վարույթների որակն այնքան է իջել, որ նույնիսկ դժվար է նշել, թե որ խախտումն է առավել համակարգային բնույթի, որ խախտումն է առավել կամայական: Վստահ եմ, որ այս բոլոր գործերով Եվրոպական դատարանում շահելու են, և Կառավարությունը` որպես դատավարության պատասխանող կողմ, որևէ հնարավորություն չի ունենալու փոխել ՄԻԵԴ կարծիքը: Ավելի ճիշտ կլինի, որ Կառավարությունն արդեն իսկ ներկայացված գանգատներով ընդունի իր պարտությունը և անհրաժեշտ շտկումներ կատարի:

Դատաիրավական ոլորտի մասնագետները վարույթների օրինականությունը կասկածի տակ են դնում հենց միայն այն հանգամանքով, որ դրանք հարուցում է Արդարադատության նախարարը: Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած զեկույցում նշվում է, որ քաղաքականացման վտանգը շատ մեծ է այս դեպքում:

Այս դեպքում դա չէ ամենակարևորը: Առաջին հերթին համաչափության սկզբունքն է խախտվել, դատավորը, եթե նույնիսկ խախտում է թույլ տվել, ինչո՞ւ է ԲԴԽ-ն կարգապահական տույժերի սանդղակում ընտրում ամենախիստը՝ լիազորությունները դադարեցնելը: Սա ծայրահեղ դեպքերում պետք է կիրառվի, այն էլ, երբ հանրային շահը գերակայում է այդտեղ: Այս վարույթներում կշեռքի մի նժարին դատավորի մասնագիտական  կարերիան է, որը նա ձեռք է բերում տարիների ընթացքում, մյուս նժարին պետք է լինի ոչ թե արդարադատության նախարարի կամ քաղաքական մեծամասնության քաղաքական ծրագիրը, այլ՝ հանրային շահը: Այս գործերով, եթե հանրային շահ չկա, ուրեմն վարույթը պետք է կարճել կամ նվազ խստության կարգապահական տույժ տեսակն ընտրել, ոչ թե լիազորությունները դադարեցնել:

Ո՞րն է այս ամենի նպատակը:

Նպատակը քաղաքական ծրագիրն է, իշխանափոխություն է տեղի ունեցել, իշխանության եկած քաղաքական ուժը ծրագիր ունի, որի բաղադրիչներից մեկը վեթինգ անելն էր: Երբ մասնագետները դեռևս 2019թ.-ին ասացին, որ վեթինգ հնարավոր չէ անել, որովհետև մենք ունենք անցած ճանապարհ, մասնավորապես եվրոպական ժառանգություն, արդեն էապես դրանով համալրվել է դատական իշխանությունը: Նաև՝ այն համակարգային խնդիրները, որոնք կան այլ երկրներում, որտեղ օբյեկտիվորեն վեթինգի անհրաժեշտություն կա, Հայաստանում՝ չկա: Իշխանությունը բախվեց այդ իրականությանը, հասկացավ, որ վեթինգը ծանր միջոցառում է, որի ժամանակ անընդհատ բախվելու է մարդու իրավունքների բաղադրիչի հետ, և դա հնարավոր չէ հաղթահարել:

Կարեն Անդրեասյանի կարծիքին տուրք տվեցին, որ կարելի է վեթինգ անել կոնկրետ կարգապահական վարույթներով: Մինչդեռ, վեթինգի և կարգապահական վարույթների նպատակները և գործիքները տարբեր են: Վեթինգի նպատակը համակարգը զտելն է, համակարգից անցանկալի անձին հեռացնելը, իսկ կարգապահական վարույթի նպատակը՝ բացառապես հասարակական վարքագիծ կարգավորելը: Հիմա իշխանությունն ուզում է քաղաքական ծրագիր իրականացնել՝ վեթինգ, և համակարգից հեռացնել X թվով դատավորների, որը բացառապես չի բխում հանրային շահից: Գործող իշխանությունն իրականացնում է իր քաղաքական ծրագիրը, բայց դա բախվում է մարդու իրավունքների՝ դատավորների իրավունքների հետ:

Ես դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներն ուսումնասիրում եմ 2008թ.-ից, և այն ինչ այսօր տեղի է ունենում՝ խորը մտահոգության առարկա է: Առաջին հերթին հիմնարար սկզբունքներ են խախտվում. առաջին՝ իր ընդունած որոշումների համար չի կարելի պատասխանատվության ենթարկել դատավորին, այլ՝ բացառապես վարքագծի համար: Այս կարևորագույն սկզբունքը խախտվում է: Այս սկզբունքի խախտումն ամրագված է օրենքում, որտեղ ասվում է՝ կարելի է դատավորին պատասխանատվության ենթարկել դատավարական և նյութական կոպիտ սխալի համար: Սխալն այստեղից է գալիս, որովհետև այդ հնարավորությունն այսօր չարաշահվում է: Մենք նախկին իշխանության ժամանակ ՄԻԵԴ-ում երկու դատավորի գործ ենք ունեցել՝ Անահիտ Սաղաթելյանի և Սամվել Մնացականյանի գործերը: Վերջինիս լիազորությունները դադարեցնելու առիթով փաստաբանները գործադուլ արեցին: Նրա լիազորությունները դադարեցնելը պատճառաբանվել էր, որ ենթադրաբար վատ է պատճառաբանել կալանքից ազատելու որոշումը, մինչդեռ այդ քաղաքացուն հետագայում արդարացրին: Բայց այսօր շատ մեծ քանակությամբ են վարույթներ հարուցվում, համակարգային խորը ճգնաժամ է, գուցե այդ է պատճառը, որ իրավաբանների համայնքից համարժեք հակազդեցություն չի լինում: Միակ հույսը մնացել է Եվրոպական դատարանը:

ԲԴԽ-ում, անշուշտ, ծանոթ են ՄԻԵԴ-ի քննած գործերին, որոնք արդեն ներկայացրիք, ո՞րն է նրանց երաշխիքը, որ շարունակում են նույն սխալները կրկնել:

Երաշխիքն այն է, ինչին ապավինում են բոլոր ժամանակների իշխանությունները՝ ժամանակը: ՄԻԵԴ-ում բողոքների քննությունը երկար է տևում, սովորաբար՝ 9-10 տարի, բայց վստահ եմ, որ այս գործերին առաջնահերթություն կտրվի: ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի գործին արդեն առաջնահերթություն է տրվել, բայց դրա համար էլ հերթ է: Այդուհանդերձ, լավ աշխատելու դեպքում առնվազն 3-4 տարի կտևի: Հույսներն այն է, որ Եվրոպական դատարանը 10 տարի հետո մինչև որոշում կայացնի, իրենք այդ ժամանակ չեն լինի: Դատավորների գանգատները ՄԻԵԴ-ը, կարծես, միացրել է մեկ վարույթում, եթե կրկվող գործեր են՝ դատարանը տեսնում է, որ համակարգային խնդիր կա: Իհարկե, ցանկալի է, որ այս ընթացքում Կառավարությունն, այսպես ասած, ընդունի իր մեղքը, որովհետև այս գործերով դիմադրելու որևէ հնարավորություն չունի: Բայց հարցը կարող է դեռ քաղաքական դաշտ մտնել, օրինակ, հարցն ընդգրկել ԵԽԽՎ-ի նիստի օրակարգ և այլն, կարող են զեկույց պատրաստել դատական իշխանության վերաբերյալ: Եվրոպայի մասնագիտական շրջանակներում ներառել էին իրենց օրակարգում, Դատավորների եվրոպական միությունը տարեկան համաժողովի ժամանակ բավականին կոշտ հայտարարություն ընդունեց:

Վենետիկի հանձնաժողովի 2019թ.-ի զեկույցում քննադատվել է, որ դատավորները ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելու հնարավորություն չունեն: Պնդել են, որ մեղադրվող դատավորները պետք է կարողանան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումը վերադաս՝ Վճռաբեկ դատարանում։ Այս առաջարկությունը Հայաստանը չի իրականացրել։ Ասվում է, որ Արդարադատության նախարարությունն այս հարցով փոփոխություններ է նախաձեռնել օրենսգրքում, ծանո՞թ եք նախագծին։

ՀԲ-ի վերջերս հրապարակած զեկույցում, նշվում է, որ ԲԴԽ-ի որոշումը բողոքարկելու հնարավորությունը չկա: Այս բոլոր գործերը ՄԻԵԴ-ում շահելու են նաև այն հիմքով, որ դատավորները բողոքարկելու հնարավորություն չունեն: Դրա վերաբերյալ առնվազն երկու դատական ակտ կա ընդդեմ Հայաստանի՝ Անահիտ Սաղաթելյանի և Սամվել Մնացականյանի գործերով, որտեղ նշվում է այդ մասին: Իշխանությունը պատրաստած նախագիծը Վենետիկի հանձնաժողովը կոմպրոմիսային տարբերակով ընդունել է: Կառավարությունը ներկայացրել է նախագիծ՝ ԲԴԽ-ի ներսում երկրորդ պալատ ստեղծելու մասին: Հասկանալի է, որ երկրորդ պալատն առաջին պալատի շարունակությունն է լինելու, որովհետև այստեղ հավասարակշելու մեխանիզմները չեն աշխատում: Համակարգը դեռ չկա, նույնիսկ եթե ստեղծեն՝ չի նշանակում, որ դա փակելու է հարցը, որովհետև Վենետիկի հանձնաժողովն ասել է՝ դատավորներին պետք է հնարավորություն տրվի ԲԴԽ-ի որոշումը բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանում:

Կարգապահական վարույթների հարցերով ԲԴԽ-ն սկսել է նմանվել գործադիր իշխանության: Ցավալի է այս ամենը, բայց, կարծում եմ, սա ժամանակավոր երևույթ է, միայն թե շատ մարդիկ ծանր գին են վճարելու դրա համար: Հայաստանում մոտ 7-8 տարի նման վարույթներ չէին իրականացվել՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter