HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արամ Հարությունյանի ներկայացուցիչն ապօրինի գույքի գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 6-ին շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։

Գործում երրորդ անձ ներգրավված «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց դիրքորոշում՝ հայցի հիմքի փոփոխության վերաբերյալ, որը նախորդ նիստին դատարանը թույլատրել էր։

Վերջինիս դիրքորոշման մեջ ներառված էր «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի արխիվացված փաստաթղթերի ուսումնասիրությունը և վերլուծությունը։ Ըստ Հովհաննիսյանի՝ հայցվորի ներկայացրած տեղեկություններից իրականությանը համապատասխանում է միայն այն, որ 1994 թվականին, երբ Արամ Հարությունյանը նշանակվել է «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի տնօրեն, նրա աշխատավարձը կազմել է 5000 դրամ։ Սակայն Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ հետագայում Արամ Հարությունյանի ամսական աշխատավարձը բարձրացել է, և կազմել է առնվազն 10 հազար դրամ, ինչը կրկնակի անգամ ավելին է, քանի դատախազի կողմից ներկայացվածը՝ 5000 դրամի հաշվարկով։

Ի պատասխան Արամ Հարությունյանի աշխատավարձի հաշվարկների արդյունքներին՝ դատախազն ասաց, որ եկամուտներից պետք է հանել նաև ծախսերը։ «Ինչքանո՞վ է հնարավոր, որ անձը միայն եկամուտներ ստացած լինի և որևէ ծախս բացարձակապես արած չլինի, այդ հաշվարկը ինչքանո՞վ է ողջամիտ և տրամաբանական»,- ասաց դատախազը։ 

Լեռնիկ Հովհաննիսյանը անհեթեթ համարեց հայցվոր կողմի այն պնդումը, թե Արամ Հարությունյանը և իր կինը 1994 թվականի դրությամբ՝ դրամական միջոցներ չեն ունեցել։ Փաստաբանը օրինակեր բերեց՝ հիմնավորելու, որ հնարավոր չէր, որ որևէ դրամական միջոց չունենար Հարությունյանը։ Փաստաբանի խոսքով՝ Հարությունյանը որևէ դրամական միջոց չունենալով՝ չէր կարող նշանակվել մի ընկերության տնօրեն, որը տասնյակ միլիոնավոր դրամների շահույթ էր ապահովում։

Հովհաննիսյանը հիշատակեց նաև այն փաստը, որ Արամ Հարությունյանը 1999-ին ընտրվել է պատգամավոր։ Ըստ նրա՝ 1990-ականներին պաշտոնյա դառնալու համար հեղինակություն, աշխատանքային կենսագրություն են ունեցել և եղել են կայացած անհատներ՝ ի տարբերություն ներկայիս պաշտոնյաների։ 

«Հետևաբար հայցվոր կողմը տիրապետել է իմ կողմից ներկայացված տեղեկությանը, սակայն թաքցրել է դատարանից՝ հայցի շինծու հիմքեր ստեղծելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը հորդորեց «անհեթեթ» բառը չօգտագործել, քանի որ «պետական մարմնի ներկայացուցիչն է գնահատական տալիս երևույթին»։ 

Արամ Հարությունյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն առարկեց դատախազի այս հայտարարության դեմ՝ նշելով․ «Պետական մարմնով ճնշելու փորձերը թող թարգեն էստեղ։ Կարող է ասել՝ մարդ է գրողը, հարգանք ունեցե՛ք և մի՛ օգտագործեք նման բառ։ Ի՞նչ է նշանակում, որ պետական մարմնի ներկայացուցիչն է»։

Իսկ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ բառն օգտագործելուց առաջ բառարանային իմաստը նայել է, և այդ բառը չունի բացասական իմաստ։

Դատավոր Կարապետ Բադալյանն ընդունեց Լեռնիկ Հովհաննիսյանի պնդումը, սակայն այնուամենայնիվ առաջարկեց բառերն ընտրելուց զգույշ լինել՝ հաշվի առնելով, որ այն կարող է տարբեր կերպ ընկալվել։

Հովհաննիսյանը անդրադարձավ նաև հաջորդ դրվագին, որտեղ, ըստ նրա, առանց որևէ փաստական հիմնավորման և հաշվարկի դատախազությունը միջնորդության մեջ արձանագրում է, թե Արամ Հարությունյանը 4 մլն 570 հազար դրամ ընդհանուր արժեքով 457 բաժնետոմս ձեռք բերելու համար «Ինկոմսպասարկում» ընկերությունում ներդրել է 10 հազար դրամ և 297 հատ սերտիֆիկատ, որոնց մեկ հատի արժեքը եղել է 20 հազար դրամ, այսինքն՝ ընդհանուր 5 մլն 950 հազար դրամ է ներդրել։

Հովհաննիսյանը հաշվարկներ էր կատարել և եկել այն եզրահանգման, որ 457 բաժնետոմսի փոխարեն Արամ Հարությունյանը 595 հատ բաժնոտոմսի գումար է վճարել, ինչը առնվազն անտրամաբանական է։ «Քանի որ հարց է ծագում, թե Արամ Հարությունյանը ինչու պետք էր 4 մլն 570 հազար դրամի համարժեք բաժնետոմսերի դիմաց 5 մլն 940 հազար դրամի համարժեք սերտիֆիկատով վճարեր և դրանից բացի՝ նաև 10 հազար դրամ վճարեր»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հիշատակեց դատախազության միջնորդությությունը և ասաց, որ առանց վերոնշյալ թնջուկը բացահայտելու՝ դատախազությունը Արամ Հարությունյանին պատկանող բաժնետոմսերից օրինական է համարել միայն 4,43%-ը։ 

Դատախազը, արձագանքելով այս պնդմանը, հարցրեց․ «Տեղյա՞կ եք, որ կա բաժնետոմսի անվանական և շուկայական արժեք։ Այս պարագայում արդյոք շուկայական արժեքը մշտապես համընկնում է բաժնետոմսի անվանական արժեքին։ Եվ եթե ոչ, արդյոք հնարավոր չէ, որ 457 բաժնետոմս ձեռք բերի անձը և դրա համար վճարի 5 մլն 950 հազար դրամ։

Հովհաննիսյանն ասաց, որ հայցվոր կողմի փոխարեն հաշվարկներ է արել։

«Հայցվոր կողմը ուսումնասիրության ժամանակ որոշակի փաստեր է արձանագրել, բայց այդ փասերը ոչ թե փոխկապակցված են մյուս փաստերին, այլ ներկայացված են առանձին ձևով։ Օրինակ՝ վճարել է էսքան, բայց ինչի՞ դիմաց է վճարել․ 457-ի դիմաց է վճարե՞լ, թե՞ 595-ի»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արամ Հարությունյանն ի սկզբանե բաժանորդագրվել է, իսկ ձեռք բերելն ու բաժանորդագրվելը տարբեր հասկացություններ են։

Արամ Հարությունյանը «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի զգալի մասը ձեռք է բերել սերտիֆիկատների միջոցով։ Սերտիֆիկատների անվանական արժեքը դատախազությունը նշում է, որ 20 հազար դրամ է եղել, սակայն փաստաբանի խոսքով՝ դրանք արժեցել են 1000-1200 դրամ։

Դատախազը հարցրեց, թե կա՞ արդյոք որևէ փաստաթղթային հիմք, որ սերտեֆիկատն արժեցել է 1000 դրամ։ Հովհաննսիյանն ասաց, որ ապացույցների ներկայացման փուլում կբերի փաստեր։

Հովհաննիսյանը հայտնեց, որ եթե ստացվի, թե Արամ Հարությունյանը օրինական միջոցներով է ձեռք բերել «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, ապա այդ դրվագով և մյուս դրվագներով ներկայացված պահանջները դոմինոյի էֆեկտով ենթակա կլինեն մերժման։ Քանի որ այս ամբողջ գործի հիմքը այն է, որ ըստ դատախազության՝ 1994 թվականին Արամ Հարությունյանը չի ունեցել բավարար միջոցներ՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար։

Հաջորդիվ Արամ Հարությունյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդություն՝ հայցային վաղեմության հիմքով դատախազության ներկայացրած հայցը մերժելու մասին։ Օրբելյանի միջնորդությունը հիմնված էր Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության վերաբերյալ ընդհանուր նորմերի վրա, որոնց համաձայն՝ ժամկետը 3 տարի է։

Ըստ Օրբելյանի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին։ Տվյալ դեպքում, ըստ Արամ Օրբելյանի, գործով ներառված բոլոր գույքերի ձեռքբերման վերաբերյալ հայցվոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը ունեցել է այդ տեղեկատվությանը տիրապետելու բոլոր անհրաժեշտ լծակները, և դրանցից բարեխղճորեն օգտվելու դեպքում՝ առավել վաղ կարող էր իմանալ օրինական եկամուտներով ենթադրյալ չհիմնավորվող գույքի ձեռքբերման և իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին։

«Ուստի այս գործով ենթակա է կիրառման հայցային վաղեմություն՝ մինչև 2018 թվականը ձեռք բերված գույքերի և դրանցից ստացված եկամուտներին առնչվող պահանջների նկատմամբ»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդող ժամանակահատվածի համար ապօրինի դիտարկվող գույքը ամբողջությամբ կապված է նախկինում ձեռք բերված գույքերի հետ։

Դատախազ Սիրո Ամիրխանյանը հայտնեց, որ Քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության ժամկետը սահմանում է 3 տարի, սակայն նույն օրենսգրքով սահմանվում է, որ պահանջների որոշ տեսակների համար կարող են սահմանվել կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ։

Նրա խոսքով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վերաբերյալ օրենքի հիման վրա է այս հայցը, և այս գործում կիրառելի են այդ օրենքով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետները։ Իսկ ըստ այդ օրենքի՝ հայցային վաղեմությունը վերաբերում է ուսումնասիրության ժամկետներին։ Այն կարող է տևել առավելագույնը 3 տարի։ «Պետք է նշեմ, որ սույն գործով ուսումնասիրությունը սկսվել է 2020թ․ հոկտեմբերի 7-ին, և դատախազության կողմից ներկայացվել է հայցը 2021թ․ դեկտեմբերի 13-ին։ Հետևաբար՝ դատախազության կողմից պահպանվել է օրենքով սահմանած 3-ամյա ժամկետը՝ հայցադիմումը ներկայացնելու հետ կապված»,- ասաց դատախազը։

Սակայն Օրբելյանի համոզմամբ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում ներառված հայցային վաղեմության մասին կարգավորումը որևէ կերպ չի բացառում ընդհանուր հայցային վաղեմության ինստիտուտի կիրառումը։

Միջնորդության վերաբերյալ ապացուցման պարտականության ժամկետ դատարանը պատասխանողի ներկայացուցչին սահմանեց մինչև հուլիսի 17-ը։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ դատախազությունը Արամ Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

  • Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,
  • Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը, 
  • Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,
  • Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,
  • Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,
  • Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,
  • «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,
  • «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս
  • «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,
  • 8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ
  • 1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը
  • 275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,
  • 198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,
  • 55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,
  • 272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Արամ Հարությունյանի փեսայից՝ Արշակ Ջավադյանից, բռնագանձել՝

  • Երևանի Ուլնեցու փողոց 50/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 555 մլն 252 հազար դրամ։

Կարդացե՛ք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter