HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 տարի խմելու ջուր չունեցող Թլիկ գյուղին խոստացել են աջակցել ջրի որոնման հարցում, եթե ավազի շահավետ պաշարներ գտնեն գյուղում

Հայ-թուրքական սահմանին գտնվող եւ 1993 թվանակից խմելու ջուր չունեցող եզիաբնակ Թլիկ գյուղի բնակիչներին երեւանյան «Դահա» ընկերությունը խոստացել է զբաղվել ջրի ապահովման հարցով, եթե գյուղում շինարարական ավազի պաշարների ուսումնասիրման թույլտվություն ստանա եւ շահավետ պաշարներ հայտնաբերի։ Այս խոստումը թլիկցիները լսել են ընկերության ՇՄԱԳ հայտի հանրային քննարկմանը:  

2022 թ․ մայիսին հիմնադրված «Դահա» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի շինարարական ավազների հանքերեւակման տեղամասում ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել 2023-2024 թթ., ինչի համար պետք է համապատասխան թույլտվություն ստանա։ Դրա համար ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ:

Ուսումնասիրությունների համար դիտարկվող տարածքը մոտ 26 հա է, այն գտնվում է Թլիկի բնակելի հատվածից մոտ 1 կմ արեւելք։ Որոնողական աշխատանքների արդյունքում պետք է պարզվի, թե արդյոք ավազը, խիճն ու կոպիճը որակական հատկանիշներով պիտանի են որպես հումք շինարարական աշխատանքների համար։

Հատկանշական է, որ «Դահա» ՍՊԸ-ն նախկինում չի ունեցել ընդերքօգտագործման իրավունք եւ չի համագործակցել այլ ընդերքօգտագործողների հետ։

Ըստ հայտի՝ ուսումնասիրությունների ընթացքում բնական ռեսուրսներից օգտագործվելու է միայն ջուր՝ սպասարկող անձնակազմին խմելու ջրով ապահովելու, կենցաղային կարիքների, ինչպես նաեւ փոշենստեցման նպատակով՝ փորվածքները եւ ավտոճանապարհները ջրելու համար։ Հետախուզական աշխատանքների ժամանակ արտադրական նպատակներով ջուր չի կիրառվելու: Նշվում է, որ խմելու ջուրը ձեռք է բերվելու շշալցված տարբերակով մոտակա խանութից, իսկ տեխնիկական ջուրը մատակարարվելու է ջրցան մեքենայով։

ՇՄԱԳ հայտում «Դահան» նշել է, որ աշխատանքներում հնարավոր է ներգրավվեն Թլիկ, Գետափ, Անիպեմզա եւ այլ հարակից բնակավայրերի բնակիչներ:

Ըստ հայտի՝ «Դահան» նախատեսում էր հետախուզական աշխատանքներն սկսել 2023 թ․ 2-րդ եռամսյակում (ապրիլ-հունիս), որն արդեն անցել է, եւ ավարտել 2024 թ. 2-րդ եռամսյակում։

Համաձայն պետռեգիստրի տվյալների՝ «Դահա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ․ մայիսի 5-ին Երեւանում։ Ընկերության 50 տոկոսը պատկանում է Անի Սաֆարյանին, որը նաեւ տնօրենն է, 25-ական տոկոս՝ Հովհաննես Կարապետյանին եւ Արման Կանդիլյանին։ Բոլորը երեւանցիներ են:

Աշխատանքների ֆինանսավորումն ընկերությունը նախատեսում է իրականացնել հիմնադիրների համատեղ ներդրումներով, իսկ աշխատանքների կազմակերպումը՝ կապալառու ընկերությունների միջոցով։

Ընկերության 25 տոկոսի փայատեր, երկրաբան Հովհաննես Կարապետյանը Թլիկում կազմակերպված հանրային քննարկմանը նշել է, որ իրենց հայցած տարածքը խորհրդային տարիներին եւս ուսումնասիրվել է, սակայն ռեկուլտիվացիա չի կատարվել, ու հարակից գյուղերի բնակիչներն օգտվել են ավազի պաշարներից։ Սրան ի պատասխան՝ Թլիկի վարչական ներկայացուցիչ Սլավիկ Սալոյանն ավելացրել է, որ 2013-ից հետո արգելվել է օգտվել պաշարներից։

Թլիկցիները բարձրացրել են ջրի հարցը, իսկ Հ. Կարապետյանը նշել է, որ դրա լուծումը բխում է թե՛ ընկերության, թե՛ գյուղի շահերից։ Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է հիդրոերկրաբանական եւ ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններով պարզել ամենամոտ կետը, որտեղից հորատման եղանակով հնարավոր է ջուր ստանալ։

Թլիկի բնակիչ, գյուղի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ բնակիչները մեծամասամբ տեղյակ չեն եղել հանրային լսումներից, եւ դրանց միայն երկու հոգի է մասնակցել, որոնցից մեկն է կողմ արտահայտվել նախագծին։ Մստոյանը բացասաբար է վերաբերվում հետագա հնարավոր արդյունահանմանը, ասում է՝ բարձացված փոշու պատճառով վնասներ կկրեն անասնապահությունն ու գյուղատնտեսությունը։

Արեւուտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ փոշի չի բարձրանալու։ «Եթե լվացած ավազ պիտի դուրս գա, փոշի դուրս չի գալու։ Ամբողջ Արարատյան դաշտավայրը լվացովի ավազ ա, լվացովի ավազից որտեղի՞ց ա փոշի դուրս գալիս»,- հակառակն է պնդում Օսեյանը։ Միաժամանակ ավելացնում է, որ Թլիկը բարդ խնդիրների առաջ է, ընկերությունից խոստացել են ներդրումներ անել եւ օգնել, եթե արդյունահանման իրավունք ստանան։

Թե ինչով է պայմանավորված Թլիկի շինարարական ավազների հանքերեւակման տարածքի ընտրությունը, «Դահա» ՍՊԸ-ի փայատեր ու տնօրեն Անի Սաֆարյանը «Հետքին» ասում է, որ երկրաբաններն են նման խորհուրդ տվել։

Հարցին, որ եթե արդյունահանման իրավունք ստանան, արդյոք լուծելու են Թլիկի ջրի խնդիրը, Սաֆարյանը պատասխանում է․ «Իհարկե: Երբ ուսումնասիրենք, հայտնաբերենք ավազի հանքավայր այդ տարածքում եւ այնպիսի պաշար, որ ընկերությունը կհամարի շահավետ շահագործման համար, այդ դեպքում իր պատրաստակամությունը կհայտնի աջակցելու համայնքին ջրի հարցում։ Քանի որ դա շահավետ է եւ՛ ընկերությանը, եւ՛ համայնքին»։

«Դահա» ՍՊԸ-ի ՇՄԱԳ հայտի հանրային լսումների երկու փուլերն էլ կայացել են, եւ ընկերությունը մայիսին ՇՄՆ-ի կողմից ստացել է դրական եզրակացություն, այսինքն՝ նախարարությունը կանաչ լույս է վառել ընկերության առաջ՝ ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու ճանապարհին։

Թլիկի լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, 2017 թ. նոյեմբեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter