HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ինչո՞ւ է Սևանից այդքան շատ ջուր բաց թողնվում

Այն հարցին, թե ինչու են Սևանի համար հատուկ գրված օրենքով թույլատրված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն Սևանից նախատեսում բաց թողնել ևս 150 միլիոն, հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը պատասխանեց, որ Սևանա լճից, Ապարանի և Ազատի ջրամբարներից պետք է 504 միլիոն ջուր բաց թողնվի շուրջ 80 հազար ջրօգտագործողների տնտեսությունները ոռոգելու նպատակով:

Յ.Ջավադյանը նպատակահարմար է համարում կառավարության այդ նախագիծը, քանի որ երաշտի պատճառով բազմաթիվ ցանքատարածություններ վտանգի են ենթարկվել, և այն մարդիկ, ովքեր Արարատյան դաշտավայրում տնտեսություն ունեն:

Յ.Ջավադյանը պարզաբանեց նաև, թե ինչու է Սևանա լճի մակարդակը իջնում. անցած տարվա նոյեմբերը չոր է եղել, և ձմռանը տեղացած առատ ձյունը գարնանը հալվելուն պես անմիջապես ներծծվել է հողի մեջ և այդ պատճառով չի հասել ջրամբարներ և Սևանա լիճ:

Այս երևույթին բոլորվին այլ բացատրություններ են տալիս «Էկոլոգիական հասարակական դաշինքի» փորձագետները:

Քնարիկ Հովհաննիսյանի դիտարկմամբ, երաշտը և ոռոգման ջրի բացակայությունը ոչ մեկին չհամոզող պատճառաբանություններ են: Նրա խոսքերով` այս տարի սնկի ու խոտի տարի է, որոնք երաշտի դեպքում չէին լինի, երկրում ջրի պակաս չկա, տեղումները նույնիսկ այս ամիս են հաճախ լինում, իսկ արագ ձնհալի հետևանքով ջուրը չէր կարող ամբողջությամբ ներծծվել սարերի պինդ հողի մեջ, ընդհակառակը, ավելի շուտ կհասներ լճերին:

Ցանքատարածությունները չեն ավելացել, կա 30 հազար հեկտար չմշակված հող, ջրապահանջ կուլտուրաներ չկան, ջրաբանական առումով այս տարին մնացած տարիներից չի տարբերվում, իսկ Արարատյան դաշտավայրում իրոք այսքան շատ ջուր դեռ չէին տեսել, սակայն այն չի հասնում հասարակ ֆերմերներին. նրանցից նախօրոք են պահանջում օգտագործվելիք ջրի վարձը: Փոխարենը բողոքելու առիթ չունեն հսկայական ձկնաբուծարանները, որոնց տերերը մաքուր ջրի համար ոռոգման ջրի էժան սակագինն են վճարում:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ջրամբարներից բաց թողնված ջրի միայն 20%-ն է հասնում մինչև Արարատյան դաշտավայր. արժե՞ ընդամենը 30 միլիոն խմ ջրի համար Սևանից 150 միլիոն խմ վերցնել:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը հավելեց, որ Սևանի մասին որոշումը դեռ չհաստատված` մայիսի 1-ից արդեն սկսել էին մեծ քանակությամբ ջուր բաց թողնել, այնինչ սովորաբար հունիսի կեսերից են սկսվում ոռոգման աշխատանքները:

«Էկոլոգիական հասարակական դաշինքի» համկարգող Սիլվա Ադամյանը այս ամենը կապում է Սևանա լճի ափամերձ շինությունների գոյությունը չվտանգելու հետ: Նրա խոսքերով` դեռ շարունակվում են կառուցվել ափամերձ հանգստի գոտիներ. Նշանակում է` կառուցողները վստահ են, որ իրենց եկամտաբեր շինությունները չեն հայտնվի ջրի տակ, քանի որ Սևանի մակարդակը չեն թողնի բարձրանա:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողողյանը Սևանի ափամերձ շինությունների տերերին առաջարկում է հետևել Պիկասոյի տան օրինակին, որի առաջին հարկը գտնվում է ջրի մեջ, իսկ երկրորդը` ջրից դուրս. այդպիսով տան հյուրերը հնարավորություն ունեն ապակե առաստաղից հետևել ստորջրյա զարմանահրաշ աշխարհին:

Հիշեցնենք, որ պետական ծրագրի համաձայն մինչև 2029 թվականը նախատեսվում է Սևանա լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, տարեկան 20 սմ-ով: Իսկ ափամերձ հանգստի գոտիները... Դրանց տերերը կթողնե՞ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter