HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխոստիկանապետ Մհերյանի սպանության գործի նախաքննությունը կարծես միտումնավոր ձախողվել է

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մաֆիան սպանել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց տիրապետած տեղեկատվությունից.  ծառայողական գործունեությունից ու հնարավոր բացահայտումներից վտանգ է զգացել: Հիշենք այդ սպանություններից մի քանիսը. 2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված պայթուցիկ սարքի պայթյունից սպանվեց ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ, պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանը:

2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս, ավտոմեքենայի նստատեղի տակ դրված պայթուցիկ սարքի գործարկմամբ սպանվեց ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Շահեն Հովասափյանը:

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը:

 Կարծում ենք, մաֆիայի դերակատարության հետևանքով է նաև, որ վերոնշյալ սպանություններից որևէ մեկն առ այսօր չի բացահայտվել: Սպանության ժամանակ Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալուց հետո փետրվարի 5-ին շտապ հրավիրելով Անվտանգության խորհրդի նիստ, ասաց. «... Ձեզ ինչ օժանդակություն է անհրաժեշտ, որովհետև ակնհայտ է, որ այս ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց: Ցա՛վ, վրդովմունք, վիրավորանք, որովհետև ոճրագործների գնդակը ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլև մի ողջ համակարգի դեմ, ողջ ոստիկանության դեմ, ողջ դատաիրավական համակարգի դեմ, և անկախ դրդապատճառից` մենք այդպես պետք է ընդունենք: Գևորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացման համար պայքարին, և սա էլ մենք պետք է գիտակցենք, պետք է գիտակցենք և համարժեք պատասխան տանք, սա պետք է գիտակցենք, և մեր գործողությունները պետք է բխեն նաև այս հանգամանքից»:

 Նրանք, ում ուղղված էր նախագահի վերը բերված հորդորը, անտեսեցին այն: Գ. Մհերյանի սպանության կապակցությամբ տողերիս հեղինակի նախկին հրապարակումներում («Հայացք» շաբաթաթերթ, 11.02.2011 թ., 25.02.2011 թ.) արդեն ներկայացվել ու հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի սպանության գործի նախաքննությունը կատարվել է թերի, որոշ հարցերում դրսևորվել է նախաքննության շահերին հակասող անգործություն: Սպանվածի հայրը` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանը, տիրապետում է նաև այլ փաստերի: Որդու սպանության վարկածները տարբեր են: Օրինակ, դրանցից մեկը կապված է անձնագրերի հետ:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանը դիմել է այն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին հետևյալ գրությամբ. «ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պետրոսի Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ հանձնարարել տրամադրել 2007-2008 թ.թ. ՀՀ քաղաքացու անձնագրերի գնման գործընթացի վերաբերյալ ողջ փաստաթղթերը»:

«Այս փաստաթղթին պատասխան չկա,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մհերյանը:- Ոչ մեկը չի պատասխանում` կա՞ արդյոք այս թղթի պատասխանը, թե ոչ, չէ՞ որ իմ տղան զբաղվել է անձնագրերով, ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության գործունեությունն ինքն էր համակարգում»:

 Տեղեկացնենք, որ Գ. Մհերյանի աշխատասենյակի զննությամբ գրասեղանի հորիզոնական 2-րդ դարակից հայտնաբերվել է նաև թղթապանակ` «Անձնագրեր և վիզաների վարչություն» գրառմամբ, որում առկա են եղել զեկուցագրեր, դիմումներ, գրություններ, անձնագրի պատճեններ: Հետաքրքիր է` ո՞ւմ անձագրի կամ անձնագրերի պատճենների մասին է խոսքը: Աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ 03.02.2009 թ. արձանագրության մեջ ինչո՞ւ չի նշված այդ պատճենների քանակը, անձնագրի տիրոջ կամ անձնագրերի տերերի անուն ազգանունը, երբ նույնիսկ աշխատասենյակում գտնվող սառնարանում եղած «Բյուրեղ» տեսակի սեղանի ջրի շշերի քանակն է նշված` յոթ շիշ, ինչպես նաև էլեկտրական թեյնիկում գտնվող անգույն հեղուկի (ըստ ամենայնի` ջրի) մոտավոր ծավալը` թեյնիկ կեսի չափ, և ջերմաստիճանը` սենյակային ջերմաստիճանին մոտ:

Ի՞նչ է նշանակում այս ամենը` միտում, անփութությո՞ւն… Թող իրենք պատասխանեն, այս և վերը բերված  հարցերն ուղղված են ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակի զննումն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննիչ Ա. Ժ. Վարդանյանին ու նրա վերադասին` ՀՔԾ-ի պետին, նշված զննությանը մասնակցած և հիշյալ արձանագրության տակ ստորագրած նույն ծառայության ՀԿԳ քննիչներ Ս. Տոնոյանին և Վ. Ջանազյանին, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանին: 

Ի դեպ, ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև անձնագրերի և վիզաների վարչության վերաբերյալ ևս երկու թղթապանակ: Թե դրանցից մեկում ինչ է եղել, ոչինչ նշված չէ, իսկ «Անձնագրերի և վիզաների վարչություն» գրառմամբ մյուս թղթապանակի առնչությամբ ընդամենը նշված է, որ դրանում առկա են եղել փաստաթղթեր:

Պակաս հետաքրքիր չէ այն հարցի պատասխանը, թե Գ. Մհերյանն այդ անձնագրի կամ անձնագրերի հետ կապված այդ ի՞ նչ է հայտնաբերել, որ անհրաժեշտ է համարել պատճենահանել կամ պատճենները ձեռք բերել ու պահել իր աշխատասենյակի գրասեղանի դարակում գտնվող թղթապանակում:

Կա նաև մեկ այլ փաստաթուղթ` ուղղված արդեն Ա. Միրզոյանին: 2009 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը (այժմ` ՀՀ ոստիկանապետի տեղակալ) դիմելով ՀՔԾ-ի պետին, հայտնել է, որ մանրամասնորեն ուսումնասիրվել է Գ. Մհերյանի աշխատավայրից տուն վերադառնալու ուղին, «ճշտվել են առկա տեսախցիկները, դրանցով տարվել են համապատասխան աշխատանքներ, սակայն ֆիքսել կասկածելի անձինք կամ ավտոմեքենաներ, չի հաջողվել»: Չի՞ հաջողվել… Նախկին «Գալաքսի» սուպերմարկետի արտաքին տեսախցիկով նկարահանվածո՞ւմ էլ կասկածելի անձ չկա…

 «Դեպքից 3 ամիս հետո ես հարցրել եմ Հեկտոր Սարդարյանին` վերցրե՞լ եք արդյոք տղայիս անցած ճանապարհին գտնվող տեսախցիկների տեսանյութերը: Պատասխանը եղել է` ոչ, անփութություն է: Եթե անփութություն է, ուրեմն, առաջին հերթին, ինքն իր տեղում չէ: Ասել է նաև` գնա անվտանգությունից հարցրու, ես չեմ կարող ոչինչ անել: Եթե գործով զբաղվող քննիչն ինքն էր, ինչպե՞ս չէր կարող, ե՞ս էի անելու այդ ամենը: Իսկ հետո` այդ զրույցից 6-7 ամիս անց, հայտնվել է փաստաթուղթ, ըստ որի, առկա տեսախցիկներով տարվել են համապատասխան աշխատանքներ, սակայն ոչ մի կասկածելի բան չի ֆիքսվել: Բայց չկա փորձաքննությունը, հետաքրքիր է` ո՞վ է փորձագետը, որը ստուգել է և տվել եզրակացություն: Չկա այդ եզրակացությունը: Ընդհանրապես, ո՞վ է այդ եզրակացությունը տալիս` փորձագե՞տը, թե ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյա: Արդյոք պաշտոնյայի բարեկամը չէ՞ր հետևում տղայիս, եթե այդ փաստաթուղթն առանց փորձագետի եզրակացության է ներկայացվում: Ես անցել եմ տղայիս անցած ճանապարհով, և այդ ճանապարհին, իմ հաշվով, 15-20 տեսախցիկներ կային, որոնք կնկարահանեին մեքենան: Ո՞Ւր են այդ տեսախցիկների նկարահանած նյութերը»,-հարցնում է Պետրոս Մհերյանը:

ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանին ուղղված 29.12.2009 թ. հիշյալ գրությունում կա, թերևս, առավել ուշագրավը. «Տարվել և այժմ էլ շարունակվում են աշխատանքները էլեկտրոնային երկու կրիչների առկայության, դրանց հնարավոր հափշտակման հանգամանքները պարզելու ուղղությամբ, որը դեռևս դրական արդյունք չի տվել»:

Վերը նշվածը կարող էինք զավեշտալի համարել, եթե չափազանց տխուր չլիներ: Բանը հասնում է նույնիսկ անհեթեթության. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ Հ. Պողոսյանը դիմելով ՀՔԾ-ի պետին, նրան հայտնել է նաև, որ տարվել և այժմ էլ շարունակվում են աշխատանքները էլեկտրոնային երկու կրիչների («ֆլեշների») առկայության հանգամանքը պարզելու ուղղությամբ, այսինքն` կասկածի տակ է դրվում, թե Գ. Մհերյանն ընդհանրապես ունեցե՞լ է տեղեկատվության էլեկտրոնային կրիչ: Եվ սա` այն դեպքում, երբ դրանից 10 ամիս առաջ հենց իր վերադասի` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի, ինչպես նաև ՀՔԾ-ի երեք ՀԿԳ քննիչների ստորագրած աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունում սևով սպիտակի վրա գրված է նշված կրիչներից մեկի հայտնաբերման և առգրավման մասին (ի դեպ, այդ կրիչը հայտնաբերվել է հիշյալ գրասեղանի հենց այն դարակից, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «Անձնագրեր և վիզաների վարչություն» գրառմամբ թղթապանակը):

Այս պարագայում էլ ի՞նչ խոսք կարող է լինել էլեկտրոնային  երկու կրիչների առկայության հանգամանքը պարզելու մասին, երբ այդ կրիչներից գոնե մեկի առկայության հանգամանքը պարզված էր արդեն ու պարզելու բան չկար:

Ինչ վերաբերում է կրիչների հնարավոր հափշտակման հանգամանքը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակելուն, ապա, բնականաբար, հարց է առաջ գալիս, թե ինչ հափշտակության մասին է խոսքը, Ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ և ո՞ւմ կողմից: Նկատի ունենանք, որ դրանք միկրոսկոպիկ մարմիններ չէին, որ կորեին ու չգտնվեին, և կամ ո՞ւր պետք է կորեին ՀՀ ոստիկանությունում կամ քր. գործի նախաքննությունը որոշ ժամանակ իրականացրած ՀՔԾ-ում:

Ինչպե՞ս հասկանալ կամ մեկնաբանել այս ամենը: Եվ սա` այն դեպքում, երբ հիշյալ կրիչը, ի թիվս Մհերյանի աշխատասենյակից հայտնաբերված և առգրավված այլ իրերի, զննություն իրականացնողների կողմից զննության ընթացքում կամ ավարտին փաթեթավորվել ու կնքվել է ՀՔԾ-ի փաթեթների համար նախատեսված թիվ 10 կամ 20 կլոր կնիքով և ստորագրվել նաև զննմանը մասնակցած ընթերակաների կողմից: Ընդգծենք, որ շատ սահմանափակ թվով մարդիկ են իրավասություն ու հնարավորություն ունեցել այդ կրիչին առնչվելու, այսինքն` որոնումը, ծառայողական քննությունը մեծաթիվ անձանց շրջանակում չէ, որ պետք է իրականացվեր` հափշտակության հանգամանքը պարզելու համար:

Մեկնաբանություններ (3)

Վահե-2010
Վերից վար ենթակայություն ունեցող հանցագործ խումբը մաֆիա է կոչվում միայն այն դեպքում, երբ պետական կառավարման կարևորագույն օղակներում իր անդամներն ունի: Դատելով այս հոդվածում նկարագրածից և նմանատիպ հարյուրավոր այլ գործերից, ինչպես նաև համատարած ընտրակաշառքներով անց կացված ,,ընտրություններից,, կարելի է վստահորեն մեկ անգամ ևս փաստել.` Հայաստանում ամբողջ իշխանությունը վերից վար մաֆիայի ձեռքին է:
Marine
Apsos,eritasard ev anorinakanutyun bacahaytox pashtonya.Ayspisin e nranc trvox patasxan@ mafiayi koxmic.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրա պատճառներից մեկն էլ Հայաստանի վարչական-կառուցվածքային սխալ կամ ոչ արդյունավետ բաժանումն է: Տարբեր երկրների փորձը ցույց է տվել/տալիս,որ մաֆիան փորձում է մտնել/կապեր հաստատել ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ կառույցների մեջ/հետ-ինչքան հնարավոր է պետական բարձր մակարդակում:................................................................................................... Ինչպես արդեն գրել եմ,ես գտնում եմ,որ նաև պետականացված մաֆիայի դեմ պայքարելու համար կոգնեն հետևյալ առաջարկներս. 1.Հայաստանը բաժանել մաքսիմում 5 մարզերի,որոնք կունենան իրենց ՆԵՐՔԻՆ գործերը (այդ թվում ոստիկանությունը) կառավարելու սահմանադրական իրավունք, այսինքն,ԴԵՍԵՆՏՐԱԼԻԶԱՑԻԱ;....................2. Երևանը ԶՐԿԵԼ ՀՀ-ի միակ մայրաքաղաք լինելուց: Հայաստանի բոլոր 5 մարզերի կենտրոնները միաժամանակ հռչակել ՀՀ-ի մայրաքաղաքներ: Այսինքն, ՀՀ-ն կունենա 5 մայրաքաղաք. ք.Երևան (Արարատի մարզ), ք.Շիրակ- վերանվանված Գյումրի (Շիրակի մարզ), ք.Լոռի -վերանվանված Վանաձոր (Լոռու մարզ), ք.Կապան (Սյունիքի մարզ), ք.Գավառ? (Գեղարքունիքի մարզ):.......................3. Վերացնել ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը:.........................4. ՀՀ-ի անցում Պառլամենտային Հանրապետության. վերացնել երկրի պրեզիդենտի պաշտոնը,կամ սիմբոլիկ պրեզիդենտ կամ թագավորական տուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter