HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պորտուգալացիների նպատակն է հաղթել իսպանացիներին կամ ֆրանսիացիներին

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը 0-1 հաշվով պորտուգալացիներին պարտվելուց հետո նշել է, որ թիմը հիասթափված է, քանի որ հույս ուներ խաղալ կիսաեզրափակչում եւ տրամադրվել էր դրան: Սակայն հիասթափությունից հետո մասնագետին համակել է այն զգացումը, որ իրենք լավ են խաղացել: «Մեզ դիմակայում էր ուժեղ մրցակից, սակայն մենք կարողացանք ոչ քիչ պահեր ստեղծել: Թիմը պայքարեց մինչեւ վերջ, ինչի համար շնորհակալ եմ նրան»,- նշել է Բիլեկը:

Վերջինս հավելել է, որ հագեցրել էին պաշտպանությունը, ինչն օգնեց առաջին կեսում հետ մղել պորտուգալացիների գրոհները, սակայն երկրորդ կեսում հոգնածությունն ասաց իր խոսքը: «Եթե երկուսուկես տարի առաջ, երբ ընդունեցի թիմը, ինձ ասեին, որ դուրս ենք գալու 1/4 եզրափակիչ, չէի հավատա: Ընտրական փուլն էլ մեզ հեշտ չտրվեց: Այդուհանդերձ, ես հավատում էի թիմին, հավատում էի նրա ուժին, գիտեի, որ տղաները բարձր մակարդակ ունեն: Հիմա կարող եմ ասել, որ լիովին բավարարված եմ: Մեզ հաջողվել է մարտական ոգով բարձրակարգ թիմ ստեղծել»,- եզրափակել է չեխ մարզիչը:

Պաուլու Բենտուն էլ իր հերթին նշել է, որ պորտուգալացիները գերիշխում էին դաշտում ու ճնշում գործադրում մրցակցի վրա: Մասնագետը շեշտել է, որ չեխերի խորը պաշտպանությունը զարմանալի չէր: Ըստ նրան՝ ընդմիջմանը խաղացողներին հորդորել է ավելացնել տեմպը եւ խաղալ այնպես, ինչպես առաջին կեսի վերջին 20 րոպեներին, քանի որ այդ դեպքում էր հնարավոր շատ պահեր ստեղծել: Դե իսկ ֆուտբոլիստներն էլ արել են այն, ինչ ինքը ցանկացել է:

«Նման մրցաշարի կիսաեզրափակչում մեզ միշտ էլ սպասելու է մեծ թիմ՝ բարձրակարգ խաղացողներով ու հիանալի կազմակերպված: Մեզ համար միեւնույնն է՝ ում հետ կխաղանք»,- ասել է Բենտուն ու ավելացրել, որ հիմա կարեւորը ուժերը վերականգնելն է, իսկ նպատակը մեկն է՝ հաղթել Իսպանիային կամ Ֆրանսիային:  

Լուս.՝ uefa.com-ի

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter