HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ համար ցանկացած գրքում երկու հերոս կա՝ հեղինակը եւ լեզուն»

«Նյումեգ» հրատակչությունը լույս է ընծայել Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Վեպի սյուժեն ընդգրկում է 1918-ից մինչեւ կորոնավիրուսի համավարակի օրեր: Մենք տեսնում ենք տարբեր հասարակարգերի միջով անցած մարդուն: Վեպն իր ժանրային բազմազանությամբ, հարուստ բառապաշարով, նուրբ ու երբեմն սեւ հումորով չի թողնի ձանձրանալ մեկդարյա ժամանակագրությամբ «նավարկելիս»:

-Տիկին Հարությունյան, մի առիթով ասացիք՝ էդքան գիրք ունեք, բայց երբեք շնորհանդես չեք արել: Ինչո՞ւ։

-Նախ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Շնորհանդեսը ծնունդ անելու պես է: Հասկանալի է, որ այդ օրը մեծարման երեկոյի պես բան է դառնում։ Բայց մեր շնորհանդեսներում ե՛ւ գովասանքը, ե՛ւ վերլուծական խոսքը, ե՛ւ ներկաների կարծիքները շատ են ծայրահեղացված, երբեմն՝ գավառական լինելու աստիճան: Փառասիրության շքահանդես է։ Հեղինակներ կան, որոնք իրենց ծաղիկ տվողներով, լուսանկարիչով, ծափահարողներով ու ուռա գոռացողներով են ներկայանում, եւ նրանց էնպես են մեծարում, որ մտածում ես՝ չորրորդ Նոբելն է ստանում… Երբեմն այն դառնում է ոչ թե որպես գնահատման, շնորհակալության կամ շնորհավորանքի խոսք, այլ քծնանք: Չեմ սիրում նաեւ այն պատճառով, որ այդ շնորհանդեսներին մասնակցում են հիմնականում գրողների ընտանիքի անդամները եւ նրանց ընկերները, որոնք վաղուց ծանոթ են քո գրին: Դու նոր ընթերցող ձեռք չես բերում, անծանոթ ընթերցողներ հազվադեպ է լինում, որ մասնակցեն, հեռուստալրագրողները եւս քմահաճ են նման դեպքերում, օրը յոթ հարյուր անգամ Ալիեւի անունը կտան ու կցիտեն, մեր երկրի տաղանդավոր մարդկանց անունը ատրճանակի սպառնալիքի տակ էլ չեն արտասանի։ Հիմա նաեւ գրքի վաճառք են անում շնորհանդեսներին, ինչը նվաստացնող է ինձ համար։ Քո ընկերներին հրավիրում ես ու պարտադրում, որ գիրքդ գնեն։

-Բա ո՞նց համաձայնեցիք։

-Եսիմ, որոշեցի էս անգամ ենթարկվել հրատարակչին՝ «Նյումեգին»: Ի տարբերություն իմ իմացած մյուս շնորհանդեսների՝ սա «Նյումեգ» հրատարակչության քարոզչության բաժինն էր կազմակերպել՝ սկսած տեղեկության տարածումից մինչեւ հյուրերին հրավիրելը։ Մինչդեռ, որպես կանոն, հեղինակն ինքն է զբաղվում կազմակերպչական հարցերով: Իսկ դա տհաճ աշխատանք է։ «Նյումեգի» հետ աշխատելու դեպքում քեզ ընդամենը մնում է ներկայանալ եւ լսել գրքի մասին։ Սա իմ առաջին աշխատանքն է «Նյումեգի» հետ, բայց գոհ եմ, որովհետեւ ազնիվ եւ պրոֆեսիոնալ թիմ է, կուզենամ հետագայում էլ իրենց հետ համագործակցել, դրա համար էլ հենց սկզբից «պոզերս» ցույց չտվեցի:

-Գրքի առաջին գլուխը Զոդի ճակամարտի մասին է, Սիլիկյան եղբայրների սպանության։ Ինչո՞ւ որոշեցիք պատմական հենց այս դրվագով սկսել կամ առհասարակ անդրադառնալ դրան։

-Հայրենիքի զգացողություն կա, չէ՞, երբ դրսում ես՝ Հայաստանն է, տիեզերքում ես՝ Երկիր մոլորակն է, Հայաստանում ես՝ քո գյուղն է։ Ինչքան տեղայնացնում ես, էնքան ընկալումը փոխվում է, մասշտաբը՝ տատանվում։ Այս դեպքում էլ իմ ծննդավայրի պատմությունն է։ Դրանք պատմություններ են, որոնք լսել եմ կյանքիս ողջ ընթացքում, երբեմն հենց այն մարդկանցից, որոնք վեպում դարձել են գրական հերոսներ: Զարմանալի է, որ մեզանից ընդամենը հարյուր տարվա հեռավորությամբ դեպքերի մասին շատ քիչ փաստեր կան, բարեբախտաբար ժողովրդի բանավոր հիշողության մեջ շատ ավելին է մնացել, քան փաստաթղթերում։

Տարօրինակ էր ինձ համար, որ վեպը ներկայացնելիս շեշտը դրվեց Սիլիկովների սպանության վրա։ Դա ընդամենը գրքի մեկ գլուխն է։ Գուցե այսօր դա արդիական թեմա է, ընթերցողներն էլ կենտրոնացան դրա վրա, գուցե գրքի ամենագրավիչ մասն է, նաեւ իրականության մեջ քիչ խոսված, ոմանց համար անհայտ դեպքեր են, չգիտեմ։ Իհարկե, եղավ մի պահ, որ ես տատանվում էի՝ ավելի ընդգրկուն ներկայացնել այդ դեպքերը, դարձնել առանձին մաս կամ գուցե վեպ: Բայց իմ խնդիրը այդ ընտանիքի էպոպեան էր, նաեւ տեղացիների՝ ժողովրդի հավաքական կենսագրությունը, հանուն հայրենիքի նրանց կրած անլուր տառապանքները ներկայացնելը:

Ամեն դեպքում, որոշեցի ընդգրկել այդ 100 տարին՝ մի քիչ էլ ավել, որ պատկերը, պատմությունը փոքր-ինչ ամբողջական լինի տվյալ տարածաշրջանի մասին: Իհարկե, մի փոքր «խարդախություն» եմ արել՝ Վարդենիս, Կարճաղբյուր, Արծվանիստ, Վարդենիկ գյուղերը վեպում դարձրել եմ մեկ գյուղ: Փորձել եմ ամեն գլխում ժանր, ոճ, բառապաշար, պատկերավորման միջոցներ փոփոխել, որպեսզի ծավալուն գործը ձանձրալի չլինի կարդալը: Այնպես եմ արել, որ եթե որեւէ գլուխ հանես, դառնա առանձին, ամբողջական վիպակ եւ այլն:

-Ինձ համար ձին այն ժամանակն էր, որ այդ 100 տարիներով անցնում է։

-Իմիջիայլոց, ձին միակ հորինովի բանն է, մնացած բոլոր կերպարներն իրականում գոյություն են ունեցել, որոնց պատառ-պատառ հավաքել եմ ժողովրդական խոսակցությունից սկսած: Տաղլարի Աղաբեկը, որը ուսյալ զինվորական էր, Վարդենիկ գյուղից, նույնիսկ վարդենիկցիների հիշողության մեջ չնչին բան է մնացել։ Սովետական տարիներին նրա անունով օղի է արտադրվել Վարդենիկ գյուղում: Այն արտադրել էր իմ քեռիներից մեկը՝ Մակեդոնը, եւ երբ քեռուս թաղմանն այդ գյուղից մի մարդ էր եկել, ասաց՝ գիտեք, օղու արտադրությանը մասնակցել եմ եւ մինչեւ հիմա մի շիշ պահել եմ։ Անընդհատ ուզում էի մորաքրոջս տղային ասել՝ ինչ կլինի, էդ շիշը նկարի, ուղարկի ինձ։ Օղին ամբողջությամբ ինձ չեն տա, գոնե շիշը նկարի, ուղարկի, պիտակին էլ հերոսի նկարը կա, տեսնեմ, որքանով է այդ նկարը համապաստախանում գրքում եղած նկարին. նկատի ունեմ «Նյումեգի» հրատարակած «Զոդ օպերացիան»: Նույնիսկ այն ջրային հրեշը, որ Օձաբերդի տակ (դա Արծվանիստում է) հարձակվում է Խորենի վրա, իրական է: Դա իմ մորական պապի հետ է պատահել, նրա վրա է հարձակվել:

-Զոդի ճակամարտից մինչեւ համավարակի օրեր եք հասել վեպում: Փոփոխվող ու փլուզվող հասարակարգերի միջով եք մարդուն անցկացրել՝ ցույց տալով ժամանակի հետ փոփոխվող արժեքները: Դա հյուսել եք ե՛ւ հարուստ բառապաշարով, ե՛ւ Ձեր գրչին բնորոշ հումորով, ե՛ւ հյութեղ իրադարձություններով, ե՛ւ երբեմն անսպասելի լուծումներով: Արժեքների փոփոխությունն ակնառու էր եկեղեցու ավազանի դրվագում, երբ կոմունիստները քանդում են եկեղեցին, եւ գյուղի մոլլան այդ ավազանը տանում է անասնագոմ՝ դարձնելով անասունների համար ջրի ավազան: Ո՞վ է մարդն այդ հեղհեղուկ ու անցնող ժամանակներում:

-Այո, եկեղեցու ավազանի դրվագը մեր գյուղում՝ Կարճաղբյուրում է կատարվել: Իմ հորական պապն է իբր ուզեցել փրկել ավազանը, տանել-պահել, ասել է՝ տանեմ, անասուններին ջրաման անեմ, բայց չի պատկերացրել, որ իրեն կօգնեն, կբերեն-կդնեն գոմում: Հետո արդեն վախեցել է տեղափոխել: Իսկ թե ով է մարդն այդ հեղհեղուկ ու անցնող ժամանակներում… Եթե այդ հարցի պատասխանն իմանայինք, մարդը կդառնար մաթեմատիկական բանաձեւ, եւ պատասխանի որոնումներում չէր ստեղծվի համաշխարհային ներկայիս շքեղ մշակույթը: Թեեւ, եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ մարդը ինձ համար ընդամենը ֆիզիկայի օրենք է: Եվ, ինչպես գրել եմ իմ «Քարտեզ առանց ցամաքի եւ ջրերի» վիպակում, մահն էլ տիեզերանավ է, որով տեղափոխվում ենք մի վայրից մյուսը:

-Վեպում Անդրանիկ փաշան ձին վստահել էր Աթամին, որը նրա զինվորներից էր: Նրան անընդհատ հետապնդում էին համագյուղացիների այն հարցերը, թե այդ ինչպես եղավ, որ միայն ինքն է փրկվել, ինչպես մնաց սոված գայլերի մոտ ձմռանը եւ փրկվեց: Ո՞վ էր Աթամի նախատիպը:

-Աթամը մորս հորեղբայրն էր։ Անունը, ի տարբերություն Մովսեսի, Խորենի եւ այլ հերոսների նախատիպերի, չեմ փոխել: Իրականում եղել է Անդրանիկի զինվորը, Առաջին համաշխարհային պատերազմի, Զոդի ճակատամարտի մասնակից։ Մորս պատմելով՝ միակ փրկվողն էր: Բայց Երբ «Նյումեգը» հրատարակեց «Զոդ օպերացիա» գիրքը, ըստ դրա՝ էլի մի երկու հոգի փրկվողներ են եղել: Իրականության մեջ ժողովուրդը ես էի՝ հենց մայրս սկսում էր գլուխ գովել իր հորեղբորով, ես հոգու հետ խաղում էի, ասում՝ էդ ոնց եղավ՝ բոլորին սպանեցին, իրեն խնայեցին։ Ասում էի՝ հորեղբայրդ դավաճան է եղել, ահա թե ինչ։ Մորս ասելով՝ Աթամը եղել էր Սիլվիկովների համհարզը, բայց հետո պարզվեց, որ ուղղակի զինվորն էր: Մորս պատմածով պահեցի, որովհետեւ այդպես կերպարն ավելի ամբողջական էր:

Նույն Աթամի տղան՝ Տելեմաքը, գիրք էր գրել իրենց ընտանիքի մասին: Այդտեղ, ցավոք սրտի, ականատեսի պատմածը չէր պահպանվել, այսինքն՝ այն նյութերը, փաստաթղթերը, որոնք կարելի է գտնել արխիվներում, կային, բայց ականատեսի վկայությունները չկային: Գրքի վերջում հեղինակը գրել էր, որ հոր պատմածները չի ցանկացել գրել՝ ողբերգական տեսարաններից խուսափելու համար: Մինդչեռ ամենկարեւորը դրանք էին՝ ականատեսի վկայությունները։ Ի դեպ, էլի շատ բաներ կան, որ ես պահել եմ պատմություններով լսածը, քան փաստագրվածը:

Իմ վեպում Աթամը չի ամուսնանում, իսկ իրականում լավ ընտանիք ուներ, լավ տղաներ։ Նաեւ մայրս ասում էր, որ մեծ բարեկամություն է եղել նրանց ընտանիքի եւ այն թուրքի միջեւ, որը Աթամի կյանքը փրկել էր։ Բայց հստակ չեմ հիշում՝ դա հենց Սամանդ աղա՞ն էր, թե՞ այն ծառաներից մեկը, որոնք նրան գիշերով տարան… Մինչեւ Ղարաբաղյան շարժման հետ կապված տեղափոխությունները այդ ընտանիքներն իրար հետ շփվել են, գնացել-եկել:

-Այս գիրքն իր կերպարներով ու միջավայրով, կարծես, նույնն էր «Ագռավները Նոյից առաջ» վեպի հետ։

-Այդ զգացողությունն արդարացված է, որովհետեւ նույն տարածքում ապրող ժողովուրդների ե՛ւ խոհանոցը, ե՛ւ մեղեդիները, ե՛ւ կենցաղը ու էլի շատուշատ բաներ նման են լինում։ Երկու վեպերում էլ խոսքը նույն ժամանակաշրջանի՝ քսաներորդ դարի մասին է, եւ նույն ժողովուրդն է, չհաշված հեղինակը, որը դարձյալ նույնն է։ Ի տարբերություն առաջինի՝ այս վեպում խելքից դուրս հերոսներ կան: Ոմանք դա արժանիք են համարում, ոմանք՝ թերություն: Լրագրողներից մեկն ասաց՝ վայ, էդ ինչքան շատ հերոս կա ձեր գրքում, չհասցրեցի հաշվել։

-Բայց հաշվել պե՞տք է։

-Ինձ համար ցանկացած գրքում երկու հերոս կա՝ հեղինակը եւ լեզուն: Կարեւորը՝ թե նրանք ինչպես են հարաբերվում, իրար ընկալում:

-Շնորհանդեսին էլ ասվեց, որ գրքում շատ են հերոսները, բայց արդյոք դրանք ռիթմիկ չեն դարձնում սյուժեն: Գիրքը կարդալուց թվում է՝ փոքր գյուղի մանրապատկերն ես տեսնում, փողոցներով ես անցուդարձ անում, տարբեր հերոսների ընտանիքներ ես մտնում, եւ վեպում ընթերցողը անտեսանելի կերպար է դառնում։

-Վերջերս ինձ սկսել է ձանձրացնել այն գրականությանը, որտեղ բոլոր հերոսները հարաբերվում են գլխավոր հերոսի հետ։

-Արհեստակա՞ն է դա։

-Ում կյանքին էլ մոտենաս, գլխավոր հերոս է: Խոշորացույցը ում վրա էլ պահես, դառնում է առաջնային քո ուսումնասիրության համար։ Մարդիկ ավելի շատ հարաբերվում են ժամանակի հետ, քան մեկը մյուսի։ Չգիտեմ՝ որքանով է հաջողվել դա ինձ: Պետք չէ կենտրոնանալ մի հերոսի վրա, որովհետեւ կյանքում այդպես չէ՝ ամեն մեկն իր արժեքն ու կշիռն ունի, հավերժության մեջ իր դերը։ Կյանքը այդ ամբողջի հանրագումարն է:

Այդտեղ նաեւ փորձել եմ ցույց տալ, որ երբ ժամանակաշրջան կամ դարաշրջան է փոխվում, փոխվում են նաեւ արժեքները, հերոսի ու թշնամու մեր պատկերացումները: Օրինակ, Աթամը դաշնակների օրոք հերոս էր, ցանկալի փեսացու բոլոր աղջիկների համար, բայց հասարակարգը փոխվեց, դարձավ պախարակելի, դավաճան։ Ժամանակի փխրունությունը, անկայունությունը եւ մարդու վիճակը, որը հայտնվում է ժամանակների այդ ճաքի մեջ, դա եմ փորձել ցույց տալ:

-Ի դեպ, Ձեր հերոսներից Մովսեսը հենց այդ ճաքում է հայտնվում՝ խորհրդային տարիների իր ազդեցիկությունից, փառքից հասնում է կապիտալիստական հասարակարգ՝ մեր օրեր, դառնում է թույլ, աննկատ մի ծերունի:

-Հայտը ներկայացրել էի 2020-ի գարնանը, այսինքն՝ նախքան պատերազմը: Այնպես չէր, որ պատերազմը շարժառիթ դարձավ: Այդ վեպը կար իմ պլաններում։ Հայտում նշել էի, որ հնարավոր է վեպն ունենա երկու մաս: Հետո հասկացա, որ պատրաստ չեմ եւս 2-3 տարի նստել մի վեպի վրա։ Եթե այդ նույն վեպը գրեի եւս 400 կամ 700 էջ, դրանից իմ ասելիքը նույնն էր մնալու: Այսինքն՝ ընթերցողը կարող է մի քանի նկարագրություն ավել ստանար, բայց դա կլիներ ընթերցողից ժամանակ խլել, ժամավաճառություն:

Ինձ համար վերջին ձին նաեւ այն հերոսն է, այն ծեր մարդը, այդ կոմունիստական ընտանիքի գործիչը, որ հասել է մեր ժամանակներ։ Նրա նախատիպը իմ մեծ քեռի Հենրիկ Սահակյանն է: Մարտունու շրջանը Սովետի հիմնադրումից մինչեւ փլուզումը ղեկավարել են իմ մորական պապը, իմ քեռին, մյուս քեռին, մորաքրոջս ամուսինը… Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նիստերից մեկում ասացին՝ Մարտունին դարձրել են պապենական կալվածք։ Իմ պապն ու քեռիներն էին դարձրել պապենական կալվածք։ Հետո նա հիմնեց ու մոտ քառասուն տարի ղեկավարեց Մասիսի շրջանը: Քեռիս ոչ միայն կոմունիստական լավ գործիչ էր, այլեւ լավ հայ էր, գրագետ։ Շեկ էր, բարձրահասակ, կապույտ աչքերով, պատկերացնո՞ւմ եք՝ ինտելեկտուալ կոմունիստ, որը պատմական գիտությունների թեկնածու է, գրականություն, արվեստ գիտի, համարձակ է, անվախ, ոչնչի առաջ կանգ չառնող։ Այդ մարդու կերպարանափոխությունն է, հարատեւությունը, որ այլ ելք չունենալով, նացիոնալիստ լինելով՝ ապրել է կոմունիզմի, ինտերնացիոնալիզմի դրոշի ներքո:

Վերջին ձին ասելով՝ նկատի ունեմ նաեւ Մովսեսին՝ վերջին նացիոնալիստը լավ առումով, վերջին մարդը, որ պայքարում էր իր ազգային արժանապատվության համար: Անդրանիկի վերջին ձին, այսինքն՝ Անդրանիկի այդ երակը, երբ մարդը պատրաստ էր հուր-հավիտյան պայքարել իր ազգի համար, Մովսեսն է: Այդտեղ ընդհատվում է, որովհետեւ գալիս է մի սերունդ, որն իր իսկ կենսագրությունն անգամ չգիտի։ Սպառողական մարդը, որին միայն փողն է հետաքրքիր:

Փշոտ մարդ էր, հետը չէիր կարող քննարկել իր կյանքը։ Բայց ե՛ւ սեւ ադամանդի, ե՛ւ Զեյնաբ Խանլարովայի համար սովետական փողերն այրելու, ե՛ւ թուրքերի՝ նրան այդպես հայհոյելու, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի հետ զրույցի պահերը, ամբողջը իրական են, հորինովի չեն, այս հերոսից հորինովի են միայն կնոջ եւ երեխաների կերպարները: Ափսոսում եմ, որ նրա համարձակությունն ու թափը ոչ մեկս չժառանգեցինք:

-Մերկուրովի կերպարը կա վեպում, ում մոտ են գնում Մովսեսն ու հայրը՝ Խորենը, որպեսզի Մերկուրովը Խորենի մահվան դիմակը հանի։ Այդ դրվագներն իրակա՞ն են եղել։

-Աթամի եղբայրը՝ Արսենը, որն իմ մորական պապն էր, կոմունիստ էր, նրա կյանքի որոշ դրվագներ կան Խորենի կերպարում։ Վեցը քեռիներիցս մեկը փիլիսոփայության դասախոս էր Մանկավարժականում, մնացածը պաշտոններ ունեին՝ տարբեր մասշտաբների։ Մենք գիտեինք՝ ինչ է կոմունիզմը, սոցիալիզմը, Սովետն ինչ է, թեեւ օգտվում էինք նրա բոլոր բարիքներից: Կոմունիզմի էությունը որոշեցի այդ դիմակի միջոցով ցույց տալ։ Մի խորամանկություն էլ եմ արել: Իրականում Մերկուրովը 1952-ին է մահացել, բայց վեպում այդ դեպքերը Ցեղասպանության 50-ամյակի հետ էին կապված՝1965-ին, երբ Մովսեսին փախցրին Մոսկվա, որ չդատեն: Այսինքն՝ վեպում 10-11 տարով երկարացրել եմ Մերկուրովի կյանքը, բայց դեռ ոչ մի ընթերցող դա գլխի չի ընկել (ժպտում է- Մ.Մ.)։

-Հիմա գրե՞նք այդ մասին, թե՞ չէ։

-Չգիտեմ, եթե կուզես, գրի (ծիծաղում է- Մ.Մ.)։ Այդ դիմակը կոմունիզմի փոխաբերական սարսափն է, որ փակչում է, չի պոկվում, պետք է քերելով հանես: Եվ նույնիսկ քերելու դեպքում պարզվում է, օգուտ չկա, այն ներծծվել է հոգու բջիջները: Ինչը մենք հիմա էլ ե՛ւ առօրյայում, ե՛ւ քաղաքականության մեջ տեսնում ենք:

Իմիջիայլոց, ինձ միշտ վիրավորում է, երբ գրքի մասին խոսելիս ուղղակի խոսում են սյուժեի մասին: Այնտեղ տարբեր ոճեր ու ժանրեր կան, տարբեր պատումներ… Բայց դա երեւի երբեւէ կանեն գրականագետները, եթե կարդան։ Կարծում եմ՝ գրականությունը առաջին հերթին պետք է գնահատել որպես գրականություն, ոչ թե ինչի մասին է, այլ նաեւ՝ թե ինչպես է ասվում այդ ինչի մասինը, ում է ասվում, ինչից ելնելով է ասվում եւ, ի վերջո, ով է ասողը։ Հիմա այս հսկայական գրքի մասին խոսում են, միայն առաջին մասն են շեշտում, եւ ստացվում է, որ ամբողջ գիրքը հայի եւ թուրքի կռիվ է։

-Գրականագիտական կարծիքի մասին եք խոսում, որ պետք է վերլուծվի, գնահատվի վեպը՝ իր գրական արժեքի տեսանկյունից: Շարքային ընթերցողին առաջնահերթ գրավում է սյուժեն եւ այն պատմելու ձիրքն ու բազմազան, հարուստ բառամթերքը: Ի՞նչ եք սպասում գրականագետներից:

-Երբ նոր էի մուտք գործել գրականություն՝ 2000-ականներին, գրականագետների ավագ սերունդը կար: Նրանք ինձ ահագին բան տվեցին, որովհետեւ սկսնակի համար այդ ուշադրությունը շատ կարեւոր է, ոգեւորիչ: Առհասարակ քեզ գրական դաշտի ընդհանուր ենթատեքստում միայն գրականագետը կարող է տեսնել, գնահատել, վերլուծել: Բայց դե, ցավոք, ժամանակակից գրականության վերջին տարիների վերլուծություններ, դասդասումներ համարյա թե չկան:

-Հիմա ի՞նչ եք մտածում, երբ արդեն գրքի շնորհանդեսը եղել է, ասելիքն արդեն ասվել է։

-Ճիշտն ասած, այս վեպը ինձ շատ տանջեց: Ի՞նչ առումով։ Քիչ գրող հեղինակ եմ, դանդաղ գրող, կարող է մի պարբերություն գրեմ, մի ամիս չգրեմ, այսինքն՝ կմախքը գրում եմ, հետո կարող է վերադառնամ կամ ոչ։ Այս դեպքում նախարարության հետ ունեցած պայմանագիրը ստիպում էր, ժամկետներ կային նախանշված, արդեն քո կայֆերով չես գրում, այլ պիտի ճգնես, ժամանակին հասցնես… Դա ինձ նեղում էր: Չուզենալով աշխատեցի վեպի վրա։ Այդ ընթացքում էլ դեպքեր տեղի ունեցան, որ զբաղեցրին իմ միտքը, ժամանակը, եւ ստացվեց, որ դու վեպը գրեցիր վազեվազ՝ մի քանի ամսում: Հիմա մտածում եմ՝ եթե ժամանակ ունենայի, այնուամենայնիվ, կարելի էր որոշ մասերի վրա աշխատել։ Էական փոփոխություններ չէին լինի, գուցե ոճի, բառաֆոնդի: Երբ գրում եմ, դուրս եմ գալիս այդ հոգեվիճակից, հետո էլ չեմ կարողանում վերադառնալ։ Միշտ նախանձել եմ այն մարդկանց, որ 5-10 տարի հետո վերամշակում են որեւէ գործ։ Հենց այդ հոգեվիճակից դուրս եմ գալիս, այն դառնում է ուրիշի գրած ինձ համար։ Կարդում եմ որպես օտար մարդու գործ, թերություններ էլ եմ տեսնում, բայց եթե ձեռք տամ, ինչ էլ անեմ՝ ավերելու եմ, այլեւս ուրիշ մարդ եմ, ուրիշ աշխարհընկալում։

-Գյուղի մասին Ձեր հիշողություններն այնքան հարուստ են, որոնք գրական միջավայր եք բերում եւ ապրեցնում այդ պատմությունները: Անսպա՞ռ են դրանք։

-Զարմանալին այն է, որ գյուղում ապրել եմ մինչեւ 9 տարեկանը, հետո, իհարկե, ամառները գնում էի: 10-15 տարի առաջ մեր տունը վաճառեցինք, մինչեւ դա ամռանը գնում էի, ասենք, սահմանափակ մարդկանց հետ էի շփվում՝ հորաքույրների, մորաքույրների… Դու էնտեղ չես աշխատել, դպրոց չես գնացել, որ շփմանդ դաշտը մեծանա: Բայց, ամեն դեպքում, տեղեկությունը կուտակվում է, դրա համար եմ ասում՝ ինչքան ուզեի, ծավալ կտայի։

 -Եվ վերջո՞ւմ:

-(Ծիծաղում է- Մ.Մ.) Հա, դե վերջում, քանի որ այս տարի եւս մի գիրք ունեմ՝ պատմվածքներ եւ վիպակներ, ընթերցողին համբերություն եմ մաղթում, ուժեղ սնունդ ընդունեն, տրամադրվեն կարդալու եւս մի գիրք:

Լուսանկարները՝ Անյա Սարկիսովայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter