HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամրջից այն կողմ․ «Ամենահյուծողն անորոշությունն ա՝ սկսած մի հատիկ սիգարետից մինչեւ ինչ ա լինելու վերջը»

Նայում եմ ժամին, որ հասցնեմ խոսել Անժելայի հետ, քանի դեռ հոսանքի հերթական հովհարային անջատումը չի եղել այնտեղ՝ Արցախում։ Անժելան գյուղում է։ Մեր խոսակցության պահին նրան 4 կտոր հալվա էին տարել։ Հյուրերի ձայնը լսվում է խոսափողից այն կողմ։ Տպավորություն է, որ հեռախոսի խոսափողից ինքդ էլ զգում ես մարդկային ջերմությունն ու հոգատարությունը, որ այս օրերին կա Արցախում։

Անժելա Ֆրանգյանը մի քանի ամիս է՝ Արցախում է։ Նրա օրը տարբեր կերպ է սկսվում Ստեփանակերտում եւ գյուղերում։ Մայրաքաղաքում արթնանալուց հետո առաջին գործողությունը էլեկտրաէներգիայի մատակարարման գրաֆիկը ստուգելն է ու դրան համապատասխան գործերը կազմակերպելը։ Եթե որոշել է հյուր գնալ, ապա անցնում է քաղաքի խանութներով։ Եթե բախտը բերում է, մի բան գտնում է։ Ընկերուհու որդու համար միշտ փորձում է ինչ-որ բան գնել խանութներից, ասում է՝ «գոնե մի հատիկ բան, օրինակ, միրգ»։ Վերջին 20 օրերին քաղցրավենիք բացարձակ չի հաջողվել գտնել։ Գյուղում առօրյան մի քիչ տարբեր է։ Այնտեղ նրան հյուր են ընկալում, ու մարդիկ փորձում են իրենց այգուց մի բան պոկել, տալ։

Հիմա Ստեփանակերտից գյուղ գնալը դարձել է գրեթե անհնար։ Երբ գյուղից պիտի Ստեփանակերտ գար՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը հեռավար մասնակցելու, այդ օրը մի քանի ժամով գազը տվել էին։ Ճանապարհի կեսից, սակայն, իմացել էր, որ գազը նորից անջատել են, բայց ամաչել էր վարորդին խնդրել հետ գնալ գյուղ, քանի որ այդ դեպքում վարորդն ավելի շատ վառելիք էր ծախսելու։ Այնուհետ 14 օր չէր կարողացել մեքենա գտնել՝ գյուղ վերադառնալու համար։

«Երբ խոսում ես մարդկանց հետ, որոնց երեխաներն ուսումնարաններ են ընդունվել, մամաներն արդեն մտածում են, որ հետ հանձնեն եւ նորից դպրոց գնան,- պատմում է Անժելան՝ ներկայացնելով գյուղից քաղաք հասնելու անհնարինությունը ներկա պահին,- աշխատողներն էլ նույն խնդրի առաջ են։ Բոլորն էդ պրոբլեմի մեջ են։ Եվ ինձ համար ամենաբարդ խնդիրներից մեկը հենց էդ տեղաշարժման խնդիրն է։ Ինձ համար դա մի բլոկադա չէ, մեծ բլոկադա է՝ իր բլոկադիկներով, որովհետեւ հիմա մարդիկ իրարից կտրված վիճակում են»։

Հարցնում եմ՝ ներսից ո՞նց է տեսնում վիճակը, քանի որ մենք այստեղ՝ Հայաստանում, լուսանկարներով խանութների դատարկ ցուցափեղկերն ենք տեսնում, պատառիկներով պատմություններ կարդում ու լսում։ Անժելան ասում է․ «Ամենամեծը ներսի անորոշությունն ու անհանգստությունն է։ Այսինքն՝ ոչ ոք էդ դատարկ ցուցափեղկերից էդքան չի նեղվում, ինչքան նրանից, թե դա ինչքան է տեւելու։ Եթե մարդիկ իմանան, որ սա մեկ ամիս է տեւելու, վստահ եմ, որ պատրաստ են դիմակայելու։ Իհարկե, մարդիկ իրար հետ կիսում են ունեցածը, բայց 8 երեխա ունեցող ընտանիքը, որ իր պահած պեսոկից մի գդալ տա հարեւանին, չգիտի՝ հետո էդ 8 էրեխուն ինչքա՞ն ընթացք է պահելու դրանով։ Ինձ թվում ա՝ ամենահյուծողն անորոշությունն ա՝ սկսած մի հատիկ սիգարետից մինչեւ ինչ ա լինելու վերջը, եւ առհասարակ ո՞ւմ ենք դիմելու մեր խնդիրներով, ո՞ւմ դիմենք։ Էն, ինչ ես եմ զգում, կարող ա տեսանելի բան չի, բայց էն, ինչ մեզ հյուծում ա, ամենաշատը անորոշությունն է»։

Երեւանում հանուն Արցախի տեղի ունեցող ցույցերն ու հավաքներն Արցախում ապրողներին ուրախացնում են։ Նրանք կարիք ունեն զգալու, որ մենակ չեն։ Քաղաքում այդ ինֆորմացիան համացանցից են ստանում, եւ քննարկումները ծավալվում են ըստ այդմ: Իսկ գյուղերում հիմնական քննարկումներն այլ են՝ ո՞նց գնան ու սահմանից 200 մետրի վրա ցորենը հավաքեն, երբ վառելիք չկա, հետո ո՞նց հասցնեն ալրաղաց, ո՞նց անեն, որ ցորենն ալյուր դառնա։ Անժելան ասում է՝ կենցաղային խնդիրների լուծումները թույլ չեն տալիս, որ մարդիկ մտածեն ուրիշ բաների մասին։

Իրավիճակն, իհարկե, ազդել է մարդկանց հարաբերությունների վրա։ Անժելան նկատել է, որ Ստեփանակերտում մարդիկ շատ ջղաձիգ են, նյարդային, ուրիշ տարբերակ չկա։

«Էդ անորոշությունն ուղղակի հասնում է ծայրահեղ կետի, հասկանում ես, որ էլ ոչ մի բան չկա, բայց դրա հետ մեկտեղ փորձում են հոգատար լինել, իրար զիջող լինել, հասնող լինել։ Եթե մեքենա է լինում, անպայման վերցնել մարդկանց, առեւտրի կամ հացի ավտոն նաեւ մի գյուղից մյուսը մարդկանց տեղափոխման միջոց է դարձել։ Բայց ասել, որ կտրուկ դեպի բարին կամ չարն ենք գնացել, չես կարա,- պատմում է Անժելան,- մարդկանց առօրյան գլխիվայր շուռ է եկել, ու նյարդեր են պետք, որ կարողանաս ադեկվատ գտնվես։ Հաց վաճառողն ուզում ա բոլորին հասնի ու չի կարողանում, ինքն էլ ա նեղվում, առնողն էլ ուզում ա, որ իրեն բավարարի, բայց չի կարում, ու իրենց միջեւ ջղաձգություն է առաջանում, ինչը ներքին հարաբերությունների հետ կապ չունի։ Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ոնց մերժեն. վաճառողի վրա է բարդ գործ դրված՝ սաղին պիտի մի հաց տա, համ էլ ընտանիքի, որտեղ կարող ա 8 երեխա է վեր կենում, էդ մի հացով ո՞նց կլինի։ Չի լինում ադեկվատ որոշում քո սրտով»։

«Ինձ աբսուրդ ա թվում, որ կարելի ա չմտածել, թե էստեղ ինչ վիճակ ա»

Անժելայի համար կարեւորը, չափազանց կարեւորը հիմա միմյանց սիրող մարդիկ են։ Ասում է՝ նրանք կարող են մեկ-երկու բառ փոխանակել ու մի քանի վայրկյան կտրվել կենցաղից ու հոգսից, եւ կարեւորում է հավատը, որ փորձություններն իզուր չեն տրվում։

«Պատերազմի ժամանակ եմ մտածել էդ մասին՝ պիտի ընդունակ լինել անանձնական սիրո, եւ ես էստեղ լիքն ունեմ։ Սիրելով, զանգելով, աջակցելով, մեկը մյուսին նամակ գրելով, ցույցերին մասնակցելով, գնալ բողոքելով, օրը 15 րոպե մտածելով Արցախի վիճակի մասին… Ինձ աբսուրդ ա թվում, որ կարելի ա չմտածել, թե էստեղ ինչ վիճակ ա»,- նշում է Անժելան։

-Եթե մի օր… Կշարունակե՞ս,- հարցնում եմ նրան։

Դադար է, եւ այն սովորականից երկար է ձգվում։ Ինձ մի պահ թվում է, թե կապն ընդհատվել է:

-Բարդ հարց ես տալիս,- ասում է նա։ Նորից դադար է, քիչ անց շարունակում է,- երբեմն ինձ հարցնում են՝ բա խի՞ եկար Արցախ, ասում եմ՝ բա խի՞ չէ։ Շատ մարդիկ ասում են՝ դու արմատներով Արցախի՞ց ես: Տարօրինակ հարց է։

Եթե մի օր Արցախը լավ լինի, ես լիքը ուրիշ տեղեր ունեմ Հայաստանում, որ կարոտում եմ եւ ուզում եմ գնալ, երկար մնալ եւ վայելել։ Եթե մի օր բուժվի աշխարհը, ես մեծ Հայաստան ունեմ, հետո էլ՝ մեծ աշխարհ, որ ուզում եմ տեսնել ու բացահայտել։ Կոպիտ ասեմ՝ եթե մի օր բուժվի Արցախը, ես էլ մի օր էդ ազատությունը կստանամ։

Կարճ չեմ մտածում՝ արդարդություն լինելու ա՝ անկախ նրանից՝ լինելու է իմ կյանքի ժամանակահատվածում, թե չէ։ Եթե անգամ հարցերը լուծում չեն ստանում, դրական լուծման համար քայլ արեք, մի մտածեք, թե վատնվում է, որովհետեւ եթե մի օր մեկը կարդա էդ մասին ու գտնի, որ մեկն արել է, կարեւոր բան է։

«Ֆեյսբուքում» փորձում եմ ամեն օր Արցախից մի բան հիշեցնել մարդկանց: Գիտես, ուզում ես էստեղ քո հայտնվելն արդարացված լինի, որովհետեւ մեկ-մեկ մտածում եմ՝ ավել հաց ուտող եմ… Ես ռեալիստիկ չեմ ուզում առնչվել կենցաղային էն խնդիրներին, որոնց բախված ենք, բայց նաեւ կարծում եմ, որ պետք է ընդունել, որ դրանք կան։ Դրանք կա՛մ թեթեւանալու են, կա՛մ դժվարանալու էն մյուս բաներից՝ սիրելուց, իմանալուց, որ մարդիկ քեզ հետ են կամրջի մյուս կողմում։ Դրանք քեզ ուժեղացնելու են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter