HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրվեժ համայնքը 32 տարի ղեկավարած Ռոբերտ Պետրոսյանն ամիսներ առաջ աննկատ հրաժարական է ներկայացրել

Կոտայքի մարզում ամենաերկար պաշտոնավարած համայնքապետը՝ Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը, այս տարվա ապրիլ ամսին հրաժարական է ներկայացրել: Ավագանին նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարել 2023թ. ապրիլի 12-ից: Մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 19-ին, ավագանին Ջրվեժ համայնքի ղեկավար է ընտրել Նորայր Սանթրոսյանին:

Նոր ղեկավարը Ջրվեժ գյուղի բնակիչ, 30-ամյա Նորայր Սանթրոսյանն է, որը 2018-2022թթ. Ջրվեժ համայնքի ղեկավարի օգնականն է եղել, իսկ 2022թ. ընտրություններից հետո նշանակվել էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ: Երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են անդամագրվել 2022 թվականին և սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության ժամանակ ընտրացուցակի առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցրել:

67-ամյա Ռոբերտ Պետրոսյանը Ջրվեժ համայնքը ղեկավարում էր ավելի քան 32 տարի: 1991թ.-ից նա Ջրվեժի գյուղխորհրդի նախագահն էր, 1996թ.-ից սկսած` 7 անգամ վերընտրվել էր համայնքի ղեկավարի պաշտոնում: Վերջին անգամ Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց 2022թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) ժամանակ՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ընտրացուցակը:

Այդ առիթով արված մեր հրապարակման մեջ նշել էինք, որ նրա հարատևության գաղտնիքը կուսակցափոխ լինելն է։ 2005թ․-ի ՏԻՄ  ընտրության ժամանակ նա առաջադրվել է որպես անկուսակցական թեկնածու, 2008 և 2012 թթ․ ընտրություններին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ: 2016-ին կրկին ինքնառաջադրվել է որպես անկուսակցական։ Ընտրվելուց մեկ տարի հետո՝ 2017թ.-ին, երբ Ջրվեժ համայնքը խոշորացվում էր և նոր ընտրություններ տեղի ունեցան, Ռոբերտ Պետրոսյանը կրկին ԲՀԿ անդամ էր և ինքնառաջադրվեց որպես խոշորացված համայնքի ղեկավար։ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո անդամագրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը 2022թ. ընտրությունների ժամանակ Ջրվեժ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն էր:   

Նրա հրաժարականի պատճառների մասին չի խոսվում, բայց փաստերի համադրումից կարող ենք ենթադրել, որ դա իր ցանկությամբ չի եղել: Հակառակ դեպքում, վերջին ընտրության ժամանակ նա կամ չէր առաջադրվի, կամ իշխող քաղաքական ուժի ընտրացուցակը չէր գլխավորի: Եթե վերջին տարբերակն էր ընտրել, ուրեմն նպատակը պաշտոնավարումը շարունակելն էր: 

2018թ.-ից «Քաղաքացիական պայմանագրին» անդամագրված Նորայր Սանթրոսյանն էլ է, հավանաբար, այդ նպատակն ունեցել` համայնքի ղեկավարի օգնականի հաստիքում հաստատվելով: Բայց նրա համար շատ դժվար կլիներ առանց մրցակիցների ընտրություն կազմակերպելն ու հաղթելը: Այժմ արդեն շատ աննկատ, ընդամենը ավագանու 15 անդամի քվեարկությամբ համայնքի ղեկավար է դարձել, իսկ Ռոբերտ Պետրոսյանին նշանակել է իր խորհրդական: Կարծում ենք` իր չգնահատված ծառայության մասին հանրային քննարկում չծավալելը և համայնքապետի պաշտոնն աննկատ թողնելը նաև Ռ. Պետրոսյանի ցանկությունն է եղել:

Լուսանկարը՝ lurer.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter