HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի մանրամասներ «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագիծը միանշանակ չի ընդունվում գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից, եւ դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր, որոնք կարիք ունեն պարզաբանման:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին հարցերին էինք ուղարկել նախագծի մասին։ Դրանց պատասխանել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նա պատասխանների մի մասում հղում է արել ծրագրի հայեցակարգին, որը մեզ պատասխանելու ժամանակ դեռեւս հանրության դատին չէր ներկայացված, ու նախատեսվում էր, որ հանրայնացվելու է առաջիկա սեպտեմբերին: Այսինքն՝ փաստացի Հայոցյանը չէր պատասխանել հարցերի մի մասին։

Բայց, ինչպես արդեն գրել ենք, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը հրապարակվեց ավելի շուտ՝ հուլիսին, ինչից հետո էլ Գիտկոմը կազմակերպեց դրա առաջին հանրային քննարկումը, որին անդրադարձել ենք։

Ո՞ր միջազգային մոդելից է վերցված նախագիծը

«Հետքի» գրավոր հարցին, թե «Ակադեմիական քաղաք» նախագիծը որ միջազգային մոդելից է վերցված, արդյոք կա նախատիպ, Ս. Հայոցյանը պատասխանել է, որ աշխարհի շատ երկրներում առկա են խոշոր համալսարանական կլաստերներ, որոնք իրականացնում են ինչպես բարձրակարգ համալսարանական կրթություն, այնպես էլ մրցունակ հետազոտական աշխատանքներ եւ մշակումներ։ Դրանք խիստ բազմազան են եւ հանդիսանում են ինչպես մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող կենտրոններ, այնպես էլ նորաստեղծ։ Գիտկոմի նախագահն այնուհետ որպես օրինակներ նշել է Օսլոյի համալսարանը (University of Oslo), Տարտուի համալսարանը (University of Tartu ), Լոնդոնի արվեստների համալսարանը (University of the Arts London), Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտը (Karlsruhe Institute of Technology)։

Խնդրել էինք հայտնել, թե քանի բուհ եւ գիտական ինստիտուտ է նախատեսված տեղափոխել «Ակադեմիական քաղաք», եւ որոնք են դրանք։ Ս. Հայոցյանը նշել էր, որ կլաստերների քանակն ու կառուցվածքը դեռեւս քննարկման փուլում են, ապա առաջարկել ծանոթանալ դրանց հայեցակարգի հրապարակումից հետո։

Արդեն իսկ հրապարակված հայեցակարգի համաձայն՝ «Ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 4 կլաստերներից, որոնք կազմավորվելու են խոշորացված 4 բուհերի եւ դրանց միացած գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հիմքի վրա: Այդ 4 կլաստերներն են՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ սպայական: Բայց թե կոնկրետ որ բուհերն ու գիտական ինստիտուտներն են ձեւավորելու կլաստերները, հայտնի չէ:

Վաճառելո՞ւ են բուհերի եւ ինստիտուտների շենքերը

Հարցին, թե Կառավարությունն ինչ է պատրաստվում անել այն բուհերի եւ ինստիտուտների շենքերը, որոնք տեղակայվելու են «Ակադեմիական քաղաքում», արդյոք դրանք օտարելու մտադրություն կա, Գիտկոմի նախագահը պատասխանել է, որ յուրաքանչյուր ազատված շենքի ու գույքի վերաբերյալ կկայացվեն առանձին որոշումներ՝ կախված դրանց վիճակից եւ կիրառման հեռանկարներից։ Ամեն դեպքում, այդ գույքերի կառավարումը, ըստ Հայոցյանի, ծառայելու է «Ակադեմիական քաղաքի» հետագա զարգացմանը։

Որտեղի՞ց է ծրագիրը ֆինանսավորվելու

Նախագծի ֆինանսավորման մասին հարցին Սարգիս Հայոցյանը պատասխանել է, որ դրա չափն այս փուլում ճշգրիտ հստակեցվել չի կարող ու առավել հստակ կլինի գլխավոր հատակագծի եւ հայեցակարգի հաստատումից հետո։ Գիտկոմի նախագահը նաեւ հայտնել է, որ ծրագիրը ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից՝ չբացառելով գործընկեր կազմակերպությունների եւ մասնավոր կապիտալի որոշակի ներգրավումը։

Իսկ մեր հարցին, թե ո՞ր կազմակերպություններն են համաձայնել ֆինանսավորել նախագիծը, Գիտկոմի նախագահը պատասխանել է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականացվելու է հնարավորինս շատ թվով միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Ներկայումս, Ս. Հայոցյանի փոխանցմամբ, ակտիվ բանակցություններ են ընթանում տարատեսակ կազմակերպությունների հետ, որոնց մասին ըստ առաջընթացի իրականացվելու է հանրային իրազեկում։

Գիտության զարգացումը՝ «Ակադեմիական քաղաք» նախագծում

Արայիկ Հարությունյանին ուղղված մեր այն հարցին, թե ինչպես է պատկերացնում գիտության հետագա զարգացումը «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում, Սարգիս Հայոցյանն արձագանքել է այսպես. «Ակադեմիական քաղաքը, ըստ էության, հանդիսանում է ոչ միայն համալսարանական կրթության միջավայր, այլ նաեւ, մեկտեղելով խոշոր գիտահետազոտական կազմակերպություններ միասնական ֆիզիկական տարածքում, ընձեռելու է հնարավորություններ՝ ունենալու խոշոր եւ թանկարժեք հետազոտական ու նախատիպավորման ու փորձարկումների համար նախատեսված սարքավորումների միասնական պարկ, ինչպես նաեւ տեխնոլոգիաների փոխանցման միասնական համակարգ, ինչի արդյունքում նախատեսվում է տարածքում ապահովել միջավայր՝ մշակումները մինչեւ պատրաստության 6-րդ մակարդակ հասցնելու համար:

Ակադեմիական քաղաքում առկա են լինելու նաեւ ստարտափների աջակցության ենթակառուցվածքներ, որտեղ նորաստեղծ ձեռնարկությունները, որոնք կհամապատասխանեն գիտականության որոշակի չափանիշների, կստանան հնարավորություն եւ աջակցություն՝ իրենց կայացման որոշակի ժամանակահատվածն անցկացնելու արտոնյալ պայմաններում: Ակադեմիական քաղաքը նաեւ ապահովելու է սերնդափոխությունը գիտական համակարգում, որը, ինչպես հայտնի է, բնութագրվում է ծերացող համակազմով եւ երիտասարդ ու մրցունակ կադրերի թույլ ներհոսքով»:

Լուսանկարում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքը Երեւանում (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter