HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մանդատից հրաժարումներն ու ինքնաբացարկները կասկածի տակ են դրել Գառնիի ավագանու լեգիտիմությունը

ՏԻՄ ընտրություններից մեկ տարի յոթ ամիս անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 44-հոգանոց ընտրացուցակում ընդգրկված Գառնի համայնքի ավագանու անդամներից 8-ն արդեն հրաժարվել է մանդատից, 16-ն էլ՝ ինքնաբացարկ ներկայացրել: 

Համայնքի ավագանու 15 հոգանոց կազմում ՔՊ-ն ունի 10 մանդատ, 5 մանդատ էլ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն նիստերին ընդհանուր առմամբ մասնակցում է 8 կամ 9 հոգի, որոնցից 3-ը «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ընտրվածներն են: Ընդ որում, նիստերին մշտապես մասնակցողներից երկուսը համայնքի ղեկավարն ու իր առաջին տեղակալն են, որոնք միաժամանակ ավագանու անդամ են եւ ներկայացնում են ՔՊ-ն: 

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ընտրություններից առաջ համայնքը խոշորացվել էր՝ միավորելով 6 գյուղ՝ Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ: Ընտրություններին մասնակցող երկու կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», ավագանու կազմը ներկայացնող ընտրացուցակներում նաև այդ գյուղերի բնակիչներից էին ընդգրկել: Կուսակցությունների ստացած քվեները հետևյալ կերպ բաշխվեցին. «Քաղաքացիական պայմանագիրն» ստացավ 65.75% և ունեցավ 10 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 34.21% քվե և ստացավ 5 մանդատ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից  տեղեկանում ենք, որ մինչև 2023թ. հուլիս ամիսը ՔՊ-ն ներկայացնող ավագանու անդամներից 8-ը հրաժարվել է մանդատից: Ընդ որում, հրաժարումներն սկսվել են ընտրվելուց մի քանի ամիս անց՝ 2022թ.-ի առաջին կիսամյակում: Ավագանու անդամներից ևս 4-ը այս տարվա հունիսին է հրաժարվել: Հետևաբար, ՔՊ կուսակցությունը պետք է համալրեր ավագանու կազմը ցուցակում ընդգրկվածներից: Նրանցից 5-ը մերժել է ավագանու կազմում ընդգրկվելու առաջարկը և ինքնաբացարկ ներկայացրել: Ընդհանուր հաշվով, ՔՊ-ի ավագանու 44-հոգանոց ընտրական ցուցակից մինչ օրս ինքաբացարկ է ներկայացրել 16 հոգի՝ չցանկանալով ընդգրկվել ավագանու կազմում:

ՔՊ կուսակցության ավագանու անդամներից մանդատից հրաժարվել են նաև համայնքի կազմում ընդգրկված՝ Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ գյուղերի ներկայացուցիչները: Նրանց փոխարեն այդ գյուղերից ցուցակում ընդգրկվածները նույնպես մերժել են մանդատ ստանալու առաջարկը: 

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 130 հոդվածի երկրորդ մասով, որով կարգավորվում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը, սահմանվում է. «Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ ... »։

Ներկայումս ավագանու 15 հոգանոց կազմում 14-ը Գառնի գյուղից են, մեկը՝ Գողթ գյուղից: Այսինքն՝ օրենքի այս պահանջն արդեն խախտվել է: 

Մանդատից հրաժարվածներից երեքը կին են, և ներկայում ավագանու 15 հոգանոց կազմում երկու կին է ընդգրկված, նրանք ՔՊ-ն են ներկայացնում: Ընտրական օրենսգրքի մյուս պահանջն այն է, որ «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Գառնիի ավագանու կազմում գերակշռողն արական սեռն է, հետևաբար օրենքի այս պահանջը նույնպես խախտվել է:

Մանդատից հրաժարումներն ու ինքնաբացարկներն ավագանու կազմում սեռերի հավասարությունն ապահովելու առումով ՔՊ-ին վիճակը շտկելու հնարավորություն չեն ընձեռում, քանի որ ցուցակում ընդգրկված մյուս կանայք ինքնաբացարկ են ներկայացրել: 

Ավագանու մանդատ ստացած «Հանրապետություն» կուսակցության վիճակը նույնպես բարվոք չէ, ավագանու կազմում 5 մանդատ ստացած այս կուսակցությունը միայն տղամարդիկ են ներկայացնում: Նրանցից մեկը՝ Գարեգին Մարգարյանը, 20 անգամ բացակայել է ավագանու նիստերից: Այսպես՝ 2022թ.-ին ավագանին հրավիրել է 18 նիստ, որից 6-ին է նա մասնակցել, իսկ 2023թ.-ին ընդհանրապես չի մասնակցել նիստերին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե «... նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունվում է համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ...: Ավագանին, սակայն, նրա լիազորությունները չի դադարեցրել:

Լիազորությունները վաղաժամ դադարեցնելու շեմին է մոտենում (եթե արդեն չի հատել) նաև ավագանու՝ երկրորդ ամենաշատ բացակայությունները գրանցած անդամը՝ ՔՊ ցուցակով մանդատ ստացած Ժորա Մարտիրոսյանը: Նա ավագանու գործունեության ընթացքում նիստերից բացակայել է 13 անգամ, մասնավորապես՝ 2023թ.-ին ավագանու 8 նիստ է հրավիրվել, որից 6-ին չի մասնակցել:

Այսպիսով՝ օրինակա՞ն է, արդյոք, Գառնի համայնքի ավագանու գործունեությունը, երբ խախտվել են ավագանու կազմը ձևավորելու օրենսդրական պահանջները՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի կեսը, նաև կանայք համամասնորեն ներկայացված չեն ավագանու կազմում: 

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը մեր խնդրանքով մեկնաբանելով Ընտրական օրենսգրքի նշված պահանջները և դրանց բացակայության պայմաններում գնահատելով ավագանու լեգիտիմությունը՝ ասաց. «Այս դեպքերում անպայմանորեն ավագանու լեգիտիմության հարցը կա»:

Սահմանադրագետը նշեց, որ միավորված համայնքների պարագայում նման դրույթ սահմանելը նպատակահարմար է, որպեսզի լինի համապատասխան ներկայացվածություն՝ տվյալ բնակավայրի շահերը պաշտպանելու համար։ Ըստ էության, ավագանու այդ անդամը տվյալ բնակավայրի ներկայացուցիչն է ավագանու կազմում։ Սակայն, Ընտրական օրենսգիրքը նրանց ներկայացվածությունը չապահովելու հարցով լրացուցիչ կարգավորում չի նախատեսում, ինչն օրենսդրական մեծ բաց է: 

Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում նաև կարգավորումներ այն դեպքերի համար, երբ կանանց համապատասխան թվով ներգրավվածություն չկա ավագանու կազմում, և սեռերի հավասարակշռությունն ուղղակիորեն խախտվում է։ Ըստ Պողոսյանի՝ ստացվում է, որ քարոզչական նպատակներով Եվրոպային մի բան ենք ցույց տվել՝ օրենսգրքում ներառել ենք, բայց առաջացած խնդիրները չենք կարգավորել օրենքում։

«Անտրամաբանական է օրենսգրքում նախատեսել նման կարգավորում, որ ընտրացուցակում ամեն երրորդը պետք է իգական սեռի ներկացուցիչ լինի, իսկ հետո ասել, որ իրենք չկան, ուրեմն որևէ խնդիր գոյություն չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու ենք ցուցակներ կազմելու համար առաջադրել այդ պահանջը։ Որպեսզի ասենք, որ նման պահանջ գոյություն ունի՞, բայց եթե հրաժարվեցին, առանց դրա էլ կարելի է գործե՞լ»,- ասաց պրն Պողոսյանը։

Նրա խոսքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը մի քանի դեպքեր է նախատեսում, թե երբ կարելի է ավագանու գործունեությունը վաղաժամ դադարեցնել, բայց դրանց մեջ այդ հիմքը չկա։ «Այդ հիմքը անպայման պետք է լիներ, օրենքը չի կարգավորում, որի պատճառով քաոսային վիճակ է ստեղծվում տարբեր իրավիճակներում։ Այդ պարագայում, տվյալ համայնքի ավագանու լեգիտիմությունն ուղղակիորեն հարցականի տակ է»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter