HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորակառույց պահածոների գործարանը ՀԷՑ-ից 170 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

Մասիսում պահածոների նոր գործարան կառուցած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից շուրջ 170 մլն դրամի փոխհատուցում է պահանջում: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, գործարանը էլեկտրական ցանցին չի միացրել, ինչի պատճառով իրենք մեծ վնասներ են կրել և կանգնել սնանկացման եզրին:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն Հայաստանում հիմնադրվել է 2021թ. փետրվարի 1-ին հիմնականում ռուսաստանաբնակ հայ գործարարների կողմից. 65 % բաժնեմասի շահառուն Նաիրա Կարապետյանն է, 20 %-ը` վերջինիս եղբայր Խաչիկ Պողոսյանինն է: 

Պահածոների գործարանը պետք է նպաստեր Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը: Գործարանի կառուցման համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ: Այն նախատեսված է 500 տոննա ձկան և 4000-5000 տոննա միրգ-բանջարեղենի վերամաշակման համար: Գործարանի շահագործման պարագայում 80-120 աշխատատեղ կարող է բացվել:

Գործարանը փաստացի պատրաստ է շահագործման, սակայն չի շահագործվում, քանի որ ՀԷՑ-ը սպառման համակարգն էլեկտրական ցանցին չի միացրել:

Գործարանը կառուցելու համար ընկերությունն օգտվել է Կառավարության սուբսիդավորման ծրագրերից, և լիզինգի պայմանագրերի համաձայն` վարկի տոկոսները սուբսիդավորում է պետությունը: 2021 թ. օգոստոսին «Պրեմիում ֆուդ Լ» ընկերությունը վարկի այդպիսի երկու պայմանագիր է կնքել. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 95 մլն դրամի պայմանագիր, որի համար իր կողմից վճարում է ամսական 1 266 666 դրամ, իսկ 12,5 հիմնական տոկոսադրույքը սուբսիդավորում է Կառավարությունը:

Եվս մեկ պայմանագիր «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն կնքել է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ` 57,6 մլն դրամի չափով: Դրա համաձայն` ամսական 530 հազար դրամի չափով վճարում իրականացնում է «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն, իսկ 9,5 % տոկոսադրույքը սուբսիդավորվում է պետության կողմից։

2022թ. փետրվարի 15-ին ընկերությունը ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքել էլեկտրացանցին միանալու և էլեկտրական մատակարարում ունենալու համար: Համաձայն այդ պայմանագրի` ՀԷՑ-ը մինչև 2022թ. մայիսի 16-ը պետք է իրականացներ գործարանի միացումն էլեկտրացանցին: Սակայն ցայսօր գործարանը էլեկտրաէներգիայի ցանցին չի միացվել, և ՀԷՑ-ը գործարանին էլեկտրաէներգիա չի մատակարարում:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն գրավոր դիմումներ է ուղղել ՀԷՑ-ին` խնդրելով կատարել ստանձնած պարտավորությունները: Այդ նամակներից` անցյալ տարվա հունիսին ուղղված գրությամբ, հայտնել է, որ ընկերության 50 աշխատակից գտնվում է հարկադիր պարապուրդում` ՀԷՑ-ի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով:

Պատասխաններ չստանալով` ընկերությունը դիմել է նաև բոլոր պատկան մարմիններին, այդ թվում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: ՀԾԿՀ-ն 2022թ. սեպտեմբերի 13-ի գրությամբ հայտնել է, որ այդ խնդիրը իրենց պատասխանատվության ներքո չէ:  Այս հարցով ընկերություունը դիմել է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Դրա գլխավոր քարտուղար Աշոտ Վահանյանը, պատասխանելով ընկերության գրությանը, հայտնել է, որ բարձրացված հարցը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակից: Նշված պետական կառույցներից ընկերությունը ոչ մի աջակցություն չի ստացել, ինչից հետո ստիպված է եղել դիմել դատարան: 

Ի վերջո, ՀԷՑ-ը, խախտելով պայմանագրի ժամկետները, անցկացրել է մալուխները, սակայն ընկերության տնօրինությունը պարզել է, որ այն չի համապատասխանում նախագծին. նախագծով նախատեսվում է 97 մետր մալուխն անցկացնել առանց կցոնների, մինչդեռ ՀԷՑ-ը 10 կՎ մալուխը սպառման ցանցին միացրել է 3 կցորդով:

Հիմնադիրներից Խաչիկ Պողոսյանը, ով նաև հիմնական բաժնետեր Նաիրա Կարապետյանի եղբայրն է և ընկերության տեխնիկական գծով տնօրենը, ասում է, որ անվտանգության նորմերից ելնելով` անթույլատրելի է երեք կցոնով 97 մետրանոց մալուխի անցկացումը, քանի որ իրենց գործարանում այնպիսի սարքավորումներ և սառնարաններ կան, որոնք էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր տատանումից կամ խափանումից կարող են շարքից դուրս գալ, և դրա հետևանքով իրենք մեծ վնասներ կկրեն, իսկ կցորդներով ցանցին միացումը հենց այդպիսի ռիսկեր է պարունակում:

«Գործարանում կա -40 և -20 աստիճան ապահովող սառնարաններ, ավտոկլավներ և պահածոյացման համար նախատեսված հաստոցներ, որոնք աշխատում են հոսանքով, իսկ յուրաքանչյուր խափանման դեպքում մենք տասնյակ միլիոնավոր դրամների վնաս կկրենք»,- նշում է Խ. Պողոսյանը:  

Ընկերության ներկայացուցիչները, երբ փորձել են բանավոր կերպով հաղորդակցվել և ճշտել, թե ինչու են կցորդներով անցկացնում, կապալառուն պատասխանել է, որ այդ երկարությամբ եռաֆազ 10 կՎ-անոց մալուխ Հայաստանում այդ պահին չկա, դրա համար կցորդներով են իրականացնում:

«Մենք ոչ միայն ճշտեցինք, որ մեծածախ ու մանրածախ խանութներում կա այդ մալուխից, այլև առաջարկեցինք մեր միջոցներով ձեռք բերել և փոխանցել իրենց, որպեսզի մեկ ամբողջական կտորով անցկացնեն, բայց չգիտեմ ինչու չհամաձայնեցին նույնիսկ այդ տարբերակին»,- ասում է հիմնադիրը: 

Ընկերության ներկայացուցիչ Մաթևոս Մարկոսյանը հիմնավորում է, որ ՀՀ «էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության» մասին օրենքը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ հաստատելու մասին Կառավարության որոշումը ասում է, որ 1 կՎ-ից բարձր մալուխային նոր կառուցվող գծերի կցորդների թիվը չի կարող 3 լինել: 3 լինում է 1 կմ գծերի կառուցման դեպքում, իսկ իրենցը 97 մետր է:

ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դ. Գրիգորյանը գրություններից մեկում հայտնել է, որ տվյալ պատվերի շրջանակներում իրականացվող աշխատանքները խոչընդոտվում են դիմումատուի («Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ի` հեղ.) կողմից, քանի որ 10 կՎ մալուխային գիծը կառուցվում է 3 կտորից` կցորդիչների միջոցով։

«Հայտնում եմ, որ դիմումատուն գրավոր ծանուցվել է, որ կառուցվող էլեկտրահաղորդման մալուխային գիծը համապատասխանում է տեխնիկական նորմերին, գտնվում է ՀԷՑ ՓԲԸ-ի հաշվեկշռում և վերջինիս սպասարկման աշխատանքները նույնպես իրականացվելու են ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից, որպեսզի վերջինս չխոչընդոտի աշխատանքների հետագա իրականացմանը»,- հիմնավորել է ՀԷՑ-ի տնօրենը:

Որպեսզի հոսանքի գիծը սկսի աշխատել, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետք է դրա գործարկման դրական եզրակացություն տա: Սակայն երբ պարզվել է, որ մալուխն անցկացվել է 3 կցորդով, տեսչական մարմինը թույլ չի տվել գործարկել այն: 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, պատասխանելով ընկերության ներկայացուցչի գրությանը, հայտնել է, որ 10 կՎ լարման մալուխային գծի գործարկման եզրակացության տրամադրման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ն 2022թ. դեկտեմբերի 13-ին և 2023թ. հունվարի 24-ին դիմել է տեսչական մարմին, որոնց հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառով, տրվել են բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագրեր:

Այդպիսով, ընկերությունը պնդում է, որ ՀԷՑ-ը պետք է կատարի իր պարտավորությունը, անցկացնի մալուխն առանց կցորդների` համաձայն նախագծի, իսկ ՀԷՑ-ը չի ցանկանում նույն աշխատանքը կրկին կատարել` հիմնավորելով, որ մալուխը կարող է աշխատել նաև կցորդներով, ինչը, սակայն, չի համապատասխանում նախագծին:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն 2022թ․ նոյեմբերին դիմել է դատարան: Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀԷՑ-ին սեղմ ժամկետում կատարել պայմանագրային պարտավորությունները և սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնել և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումն ապահովել «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ին, արգելել ՀԷՑ-ի կողմից այն բոլոր աշխատանքները, որոնք չեն բխում նախագծից, անվտանգության նորմերից և պարտավորեցնել աշխատանքները կատարել համաձայն նախագծի և անվտանգության նորմերի` 97 մետրանոց հոսանքագիծն անցկացնել մեկ ամբողջական մալուխով:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն մյուս պահանջը գումարային է` հօգուտ ընկերության բռնագանձել 102 մլն 213 հազար 773 դրամ:

Այս գումարը գոյացել է վարկային պայմանագրերի վճարումներից, ընկերության կնքած պահածոների մատակարարման պայմանագրերից: Ընկերությունը հաշվարկել է նաև բաց թողնված եկամուտը և վնասները, արտադրամասի վարձակալության վճարները, կազմակերպության առօրյա ծախսերը չլուծարվելու համար:

Օրինակ՝ «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն 2022թ. մայիսի 10-ին պայմանագիր է կնքել ռուսական ընկերության միջև 47 989 536 ռուսական ռուբլո պահածոների մատակարարում իրականացնելու համար, որը կազմել է շուրջ 327 մլն դրամ: Այդ պայմանագրով ապրանքի մատակարարումը ընկերությունը պետք է սկսեր 2022թ. օգոստոսին, ինչը ՀԷՑ-ի պատճառով չի կարողացել իրականացնել, այլ իրականացրել է միայն 5 մլն ռուբլու չափով` վարձակալելով այլ արտադրամաս: 

 

Լուսանկարում՝ փաստաբան Մաթեւոս Մարկոսյանը

«Կարծում ենք` ՀԷՑ-ը կանխամտածված չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները` օգտվելով իր մոնոպոլ դիրքից, այդպիսով խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, մթերքների վերամշակմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կամ ՀԷՑ-ը նմանատիպ գործարաններից որևէ մեկի հետ պայմանավորվածություն ունի, որ խոչընդոտի մեր գործունեությունը` նպաստելով նրանց գործունեության բարգավաճմանը»,- այսպիսի դիրքորոշում հայտնեց «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանում` պատասխանելով դատավոր Հովհաննես Ղազարյանի հարցին, թե, ըստ ընկերության, ինչու ՀԷՑ-ը չի կատարել իր պարտավորությունը:

Դատական նիստին ՀԷՑ-ի ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը պնդում էր, որ ՀԷՑ-ը կատարել է իր պարտավորությունները և Կառավարության որոշմամբ որևէ արգելք չկա 97 մետրանոց մալուխը 3 կցորդով անցկացնելու համար: Ինչ վերաբերում է սպառման համակարգի միացմանը էլեկտրացանցին, ապա ընկերությունն է դրան խոչընդոտում: Դատավոր Ղազարյանի հարցին, թե ինչպես է ընկերությունը խոչընդոտել, ՀԷՑ-ի ներկայացուցիչը որևէ փաստարկ չբերեց: Միայն պարզաբանեց, որ ընկերության կողմից այնպիսի վարքագիծ է դրսևորվել, որ թույլ չի տրվել միացում իրականացնել:

Մաթևոս Մարկոսյանը հետաքրքրվեց, թե ինչու այդ խոչընդոտները որևէ կերպ չեն արձանագրվել, ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու պարագայում ինչու չեն դիմել պատկան մարմիններին, քանի որ դա քրեական հանցակազմ պարունակող գործողություն է:

«Ընկերությունը փորձել է իրականացնել, դուք ասել եք, որ կցորդներով չիրականացնեն, որ դուք դրան կողմ չեք: Դուք նաև թույլ չեք տվել: Ասել եք` 97 մ ամբողջական մալուխով անցկացնեն»,- փորձում էր հիմնավորել ՀԷՑ-ի ներկայացուցիչը:

Մաթևոս Մարկոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր վստահորդներն իսկապես կողմ չեն, քանի որ դա չի համապատասխանում նախագծին և անվտանգության նորմերին:

«Դուք 4 անգամ դիմել եք տեսչական մարմնին, 4 անգամ մերժել են ձեզ»,- հակադարձեց Մ. Մարկոսյանը:

Դատարանը հետաքրքրվեց, թե ինչու տեսչական մարմինը թույլ չի տալիս ՀԷՑ-ին միացում իրականացնել: ՀԷՑ-ի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել այդ հարցին` պատճառաբանելով, որ պետք է ճշտում կատարի ՀԷՑ-ից, ինչի համար իրեն ժամանակ է հարկավոր: Նախորդ դատական նիստն այդպես ընդհատվել էր, իսկ երեկվա՝ օգոստոսի 10-ի նիստին ՀԷՑ-ի ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը չէր ներկայացել` գրավոր ծանուցելով, որ ջերմություն ունի և վատառողջ է: Այդուհանդերձ, նիստը կայացավ, քանի որ փաստաբանը բժշկական որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել:

Դատարանն անցավ ապացուցման բեռի բաշխման գործընթացին, լսեց Մ. Մաթևոսյանի կարծիքը և հետաձգեց նիստն անորոշ ժամկետով մինչև պատասխանող կողմը ևս դիրքորոշում հայտնի:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը հայտնել է, որ գործարկման եղրակացություն տալու նպատակով ընկերության ներկայացրած փաստաթղթերի և նախագծի ուսումնասիրությամբ հիմնավորվում է, որ փաստացի տվյալ ստորգետնյա մալուխն անցկացված է մեկ ամբողջական կտորով։ Սակայն նույն ժամանակահատվածում  «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն դիմել է  Տեսչական մարմնին՝ ներկայացնելով  փաստարկներ տվյալ մալուխի ոչ ամբողջական, այլ երեք կցորդիչով անցկացված լինելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը տվյալ մալուխը լարման տակ դնելու գործարկման եզրակացություն չի  տրամադրվել՝ վերոնշյալ իրարամերժ փաստական հանգամանքների  պատճառով։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ստորգետնյա եղանակով անցկացված մալուխի ամբողջական կամ ոչ ամբողջական լինելու փաստը հնարավոր է պարզել միայն տվյալ մալուխի խրամուղին բացելու միջոցով, որի լիազորությունը Տեսչական մարմինը չունի։ 

Սահմանված կարգի համաձայն՝ առանց տվյալ մալուխի փաստացի անցկացման եղանակի և նախագծին համապատասխանության մեջ համոզվելու, Տեսչական մարմինը չի կարող տրամադրել տվյալ մալուխը լարման տակ դնելու համար գործարկման եզրակացություն։ 

Ուստի՝ հիմք ընդունելով այն հանգամանք, որ տվյալ ստորգետնյա մալուխի ամբողջական կամ ոչ ամբողջական լինելու հանգամանքը հնարավոր չէ պարզել ակնադիտական եղանակով, անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ վարչական վարույթի հարուցման շրջանակներում»,- նշել է Ա. Պապիկյանը: 

Միաժամանակ Պապիկյանը հայտնել է, որ այդ ընթացքում պարզվել է՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Պրեմիում ֆուդ Լ» ԱՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման, եթե դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ, ուստի՝ վարչական վարույթ կարող է հարուցվել միայն նշվածս գործով դատարանի կողմից դատական ակտ ընդունելուց և վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, և միայն այն դեպքում, եթե նշված ակտը չի կայացվի միևնույն անձանց, միևնույն առարկայի և միևնույն հիմքերի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter