HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրանդելին ցանկանում է հաղթել «Եվրո»-ն եւ շուտ գնալ տուն ու քնել

Իտալիայի հավաքականը գեղեցիկ խաղի շնորհիվ չկարողացավ հասնել հաղթանակի մառախլապատ Ալբիոնի թիմի նկատմամբ, սակայն 11-մետրանոցների ժամանակ բախտն ու փորձը հենց ապենինցիների կողմն էին: Ռոյ Հոջսոնի Անգլիան ուղեւորվեց տուն, իսկ Չեզարե Պրանդելիի թիմը կիսաեզրափակչում կհանդիպի Գերմանիային. պատմական հակամարտության շարունակություն՝ «Եվրո-2012»-ի շրջանակներում: Այսպիսով՝ 1/2-ում կխաղան Պորտուգալիա-Իսպանիա, Գերմանիա-Իտալիա զույգերը:

Անգլիա-Իտալիա գոլազուրկ խաղում, այդուհանդերձ, ավելի լավ տեսք ունեին իտալացիները, որոնք ավելի սուր ու վտանգավոր էին գործում: Նրանք արդարացիորեն վաստակել էին 4-2 հաշվով հաղթանակը հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ: «11-մետրանոցները միշտ էլ վիճակախաղ են, սակայն գտնում եմ, որ արժանի էինք հաղթանակին,- ավելորդ համեստություն չի արել Պրանդելին,- նման պարագայում բախտը կազմում է մոտ 80 տոկոս: Որոշ խաղացողներ սովորել են այդպիսի հանգամանքների, ոմանք էլ ընդհանրապես միշտ հանգիստ են: Բայց միեւնույնն է՝ հիմնականը բախտի գործոնն է»:    

Մարզիչը պատմել է, որ խաղից հետո զանգել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն եւ շնորհավորել թիմին: Ըստ Պրանդելիի՝ որոշիչ դեր ունի այն, որ գերմանացիները երկու օր շատ են հանգստանալու, սակայն միաժամանակ ասել է, որ եթե իրենք խաղան նույն ձգտումով, եզրափակիչ մտնելու հնարավորություններ կան: 

«Իսպանիան ու Գերմանիան մրցաշարի գլխավոր ֆավորիտներն են, սակայն մենք կռիվ ենք տալու»,- շեշտել է իտալացին՝ հավելելով, որ ուզում են շուտ տուն վերադառնալ եւ քնել:  

Անգլիացիների մարզիչ Ռոյ Հոջսոնն էլ նշել է, որ չէին ձգտում խաղը 11-մետրանոցների հասցնել: Բրիտանացիները հիմնականում անհաջողակ են եղել նման պարագաներում, եւ այս դեպքում էլ ավանդույթը շարունակվեց: Հիասթափված Հոջսոնը կարիք է հայտնել, որ հնարավոր չէ խաղացողին 11-մետրանոց իրացնել սովորեցնել, որ հետո այն գործի վերածի խաղի ժամանակ. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի սառնասրտությամբ է Պիռլոն իրացնում այդ հարվածը: Նման բան հնարավոր չէ սովորեցնել»:  

Մասնագետը հավելել է, որ իտալացիները լավ ֆուտբոլ էին ցուցադրում, բայց իրենք էլ լավ պաշտպանվում էին: «Մենք լքում ենք «Եվրո»-ն՝ հիմնական ժամանակում այդպես էլ չպարտվելով: Գնում ենք տուն, քանի որ չենք կարողանում հաղթել 11-մետրանոցներով»,- եզրափակել է Հոջսոնը: 

Լուս.՝ Ալեսանդրո Դիամանտին` հաղթական հարվածից հետո (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter