HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների աշխարհում ապրող 13-ամյա տղան՝ Հարութը

Հարութի՝ սենյակ մտնելուն պես նրա սերինոսները՝ Դիանան ու Ջիմին, ակտիվանում են՝ ինչ-որ ձայներ հանում: Ասում է՝ Դիանան սիրում է նկարվել, Ջիմին էլ լավ պարում է: Հարութը, թռչուններին նայելով, ժպտում է: Փոքր, նեղ հյուրասենյակում թռչունների վանդակը, թերեւս, սենյակի ամենագունեղ կետն է:

Հարութն ապրում է կենդանիների աշխարհով: Լքված կենդանիներ է բերում տուն, խնամում, պահում, մի մասն էլ նվեր է ստանում: Երբ կենդանին, ամեն դեպքում, չի ապրում, Հարութի համար դա մեծ ցավ է դառնում:

-Տանում է անտառ, թաղում, ծաղիկներ դնում: Էն անգամ մինչեւ գիշերվա մեկը անտառում շան գերեզմանի մոտ էինք,- պատմում է Հարութի տատը:

13-ամյա Հարութն ապրում է տատի ու մոր հետ Նոր Խարբերդում: Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն: Տատը՝ 65-ամյա Հասմիկ Հարությունյանը, երկրորդ խմբի հաշմանդամ է՝ արյան բարձր ճնշում, շաքար, անոթների խնդիր, մի երիկամով է ապրում: Մայրը՝ Գայանեն, արդեն մեկ տարի ողնաշարի ցավեր ունի: Անվճար հետազոտության համար հերթագրվել է, դեռ սպասում է իր հերթին՝ ախտորոշում անելու համար:

Երկու կանայք՝ մայր ու աղջիկ, աչքերը լուռ սրբում են: Հարութն անընդհատ ներսուդուրս է անում: Տղայի ժպիտից նրանք էլ են ժպտում՝ թաց կոպերը մի պահ փայլում են: Այս երկու կանանց ճակատագրերը շատ նման են:

Տիկին Հասմիկը պատմում է, որ Գայանեի ծննդից 1 տարի անց ամուսնալուծվել է: Երբ իմացել էր, որ ամուսինը թմրամոլ է, ինչի պատճառով էլ ազատազրկել էին, հավաքել էր իրերն ու գնացել հայրական տուն: Գայանեին նա միայնակ է մեծացրել: Գայանեն տիկին Հասմիկի միակ երեխան է: «Միակ երեխան ու միակ թոռը՝ Հարութը»,- ավելացնում է նա:

Հարութը ծնվել է Գայանեի ամուսնության 9-րդ տարում: Ասում է՝ այդ տարիներն անցել են ամուսնու կողմից ծեծուջարդով: Ամուսինը հարբեցող էր, «խմիչքի հանդեպ սեր ուներ»: Գայանեն հիմնականում տանն էր մնում նրա խանդի պատճառով: Տան առեւտուրն էլ ամուսինն էր անում, որպեսզի կինը տնից դուրս չգա: «Դե որ սիրում էի, ամեն ինչ տանում էի»,- այսպես է բացատրում 45-ամյա Գայանեն:

Նրա ծննդյան օրը ամուսինը զանգահարել էր, ասել, որ գնա, խանութից պարտքով ապրանք վերցնի՝ հյուրերին ընդունելու համար, ինքը հետո կփակի պարտքը: Գայանեն հրաժարվել էր պարտքով ծննդի սեղան բացել: Այդ օրն ամուսինը տուն չէր գնացել: «Հետո զանգեցի ձեռքի վրա, մի կին վերցրեց: Ասում եմ՝ Դավիթին եմ ուզում, ասում ա՝ դու ո՞վ ես: Ասում եմ՝ ես իրա կինն եմ, ինքն էլ թե՝ դու նախկին կինն ես»,- պատմում է Գայանեն:

Այսպես է ավարտվել նրա 9 տարվա ամուսնական կյանքը: Ծննդից օրեր անց Գայանեի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետ պարզել է, որ արդեն 2,5 շաբաթական հղի է: Այս լուրն իմանալուց հետո տիկին Հասմիկի բարեկամներից մեկը զանգահարել էր փեսային, վերջինս էլ պատասխանել էր, թե Գայանեն իրեն հետ բերելու ուրիշ ձեւ չի՞ գտել:

Գայանեն հիմա միայնակ է մեծացնում որդուն: Դպրոց գնալու ժամանակ է նկատել, որ երեխան խնդիրներ ունի: 4 տարի առաջ ախտորոշել են մտավոր հետամնացություն, կոպիտ վարքային խանգարումներ: Դեղեր են նշանակել: Դրանցից մի քանիսը քնաբերներ էին, որոնք հիմա չեն տալիս:

Հարութը ներս է մտնում երկու շների՝ Արջուկի եւ փոքրիկ Քուքիի հետ: Քոթոթին տանը շատ են սիրում: Տիկին Հասմիկը գրկում է, շոյում: Հարութն արդեն դրսում է: Քիչ անց նորից է ներս մտնում ծովախոզուկների հետ: Ծանոթացնում է՝ Պոպոշն ու Պեպին են:

«Ինքն էդ կենդանական աշխարհով ա ապրում: Մենակ տեսնեք՝ ոնց ա խնամում»,- ասում է մայրը:

Հիմա երկու կանանց կյանքի առանցքը Հարութն է: Տիկին Հասմիկն ասում է՝ ամեն ինչ անում են, որ երեխայի խաթրով գնան: Թոշակի օրերին խանութ են գնում, Հարութի սրտի ուզածն են առնում:

Երեքով ապրում են ընտանեկան նպաստով, Հարութի եւ տիկին Հասմիկի հաշմանդամության թոշակով: Սա է նրանց ընտանիքի եկամուտը:

Հյուրասենյակի մի անկյունում խոհանոցն է, բայց եթե հնարավորություն ունենային, խոհանոց կսարքեին նկուղի վրա: Սանհանգույց ու լոգասենյակ էլ չունեն: Տիկին Հասմիկն ասում է՝ Հարութին տանն են լողացնում, իսկ իրենք սպասում են մութն ընկնի, նոր լողանան. բակում են լողանում:

Չնայած այս գունդուկծիկ եղած հոգսերին, որոնք փշի պես են երկու կանանց համար՝ Հարութը հոգում է նրանց մասին:

«Մինչեւ մենք չքնենք, Հարութիկը չի քնելու: Ասում է՝ վախենում եմ գան, ձեզ սպանեն: Հենց քնում ենք, դուռը փակում է բանալիով, ինքն էլ պառկում»,- պատմում է տատը:

«Բոլորը դպրոցում սիրում են իրեն։ Որ գնում եմ ծնողական ժողովին, դասատուն ասում է՝ շատ գոհ եմ Հարութից, առաջադիմություն կա, բայց տուն գալուց Հարութիկն ասում ա՝ ես գիտեմ, որ ես չեմ սովորում, իրենք ուղղակի ինձ սիրում են, դրա համար են գովում։ Հարութիկը տառերը չգիտի, արտագրություններ է անում: Ճիշտ ա, դպրոցում լավ չի սովորում, բայց մնացած ամեն ինչից ուժեղ է»,- ասում է 45-ամյա մայրը:

Հարութը շատ զգայուն է: Գայանեն պատմում է, որ երբ հեռուստացույցով քաղցկեղով հիվանդ երեխաների է տեսնում, հուզվում է:

Հարութի հետ շրջում ենք իր կենդանիների «մոլորակում»: Շագանակագույն նապաստակին է ցույց տալիս, որի համար հատուկ զուգարան է սարքել: Հետո հասնում ենք հավերին ու սագերին, շներին ու կատուներին:

-Ի՞նչ երազանքներ ունես,- հարցնում եմ:

-Դե, երազում եմ անասնաբույժ դառնամ, որ շներին ու կատուներին բուժեմ:

-Մարդկա՞նց հետ է հեշտ շփվել, թե՞ կենդանիների:

-Կենդանիների: Ես մեկ-մեկ տեսնում եմ, թե մարդիկ ոնց են նեղացնում կենդանիներին, խփում են:

Կեսօրվա շոգից փոքր տան ներսն ուղղակի եռում է: Մայր ու աղջիկ նստում են բակի նստարանին ու հետեւում Հարութին, որ մի պահ չգիտի, թե իր ջերմությունից որ կենդանուն բաժին հանի:

Սեպտեմբերի 1-ին Հարութը սովորականի պես դպրոց է գնալու: Ամեն առավոտ կերակրելու է կենդանիներին, հետո նոր դուրս գա տնից: Իսկ տուն գալուց հենց դարպասին մոտենա, Արջուկը վազելու է ընդառաջ ու փաթաթվելու նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter