HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արամ Հարությունյանի՝ 14 մլն դոլար կաշառք ստանալու գործով նիստը կրկին հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, շարունակվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու գործի քննությունը:

Նախաքննությամբ բացահայտվել էր Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը:

Արամ Հարությունյանի, Գագիկ Կարապետյանի և Սուրեն Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել: Սակայն նրանք երեքն էլ խուսափել են քրեական վարույթին մասնակցելուց և գտնվում են հետախուզման մեջ: Ուստի որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնել:

Ինչ վերաբերում է Արաքս Դիլանյանին, Վիկտոր Մարտիրոսյանին և Ալեքսան Պետրոսյանին, նրանց վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և այդ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Այսօրվա դատական նիստի սկզբին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը հայտնեց, որ Արամ Հարությունյանի պաշտպաններ Արման Բայադյանից և Երեմ Սարգսյանից դիմումներ է ստացել, որ այլ գործերով ծանրաբեռնվածություն ունեն և չեն կարող ներկա գտնվել նիստին: Պաշտպաններից Հրանտ Անանյանի վերաբերյալ դատարանը տեղեկություն չուներ, թե ինչու չի ներկայացել նիստին: Սակայն Հարությունյանի մյուս պաշտպան Կարեն Հակոբյանը հայտնեց, որ Անանյանը ևս ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայացել:

Դատական նիստին Կարեն Հակոբյանից բացի՝ ներկա էին նաև հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը, տուժող «Էրստեդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը և փաստաբան Հովհաննես Չամսարյանը, ով միջնորդություն ուներ ներկայացնելու գույքերից մեկի վրա դրված արգելանքը վերացնելու մասին:

Դատարանը հայտնեց՝ թեև այսօրվա դատական նիստի օրը նախապես համաձայնեցվել էր պաշտպանների հետ՝ այնուամենայնիվ այս դատական նիստը հետաձգում է՝ նրանց բացակայության պատճառով: Նախորդ նիստը ևս հետաձգվել էր պաշտպանների չներկայանալու պատճառով: Գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին՝ 11:00-ին:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀբնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում վերջինս բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: Մասնավորապես` Ա. Հարությունյանի առաջարկությամբ և գործարար Ս. Համբարձումյանի կազմակերպմամբ ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո վերջինս, նշված գումարը բաժանելով 3 մասի, դրանք` յուրաքանչյուր անգամ 798 մլն ՀՀ դրամին համարժեք 9.5 մլն ԱՄԷ դիրհամի չափով, փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ այնուհետև վերջիններս Ա. Հարությունյանի պահանջով մեկնել են ԱՄԷ, որտեղ իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումով: 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Գ. Կարապետյանը և Ա. Խաչատրյանն իրենց հաշվին մնացած ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել են Ա. Հարությունյանի և նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին: Դրանից հետո Ա. Հարությունյանը մեկնել է ԱՄԷ, որտեղ 2010 թվականի փետրվարի 20-ին տարբեր գումարներ կանխիկացնելու և այլ հաշիվների փոխանցումներ կատարելու միջոցով կաշառք ստացած գումարի մի մասը օգտագործել է անձնական նպատակներով: 

Քննությամբ պարզվել է նաև, որ Ա. Հարությունյանը, իր մտերիմ Ալեքսան Պետրոսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված վերոհիշյալ գումարի ծագման աղբյուրը քողարկելու նպատակով 2011թ մարտ ամսին ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա. Պետրոսյանին պատկանող` բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկի հաշվեհամարին: Նույն ժամանակահատվածում Վիկտոր Մարտիրոսյանը նույնպես իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլն դոլարը Ա. Հարությունյանի առաջարկությամբ փոխանցել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի` վերը նշված նույն բանկային հաշվեհամարին: 

Դրանից հետո «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. հունվարի 5-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով:

«Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներից «ՄԱՊ» ՓԲ ընկերության հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1 մլրդ 861 մլն ՀՀ դրամին համարժեք 5 մլն 49 հազար ԱՄՆ դոլար գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արամ Հարությունյանը, 2011թ. մարտ ամսին Բնապահպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց հետ միասին իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում «Անի» ԲԲԸ-ին պատկանող «Ջրաձոր» փոքր ՀԵԿ-ին տրվել է շուրջօրյա ռեժիմով ջրօգտագործման թույլտվություն, ինչի հետևանքով «Էրստեդ» ՍՊԸ-ի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Կարապետյանը 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, ապա` 2018թ. նոյեմբերի 21-ին «Կազբեկի» սահմանակետով ՌԴ-ից մուտք է գործել Վրաստան և նույն օրը մեկնել Թուրքիա, ապա` ԱՄՆ:

Արամ Հարությունյանը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի գործով, դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին պատկանող մի շարք գույքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter