HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոստովյան 13 վթարային շենքի կոյուղաջրերը լցվում են բակ ու նկուղ. շենքային պայմաններն անմխիթար են

Երևանի Ռոստովյան 13 հասցեի նախկին հանրակացարանային շենքի կոյուղաջրերը հոսում ու լցվում են շենքի բակ։ 1950-ականներին կառուցված շենքի կոյուղագծերը երբեք չեն փոխվել։

Շենքի ամբողջ բակում գարշահոտ է տարածված, ամենուր տիղմով ու կոյուղաջրով լցված ջրափոսեր են։ Նկուղը լիքն է կոյուղաջրերով։ Շենքի բնակիչները բազմիցս դիմել են պետական կառույցներին, բայց իրենց բավարարող պատասխան չեն ստացել։ Այս ամառ արդեն մի քանի անգամ սեփական միջոցներով մաքրել են նկուղն ու դիտահորերը։ Հին ու մաշված կոյուղագծերը շենքի միակ խնդիրը չեն․ տարիների ընթացքում նկուղ լցվող կեղտաջրերի պատճառով շենքը թեքվել է, տանիքից սկսել են քարեր թափվել բակ։ 

Շենքի բնակիչ Աննա Դավթյանը մեզ ցույց է տալիս շենքի նկուղը, փտած ու ծակված կոյուղագծերը, ապա միասին շրջում ենք հարկերով։ Պատմում է, որ երկու տարի առաջ ԱԻՆ-ից եկել ու փակել են 3-րդ հարկի պատշգամբներից մեկը ու հորդորել չօգտվել։ 

Շենքի մեկ այլ բնակիչ Ալլա Հայրապետյանը 2023-ի հուլիսին դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են, թե շենքը 3-րդ կարգի վթարային է ու քանդման ենթակա չէ։ Ալլան 10 տարի է՝ ինչ բնակվում է այս շենքում, նրա խոսքով՝ կոյուղագծերի խնդիրը միշտ էլ եղել է, բայց վերջին տարիներին հատկապես խնդիրը խորացել է։

Ալլա Հայրապետյանի դիմումին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե խցանված կոյուղագծի հետևանքով առաջացած խնդրի կարգավորման վերաբերյալ դիմել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Մինչդեռ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մեկ այլ նամակով բնակիչներին հայտնել է, թե նախկին հանրակացարանի ջրահեռացման համակարգը միացված է հարևան ջրանցքին։ Այն ընդգրկված չէ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից սպասարկվող գույքերի ցանկում, ուստի դրա շահագործման հետ կապված ընկերությունը պարտավորություններ չունի։

Վարդուհի Վերդյանը ամենահին բնակիչներից է։ Շենքում բնակվում է 32 տարի։ Նախկին հանրակացարանում հիմա մոտ 60 ընտանիք է բնակվում։ Մի քանի բնակիչներ տան դռները փակել ու գնացել են վարձով ապրելու։

«Մենք ամեն ինչ փորձել ենք, բոլոր տեղերը դիմել ենք, պետական կառույցները մեկը մյուսի վրա են գցում։ «Վեոլիա»-ն ասում է՝ իմ գործը չի, դիմե՛ք քաղաքապետարան։ Քաղաքաետարան ենք գրում, ասում են տեղեկացրել ենք «Վեոլիային», ու ի վերջո մեր հարցերով ոչ ոք չի զբաղվում։ Խնդիրները մեկը չի, երկուսը չի, մի շենք լիքը երեխեք, էս վտանգավոր պայմաններում»,- ասում է Վարդուհի Վերդյանը։

Բնակիչներն այս տարի մի քանի անգամ սեփական միջոցներով մաքրել են նկուղներն ու բակը, բայց 10-15 օր անց խնդիրը նորից կրկնվում է։ 

Մանվել Մխիթարյանը նախորդ տարի է տեղափոխվել Ռոստովյան 13 շենք։ Մինչև այստեղ բնակարան ձեռք բերելը չգիտեր կոյուղագծերի մասին։ Ասում է՝ եթե տեղյակ լիներ, այդ շենքում բնակարան չէր գնի։ 

Շենքային պայմանները ևս անմխիթար են։ 4 հարկանի շենքի բոլոր հարկերի առաստաղները փտած ու խոնավ են։

Աննա Դավթյանը պատմում է, որ հերթական անգամ, երբ քաղաքապետարան են դիմել, կոպիտ պատասխան են ստացել։ «Քաղաքապետարանից եկան, աշխատողը վախենում էր կանգնել պատշգամբում, ասում էր՝ վտանգավոր ա, իսկ մենք ստեղ ապրում ենք։ Վերջին անգամ էլ զարամացած ասում են՝ երևի մեզնից տուն են ուզում։ Տուն չենք ուզում, նորմալ ապրելու պայմաններ ենք ուզում»,- ասում է Աննա Դավթյանը։

Այժմ այս շենքում ապրում են նաև Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված բնակիչները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter