HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաշտվում ընդդիմություն դառնալու կարգավիճակի հետ

Տաթև համայնքի ավագանին, ավելի քան երեք ամսվա ընդմիջումից հետո, օգոստոսի 23-ին կարողացել է արտահերթ նիստ գումարել։ Այս համայնքում ավագանու վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, որի ժամանակ ավագանու որոշումներով վաղաժամ դադարեցվել էին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից ընտրված ավագանու 7 անդամներից 6-ի լիազորությունները։ Նույն օրը որոշվել էր ավագանու հերթական նիստը նշանակել հունիսի 12-ին։

Այդ ընթացքում մանդատից զրկված ՔՊ կուսակցության ավագանու 6 անդամներին փոխարինել են ընտրացուցակի հաջորդ համարները։ Նրանք մայիսի 24-ին վերցրել են մանդատները, սակայն ավագանու հերթական՝ հունիսի 12-ին նշանակված նիստին երկուսը մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել համայնքի ղեկավարին։ Մյուսները կրկին նիստին չեն ներկայացել։ Այդ օրը նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, և դրանով ավագանու չորրորդ նստաշրջանն ավարտվել է։

Հրաժարվածներից երկուսի մանդատները հունիսի 21-ին փոխանցվել են ՔՊ ցուցակի հաջորդ համարներին։ Նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ էր նշանակվել օգոստոսի 17-ին, որը դարձյալ տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով։ ՔՊ կուսակցության ավագանու անդամները չեն ներկայացել նաև այդ նիստին։ Երրորդ անգամ նույն օրակարգով նիստ էր հրավիրվել օգոստոսի 23-ին, այս անգամ ավագանուն հաջողվել է որոշումներ ընդունել երեք ամիս առաջ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։ Մանդատներ ստացած ՔՊ անդամներից երկուսը մասնակցել են այդ նիստին, եւ ավագանին, ի թիվս այլ որոշումների, հաստատել է Տաթև համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական  նիստերի ժամանակացույցը։

Մեր հարցին՝ արդյոք քվորումի բացակայությունը պայմանավորված է մայիսի 18-ի նիստում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6 անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմամբ, Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը հայտնեց․ «Առանց նրանց էլ մենք քվորում ունենում ենք։ Սակայն այդ նիստերին նաև այլ բացականեր են եղել, այդ պատճառով նիստերը տեղի չեն ունեցել։ Մեր ցանկությունն այն է, որ մեծ թվով ավագանու անդամներ մասնակցեն նախագծերի քննարկմանը, տեսակետները բազմաբնույթ լինեն»։

Տաթև համայնքի ավագանին ՔՊ կուսակցությունից ընտրված 6 անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցրել է ավագանու նիստերին չմասնակցելու համար: Ավագանին քննարկել էր ՔՊ կուսակցության ավագանու անդամներից 7-ի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը, և ընդունած որոշումներով դադարեցրել էր 6-ի լիազորությունները: Մեկի նկատմամբ բացառություն է արվել, քանի որ նա երեք նիստի մասնակցել է և կողմ է քվեարկել համայնքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող որոշմանը։

2021թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այս համայնքում ավագանու 7 մանդատ էր ստացել, 6 մանդատ ստացել էր «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, ևս  2 մանդատ՝ «Ապրելու երկիր»-ը: Համայնքի ղեկավար էր ընտրվել «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Սամվել Լալայանը:

ՔՊ-ից ընտրված ավագանու անդամները չեն հաշտվել ընդդիմություն դառնալու կարգավիճակի հետ։ Ընտրվելուց հետո մասնակցել են ավագանու առաջին նիստին, այնուհետև դադարեցրել են մասնակցությունը, բայցև չեն հրաժարվել մանդատներից։ Նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ավագանու ընդունած որոշումներում շեշտվում է, որ ավագանու հերթական և արտահերթ նիստեր տեղի ունենալու մասին համայնքի ավագանու անդամները պատշաճ ծանուցվել են, սակայն երրորդ նստաշրջանի ամբողջ ընթացքում նիստերին չեն մասնակցել:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

«Մանդատներ ստանձնելը և կրկին ավագանու նիստերին չմասնակցելը ՔՊ-ի   քաղաքական որոշո՞ւմն է» հարցին Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը պատասխանեց․ «Չեմ կարող բացատրություն տալ նրանց փոխարեն։ Իմ անձնական տեսակետն այն է, որ նիստին մասնակցած երկու հոգին սրտացավ են համայնքում խնդիրները լուծելու հարցում, և մանդատները վերցնելուց հետո իրենց ցանկությամբ մասնակցել են նիստին»։

Այդ հարցի պատասխանն, իհարկե, ճիշտ կլիներ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավարից լսել, սակայն Մ․ Գերասիմյանի փոխանցմամբ՝ ՔՊ ավագանու անդամները նույնիսկ խմբակցություն չեն ձևավորել անցնող երկու տարիներին։  

Լուսանկարները՝ Տաթևի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter