HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուցք. մահացություների թիվն ավելացել է, ամուսնություններ ու ծնունդներ չկան (վիդեո)

Արմեն Հովակիմյան 

30 և ավելի տարի է, ինչ Մուցք գյուղի բնակիչ, 59-ամյա Ռազմիկ Սիմոնյանը հովվի փայտը ձեռքից վայր չի դնում: Օրվա մեծ մասը սարերում, հավատարիմ ու անբաժան ընկերոջ` Արջուկ անունով շան հետ է անցկացնում:

Տղան ու աղջիկը ամուսնացել ու հեռացել են գյուղից: Ռազմիկ Սիմոնյանը կնոջ հետ է ապրում: Երեխաներին եւ թոռներին շատ է կարոտում, նրանց առիթից առիթ է տեսնում:

«Շատ դժար ա, բա ինչ ա, հենց իմացի կարոտըմ ենք, բա ոնց գնանք, բա մեր ապրանքը ում պահ տանք»,- հոգոց հանելով` նշում է նա:

Ռազմիկ պապը քաղաքականությամբ չի զբաղվում: Նա քաղաքականություն է «բանեցնում» իր սեփական տնտեսությունում: Պլանավորում է, որ ոչխարները տարին 2 անգամ ծնեն: Ոչխարի կաթից որակյալ պանիր, մածուն է ստանում:

Սիսիանից 26 կմ հեռավորության վրա գտնվող Մուցքում է ապրում 75-ամյա Ռուբեն պապը 70-ամյա կնոջ հետ: Հող են մշակում, անասուն պահում: Ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող Մուցքը սահմանակից է Նախիջևանին:

«Սահման ենք պահըմ, հեռու մի պան էղավ մենք պիտի պահենք: Բա ինչի համար ենք ըստի մենք: Մենք էլ թիկունքն ենք, ինչ-որ պակաս ըլնի մենք ենք ուղարկելու, մենք ենք օգնելու»,- ասում է Ռուբեն Ալավերդյանը:

Բարձրադիր լեռնային այս գյուղում ամեն քայլափոխի մարդիկ խնդիրների են բախվում, գյուղացիների մեծ մասը հնարավորություններ չունեն գարնանացան իրականացնել, «մեխանիզացիա» չկա:  Գյուղացու աշխատանքը վերջ չունի: Ռուբեն և Ռոզա թոշակառու ամուսիններին բերքահավաքի, խոտհնձի ժամանակ օգնության են հասնում Երևանում տաքսու վարորդ աշխատող որդին, Սիսիանում բնակվող աղջիկն իրենց ընտանիքներով:

 «Պիտի տունը ջահելն ըլնի, ամեն ինչըմ օգնի: Մենք համ ջահելի տեղ ենք անըմ, համ ահելի տեղ ենք անըմ,- ասում է 70-ամյա Ռոզա տատը,- ամառը բոստաներն ա, դաշտերը, ձմեռն էլ` գոմ, անասում, էտ ա մեր կյանքը»:

Տարեց ամուսինները գյուղից դուրս իրենց կյանքը չեն պատկերացնում: Այստեղ հայրական տունն է, շիրիմները:

Մուցքում տարին կլոր տեղումներն առատ են, մարդիկ ստիպված ռետինե կոշիկներ են հագնում: Գյուղ բերող ճանապարհները ամռանը ցեխի, ձմռանը առատ ձյան պատճառով դժվարանցանելի են: Համայնքը գնալով դատարկվում է, ծերանում:

«էսի մեծ գյուղ ա ելէ, լավ գյուղ ա ելէ, բերքից հարուստ ա ելէ: Բայց հիմա էս գյուղին ուշադրություն տարցնող չկա, երիտասարդ չկա կեղը»,-գործից չկտրվելով` ասում է 90-ամյա Մուշեղ Պարոնյանը:

«Մնացիր են մե մարդ ընդա, մե կնիկ ընդա, մե աղջիկ ընդա, մե 50-60 մարդ չկա էլի կեղը: Ժամանակին հարուստ, խեյրով գյուղ ի ելէ, օխտը կիլոյեն բերք են տվե, ցորեն»,- ավելացնում է 82-ամյա Սոնիկ Խուդավերդյանը:

Գյուղում մնացած երիտասարդներից է 22-ամյա Արամայիսը: Ժամանակ առ ժամանակ նա աշխատանք փնտրելու ակնկալիքով Մուցքից դուրս է գալիս, բայց էլի վերադառնում, ծնողները մենակ են: Ամուսնանալու մասին առայժմ չի մտածում:

«Անասուն, կարտոշկա ենք անում, առնողն ով ա: Մեզ չենք կարըմ պահենք, ի՞նչ ամուսնանանք, մի քիչ գործ-մործ որ ըլնի, կամուսնանանք»,- ժպիտը դեմքին ասում է երիտասարդ Արամայիսը: Համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը երիտասարդներին գյուղին, հողին կապելու համար սեփական դեղատոմսն է առաջարկում. հարկավոր է խրախուսել, վարկեր տրամադրել` անտոկոս կամ ցածր տոկոսադրույքներով:

Մուցքում մահացությունները մեծ թիվ են կազմում, ամուսնություններ, ծնունդները գրեթե չեն գրանցվում: Մուցքի տիպային դպրոցը իր դռները բացում է 4 դպրոցականի առջև: Այստեղ մարդահամարի սեփական ձեւն ունեն:

 «Անցած ազգային ժողովի ընտրություներին ունեցել ենք 70 աշակերտ, էսօր մնացել ա 4 աշակերտ: Սա ինչի՞ց ա, երիտասարդության հոսքի՞ց ա, մենք ունեցել ենք 400 բնակիչ, էսօրվա դրությումբ մնացել ա առկա 200 բնակիչ, էդ առկա բնակչի 20 տոկոսն ա երիտասարդ ընտանիքներ: Նրանք էլ ժամանակի ընթացքում դուրս կգան գյուղից»,- նշում է Մուցքի համայնքապետը:

Համայնքի ներկայիս ղեկավարը 1977-1986 թթ զբաղեցրել է գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, 1996 թվականին ընտրվել, այնուհետեւ վերընտրվել եւ առ այսօր աշխատում է որպես հեռավոր, լեռնային եւ սահմանամերձ համայնքի ղեկավար: Մուցքում 2 կմ ոռոգման, նույքան էլ խմելու ջրի ջրատար է հիմնանորոգվել, բարեկարգվել է նաեւ համայնքապետարանի շենքը:

«Եթե կոմունիստների օրոք եղել ա 1200 գլուխ խոշոր, էսօրվա դրությամբ մնացել ա 400-ը, մանրը եթե 3000 է եղել, էսօր` 1200 է: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ուզած-չուզած սուղ պայմաններում պիտի ապրեն»,- ասում է Դրաստամատ Նավասարդյանը:

Խորհրդային տարիներին աշորայի բարձր բերքի աճեցման համար կոլտնտեսության նախագահ Եգոր Հախվերդյանը և 5 բրիգադիրներ արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: 

Գյուղի շրջակայքում կան կարմիր կավահողի հսկայական պաշարներ: Մինչեւ 50-ական թվականների կեսերը տեղի հումքի բազայի վրա գործել է աղյուսի փոքրիկ գործարան: 

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝
լրագրողների կարողությունների զարգացման միջոցով»
ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter