HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիայից՝ Հայաստան․ դաշնամուր վերանորոգող վարպետը

Առավոտյան ժամը 7-ին Հայկ Աբելյանը բացում է արհեստանոցի դուռը, միացնում երաժշտությունն ու անցնում գործի։ Հիմնականում դասական երաժշտությունն է լսում, հատկապես Բախ է սիրում։

Վարպետ Հայկի արհեստանոցը, կարծես, դաշնամուրների եւ ռոյալների վերակենդանացման բաժանմունք լինի։ Այստեղ բերում են շատ վատ վիճակում գտնվող գործիքները։ Իսկ վարպետի խնդիրն է այնպես նորոգել, որ նորի նման դառնան։

«Նախ պետք է իմանալ նորոգության իմաստը։ Սա ամենակարեւորն է։ Դաշնամուրը պետք է դարձնես նորի նման, ոչ թե ասես՝ մի մասը նորոգեցի։ Պետք է սիրել, նվիրվել գործին։ Երբ քեզ հրավիրում են աշխատանքի, պետք է միշտ լավագույնն անել»,- ասում է 62-ամյա վարպետը։

Արհեստանոցը գտնվում է Երեւանում սիրիահայերի արդյունաբերական կենտրոնում։ Այստեղ զրոյից վերոնորոգել է, կահավորել ու աշխատանքային միջավայրը հաճելի դարձրել իր համար։ Պահարաններով առանձնացված սենյակը երկու մասի է բաժանել։ Մի հատվածում դաշնամուրներն ու ռոյալներն են տեղավորում, իսկ մյուսում՝ հաստոցն ու գործիքները։ Հենց այս երկրորդ մասում էլ նա կենդանություն է տալիս անգործ կամ կենդանությունը կորցրած երաժշտական գործիքներին։

Հայկ Աբելյանը Սիրիայի Հալեպ քաղաքից է։ Մայրը ակորդեոն ուներ եւ հաճախ էր նվագում։ Վարպետն ասում է՝ այդ ակորդեոնով էլ արթնացավ սերը երաժշտության հանդեպ։ Չնայած դրան՝ մի քանի տարի մետաղի մշակում է սովորել, որն էլ հետագայում օգտակար դարձավ դաշնամուրի վերանորոգման գործում։

Երկաթի հետ աշխատանքից հետո զուգահեռահաբար սովորում էր դաշնամուր նվագել։ Ասում է՝ հարեւանուհի ունեին՝ երջանկուհի տիկին Դերձակյանը, նա էր քաջալերել։ 1976-1977 թթ․ տանն առաջին դաշնամուրը հայտնվեց։ Մի անգամ դաշնամուր լարող էին կանչել։ Դաշնամուրի մեխանիզմն սկսել էր հետաքրքրել Հայկ Աբելյանին։ Այդ օրվանից հետո, ասում է, գրեթե ամեն օր տան դաշնամուրը քանդում, հավաքում էր։ Իհարկե, շարունակում է, տնեցիները խոսում էին, բայց քանդածը միշտ հավաքում էր։

Մինչեւ բանակ գնալն արդեն սկսել էր խորանալ այդ արհեստում։ Բանակից վերադառնալուց հետո դա հիմնական, լուրջ արհեստ դարձավ նրա համար։ Նյու Յորքում բնակվող եղբորը խնդրել էր դաշնամուրի մասեր ուղարկել։ Եղբայրն ասել էր, որ դաշնամուր վերանորոգելու մասին գրքեր կան, թող այդտեղ նայի, գրի, որ մասն է անհրաժեշտ, ինքը կուղարկի։ Գրքի վերջին էջում դաշնամուր լարողների համար մի հոդված կար։ Այդտեղ նշված էր, որ ովքեր հետաքրքրված են այս գործով, կարող են բաժանորդագրվել ամենամսյա ամսագրերի համար։ Բաժանորդագրվել էր եւ այդ օրվանից սկսած ամեն ամիս սկսել ստանալ ամսագրերը։

Պահարանի միջի կապույտ հաստ թղթապանկից հանում է ամսագրերից մեկը։ Ուշադիր նայում ենք, թերթում։  

«Ամսագիրը միայն դաշնամուր նորոգելու կամ վերանորոգելու ուղղվածությամբ էր։ Սա ինքնին դպրոց էր»,- ասում է վարպետը, ապա նշում, որ ինքնակրթությամբ կարող ես հասնել արդյունքին։

Հալեպում իր առաջին արհեստանոցի տարածքն էր գնել։ 1990-ականներն էին։ Հետզհետե ոչ միայն Հալեպից, այլեւ ամբողջ Սիրիայից էին սկսել դաշնամուրներ ու ռոյալներ տանել վերանորոգման համար։ Դրան զուգահեռ կապեր էր հաստատել Հարավային Կորեայի «Սամիկ» ընկերության հետ։ Կարճ ժամանակում դարձել էր այդ ընկերության ներկայացուցիչը։ «Սամիկը» համագործակցում էր նաեւ գերմանական «Bechstein» ընկերության հետ։ Զրուցակիցս միանգամից այս երկու ընկերությունների ներկայացուցիչն էր դարձել։ «Սամիկի» դաշնամուրներն էր բերում Սիրիա ու վաճառում։ 2008, 2009, 2010 թթ․ Հայկ Աբելյանը պարգեւատրվել է «Սամիկի» կողմից՝ որպես լավագույն վաճառող։ Հիմա այս մրցանակները դրված են պահարանի տեսանելի հատվածում։

Սիրիայի պատերազմի պատճառով վարպետ Հայկն ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում։ Նոր, անծանոթ միջավայրում մոտ 1,5 տարի աշխատանք չուներ։ Այս մասին չի խոսում, փոխարենը նրա տիկինը՝ Պերճուհին է պատմում։

Վարպետը դաշնամուրի նոր ստեղներն է ցույց տալիս։ Ասում է՝ աշխատանք չունենալը չի հիասթափեցրել իրեն։ Եթե պիտի հիասթափվեր, ուրեմն պետք է չմնար Հայաստանում։ «Երբ մենք որոշել էինք Հայաստան գալ, վերջ, Հայաստանում ենք լինելու, հայ ենք»,- ավելացնում է նա։ Սիրիայից որոշ երաժիշտների էր ճանաչում, որոնք Հայաստանում էին, բացի դրանից, իր գործին 100 տոկոսով տիրապետում էր։ Սկզբանական շրջանում միակ խնդիրն այն էր, որ գործիքները Սիրիայում էին։ Հետո երբ դրանք քիչ-քիչ բերել էր Հայաստան, ստացել արհեստանոցի տարածքը, սկսել է հանգիստ աշխատել։ «Երբ որ արհեստդ քո մեջդ է, քո հետ կերթա ամեն տեղ»,- ասում է նա։

Վարպետի համար աշխատանքը նույնն է՝ լինի դա Սիրիայում, թե Հայաստանում։ Ասում է՝ ամենուր գործը նույնն է, իր նպատակն էլ՝ անփոփոխ։

Արհեստանոցում նրա հպարտությունը հաստոցն է՝ մոտ 3 մետր երկարությամբ։ Այն հատուկ իր համար պատրաստել է Կարպիս Շոհմելյանը։ Դրա վրա է ստանում դաշնամուրի բասի լարերը։ Ցույց է տալիս պղնձե լարերով կոճերը։ Գերմանիայից է պատվիրել, առհասարակ հումքը պատվիրում է այդ երկրից։ Այս հաստոցով նա փաթաթում է պղնձե լարերը, որոնք այնուհետ տեղադրում է դաշնամուրի մեխանիզմի մեջ։

Բացատրում է, որ յուրաքանչյուր դաշնամուր վերանորոգողի կամ լարողի համար լուրջ խնդիր է դառնում բասի լարի կտրվելը։ Այն դժվար է պատրաստի պատվիրել։ Ժպտում է՝ զրոյից կարող է նորոգել դաշնամուր, բայց պատրաստել՝ ոչ։

Հայկ Աբելյանը նաեւ համագործակցում է երաժշտական դպրոցների հետ։ Արհեստանոցում մոտ 3 ժամ աշխատելուց հետո, եթե պատվերներ է ունենում, գնում է, աշխատում, բայց նորից հետ է գալիս արհեստանոց։ Այստեղ հաստոցի ձայնը, գործիքների տկտկոցը լսվում են մինչեւ ուշ գիշեր։

«Ոչ թե սիրում, այլ պաշտում եմ էս գործը։ Ամեն ինչով հետաքրքիր է։ Պահանջված գործ է աշխարհի վրա։ Նախ պետք է սիրես, էդ դեպքում ինքնաբերաբար խորանում ես։ Միշտ սորվելիք ունենք այս գործում։ Կարեւորը ճիշտ իրերն ունենալն է, որպեսզի կարողանաս լավ արդյունքով դուրս գաս»,- ասում է սիրիահայ վարպետը։

Աշակերտներ չունի, բայց 3 դուստրերն էլ հետաքրքրվում են արհեստով։ Ասում է՝ հատկապես կրտսեր աղջիկը հաճախ օգնում է իրեն արհեստանոցում։ Ժպտում է։ Ժամանակն աննկատ է անցնում աշխատանքի մեջ։ Ասում է՝ այդպես է, երբ գործդ սիրում ես։

Մեկնաբանություններ (2)

Tigran Torossian
BRAVOOOOO
TRUTH ARMENIAN
A TRUE PIANO SURGEON! GOOD LUCK DR. HAIG APELIAN! ARMENIA IS LUCKY TO HAVE THOUSANDS OF SMART AND BUSINESS-MINDED SYRIAN ARMENIANS IN ARMENIA. COMMUNISM MADE EVERYONE LAZY AND CORRUPT WITH ZERO EFFORT TO MAKE YOURSELF BETTER BECAUSE WHO CARES! EVERYONE GETS THE SAME THING!!! SYRIAN ARMENIANS ARE CLEVER! DO OR DIE! THEY ARE SURVIVORS AND EXCELLENT BUSINESS PEOPLE! LONG LIVE SYRIAN ARMENIANS IN ARMENIA! KEEP DOING BUSINESS AND MAKING MONEY! HOPEFULLY, THE GOVERNMENT DOES NOT STEAL ALL THE TAX MONEY!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter