HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Սմոգով ծածկված Արարատից մինչև օդի մոնիթորինգի սեփական ցանց․ ռուս դիզայների նախագիծը

Քրիստինա Լոգինովան Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 2022-ի մայիսին։ Ասում է՝ այդ ժամանակ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, բայց ամենավերջին բանը, որ կարող էր մտքով անցնել, լեռնային այս երկրում օդի աղտոտվածության խնդրին բախվելն էր։ Կատակում է՝ բյուրեղյա մաքրությամբ մթնոլորտի մասին պատկերացումներն ու իրականությունն իրար հակասում էին։

«Սկզբում օդում խարույկի խիտ բույրն ինձ համար հաճելի էր․ մազերիցս ու հագուստիցս գյուղի ու մանկության հոտն էր գալիս։ Բայց ժամանակն անցնում էր, օդն ավելի ծանր էր դառնում։ Հետո ես հասկացա, որ վաղուց չեմ տեսել Արարատը․ այդքան ժամանակ այն սմոգի մեջ էր», - պատմում է Քրիստինան։ 

Այսպես էլ որոշել է ուսումնասիրել Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը։ Քրիստինան դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանում սկսել էր հետարքրքրվել օդի որակով, իմացել էր միջազգային WAQI (World air quality index) կայքի մասին, որտեղ հասանելի են աշխարհի տարբեր կետերում տեղադրված սենսորային սարքերի գրանցած ցուցանիշները։ Հայաստանում նման սարքերի թիվը փոքր էր, եղածներն էլ Երևանում՝ հիմնականում Կենտրոնում էին տեղադրված։ Բայց ինչպես Քրիստինան է ասում, կայքում հասանելի այս քիչ տվյալներից էլ կարելի էր հասկանալ, որ քարտեզում՝ քաղաքի տարածքում երևացող կարմիր ցուցանակները ինչ-որ վատ բանի մասին են փաստում։ 

«Ես իմ բոլոր ծանոթներին հարցնում էի՝ իրենց չի՞ անհանգստացնում օդի որակը։ Շատերն ինձ ասում էին՝ դե վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի հոտ է։ Ես սկսեցի բոլորին այդ կայքը ցույց տալ, պատմել, որ կայաններ կան, որոնք ցույց են տալիս աղտոտվածության մակարդակը։ Այդ պատկերը տեսնելով՝ շատ մարդիկ սկսեցին մտածել խնդրի մասին, հետաքրքրվել, թե իրենք ինչպես կարող են նման սարքեր ձեռք բերել»,- ասում է Քրիստինան։

Որոշել է սարքերը ինքնուրույն հավաքել ու գեղեցիկ տեսք տալ։ Գերմանական մի նախագծի մոդելով պատվիրել է անհրաժեշտ մասերը, տեսանյութերի, ուղեցույցների օգնությամբ հավաքել ու առաջին կայանները տեղադրել իր և խնդրով հետաքրքրված ծանոթների տներում։

Հիշում է, թե իր տեղադրած առաջին սարքը կայքում տեսնելիս ինչքան էր ուրախացել։

Որպեսզի Հայաստանի տարածքում տեղադրված սարքերի ցուցանիշները քարտեզում հեշտ լինի գտնել, Քրիստինան նոր հարթակ է ստեղծել՝ ArmAQI, որտեղ ներկայացրել է օդի աղտոտվածության խնդիրը, պատմել իր նախագծի մասին։

Նա մասնագիտությամբ դիզայներ է։ Քանի որ ծրագրավորման հմտություններ չունի, կայքի քարտեզը ստեղծելու համար արհեստական բանականության օգնությանն է դիմել․ սենսորային սարքերի մասին տեղեկությունը ChatGPT-ի ստեղծած կոդի միջոցով է ավելացրել, մի քիչ փոփոխել ու հասանելի դարձրել կայքում, որ մարդիկ կարողանան ցանկացած պահի հետևել՝ ինչ են շնչում։

«Ես օդը մաքրել չեմ կարող, բայց կարող եմ մարդկանց պատմել խնդրի մասին, ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր շուրջը», - ասում է Քրիստինան։

Առաջին 10 սարքերի մասերի ու կայքի ստեղծման համար 52 500 ռուբլի է ծախսել։ Ասում է՝ գումարի չափը մեծ չէ։ Սա այն փոքր քայլն է, որ չանել չէր կարող։

«Մարդիկ շատ ավելի մեծ գումարներ են ծախսում հաճույքների՝ հոբբիների, խաղերի կամ զվարճանքների վրա։ Իսկ ինձ սա է հաճույք պատճառում․ ես սիրում եմ ինչ-որ օգտակար բան անել», - բացատրում է Քրիստինան:

Հուլիսի կեսերին Քրիստինա Լոգինովան մի հոդված էր գրել, պատմել՝ ինչպես է տեղափոխվել Հայաստան ու որոշել օդի աղտոտվածության մոնիթորինգով զբաղվել։

Ասում է՝ Հայաստանում հետաքրքրությունը շատ մեծ է, մարդիկ ակտիվ են, ինքն էլ նման արձագանքի չէր սպասում։

«3 օրում ես տարբեր քաղաքներից շուրջ 40 հայտ եմ ստացել։ Մարդիկ ուզում են մասնակցել, սարքեր տեղադրել։ Ես ընդամենը 6 սենսորային կայան ունեի նախորդ շաբաթ, հիմա չգիտեմ՝ որտեղից եմ 40 նոր սարք գտնելու։
Կարծում եմ՝ նման ակտիվության պայմաններում փոփոխությունները սարերի հետևում չեն», - ասում է Լոգինովան։

Քրիստինային ծանոթներն ասել են, որ իր տեղադրած սարքերը օդի որակի ավելի լավ պատկեր են ցույց տալիս, քան Հայաստանում պետական մոնիթորինգ իրականացնող Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» լաբորատոր փորձաքննությունները։ Բացատրում է՝ մեթոդներն ու նպատակներն են ուրիշ։

«Իմ նախագիծը հանրային է։ Երբ մարդիկ ուզում են տեղադրել սարքերը, ես չեմ կարող ասել, որ փողոցում տեղադրեն։ Բակին նայող հատվածում են դնում՝ տարբեր բարձրությունների վրա, երթևեկությունից հեռու։ Բնական է, որ ցուցանիշները կտարբերվեն», - բացատրում է Քրիստինան։

Սա հաշվի առնելով՝ ուզում է կայքում նոր հնարավորություն ավելացնել, որ ցույց կտա, թե սարքերը ինչ բարձրության վրա են տեղադրված։ Բացի այդ՝ կայանների թիվն է ավելացնելու՝ փորձելով ընդգրկել բոլոր մարզերն ու քաղաքները։ Արդեն հայտեր ունի Գյումրիից, Վանաձորից, Գորիսից ու մի քանի այլ բնակավայրից։ Ասում է՝ հետաքրքիր է համեմատել, թե ինչպիսի պատկեր է մյուս քաղաքներում։ 

Քրիստինա Լոգինովան պատմում է, որ Մոսկվայում ու Պետերբուրգում օդի աղտոտվածության մոնիթորինգի կայաններ կային, որոնք տեղադրել էր Շրջակա միջավայրի նախարարությունը։ Այստեղ՝ Հայաստանում, Քրիստինան նման կայաններ չի տեսել առցանց հարթակներում, որոնց տվյալները պաշտոնական կարելի է համարել։

Դեռ ապրիլին Հետք Մեդիա Գործարանը գրել էր, որ Հայաստանում իրականացվող պետական մոնիթորինգի ոչ մի կայան միացված չէ միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակներին։ Պատճառն այն է, որ մեր երկրում իրականացվող նմուշառման մեթոդներով հնարավոր է լինում ստանալ շաբաթական կամ օրական միջին թիվ, իսկ աշխարհում այսօր օդի որակը դիտարկելու համար տվյալ պահի ցուցանիշներն են հաշվի առնում։ Նման տվյալներ ստանալու համար ավտոմատ նմուշառման սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» չունի։ Խոսքը ավելի բարձր ճշգրտությամբ աշխատող և թանկարժեք սարքերի մասին է։ 

Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը (Umweltbundesamt) 2022 թվականին հետազոտություն էր կատարել Հայաստանում օդի մոնիթորինգի արդիականացման վերաբերյալ։ Նրանց հետազոտության համաձայն՝ ավտոմատ նմուշառման նոր մասնագիտացված դիտակայան կառուցելու համար անհրաժեշտ է 150-300 հազար եվրո՝ կախված կայանի հագեցվածությունից։

Այսպիսի պայմաններում միջազգային հարթակներում ներկայացված են լինում միայն Քրիստինա Լոգինովայի նման անհատների տեղադրած սարքերի տվյալները։

Լուսանկարները՝ Քրիստինա Լոգինովայի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter