HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը ռազմական առումով պատրաստ է գնալ գործողության, բայց չունի դրա համար անհրաժեշտ քաղաքական «կանաչ լույս»»

«Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը

-Տիկին Հայրապետյան, վերջին շաբաթներին ադրբեջանական կողմից ապատեղեկատվական, քարոզչական գրոհն ուժեղացել է: Դրան զուգահեռ վերջին օրերին խոսում են Հայաստանի եւ Արցախի սահմանին զինտեխնիկայի կուտակումների մասին: Սա արդյոք սպասվող նոր ռազմական գործողության մասին է խոսում:

-Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկատվական տիրույթի միջոցով ազդակներ է ուղարկում հնարավոր ռազմական գործողությունների մասին: Դրան զուգահեռ վերջերս Բաքվում էր Թուրքիայի ՊՆ ղեկավարը, հետո Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ուղեւորվեց Թուրքիա: Գեղարքունիքի ուղղությամբ տեղի ունեցած վերջին դեպքերի ժամանակ Թուրքիայի ՊՆ նախարարը հայտարարեց, որ իրենք աջակցում են Ադրբեջանին «արդարացի պատերազմում»: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ուղեւորվեց Մոսկվա, հետո նա Թեհրանում էր: Դրանից բացի՝ վերջերս տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հանդիպումը Սոչիում, իսկ առաջիկայում Իրանը նախագահն է մեկնում Թուրքիա:

Ուզում եմ ասել, որ ինտեսիվ քննարկումներ են ընթանում տարածաշրջանային պետությունների միջեւ, եւ ըստ իս՝ Ադրբեջանի հնարավոր քայլերը բխում են նաեւ այդ քննարկումների արդյունքներից: Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը ռազմական առումով պատրաստ է գնալ գործողության, բայց չունի դրա համար անհրաժեշտ քաղաքական «կանաչ լույս»: Ակնհայտ է, որ Իրանը հստակ հասկացրել է Բաքվին ու Անկարային, որ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններն անընդունելի են: Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Արեւմուտքը, որը որեւէ գործնական քայլ չի անում՝ Ադրբեջանին զսպելու համար, այդուհանդերձ, չի ցանկանում որպեսզի իրավիճակը նորովի լարվի մեր տարածաշրջանում: Ուստի իմ դիտարկումն այս պահի դրությամբ այն է, որ Ադրբեջանը կարող է գնալ մանր ու միջին մասշտաբների սադրանքների՝ փորձելով որոշ հատվածներում դիրքային առավելության հասնել, բայց ավելի լայնամասշտաբ գործողությունների համար նրանք չունեն անհրաժեշտ «կանաչ լույս»: Իրավիճակն, իհարկե, կարող է նաեւ փոխվել:

Այստեղ խնդիրն այն է, որ մենք հասկանանք՝ սա ուժի ու ուժի սպառնալիքի չդադարող քաղաքականություն է մեր հակառակորդի կողմից: Դրան դիմակայելու համար պետք է ունենալ ուժեղ, մարտունակ ու բարոյապես ամուր բանակ, պետք է տանել զգուշավոր, խելացի, մտածված դիվանագիտություն, որն իր աշխատանքով կկանխի Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերի շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը, պետք է նաեւ պետական միջոցներով իրականացվող տեղեկատվական ու հոգեբանական ճիշտ քաղաքականություն տանել հանրության հետ՝ թույլ չտալու, որ ադրբեջանական տեղեկատվական գրոհը խուճապային տրամադրություններ առաջացնի հանրության ներսում: Ցավոք, ՀՀ իշխանությունները իրենց քաղաքականությամբ ամեն օր ապացուցում են, որ ունակ չեն դիմագրավել մեր առջեւ ծառացած սպառնալիքներին:

-Այս օրերին ականատես ենք Երեւան-Մոսկվա դիվանագիտական «փոխհրաձգության»: Այս լարումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սահմանին տիրող իրավիճակի վրա:

-Բարդ հարց եք տալիս: Ես անկեղծ չեմ հասկանում, թե ինչու են ՀՀ իշխանությունները լարում իրավիճակը: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը նման պատասխանատու հայտարարություն անել՝ ասելով, որ ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից: Անգամ, եթե ինքը ինչ-որ տվյալներ է ստացել, որ հեռանում է, դրա մասին չի կարող խոսել երկրի ղեկավարը: Պարզ բաներ կան դիվանագիտության մեջ, ես կասեի՝ պարզունակ, որոնք այսքան տարվա մեջ այդպես էլ չուզեցին սովորել գործող իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ:

Փաշինյանի չհաշվարկված հայտարարությունները շատ խնդիրներ են ստեղծում մեր պետության համար: Ընդ որում՝ այդ կեղծ, իրապես շատ կեղծ հակառուսական հայտարարությունները մեզ ավելի մեծ կախվածության մեջ են դրել ՌԴ-ից: Լեռնային Ղարաբաղում կանգնած են ՌԴ խաղաղապահները, ՀՀ սահմանների տարբեր հատվածներում ՌԴ սահմանապահներն են, էլ չեմ խոսում տնտեսական կախվածության մասին: Ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները, ի՞նչ է ստանում ու կորցնում Հայաստանը այդ քայլերից: Այո, ՌԴ-ն բնավ այն դաշնակիցը չէ, որ կցանկանայինք ունենալ, դա պարզ է, բայց չի կարելի փչացնել առանց այն էլ ոչ այդքան հաջողված կապերը, երբ այլոց հետ որեւէ նոր բան չես ստեղծել: Դա չի կարելի անել հատկապես այն դեպքում, երբ քո չորս հարեւաններից երկուսը քեզ շարունակաբար սպառնում են: Ես կարծում եմ՝ սա վտանգավոր արկածախնդրություն է, որը միայն լարում է իրավիճակը մեր պետության շուրջ:

-Ստեղծված իրավիճակում արեւմտյան երկրների կողմից ճնշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա: Հնարավո՞ր է այդ ճանապարհով հասնել Արցախի ապաշրջափակման:

-Ցավոք, Արեւմուտքը բավարարվում է միայն կոչերով, գործնական որեւէ քայլ անելուց նրանք խուսափում են: Կոչերն էլ լավագույն դեպքում նյարդայնացնում են Բաքվին, բայց հաստատ չեն դրդում հետքայլեր անել: Այդ պատճառով էլ Արցախում ստեղծված ծանր իրադրությունը՝ չնայած տարբեր կոչերի եւ անգամ Միջազգային դատարանի որոշման, շարունակվում է:

-Ադրբեջանի ներսում ներկայում ի՞նչ հանրային տրամադրություններ են: Հակահայկական հռետորաբանությունն այնտեղ, կարծես թե, ավելի է սրվել:

-Այնտեղ անգամ հանրային տրամադրություններն են ուղղորդվում պետության ու պետական քարոզչամեքենայի կողմից: Ես իմ թվիթերյան էջում մի գրառում էի արել՝ հարցնելով ադրբեջանցի օգտատերերից, թե արդյոք իրենք ուզում են, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Շատերը, որոնք անգամ գրել էին, որ պատերազմը լավ չէ, հետո ավելացրել էին, թե որպեսզի պատերազմ չլինի, Հայաստանը պետք է տա այն, ինչ Ադրբեջանն ուզում է: Շատ հետաքրքիր էր տեսնել այդ պատկերը: Իրենց մատուցվում է այն թեզը, որ իրենք հաղթել են, ու խաղաղություն լինելու է բացառապես իրենց պայմաններով: Նման պայմանների իրագործումն էլ փաստացի հայոց պետականության վերջն է նշանակում:

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Հայաստանում դեր կան մտածող մարդիկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter