HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկարան շատ ինտենսիվ օգնում է, նախապատրաստում է Ադրբեջանին նոր լայնածավալ սադրանքի»

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի գործելակերպը տարածաշրջանում «սադրիչ» է որակել։ Թե որն է այս հայտարարության նպատակը՝ նախահարձակ լինե՞լը, թե՞ Ադրբեջանի նոր սադրանքի համար հող նախապատրաստելը, «Հետքը» քննարկել է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

«Համոզված եմ, որ Թուրքիան շատ մեծ ներգրավվածություն ունի բոլոր այն քաղաքական եւ ռազմական սադրանքներում, որոնք իրականացնում է Ադրբեջանը։ Էրդողանի կողմից այդպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Անկարան շատ ինտենսիվ օգնում է, նախապատրաստում է Ադրբեջանին նոր լայնածավալ սադրանքի։ Կարծում եմ՝ հենց դրա հետ է կապված՝ հող է նախապատրաստում Ադրբեջանի լայնածավալ սադրանքի համար»,- ասում է ակադեմիկոսը։

Արցախի եւ Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինուժի կուտակումները, ըստ «Հետքի» զրուցակցի, երկու նպատակ են հետապնդում։ Առաջինը՝ Արցախի ու Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, երկրորդը՝ Ադրբեջանի նման գործողությունները շատ իրական են դարձնում լայնածավալ սադրանքի հավանականությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի նկատմամբ։

Ո՞ր հարցերում միանման դիրքորոշում ունեն Մոսկվան ու Անկարան

Սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Դրա առանցքում ուկրաինական հացահատիկի գործարքն էր, որը, սակայն, դրական հանգուցալուծում չունեցավ Թուրքիայի համար։ Հարցին, թե Մոսկվան ու Անկարան որ հարցերում ունեն միանման դիրքորոշում, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է․ «Միանման դիրքորոշումն այն է, որ երկու երկրները օգուտներ են ստանում այն բանից, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, օգնում է Ռուսաստանին շրջանցելու դրանք։ Սա հիմնականն է, որը ստեղծում է համագործակցության դաշտ երկու երկրների համար։ Բացի դրանից՝ երկու երկրները իրականացնում են լայնածավալ համատեղ ծրագրեր՝ բազմամիլիարդանոց, որոնք մեծ ֆինանսական օգուտ են բերում երկուսին»,- ասում է թուրքագետը։

Ըստ Ռ. Սաֆրաստյանի՝ Թուրքիան, մասնավորապես, հասավ նրան, որ Ռուսաստանը հետաձգեց նրա՝ գազի դիմաց ունեցած պարտքի վճարումը։ Ռուսաստանն իր հերթին տնտեսական օգուտ է ստանում տարբեր բնագավառներում Թուրքիայի հետ համագործակցությունից։ Եվ, մեր զրուցակցի դիտարկմամբ, տնտեսական շահն այն հողն է, որը բարենպաստ համագործակցություն է ստեղծում Մոսկվայի ու Անկարայի միջեւ։

Տնտեսական հարաբերություններում կարեւոր հարցերից մեկը Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումն է։ Առաջին ատոմակայանը, որը Ռուսաստանի աջակցությամբ է կառուցվել, մոտ է շահագործման մեկնարկին ու, հավանաբար, հաջորդ տարի կգործարկվի։ Այս բազմամիլիարդանոց նախագծում, ըստ Սաֆրաստյանի, երկու հանգամանք է հատկանշական։ Նախ՝ Ռուսաստանը շատ մեծ վարկ էր տրամադրել Թուրքիային, ինչի արդյունքում վճարումներ ստացավ նրանից։ Երկրորդ՝ Ռուսաստանի համար կարեւոր էր, որ Թուրքիան էներգետիկ բնագավառում կախվածության մեջ ընկնի իրենից՝ ատոմակայանի վառելիքի հարց, թափոնների տեղափոխություն, մասնագետների պատրաստում, ուսուցում եւ այլն։ Ռուսաստանն այլ երկրների նման շահագրգռված է ստանալ երկրորդ ատոմակայանի կառուցման պատվերը։ Այս հարցը եւս քննարկվել է Պուտին-Էրդողան հանդիպմանը։ Թուրքագետը նկատում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե թուրքական կողմն ինչ շահ կունենա, եթե Ռուսաստանին տրամադրի այդ իրավունքը։

Բայց վերը նշվածը չի նշանակում, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից, հրաժարվում է վերջիններիս հանդեպ իր պարտավորություններից։

Թուրքերը կշարունակեն իրենց ազդեցության տարածումը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին որպես գործիք օգտագործելով

Հարցին, թե արդյոք Մոսկվան ու Անկարան միանման դիրքորոշում ունեն Հարավային Կովկասի հետ կապված հարցերում, քանի որ Ուկրաինայի դեմ պատերազմ վարող Ռուսաստանը, կարծես, հաշտվել է այս տարածաշրջանում Թուրքիայի ներկայության ամրապնդման հետ, ակադեմիկոս Սաֆրաստյանը պատասխանում է․ «Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Ինչպես հայտնի է, մինչեւ Պուտին-Էրդողան հանդիպումը Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է, որ Թուրքիան ավելի ակտիվ ներգրավվի Հարավային Կովկասում, միջնորդի դեր ստանձնի։ Կարծում եմ՝ դա Ռուսաստանի կողմից ժեստ է Թուրքիային, որ համաձայն է, որ Թուրքիան որոշակի ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասում՝ համագործակցելով իր հետ։ Սա, իհարկե, դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ, որովհետեւ Ռուսաստանը համարում էր, որ ինքը պետք է միանձնյա ներկայություն ունենա այստեղ: Հիմա տեսնում ենք, որ ժամանակները փոխվել են, Ռուսաստանը համաձայն է Թուրքիայի որոշակի ներգրավվածության՝ իր հետ համագործակցությամբ։ Ռուսաստանի հույսը դա է»։

Մյուս կողմից՝ ըստ «Հետքի» զրուցակցի, տեսնում ենք, թե Թուրքիան որքան է ուժեղացրել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա բոլոր բնագավառներում՝ քաղաքականից մինչեւ ռազմական։ Թուրքիայի դիրքերը ուժեղանում են նաեւ Վրաստանում։ Իսկ Մոսկվան փորձում է Անկարայի ագրեսիվ ազդեցության ավելացումը Հարավային Կովկասում դնել որոշակի շրջանակների մեջ՝ նրա հետ համագործակցության եզրեր գտնելով։

«Թուրքական դիվանագիտությունը, իհարկե, կփորձի օգտվել դրանից, բայց առանձնապես չի համագործակցի ռուսների հետ՝ իր նպատակներն առաջ տանելու համար,- համոզված է Ռուբեն Սաֆրաստյանը,- իսկ ո՞րն է Թուրքիայի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանն աշխարհաքաղաքական առումով վերցնել իր հսկողության տակ, այստեղ լիովին իր ազդեցությունը տարածել՝ Ռուսաստանին դուրս մղելով։ Նախկինում դա անում էր Ռուսաստանի հետ առճակատմամբ, հիմա Ռուսաստանը Հարավային Կովկասին այնքան քիչ է ուշադրություն դարձնում, իսկ Թուրքիան էլ գնալով ավելի ագրեսիվ ու ուժեղ է դառնում, որ եկել է պահը, երբ ռուսները ստիպված հայտարարում են, թե պետք է համագործակցեն թուրքերի հետ։ Կարծում եմ՝ դրանից լուրջ բան չի ստացվի, որովհետեւ թուրքերը կշարունակեն իրենց ազդեցության տարածումը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին որպես գործիք օգտագործելով։ Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, համոզված եմ, թուրքական ծրագիր է, որի միջոցով Անկարան թուլացնում է Հայաստանն ու Արցախը՝ իր դիքերն ուժեղացնելով տարածաշրջանում»։

«Իրանը հաշվի է նստում այն իրողության հետ, որ Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան»

Իրանը հայտարարել է, որ աջակցում է Իրան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափի վերականգնմանը, առաջիկայում էլ սպասվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա։ Այդուհանդերձ, Իրանը խորքային լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ: Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ դրանք դարերի խորքից են գալիս՝ պատերազմներ են եղել, դավանաբանական հակասություններ կան՝ մեկը շիա է, մյուսը՝ սուննի, հիմա էլ մրցակցություն կա՝ Մերձավոր Արեւելքում կարեւոր դիրք ստանձնելու համար։

Վերջին շրջանում էլ բավական սրվել էին Ադրբեջան-Իրան հարաբերությունները, սակայն Սաֆրաստյանն ասում է, որ այդ հարցը պետք է քննարկել ոչ միայն Իրան-Ադրբեջան, այլեւ Իրան-Թուրքիա կապերի համատեքստում։

«Թուրք-իրանական հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ չնայած թշնամանքին ու հակասություններին, ինչպես 100 տարվա փորձն է ցույց տալիս, այդ երկրները միշտ կարողացել են գտնել բալանս, եւ հակասությունները երբեք չեն վերածվել ռազմական բախման։ Երկու երկրներն էլ միջոցներ ունեն՝ մեկը մյուսի վրա ազդելու համար։ Դրա համար էլ վերջին պահին իրենց զուսպ են պահում։ Հիմա էլ եկել է պահը, որ զուսպ պետք է մնան՝ ուժեղացնելով համագործակցությունը։ Իսկ որ Իրանի ու Թուրքիայի միջեւ համագործակցություն կա տնտեսական բնագավառում, հայտնի է, չնայած այստեղ էլ կան խնդիրներ, որ քիչ են հայտնի, բայց կան»,- ասում է թուրքագետը։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, որոնք սրվել էին, վերջին շրջանում, ըստ Սաֆրաստյանի, տեսնում ենք, որ որոշակի կարգավորում է տեղի ունենում, ինչի մասին նշում են նաեւ իրանական աղբյուրները։

«Կարծում եմ՝ այստեղ երկու հանգամանք պետք է հաշվի առնել։ Առաջինը՝ Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան, եւ Իրանը ինչքան էլ դժգոհ լինի Ադրբեջանի քաղաքականությունից՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, իրեն զուսպ է պահում։ Չնայած տեսնում ենք, որ շարունակում է դա քննադատել եւ անընդունելի է համարել,- նշում է «Հետքի» զրուցակիցն ու շարունակում,- մյուս կողմից՝ վերջին շրջանում բավականին լուրջ տնտեսական պրոյեկտ է սկսում զարգանալ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ՝ «Հյուսիս-հարավ» երկաթգծային կապը։ Այդտեղ Ադրբեջանը լինելու է այն հաբը, որով Ռուսաստանը պետք է կապվի Իրանի հետ։ Իսկ Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները գնալով ավելի են խորանում, որովհետեւ երկուսն էլ հակաարեւմտյան ուղղվածություն ունեն։ Այս առումով Իրանը շահագրգռված է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի մեղմ լինեն, մանավանդ, որ 2027 թ․ նախապատրաստվում է այդ պրոյեկտի վերջնական ավարտը. Ռուսաստանը պետք է կապի Իրանին Ադրբեջանի միջոցով»։

Իրանը զինված միջամտություն կցուցաբերի՞ ադրբեջանական ագրեսիայի դեպքում

Հարցին, թե արդյոք Իրանը զսպող գործոն կարող է լինել Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն սկսելուն, ակադեմիկոսը պատասխանում է, որ Թեհրանը զսպում է իր քաղաքական հայտարություններով եւ դիրքորոշմամբ՝ հայտնելով, որ դեմ է մեր տարածաշրջանում բոլոր տեսակի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Դա, ըստ թուրքագետի, իր դերը խաղում է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են հաշվի նստել Իրանի դիրքորոշման հետ։ Բայց եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, Սաֆրաստյանը կասկածում է, որ Իրանը զինված միջամտություն կցուցաբերի։ «Վերջիվերջո, ինչպես ասացի, Իրանը հաշվի է նստում այն իրողության հետ, որ Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան։ Իսկ Թուրքիան լուրջ գործոն է Իրանի համար»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը։

Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը սրվում է

Ռուբեն Սաֆրաստյանը եւս այն համոզմանն է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը գնալով սրվում է, եւ Ադրբեջանի գործողությունները, Արցախի ու Հայաստանի սահմանին զորք կուտակելը դրա վկայությունն են։ Զարգացումների մյուս կետն այն է, Թուրքիան շարունակում է աշխարհաքաղաքական առումով իր ծավալապաշտական ռազմավարությունը Հարավային Կովկասում՝ փորձելով է՛լ ավելի ուժեղացնել իր դիրքերն այստեղ եւ մոտենալ վերջնական նպատակին՝ տարածաշրջանը վերցնել իր ձեռքը։

Մեր զրուցակիցը մատնանշում է նաեւ այն հանգամանքը, որ Արեւմուտքն է որոշակի առումով ակտիվացել տարածաշրջանում՝ սկսած դիտորդների տեղակայումից մինչեւ այն նախաձեռնությունները, որոնցով Վաշինգտոնն ու Բրյուսելը հանդես են գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Թուրքագետը կարեւորում է Ռուսաստանի գործոնը տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ գոնե պահի այն, ինչ հիմա ունի Հարավային Կովկասում, այսինքն՝ Հայաստանին որպես դաշնակից պահի։ Բայց զբաղված լինելով Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ հակասությամբ, Հարավային Կովկասին նախկինի պես մեծ ուշադրություն չդարձնելով եւ Թուրքիայի ագրեսիվ պահվածքն այս տարածաշրջանում մեղմել փորձելով՝ Ռուսաստանը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, դժվար թե հաջողության հասնի՝ Թուրքիային համագործակցության ձեռք մեկնելով։

Իր հերթին Իրանը, լինելով կարեւոր խաղացող տարածաշրջանում, հստակ դիրքրորոշում է արտահայտում, ինչը զսպող դեր է խաղում բոլոր այն բացասական զարգացումներում, որոնք նկատվում են։

«Երբ խոսում ենք տարածաշրջանի մասին, պետք է անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, որոնք այստեղ կարեւոր գործոն են։ Այո, լարվածություն կա երկու երկրների հարաբերություններում, բայց եթե դատենք ներկա փուլուվ, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հարցականի տակ չի դրվում։ Իսկ դա կարեւոր դերակատարում ունի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ պահվածքին որոշակի հակադրելու համար»,- եզրափակում է ակադեմիկոս Սաֆրաստյանը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter