HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության փորձագետ. «Չի ասվում այն մասին, որ որոշ դասագրքեր չեն լինելու մինչեւ մայիս»

Օգոստոսի 30-ին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում ներդրվելու է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, ինչով պայմանավորված՝ փոխվելու են դասագրքերը (ներդրումը փուլային է, հետագայում նոր չափորոշիչը կիրառվելու է նաեւ մյուս դասարաններում)։

Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ աշակերտների ու ծնողների անակնկալ էր սպասվում, քանի որ նոր դասագրքերի մի մասը տպագրված չէր: Բայց պարզվում է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտ որոշ գրքեր այդպես էլ չեն հայտնվի աշակերտների սեղանին:

Ինչո՞ւ են փորձարկում չափորոշիչները, ոչ թե դասագրքերը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2015 թ․, նախագիծ էր մշակվել, որը, սակայն, չէր ընդունվել։ 2019 թ․ սկսվել էր նոր չափորոշչի մշակումը, որը հաստատվել է 2021 թ.։ Մեկ տարի անց՝ 2022-ի ապրիլին, հաստատվել են նաեւ կրթական առարկաների չափորոշիչները։

2021-2022 թթ. առարկայական չափորոշիչները փորձարկվել են Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում, 2022-2023 թթ․՝ նույն մարզի 3-րդ, 6-րդ եւ 11-րդ դասարաններում, իսկ այս տարվա սեպտեմբերից՝ մնացած դասարաններում։

Սերոբ Խաչատրյանը սա խնդրահարույց է համարում՝ հռետորական հարց տալով, թե ինչ է նշանակում չափորոշչի փորձարկում: «Իմ կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե փորձարկեինք ոչ թե չափորոշիչը, այլ դասագրքերը: Չափորոշչի վերջնական պրոդուկտը դասագիրքն է: Որոշ կասկածներ ունեմ, թե ինչու էինք հենց չափորոշիչը փորձարկում: Դրա համար ինչ-որ մարդիկ նյութեր ստեղծեցին, այդ նյութերից հետո ստեղծվեցին դասագրքեր, որոնք գրել են ուրիշ մարդիկ: Հետեւաբար, փորձարկված նյութերի եւ դասագրքերի նյութերի միջեւ կան տարբերություններ (ոչ բոլոր առարկաների դեպքում, որովհետեւ կան դեպքեր, երբ նույն մարդիկ են եղել ներգրավված)։ Ինչո՞ւ մենք փորձարկեցինք մի բան, որը մեր վերջնական պրոդուկտը չէ։ Պատկերացրեք, արտադրում եք հեռուստացույց, բայց ոչ թե հեռուստացույցն եք փորձարկում, այլ հեռուստացույցի ինչ-որ մի մաս։ Ճիշտ կլիներ՝ վերջնական պրոդուկտը փորձարկել»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետը նկատում է, որ Տավուշում անցկացվող չափորոշիչների փորձարկումն ընթանում է շատ փակ։ Մինչ օրս հայտնի չեն դրանց արդյունքները։ Ըստ Խաչատրյանի ունեցած տեղեկությունների՝ պատրաստվել է զեկույց, որը կրկին հրապարակային չէ։ Ասում է, որ նոր դասագրքերի մի մասն արդեն տպել, դպրոց են տարել, մինչդեռ չգիտեն, թե ինչպիսին են չափորոշիչների փորձարկման արդյունքները։ Մարդիկ դասագիրք են գրել՝ առանց տեղյակ լինելու դրանցից, այնինչ դասագրքերի հեղինակները պետք է իրազեկված լինեին, որ դասագիրք կազմելիս հաշվի առնեին եղած փորձը։

Հարցին, թե ինչու Տավուշում անցկացված փորձարկման արդյունքները չեն հանրայնացվել, Ս. Խաչատրյանը պատասխանում է․ «Չեմ կարող ասել։ Այս պահին ունենք շատ հակասական կարծիքներ։ Նախարարության կարծիքով՝ առաջադիմությունը կտրուկ աճել է այս չափորոշիչների կիրառման արդյունքում, իսկ ըստ աշակերտների՝ այդ նյութերը եղել են ավելի վատ որակի, քան դասագրքերը։ Իհարկե, այստեղ պետք է նկատի ունենանք նաեւ հրատարակչական որակը։ Պարզ է, որ դասագիրքն ու պատճենահանված նյութերը որակապես չեն կարող նույնը լինել։ Կարծիք կա, որ փորձարկված նյութերը եղել են տառասխալներով, լավ չմշակված, երբեմն՝ հեղինակային իրավունքների խախտմամբ, մարդկանց գրքերից են վերցրել՝ առանց թույլտվություն ստանալու»։

«Չի ասվում այն մասին, որ որոշ դասագրքեր չեն լինելու մինչեւ մայիս»

Կրթության փորձագետի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում ամենամեծ խնդիրը դասագրքերի հետ է կապված։ «Չի ասվում այն մասին, որ որոշ դասագրքեր չեն լինելու մինչեւ մայիս։ Նախարարությունն անընդհատ շեշտում է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ կլինեն։ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում ռուսաց լեզվի դասագիրք չի լինելու այս տարի, 7-րդ դասարանում թվային գրագիտության դասագիրք չի լինելու այս տարի, նաեւ, կարծես թե, 5-րդում եւ 7-րդում ֆրանսերենի դասագիրք չի լինելու։ Իրենք ստիպված պիտի օգտվեն տավուշյան փորձարկումից։ Այստեղ խնդիր կա՝ ռուսերենի ուսուցիչը, որ դասավանդում է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում, պիտի անընդհատ նյութեր պատճենի ինտերնետից, բայց դրանց որակը չգիտենք, այնպես որ տուժում են այդ առարկաները»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ամենաձախողված պահերից մեկը կապված է 2-րդ դասարանի դասագրքերի հետ։ Հրատարակչի հետ խնդիրներ են ծագել, եւ նախարարությունը ստիպված է եղել նոր մրցույթ հայտարարել, որի արդյունքները պարզ են դարձել օրեր առաջ։ Հետեւաբար, դասագրքերի տպագրությունն էլ նոր է սկսվել։

Ինչո՞ւ նախարարությունն ուղիղ չի հայտարարում

Հարցին, թե ինչու նախարարությունը չի հայտնում, որ որոշ դասագրքեր չեն լինելու մինչեւ մայիս, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է․ «Նախարարությունը հայտնում է, բայց շատ անորոշ ձեւով։ Որպես մասնագետ լսել եմ, բայց ոչ մասնագետը կարող է չորսալ այդ պահը։ Նախարարությունը շեշտում է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կլինեն բոլոր այն դասագրքերը, որոնցում մրցույթի հաղթողներ կան, իսկ որտեղ մրցույթ չի կայացել, չեն կարող լինել հաղթողներ»։

Ամբողջ խնդիրը ծագել է դասագրքերի համար հայտարարված մրցույթի ժամկետներից։ Ս. Խաչատրյանը նշում է, որ դասագիրք պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 տարի, բայց Հայաստանում այս հանգամանքը հաշվի չեն առել:

2022 թ․ դեկտեմբերին, երբ դեռ հաստատված չէին առարկայական չափորոշիչները, հայտարարվել էր դասագրքերի մրցույթ։ Սա Խաչատրյանը խախտում է համարում, քանի որ մրցույթն անցկացվում է առարկայական չափորոշչի հիման վրա։ Չափորոշիչները հանրային քննարկման էին դրվել, ինչը ենթադրում է, որ որոշ կետեր կարող էին փոփոխվել: Իսկ դասագիրք պատրաստողը պետք է հիմնվի չափորոշչի վերջնական տարբերակի վրա։

Նախարարությունը մի քանի անգամ վերջնաժամկետ է փոխել

Դասագրքերի մրցույթը հայտարարվել է 2022 թ․ դեկտեմբերին, վերջնաժամկետը հունվարն էր՝ մեկ ամիս։ Սերոբ Խաչատրյանը ենթադրում է, որ դա պայմանավորված էր բյուջեի հետ կապված հարցերով կամ ներքին խնդիրներով, սակայն ԿԳՄՍՆ-ն շատ արագ սահմանել է նոր վերջնաժամկետ՝ մինչեւ մարտ ամսվա վերջ։ Այդ ժամանակ պարզվեց, որ հեղինակների մեծ մասը պատրաստ չէ, նախարարությունը ստիպված նորից փոխեց ժամկետը՝ հետաձգելով մինչեւ ապրիլի 20-ը։ Այս անգամ եւս պարզվեց, որ հեղինակները պատրաստ չեն։ Նախարարությունը վերջնաժամկետը դարձրեց հունիսի 1-ը։ Դրանից հետո սկսվել է գնահատող հանձնաժողովների աշխատանքը, որը տեւեց երկու ամսից ավելի։ Օգոստոսի սկզբին հայտարարվեցին հաղթողների անունները, իսկ ուսուցիչներն արձակուրդում էին, այնինչ նրանք պետք է ընտրեին դասագիրքը: Օրինակ՝ 7-րդ դասարանի հայոց լեզվի դասագիրք կազմած երկու խումբ էր ընտրվել, որոնցից մեկի գիրքը պետք է հաղթող ճանաչվեր։

«Ուսուցիչներին հետ են կանչել, մի մասը՝ հեռախոսներով, մի մասն՝ առանց ծանոթանալու, ընտրել են, քանի որ ժամկետները կարճ են տվել։ Ճիշտ կլիներ, որ տպագիր գիրք տային ուսուցչի ձեռքը։ Դեպքեր գիտեմ, որ արդեն փոշմանել են, որ այդ մեկն են ընտրել,- պատմում է Սերոբ Խաչատրյանը,- բողոքարկումներ եղան. եթե դասագիրք կազմելու համար դիմել եմ, բայց չեմ հաղթել, բողոքարկելու հարավորություն ունեմ, դա էլ է ժամանակ պահանջում: Կամ նայել եմ իքս գիրքն ու տեսել, որ գրագողություն կա. կարող եմ դիմել նախարարություն եւ ասել, որ սա գրագողությամբ է, մի մտցրեք դպրոցներ։ Եղան այդպիսի դեպքեր։ Սա էլ է ժամանակատար։ Այսպես ամեն ինչ ձգվեց։ Հիմա մեզ մնում է հուսալ, որ ոտքի վրա արված պրոցեսներում գրողները քիչ վրիպումներ են արել, մեր հույսը խմբագիրներն ու սրբագրիչներ են, եւ նրանք, ովքեր ընտրել են այդ դասագրքրեը, հուսանք՝ ճիշտ են ընտրել։ Իսկ մինչեւ մայիս անիմաստ է խոսել դասագրքերի որակի մասին։ Պետք է ամբողջ ցիկլով կիրառվի դպրոցում, նոր կարողանանք նախնական եզրակացություն անել դրանց որակի մասին»։

Ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն շտապել

«Հետքի» զրուցակիցը կարծում է, որ նախարարությունը տարբեր փաստաթղթերում եւ Եվրամիության ծրագրում ֆիքսել է այն կետը, որ 2023 թ․ սեպտեմբերի 1-ից հանրակրթության պետական նոր չափորոշիչը պետք է ներդրվի դպրոցներում։ Սա կար նաեւ ԿԳՄՍՆ-ի ռազմավարության գործողությունների ծրագրում։ Ս. Խաչատրյանն ասում է, որ եթե նշված ժամկետը չպահպանվեր, նախարարությունն Ազգային ժողովին պետք է բացատրություն ներկայացներ։ «Բայց իմ կարծիքով՝ ավելի լավ էր, որ մենք մի տարի հետաձգեինք եւ ժամանակ տայինք, որ մարդիկ ավելի որակով դասագրքեր պատրաստեին։ Դասագիրքը 5 տարի չես կարող փոխել, 5 տարով է մտնում։ Ինչպես 10-րդ դասարանի դեպքում արեցինք (այս դասարանում հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է եկող տարվանից – հեղ.), մարդկանց ժամանակ տայինք, որ փորձարկեին իրենց գրած դասագիրքը։ Այնպես չէ, որ դասագրքերը հիմա մտան, Հայաստանի կրթությունը ծաղկեց։ Բայց մեր կառավարման մշակույթում կա խնդիր՝ որակը զոհաբերում ենք, որ ժամկետը պահենք»,- նշում է կրթության փորձագետը։

Քիչ ֆինանսներ եւ մեծ ծախսեր

Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ 10-րդ դասարանի դասագրքերի մրցույթների դիմորդ հեղինակներն ու հրատարակիչներն այս տարի քիչ էին, քանի որ հատկացվող ֆինասնական միջոցները ոչ բավարար են։ Յուրաքանչյուր դասագրքի եւ ուսուցչի ձեռնարկի համար պետությունը հատկացնում է 6 մլն դրամ՝ հարկերը ներառյալ։ Մինչդեռ հագեցած նկարներով դասագրքերի հրատարակչական ծախսը կարող է հասնել մինչեւ 20 մլն դրամի։ Հրատարակիչները, ըստ «Հետքի» զրուցակցի, դժգոհ են ֆինանսավորումից, քանի որ բացի հեղինակների, դիզայների, սրբագրիչի, խմբագրի, էջադրողի եւ այլ ծախսերից, եկամուտ են ակնկալում՝ որպես հրատարակչություն։ Եվ հենց քիչ գումարն է խնդիր եղել, որ շատերը չեն դիմել մրցույթներին, ու պատրաստի շատ դասագրքեր, փորձագետի փոխանցմամբ, մնացել են հեղինակների դարակներում։

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ լավն այն է, որ 2024-2025 թթ. ուսումնական տարվա դասագրքերի մրցույթներն արդեն հայտարարվել են, բայց քանի որ ֆինանսական մասն անփոփոխ է, ենթադրելի է, որ հայտատուների թիվը կրկին մեծ չի լինի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter