HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դա կատարվել է ՀԱԷԿ-ի հարևանությամբ (վիդեո)

Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը հեղեղատարներից պոկել է բետոնի կտորներ և հեռացրել մի քանի մետր հեռու:

«ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ դեպքի վայրում: Ջրով լցված նկուղներում, որտեղից ջուրը դեռ չէր ցամաքել, կուտակվել էր ոչ միայն աղբ, այլև կային կենդանիների դիակներ:

«Վայրի շների ոռնոցը գիշերը մենք լսել ենք մինչև ջրհեղեղ, հիմա չկա, խաղաղություն է: Վստահ եմ, որ նրանք սատկել են. որը խեղդվել է մի քարի տակ, որը չբնակեցվող «պադվալում», որը մի ծառի տակ: Մի ամիս հետո դրա արձագանքը կլսենք: Հենա ներքևում հավերը սատկել են, շները հարսանիք են անում»,- ասում է բնակիչներից մեկը:

«Այստեղ միշտ սելավ եղել է, բայց այս աստիճանի սելավ դեռ չէի տեսել ես: Ահավոր էր, սարսափելի էր: Էլ օձ ու կարիճ չմնաց: Ամեն ինչ սրբեց, տարավ»:

«Ջուրը գալիս է, դեմը ինչ կարող ես անել, ոչ մի բան: Ատոմակայանը, չեմ իմանում, թե ինչքան է ամուր, բայց կարող է և վնաս տար, եթե ավելի շատ լիներ»,- անհանգստանում է Մեծամորի բնակչուհին:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիռա Առաքելյանն էլ ասում է. «Սելավը ոռոգման համակարգի խողովակներն է քանդել, ու ամբողջը ծածկվել է ջրով…»:

Հողամասերից մեկի սեփականատերը մեզ ցույց տվեց կենդանի մնացած միակ ճագարին: «Հեղեղը բոլորին տարավ, սա մնաց: Ես նրան բաց եմ թողել, թող վազվզի»:

Մեծամորի և Այգեգործական ընկերության բնակիչների հիմնական անհանգստությունն այն է, որ այդ աղետի նկատմամբ պաշտոնյաների կողմից որևէ արձագանք չեղավ:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունից եկան, փնտրեցին կորած երեխային: Գտան (երեխան մահացել էր), և վերջ: Այլևս մենք նրանց չտեսանք: Իսկ թե ինչ է այստեղ կատարվում, ինքներդ տեսեք… Եթե ժամանակին տեխնիկա բերեին, ապա նման ավերվածություններ չէին լինի: Ընդհանրապես չէին աշխատում… Ի պատասխան իմ բողոքի՝ Մեծամոր քաղաքի և հարակից տարածքների սանէպիդկայանի պետի ստորագրությամբ ես գրություն եմ ստանում, որ ամսի 13-ին ջրանմուշներ են վերցրել, և ջրի (ոռոգման) աղտոտվածության շեղումը նորմայի սահմաններում է… Էս հորը ես եմ միացնում, այդ օրը հոսանք չի եղել: Ո՞նց են վերցրել, եթե խորքային հորը չի աշխատել: Հոսանքը վերականգնելուց հետո ամսի 15-ին նոր աշխատել է… Բացել ենք հորը, հանել ենք պոմպը, նկարներ կան, փաստեր կան, որ ամբողջովին հորն աղտոտված էր ցելոֆաններով, թղթերով, լիլով»,- պատմեցին բնակիչները:

Մենք ուշադրություն ենք հրավիրում նրա վրա, որ Այգեգործական ընկերության տարածքը ՀԱԷԿ-ի հետ գտնվում է միևնույն վարչական տարածքում: Այս տարածքը հատուկ ուշադրություն է պահանջում: Արդեն իսկ հասկանալի է, որ սանէպիդկայանն անտեսել է իր պարտավորությունները և պատշաճ ուսումնասիրություններ չի կատարել:

Նաև հարց է առաջանում, թե արդյոք բացառվում է ՀԱԷԿ-ին պատկանող սարքավորումների վնասվելը: Նշենք, որ ՀԱԷԿ-ը փակ ձեռնարկություն է, և ՀԱԷԿ-ը բնական աղետից հետո իրեն պատկանող օբյեկտների վիճակի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

«ԷկոԼուրը» դիմում է ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պահանջելով արձագանքել ահազանգին, հեղեղից տուժած տարածքում անցկացնել ուսումնասիրություններ և պարզել, թե ինչ վիճակում է Այգեգործական ընկերության ոռոգման համակարգը, և ինչ վիճակում է ջրմատակարարման և ջրահեռացման համակարգը ՀԱԷԿ-ի տարածքում: Ինչպես նաև պահանջում ենք ՀՀ կառավարության շտապ միջամտությունն այդ բնական աղետի հետևանքների վերացման գործում:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
27.06.2012թ.


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter