HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ ծանոթ չէ որեւէ հեղափոխական փոփոխություն, որը միավորել է բոլոր գիտական ինստիտուտները համալսարանների հետ ու հաջողել է»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը

-Օգոստոսի 3-ին Գիտության կոմիտեի (այժմ` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե) ղեկավարը ներկայացրել էր «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ Նրա խոսքով՝ այն մեծ ու երկարաժամկետ նախագիծ է, որի միջոցով Հայաստանը ցանկանում է ունենալ իր տեղը համաշխարհային քարտեզի վրա, դառնալ նշանակալի դերակատար։ Այդ նախագծով Հայաստանն իսկապե՞ս կարող է հավակնել նշանակալի դերակատար դառնալուն։

-Կարճ պատասխանն այն է, որ հնարավոր չէ ասել, քանի որ ներկայացված չէ, թե ինչպես է Կառավարությունը պլանավորում հասնել այդ նպատակին։ Սակայն քանի որ ես հանդես եմ գալիս որպես «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ապա ուզում եմ հարցը դիտարկել «Գիտուժի» օրակարգի տեսանկյունից, որն է՝ ստեղծել ազգային գիտահետազոտական ու նորարարական համակարգ (National Research and Innovation System)։ Ազգային բառն այստեղ բանալային է եւ նշանակում է, որ այդ համակարգը պետք է ստեղծվի ու զարգանա` հիմնվելով պետական խնդիրների լուծման հրամայականի վրա, ինչպես դա տեղի է ունենում ցանկացած զարգացած կամ զարգացած լինել ցանկացող երկրում։ 

Իսկ «Ակադեմիական քաղաք» ծրագրի նպատակները եւ թիրախներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար են «Գիտուժի» օրակարգի իրագործման համար։ Ոչ բավարար լինելը գալիս է ազգային խնդիրների լուծման հրամայականի բացակայությունից։ Լրիվ նույն ձեւակերպմամբ այս ծրագիրը կարող է հաջողել՝ լուծելով այլ երկրների խնդիրները, կապելով կրթությունն ու հետազոտությունը միջազգային ընկերությունների հետ, որոնք լուծում են բացարձարկապես այլ երկրների կամ գլոբալ խնդիրներ։ 

Իհարկե, կարելի է հակադարձել, ասելով` դրանով կավելանան բյուջեի հարկային մուտքերը, որոնցով արդեն կարող ենք լուծել մեր խնդիրները։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչքանո՞վ եւ ինչպե՞ս։ Այդ վերլուծությունը բացակայում է նախագծում։ Երկրորդը՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած կամ զարգացող երկրները այդպես միակողմանի չեմ մոտենում հարցին, որովհետեւ հարկատուների գումարների ԳՀՓԿ (գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական) աշխատանքների մեջ ներդրման ավելի արդյունավետ ձեւեր կան։ Եթե ընդհանրացնեմ, երկրները նախընտրում են ԳՀՓԿ ներդրումների գերակշիռ մասը կատարել ազգային խնդիրների լուծման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի ստեղծման մեջ եւ ներքին ուղիղ ԳՀՓԿ պատվերների մեջ։ Բացի նրանից, որ դրանով հնարավոր է լինում խնդիրներին երկրի ներսում լուծումներ տալ, դա նաեւ թույլ է տալիս փորձարկված լուծումներ արտաքին աշխարհին առաջարկել ու արտահանել։ Այս երկրորդ տեսակի շղթայում երկրի ներսում մեծ հավելյալ արժեք է ստեղծվում, որից էլ ավելի մեծ հարկեր են ձեւավորվում, որոնք արդեն կարելի է ծախսել ավելի հավակնոտ խնդիրներ լուծելու համար։ 

-Նախքան նախագծի հանրայնացումը «Գիտուժը» բազմիցս անդրադարձել է դրան՝ հայտնելով իր մտահոգությունները, միաժամանակ բարձրացնելով հարցեր։ Կառավարությունից ստացա՞ք դրանց պատասխանները։ Ներկայացված հայեցակարգում արդյոք արտացոլվել են դրանք։

-Ոչ, չենք ստացել։ Ավելին, որոշ մտավախություններ իրականություն են դառնում։ Մասնավորապես, հայտարարվեց, որ «2027 թվականից պետական ֆինանսավորում եւ աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին եւ դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն՝ պլանավորում են բոլոր գիտական կազմակերպությունները միավորել բուհերի հետ։ Մեզ մասնավորապես տեղեկություն է հասել, որ դա առնվազն վերաբերում է ԳԱԱ բոլոր ինստիտուտներին ու Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)։ 

-«Գիտուժն» ահազանգում է, որ «Ակադեմիական քաղաքը» նախատեսված է ստեղծել «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ՝ նախագծի հեղինակների սահմանած բոլոր թիրախները բխում են կրթության մասին ռազմավարությունից։ Գործադիրում համամիտ չեն այդ դիտարկմանը։ Նրանք խոսում են համալսարանական կրթության եւ գիտահետազոտական խոշոր կազմակերպությունների համագործակցության մասին։ Եթե փորձեք հակիրճ ձեւակերպել, առհասարակ ի՞նչ խնդիրներ է առաջացնում կամ լուծում «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ Ի՞նչ ռիսկեր կառանձնացնեք այդ նախագծի իրագործման դեպքում։ 

-Գործադիրը չի կարող համամիտ չլինել, քանի որ չկա ԳՀՓԿ աշխատանքների պատվերին վերաբերող որեւէ այլ ռազմավարություն, որից տեսականորեն կարող էին բխել «Ակադեմիական քաղաք» ծրագրի թիրախները։ 

Եկեք նայենք թե ինչ նպատակներ է սահմանում «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն ու նրա հիմնավորումը։ Բերեմ մի քանի մեջբերումներ. 

Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության եւ արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջեւ կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն եւ հետազոտություն ապահովելու նպատակով»։ (հիմնավորում, կ. 1)

«Ակադեմիական քաղաք» նախագիծը ՀՀ այն ծրագիրն է, որի իրականացմամբ Հայաստանն իրացնելու է միջազգային գիտակրթական եւ նորարարական քարտեզի վրա իր ուրույն դիրքը զբաղեցնելու հավակնությունը»: (հայեցակարգ, կ. 1.1)

Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաեւ … մի շարք կարեւորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են.

ա) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,

բ) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը»: (հայեցակարգ, կ. 1.5)

Բացի դրանից, ինչպես նշեցի, խոսվում է ոչ թե համալսարանական կրթության եւ գիտահետազոտական կազմակերպությունների համագործակցության մասին, այլ գիտահետազոտական կազմակերպությունները համալսարաններին միավորելու մասին։ Այդ համագործակցության խթանումն, իսկապես, առավել կարեւոր խնդիր է, քանի որ առանց գործող գիտնականի մասնակցության՝ բարձրագույն կրթության վերին աստիճաններն անհնար են։ Սակայն դա գործիք է, որը պետք է ծառայի ինչ-որ նպատակների, որոնք սահմանված չեն մեր պետության դեպքում։ 

Բայց եկեք մի պահ մոռանանք դա ու նայենք, թե ինչպես կարելի է այդ համագործակցությունը խթանել։ Միջազգային փորձն ասում է, որ այդ համագործակցությունը հնարավոր է զարգացնել ե՛ւ համալսարան-գիտական ինստիտուտների համագործակցության, ե՛ւ համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչը զարգացնելու միջոցով։ Առաջինի դեպքում գիտնականները երկակի կարգավիճակ են ստանում՝ լինելով աշխատակից ե՛ւ համալսարանում, ե՛ւ ինստիտուտում։ Սրանով իրենք կարողանում ե՛ւ որակյալ կրթություն տալ ուսանողներին, ե՛ւ մեծ հաշվով չի տուժում իրենց արժեքավոր աշխատանքը ինստիտուտում։ Զարգացած ու զարգացող երկներում այս երկու մոդելն էլ գործում է։ Նրանք չեն փորձում մի ձեւը ամբողջությամբ փոխարինել մյուսով, քանի որ խնդրին նայում են ավելի ամբողջական, երկրի կարիքների տեսանկյունից, այլ ոչ միայն բարձրագույն կրթության որակի բարձրացման տեսանկյունից։ 

Այդ փորձի մասին կարող եք ամեն տեղ կարդալ, սակայն որպես օրինակ՝ հատկանշական է 2020 թ. Եվրոպական հանձնաժողովի «Հատուկ օժանդակություն Հայաստանին: Նշաձողի բարձրացում. գիտության նոր առաքելությունը Հայաստանի զարգացման մեջ» զեկույցը։

Անդրադառնամ նրան, թե ինչ խնդիրներ է առաջացնում կամ լուծում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Նախ ասեմ, որ այս պահին ծրագրում չեմ տեսնում «Գիտուժի» բարձրաձայնած խնդիրների լուծում։ 

Խոսելով նախագծի խնդիրների մասին. 

Առաջին եւ գլխավոր խնդիրն այն է, որ ծրագիրը չի իրականացվում ազգային գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման գործընթացի շրջանակներում, որն ավելի բարձր մակարդակի համակարգային խնդիր է։ Կարող եք ասել, որ գուցե սա առաջին քայլն է։ Տեղին հարց է։ Սակայն խնդիրն այն է, որ մոտեցումը, որը որդեգրված է, լուրջ ռիսկեր է պարունակում ազգային գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման տեսանկյունից։

Ինչպես արդեն նշել էի, զարգացած կամ զարգացող երկրները բոլորն ունեն հանրային գիտահետազոտական կարողություններ ե՛ւ համալսարանական համակարգում, ե՛ւ ոչ համալսարանական հանրային գիտահետազոտական հաստատություններում (public research institutions)։ Վերջինների մասին շատ լավ հետազոտություն է կատարել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD)։

Հանրային գիտահետազոտական հաստատությունները ստեղծվում են ազգային խնդիրների լուծման համար։ Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ են ԳԱԱ գիտական ինստիտուտները եւ մի քանի առանձին ինստիտուտներ, օրինակ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։ Տասնյակ այդպիսի կազմակերպություններ էլ մասնավորեցվել ու վերացել են երեք տասնամյակի ընդացքում։ Այսօր մեր գլխավոր խնդիրն է նախ սահմանել, թե ինչ տեսակի ԳՀՓԿ կարողություններ են հարկավոր Հայաստանի Հանրապետությանը, հետո այդ կարիքների հիման վրա որոշել, թե որ գիտահետազոտական կարողություններն է նպատակահարմար զարգացնել համալսարանական համակարգում, իսկ որոնք՝ համալսարանական համակարգից դուրս, այսպես կոչված, պետական սեկտորում (government sector)։ Հանրային գիտահետազոտական հաստատություններում հնարավոր է ավելի մեծ կենտրոնացում կոնկրետ ազգային կարիքներից բխող առաքելության շուրջ, պարտադիր չէ արդյունքը չափել միայն գիտաչափությամբ, հնարավոր է գաղտնիություն ապահովել եւ այլն։ Համալսարաններում այս կետերից ոմանք անհնար են, իսկ մյուսները խառնվում են կրթական նպատակների հետ ու կարող են տուժել։ 

Հետեւաբար, արդեն իսկ այս պահին ամրագրելով, որ պետական ֆինանսավորում ու աջակցություն ստանալու են միայն այն գիտական կազմակերպությունները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ, մենք բաց ենք թողում մեզ ժառանգություն հասած համակարգը առավելագույնս օգտագործելու ազգային խնդիրների լուծման համար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային գիտահետազոտական ու նորարարական համակարգերը ձեւավորվում են տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում։ Երկրները գրեթե միշտ գնում են էվոլյուցիոն բարեփոխման ճանապարհով։ Շատ հազվադեպ են հեղափոխական փոփոխությունները։ Մեզ ծանոթ չէ որեւէ հեղափոխական փոփոխություն, որը միավորել է բոլոր գիտական ինստիտուտները համալսարանների հետ ու հաջողել է։ Նաեւ ծանոթ չէ որեւէ երկրի հաջողված փորձ, որտեղ հանրային միջոցներով գիտական գործունեությունը ամբողջությամբ կատարվում է համալսարաններում։

Ապշեցուցիչ է, որ սա արվում է միջազգային փորձի այսպիսի բացահայտ անտեսմամբ։ Ավելին՝ ես վերեւում նշեցի Եվրոպական հանձնաժողովի զեկույցի մասին։ Այդ զեկույցի առաջարկությունները խոշոր հաշվով անտեսվել են մեր Կառավարության կողմից։ Վերջերս «ԱՐՓԱ» հիմնարկը այդ զեկույցի երկու համահեղինակի մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել, որտեղ իրենք եւս մեկ անգամ ներկայացրեցին, թե ինչ առաջարկներ էին կատարել ՀՀ կառավարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter