HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկախություն նշանակում է նախեւառաջ Ռուսաստանից հեռացում»

Իշխանական բուրգում մենակ մնացած Շեւարդնաձեն արդեն հայտարարել է Վրաստանի կառավարության նոր անդամների անունները, խորհրդարանի նոր խոսնակ Նինո Բուրջանաձեն բանակցում է տարանջատված խմբակցությունների հետ, երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհությունները Ռուսթավելու պողոտայից ետ են քաշվել բնակարաններ, օֆիսներ, գերատեսչություններ:

Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի ղեկավար Գիա Նոդիայի հետ հարցազրույցը փորձ է հասկանալու այս ամենին նախորդած իրադարձությունները եւ հնարավոր հետեւանքները ինչպես Վրաստանում, այնպես էլ Անդրկովկասում:

Թերթերը վաղուց էին գրում հեղափոխական իրավիճակի մասին

- Վերջերս ծավալված իրադարձությունները բազմաբնույթ էին եւ իրար ետեւից: Կարելի՞ է առանձնացնել մեկ-երկուսը, որոնցով պայմանավորվեց Վրաստանի ներքաղաքական ճգնաժամն ամբողջությամբ:

- Չեմ կարծում, թե Պանկիսի, այնուհետեւ Կոդորի կիրճերում ծավալված իրադարձությունները մեծ նշանակություն ունեցան Վրաստանի ներքաղաքական կյանքում վերջերս տեղի ունեցածի համար: Մի քանի տարի շարունակ հասունանում էր բնակչության սոցիալական, եւ հատկապես, բարոյական դժգոհությունը տարածված կոռուպցիայից եւ դրա անամոթ ցուցադրումից, անպատժելիությունից, որեւէ բան փոխելու կառավարության անկարողությունից: Թերթերը նույնիսկ գրում էին, որ Վրաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության միջադեպն ու դրան հաջորդած բողոքները պատահական չէին, քանի որ կապված էին հեռուստաընկերության հետ: Երբ մենք պաշտոնանկ էինք անում մեր նախագահին նախորդ անգամ (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային - Լ.Բ.), խոսքի ազատության մասին խոսակցությունները դարձյալ ակտիվ էին: Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Վրաստանում ժողովրդավարական մեծ նվաճումներ չկան, բայց բավական արմատավորված է խոսքի ազատությունը: Մարդիկ սովորել են այն բանին, որ քիչ թե շատ ասվում է ճշմարտությունը: Եթե տեսնում են, որ կառավարությունը եւ չի կարողանում լուծել խնդիրները, եւ թույլ չի տալիս ասել թերությունների մասին, այդպիսի իրավիճակը վերջին կաթիլ է դառնում:

- Ուզում եք ասել, որ խոսքի ազատության ներկայիս մակարդակը Վրաստանում միա՞կ ձեռքբերումն է:

- Չէի ասի, թե միակն է: Քաղաքական բազմակարծության մակարդակը, ոչ պետական սեկտորի առկայությունը, սրանք էլ են ձեռքբերում: Իhարկե, մեր կուսակցությունները զարգացած չեն եւ ուժեղ կուսակցություններ չունենք, բայց ոչ ոք չի խանգարում մարդկանց քաղաքական ակտիվությանն ու քաղաքական համակրանքների դրսեւորմանը: Ոչ ամբողջ օրենսդրությունը, բայց մի քանի ոլորտներին վերաբերող ներկայիս օրենքներն ավելի լիբերալ են, քան էին տարիներ առաջ: Ուղղակի խոսքի ազատությունն ավելի շոշափելի ու տեսանելի է բնակչության մեծ մասին, իսկ թվարկածս մյուս ձեռքբերումները` բնակչության վերնախավին միայն:

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր ոչ թե Շեւարդնաձեին, այլ Ժվանիային

- Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում վերսկսվեցին վարչապետի պաշտոնը վերականգնելու մասին խոսակցությունները:

- Վրաստանն անկախության տարիների ընթացքում միայն մեկ վարչապետ է ունեցել` Սիգուային: Վարչապետի պաշտոնը, որ ժառանգվել էր որպես նախկին Նախարարների խորհրդի նախագահի ժամանակավոր իներցիա, լուծարվեց 1995 թվականի Սահմանադրությամբ: Այդ Սահմանադրությունը իշխանությունների եւ ընդդիմության, գլխավորապես Հանրապետական կուսակցության, փոխզիջման արդյունքն էր: Ինչու փոխզիջման, որովհետեւ ընդդիմությունը ձգտում էր կառավարման խորհրդարանական համակարգի, Շեւարդնաձեն` ռուսականի, երբ երկրի նախագահը ունի խորհրդարանի վրա ազդելու մի շարք լծակներ, այդ թվում` այն լուծարելու իրավունքը: Փոխզիջման արդյունքում ընտրվեց ամերիկյան տարբերակը, որը մենք ունենք այսօր, որն իրականում ոչ ոքին ձեռնտու չէր, բայց միակ հնարավոր տարբերակն էր: Ես անձամբ գտնում եմ, որ ներկայիս համակարգը Վրաստանի համար օգտակար չէ, քանի որ այն ճկուն չէ եւ չի առաջարկում մեխանիզմներ ինչպես քաղաքական վերնախավի ներսում, այնպես էլ իշխանությունների եւ բնակչության միջեւ ծագող կոնֆլիկտների լուծման համար: Ես կարծում եմ, որ մեզ պետք են մեխանիզմներ, որոնցով հնարավոր է լուծել նախագահի եւ խորհրդարանի միջեւ ծագող հակասությունները, հնարավոր է արտահերթ ընտրությունների անցկացումը: Մեր բնակչության համար դժվար է մինչեւ հաջորդ ընտրությունները համբերելը: Շեւարդնաձեն վաղուց էր ուզում հաստատել վարչապետի պաշտոնը, հետեւաբար վաղուց էր փնտրում հարցը բարձրացնելու առիթը: Վարչապետի պաշտոնի վերականգնման անհրաժեշտությունը թելադրվում էր այն հանգամանքով, որ Վրաստանի գործադիր իշխանություններում համախմբվածություն չկար: Ցանկացած գործիչ ղեկավարում է ուժերի հավասարակշռության սկզբունքով, բայց Շեւարդնաձեն այդ հավասարակշռությունը հասցրեց աբսուրդի, երբ ընթանում էին բացահայտ կոնֆլիկներ կառավարության ներսում, իսկ նախարարները հրապարակավ ելույթ էին ունենում իրար դեմ: Վարչապետը պետք է գործադիր իշխանությունում հաստատեր թիմային համակարգը: Ես այնքան էլ վստահ չեմ, որ կառավարության ներսում ընթացող պայքարը վարչապետի պաշտոնի բացակայության պատճառով էր: Բայց նման կարծիքը բավական տարածում ունի Վրաստանում: Իշխանական ճգնաժամի այս փուլում վարչապետի անհրաժեշտության մասին խոսակցությունները վերսկսվեցին որպես փրկության մի միջոց: Իրականում տեղի է ունենում ներիշխանական պայքար, իսկ Շեւարդնաձեի ոճը նման պայքարների խթանումն է իր դատավորի դերը ամրապնդելու համար: Հիմա խորհրդարանը դժվար թե ընդունի նման սահմանադրական փոփոխություն, խորհրդարանն այժմ մասնատված է, առաջացել են 13 խմբակցություններ, չկա մեծամասնություն եւ, եթե նման ուղղումն ընդունելը հնարավոր չեղավ մածամասնության առկայության ժամանակ, ապա այժմ ավելի դժվար է:

- Այս տարվա գարնանը Վրաստանի վարչապետ պետք է դառնար Զուրաբ Ժվանիան, չստացվեց:

- Այո, այն ժամանակ Շեւարդնաձեի շահերը համընկել էին Զուրաբ Ժվանիայի շահերի հետ: Վերջինս արդեն արել էր այն ամենը, ինչ կարող էր իրագործել խորհրդարանի խոսնակի պաշտոնում, նա եւ նրա թիմն ուզում էին իրենց դրսեւորել գործադիր իշխանության շրջանակներում: Բայց դա տեղի չունեցավ Ժվանիայի նկատմամբ ընդդիմության անբարեհաճ վերաբերմունքի պատճառով:

- Թվում էր, թե Շեւարդնաձեի եւ Ժվանիայի միջեւ խորացող հակասությունը պետք է մեղմացներ ընդդիմության թշնամանքը խորհրդարանի խոսնակի հանդեպ:

- Ժվանիան ուժեղ գործիչ է: Եթե ստանար վարչապետի պաշտոնը, դա ինքնըստինքյան նշանակելու էր, որ դառնալու էր Շեւարդնաձե նախագահի իրավահաջորդը: Իսկ եթե մրցաշարում առաջնորդը բացահայտվում է չափազանց վաղ, ապա բոլորը համախմբվում են նրա դեմ: Եթե ընդդիմության նպատակը նախագահական պաշտոնն է, իսկ ուժեղ մրցակիցն արդեն հայտնվել է, ապա բնական է, որ պետք է նախ խորտակել ուժեղ մրցակցին, հետո միայն պայքարել գործող նախագահի դեմ: Վրաստանյան քաղաքականության տարօրինակությունն էլ հենց դա է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդդիմանում էր ոչ թե Շեւարդնաձեին, այլ Ժվանիային:

Աբաշիձե-Շեւարդնաձե մերձեցումը բլեֆ էր

- Այժմ խոսվում է այն մասին, որ վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեն:

- Դա անհնարին բան է: Շեւարդնաձեն իսկապես Աբաշիձեին արել է նման առաջարկություն, բայց այն ընդամենը արարողակարգային էր: Նախ այն պատճառով, որ վարչապետի պաշտոն դեռեւս գոյություն չունի, երկրորդ` որովհետեւ, եթե անգամ գոյություն էլ ունենար, Աբաշիձեն երբեք չէր համաձայնվի: Չէր գնա այնտեղ, որտեղ Շեւարդնաձեի ենթական կլիներ եւ ուրեմն` որտեղից հետո Շեւարդնաձեն կարող էր նրան հանգիստ պաշտոնանկ անել: Ներկայիս պաշտոնում Աբաշիձեն անկախ է Շեւարդնաձեից: Աբաշիձեին վարչապետություն առաջարկելը քաղաքական բլեֆ էր, երկու գործիչներն էլ հասկանում էին դա: Դրանով Շեւարդնաձեն ուզում էր առաջարկել կառավարություն ձեւավորելու մեջ նրա մասնակցություը` փոխարենն ակնկալելով օգնություն խորհրդարանում: Բայց ընտրությունների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո (երբ հայտնաբերվեցին նշված քվեաթերթիկները-Լ.Բ.), երբ բացահայտվեց Շեւարդնաձեի թեկնածու Վաժա Լորտկիփանիձեի եւ Աբաշիձեի խմբակցության ներկայացուցիչ Ջեմալ Գոգիթիձեի միջեւ ընթացող սուր պայքարը, պարզ դարձավ, որ Շեւարդնաձե-Աբաշիձե մերձեցումն ավարտվել է:

- Ստացվում է, որ Նինո Բուրջանաձեի հաղթանակը հնարավոր եղավ միայն Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի կոնֆլիկտի շնորհիվ, ինչից օգտվեց Ժվանիան:

- Եթե երկու գործիչները նախապես պայմանավորված լինեին խոսնակի թեկնածուի մասին, կկարողանային հանգիստ անցկացնել նրան: Ինչ որ տեղ, այո, Ժվանիայի հաղթանակն էր, թող որ ոչ երկարատեւ: Միաժամանակ, Նինո Բուրջանիձեն փոխզիջումային գործիչ է, ավելի ընդունելի Շեւարդնաձեի համար, քան որեւէ մեկը արմատական բարեփոխիչներից: Բուրջանիձեի հաղթանակը ցույց տվեց, որ Ժվանիայի դիրքերը այս պահի դրությամբ բավական ամուր են, եւ նա կարող է խոսել նախագահի հետ ուժի բարձունքից: Մյուս կողմից Բուրջանաձեի հայրը ժամանակին Շեւարդնաձեի մարդն էր, ղեկավարում էր հացամթերման նախարարությունը, նրա ընտանիքն ունի հին նոմենկլատուրային կոռումպացված ընտանիքի իմիջ: Այս հանգամանքը հակասում է Ժվանիայի կոռուպցիայի դեմ պայքարողի իմիջին: Դրա համար էլ, իմ կարծիքով, Ժվանիայի համար հեռավոր ապագայի տեսանկյունից ավելի լավ կլիներ տանուլ տալ խորհրդարանական ընտրությունները եւ դառնալ վառ արտահայտված ընդդիմադիր ուժ:

Շեւարդնաձեն կարողանում է տպավորություն ստեղծել, բայց չի կարողանում ղեկավարել երկիրը

- Բավական տարածված են այն կարծիքները, որ իր ղեկավարման ողջ ընթացքում Շեւարդնաձեն ավելի շատ զբաղված էր երկրի արտաքին իմիջով, քան լուծում էր կոնկրետ հարցեր ներսում:

- Իսկապես, Շեւարդնաձեն բավական ակտիվորեն աշխատում էր արտաքին ուժերի վրա: Ընդհանրապես սա շատ հետաքրքիր երեւույթ է: Մեծ երկրի ղեկավարը իր միջազգային բարձր վարկանիշով հայտնվում է փոքր երկրի ղեկավարի պաշտոնում եւ այդ պատճառով էլ շարունակում է շահագործել իր այդ վարկանիշը: Մանավանդ, որ 1992 թվականին, երբ Շեւարդնաձեն եկավ Վրաստան, բացի միջազգային ասպարեզում իր ճանաչումից քաղաքական ոչ մի այլ ռեսուրս չուներ: Վրաստանի ներսում իրավիճակի տերը բոլորովին այլ մարդիկ էին: Շեւարդնաձեն հմուտ դիվանագետ է, բայց բավական թույլ մենեջեր, թույլ ադմինիստրատոր է: Նա կարողանում է ստեղծել տպավորություն, բայց չի կարողանում ղեկավարել երկիրը: Իհարկե, Վրաստանի Արեւմուտքում ունեցած իմիջը Շեւարդնաձեի ձեռքբերումն է, բայց միայն նրանը չէ: Այդ իմաստով մեծ նշանակություն ունեցավ նաեւ Ժվանիայի գլխավորած Երիտասարդ բարեփոխիչների թիմը: Շեւարդնաձեն այն ժամանակ սատարում էր նրանց, ովքեր ունեին արեւմտյան կողմնորոշում եւ հենց նրանց հետ էին դրսում կապում Վրաստանի ապագան: Հետեւաբար, այդ ուժերի հետ Շեւարդնաձեի միությունը ցույց էր տալիս, որ Վրաստանի արեւմտամետությունը դատարկ խոսքեր չեն, այլ կան մարդիկ, որոնք երկիրը հետեւողականորեն տանում են այդ ուղղությամբ:

Ամերիկան ավելի հեռու է, քան Ռուսաստանը

- Վերջին ընթացքում Վրաստանը հեռանում ու հեռանում էր Ռուսաստանից, պայմանավորելով դա աբխազական հակամարտությամբ: Իսկապե՞ս պատճառը միայն աբխազական հարցում Ռուսաստանի բռնած դիրքարորոշումն էր:

- Չեմ կարծում, որ միայն դա էր պատճառը: Եթե Ռուսաստանն օգտագործում է Աբխազիան Վրաստանի հետ ունեցած իր հարաբերություններում, ապա Վրաստանն էլ է այդպես վարվում: Վրաստանն ավելի շատ հույսեր կապում է Արեւմուտքի հետ: Անկախ պետականության ամրապնդումը նշանակում է նախեւառաջ Ռուսաստանից հեռացում, մանավանդ, որ Ռուսաստանի համար հոգեբանորեն դեռ դժվար է համակերպվել Վրաստանի անկախության հետ...

- Համակերպվել միայն Վրաստանի՞, թե՞ նաեւ այլ երկրների անկախության հետ:

- Կարծում եմ մյուս երկրների նկատմամբ էլ է այդպես: Ռուսաստանն ավելի հեշտ ընդունեց, ասենք մերձբալթյան երկրների հեռացումը, քանի որ նրանք ի սկզբանե էին եվրոպական, ավելի եվրոպական, քան ինքը Ռուսաստանն է: ԵՎ անգամ այս պարագայում ռուսական գործիչները բավական ցավոտ, ագրեսիվ են ընդունում Մերձբալթիկայի ՆԱՏՕ-ի մեջ մտնելը, ավելի ցավոտ, քան ասենք Լեհաստանինը: Էլ առավել դժվար է համակերպվել հարավում ազդեցությունից զրկվելու հետ: Ռուսաստանում կարծում են, որ այստեղ թույլ երկրներ են, որոնք չեն կարող ինքնուրույն ոտքի կանգնել...

- Իրականում դա այդպես չէ՞:

- Մենք սովորել ենք այն բանին, որ աշխարհը ճշգրտորեն բաժանված է ազդեցության ոլորտների: Ես կարծում եմ, որ կամ-կամի ժամանակներն արդեն անցել են: Վրաստանը միշտ կլինի Ռուսաստանի որոշ ազդեցության տակ, եւ ամերիկյան ազդեցությունն էլ կլինի, Վրասատանը միշտ կձգտի ավելացնել ամերիկյան ազդեցությունը ռուսականի հաշվին: Քանի որ Ամերիկան ավելի հեռու է, Ռուսաստանից ավելի զարգացած, Ամերիկայի հետ հարաբերություններում չկա հոգեբանական այն բեռը, որ կա Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուրեմն, խնդիրը կլինի միշտ...: Հետեւաբար, Ռուսաստանում էլ սխալ են այն կարծիքները, թե Շեւարդնաձեն վատն է, արեւմտամետ է, թե նրանից հետո կգա լավ գործիչը, նա չի լինի արեւմտամետ, կձգտի դեպի Ռուսաստանը: Այդպես չի լինի:

- Աբաշիձեն նշանակվեց Շեւարդնաձեի ներկայացուցիչը վրաց-աբխազական կարգավորման մեջ եւ այժմ հայտարարում է, թե կարող է էականորեն առաջ տանել բանակցությունները: Իսկապե՞ս նա ունի նման հնարավորություններ:

- Իրականում Շեւարդնաձեն Աբաշիձեին նշանակեց միջնորդ ոչ թե վրաց-աբխազական, այլ ռուս-վրացական փոխհարաբերություններում: Աբաշիձեի հետ մերձեցումը ավելի շատ տակտիկական քայլ էր, քան ստրատեգիայի փոփոխություն:

- Կարծես ռուս-վրացական փոխհարաբերությունները փչացնող այլ գործոն էլ կա` չեչենականը:

- Անկասկած, չեչենական գործոնը բարդացրեց ռուս-վրացական հարաբերությունները: Այս պահի դրությամբ ավելի է բարդացրել, քան աբխազականը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը Վրաստանին չափազանցեցված պահանջներ էր ներկայացնում: Բայց մյուս կողմից Վրաստանը հնարավորություն չունեցավ տարբերակելու չեչեն փախստականներից ով է գրոհային, ով` ոչ: Եվ դա Վրացական պետության ընդհանուր թուլության խնդիրն էր: Վրաստանը չկարողացավ վերահսկել Պանկիսի եւ Կոդորի կիրճերում ծավալվող իրադարձությունները, ինչը պարտավոր էր անել: Վրաստանը չունի կոնկրետ քաղաքականություն այդ հարցում, երբ մի կողմից ժխտվում էր գրոհայինների առկայությունը, հետո հայտարարվում, թե այո, այնտեղ նրանք կան:

- Մեկնաբանների կարծիքով Շեւարդնաձեի հանդիպումը Աբաշիձեի հետ նշանակում էր Ռուսաստանի նկատմամբ ունեցած կարծր դիրքորոշման փոփոխություն: Ի՞նչ հետեւանքներ կունենան ծավալված իրադարձությունները Վրասատանում եւ տարածաշրջանում:

- Այն, ինչ կատարվեց Վրասատանում, սկզբունքորեն եւ էականորեն չի փոխի իրավիճակը տարածաշրջանում, քանի որ ներքաղաքական խնդիրներ են: Սկզբում իհարկե կար տպավորություն, թե տեղի կունենա կտրուկ փոփոխություն Ռուսաստանի հետ հարաբերություններում: Դեռ երկու շաբաթ առաջ ես էլ էի այդպես կարծում: Այն, որ Ասլան Աբաշիձեն ռուսամետ է, որ Շեւարդնաձեն գնաց Բաթում... Բայց հետագայում ծավալված իրադարձություններից երեւում է, որ կտրուկ տեղաշարժեր չեն լինի: Նախ կոնֆլիկտ չի լինի Շեւարդնաձեի եւ արմեւմտամետ ուժերի միջեւ: Բուրջանաձեի ընտրությունը ցույց է տալիս, որ կողմերը կփորձեն գտնել ուժերի հավասարակշռության նոր բանաձեւ, եւ այդ բանաձեւը դարձյալ չի լինի հօգուտ Ռուսաստանի: Իրադարձությունների ամենաթեժ պահին Բուշի հեռախոսազանգը Շեւարդնաձեին նշանակում էր մի քանի բան. Արեւմուտքում անհանգստացած են Վրաստանի ներքաղաքական իրավիճակով, հետաքրքրված են կայունացմամբ եւ առայժմ Շեւարդնաձեից բացի որեւէ մեկին չեն տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն
«Ռեգիոն» կենտրոն

Թբիլիսի-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter