HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառների աճը պաշտոնական գնահատականներից ցածր է

Համաշխարհային բանկի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի անտառների ներկայիս վիճակը և պատրաստել Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթ։

Փորձագետներն արձանագրել են, որ Հայաստանը սակավանտառ երկիր է. տարածքի միայն 11,2%-ն է (334,100 հեկտար) անտառապատ և կենտրոնացած է երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում։

«Ատառային տնտեսությունը կարող է ավելի շատ նպաստել Հայաստանին, եթե հաշվի առնվի նրա հարուստ կենսաբազմազանությունը և սոցիալական, տնտեսական ու մշակութային ծառայությունների ներուժը»,- ամփոփել են մասնագետները:

Քանի որ տարածքի միայն 11,2%-ն է ծածկված անտառով և առկա է հողերի դեգրադացիայի նշանակալի մակարդակ, անտառային հողերի վերականգնումը մեծ ներուժ ունի: Մինչև 2030 թվականը 50,000 հա տնկելը (12,9% անտառածածկույթ) օգտակար միջանկյալ թիրախ է՝ հասնելու Բոննի մարտահրավերի շրջանակներում հայտարարված վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը անտառածածկույթի 20 %-ին: Սակայն դեգրադացման ճնշում ները պահպանվում են, և էներգիայի արժեքի վերջին բարձրացումը հավելյալ ճնշում կգործադրի ռեսուրսի վրա:

Փայտի սպառման տվյալներից ելնելով՝ բերքահավաքի ծավալները պետք է շատ ավելի մեծ լինեն, քան պաշտոնապես հաղորդվում է, մինչդեռ անտառների աճը ներկայիս պաշտոնական գնահատականներից ցածր է: Այս անհամապատասխանությունները զուգորդված են անտառային տնտեսության սահմանափակ կառավարման հետ և սրվում են հրդեհների ու անվերահսկելի արածեցման հետևանքով, ինչը նշանակում է, որ անտառների կայուն օգտագործում ն ակնհայտորեն հեռու է երաշխավորված լինելուց:

Ենթադրվում է, որ անտառի յուրաքանչյուր հեկտարը տարեկան ապահովում է միջինում 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք էկոհամակարգային մի շարք ծառայություններից: Փաստաթուղթը ներկայացնում է ակնարկ ոլորտի մասին՝ ընդգծելով այդ էկոհամակարգային ծառայությունները և ուրվագծելով արժեքների հոսքի հետագա մեծացման հնարավորությունները, այդ թվում ՝ աշխատատեղերի ավելացումը և անտառների հետ կապված ապրուստի միջոցները:

Անտառները բախվում են էական մարտահրավերների

Համաձայն անտառային լանդշաֆտի փաստաթղթի՝ անտառները բախվում են էական մարտահրավերների։ Մասնավորապես, ըստ առկա տվյալների՝ անտառների մինչև 70%-ը դեգրադացված է: Անտառների դեգրադացիայի և անտառահատման անմիջական պատճառներն են գյուղատնտեսության մուտքը անտառային հողեր և խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արածեցումը անտառային հողերում, գյուղական բնակչության մեծ կախվածությունը անտառներից, այդ թվում նաև վառելափայտի և ոչ փայտանյութային անտառային մթերքի անկայուն հավաքը, անտառային հողերի փոխակերպումը այլ հողօգտագործման, այդ թվում նաև ենթակառուցվածքների և տեղանքի զարգացումը, հանքարդյունաբերությունը և այլն, ինչպես նաև վնասատուների, հիվանդությունների և հրդեհների վնասների աճը, որոնք սրվում են կլիմայի փոփոխության հետևանքով:

Անուղղակի գործոնները ներառում են ընդհանուր բնակչության՝ անտառների կայուն կառավարման կարևորության մասին իրազեկության բացակայությունը և անտառային կանոնակարգերի ու էներգիայի այլընտրանքային, մատչելի աղբյուրների կիրարկման բացակայությունը:

Ըստ այդմ, փորձագետներն արձանագրել են, որ մինչև 2030 թվականը 50,000 հա տարածքը վերականգնելու Բոննի մարտահրավերին դիմակայելը խնդրահարույց է անտառների պլանավորման և կառավարման սովորական մոտեցման պայմաններում: Անտառային պետական մարմինները ֆիզիկական սարքավորումներ, այլ ենթակառուցվածքներ և կարողություններ չունեն, որոնք անհրաժեշտ են կլիմայի հարմարվողականության, անտառային հողերի վերականգնման և տնկարանների կառավարման համար:

Անտառների համագործակցային կառավարումը և դրան աջակցող սկզբունքները կարող են բարելավել տեղական անձնակազմի և ղեկավարների աշխատանքը: Նշված մարտահրավերները հաղթահարելու համար առաջնահերթություն կարելի է տալ այնպիսի աջակցությանը, որը միտված կլինի հետևողական և պարզեցված կարգավորող մեխանիզմների մշակմանը։

Խորհուրդ է տրվում ներդնել Անտառների մոնիթորինգի համապարփակ ազգային համակարգ: ԱՎՀ-ի ռազմավարության հետ կապված, բայց և գոյություն ունեցող անտառների ու վերականգնված լանդշաֆտների շրջանակն ընդգրկող այս համակարգը ներառում է անտառների ազգային գույքագրում և հողային ծածկույթի դասակարգում: Սա լինելու է համապարփակ մոնիթորինգային համակարգ, որը կհամապատասխանի ազգային հաշվետվողականության կարիքներին և շարունակական քաղաքականության ձևավորմանը:

Ներկայումս Հայաստանի անտառների պետական գույքագրման համակարգը հիմնված է անտառների կառավարման պլանավորման տվյալների վրա, որոնք ագրեգացված են առանձին հողակտորներից, և տարբերվում է ընտրանքային հողակտորի ցանցի հիման վրա ԱԱԳ-ի վերաբերյալ տվյալների ագրեգացման պրակտիկայից։ Բացի այդ, Անտառների մոնիթորինգի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և Անտառների կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը կբարձրացնի առկա անձնակազմի և ղեկավարության արդյունավետությունը և կաջակցի կապալառուների, պայմանագրերի, սարքավորումների, ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների ընդլայնված ցուցակի կառավարմանը, որոնք անհրաժեշտ են անտառների ընդլայնման թիրախներին հասնելու համար։ Նման համակարգը կուժեղացնի որակի վերահսկումը և բոլոր գործողությունների մշտադիտարկումն ու գնահատումը, ընդ որում ՝ ոչ միայն մեկ նախագծի հետ կապվածները:

Առաջարկվում է հատուկ գործողությունների ծրագիր՝ էներգետիկայի, մասնավորապես գյուղական վայրերում վառելիքային աղքատության խնդիրը լուծելու համար, որտեղ վտանգված են անտառային ռեսուրսները: Վառելիքի կամ էներգիայի գնի ճգնաժամի դեպքում անտառների՝ որպես ջեռուցման վառելիքի պահուստային աղբյուրի օգտագործման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միասնական տեսակետ: Այդ գործունեությունը կանդրադառնա ավելի լայն տնտեսական համատեքստին, այդ թվում նաև այնպիսի այլընտրանքների հեշտ հասանելիությանը, ինչպիսիք են բնական գազը, ներմուծվող փայտի (կենսավառելիքի) հարկային հաշվառումը՝ կապելով դա կանոնակարգերի բարելավված կիրարկման աշխատանքների հետ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter