HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի անհասկանալի լռությունը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ փաստաբանը ոստիկանին հայտնում է, որ բերման ենթարկված անձի հարազատների կանչով ներկայացել է իրավաբանական օգնություն ցույց տալու համար։ Ոստիկանը նրանից պայմանագիր է պահանջում ու ներս չի թողնում։ Փաստաբաններն ասում են, որ ոստիկանությունում պայմանագիր պահանջում են այն դեպքում, երբ ներկայանում են բերման ենթարկված ցուցարարներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար։

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, մեր հայրենակիցներին փրկելու համար բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ սկսվեցին Երևանում։ ՄԻՊ գրասենյակն ամեն օր տեղեկացնում է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Նախկինում, երբ ՄԻՊ աշխատակազմն իսկապես աշխատում էր «արտակարգ ռեժիմով», օրվա ընթացքում մի քանի հաղորդագրություն էին ուղարկում լրատվամիջոցներին։ Մինչդեռ, այս հինգ օրերի ընթացքում Պաշտպանը համարժեք չի արձագանքել ոստիկանության գործողություններին։ Անգամ անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութերի վերաբերյալ, որոնք մի քանի օր է՝ շրջանառվում են սոցիալական ցանցերում, որևէ հաղորդագրություն չի հրապարակել։ Նույնիսկ չեն հայտնել, թե այդ դեպքերով քանի հեռախոսազանգ է եղել Պաշտպանի թեժ գծին։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արցախի Շեխեր գյուղից 2020թ․-ին տեղահանված 14-ամյա Ամուրին։ «Ինքն էլ անվան պես ամուր տղա է։ Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց բացի, նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին (հարվածներ գլխին)։ Ամուրը վերջին բերման ենթարկվածն էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին 3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին ․․․»։

Երկու օր առաջ տեղեկացվեց, որ թաեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից։ Ընկերները հայտնել են, որ ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։ Իգորն արդեն մի քանի վիրահատություն է տարել ․․․։

Նման ոչ մի դեպքի Պաշտպանը չի արձագանքել։

Անչափահասների վերաբերյալ ՄԻՊ Անահիտ Մանասյանի «ամենախիստ» արձագանքը հետևյալն է «Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաների կողմից հավաքների ընթացքում իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ ․․․»։

Փաստաբանների պալատը երեկ հաղորդագրություն տարածեց, որ վերջին օրերին, սեպտեմբերի 25-ի դրությամբ, Երևան քաղաքում բերման է ենթարկվել շուրջ 450 քաղաքացի: Հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո վերջիններիս առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով Փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ: Փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն են ցուցաբերել բերման ենթարկված քաղաքացիներին։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը դեռևս սեպտեմբերի 20-ին  հանրությանն իրազեկել էր, որ անհանգստացնող են հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումները։ «Դրանով պայմանավորված՝ Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցող և բերման ենթարկված անձանց»,- հայտնել էր Պալատի նախագահը։

Մոտ 20 փաստաբան երեկ հայտարարեց, որ վերջին օրերի խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում։

«Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին, թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը, ո՛չ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաբանները կոչով դիմել են տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Փաստաբանները նաև հայտնում են, որ դատարանները բավարարում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները։ «Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել է բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Նշում են, որ դատավորներն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter